Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ի՞նչ ահաբեկչական «ինտերնացիոնալ» է հավաքվել և կռվում IS-ի սև դրոշի ներքո (մաս 2-րդ)

Ի՞նչ ահաբեկչական «ինտերնացիոնալ» է  հավաքվել և կռվում IS-ի սև դրոշի ներքո (մաս 2-րդ)
26.09.2014 | 00:23

(սկիզբը` այստեղ)

ISIL-ն իր ակունքներն ունի քրդական ապստամբական խմբում, որը ձևավորվել էր 2003 թ. ամերիկացիների Իրաք ներխուժումից հետո և գլխավորվում էր նախկին ահաբեկիչ Աբու ալ-Զարքավիի կողմից, որը «Ալ-Քաիդային» հավատարմության երդում տվեց 2004 թ., խոստանալով բաժանմունք կազմավորել Իրաքում (АКИ)։ 2006 թ. ԱՄՆ-ի օդային հարձակման հետևանքով Ալ-Զարքավիի մահից հետո վերելք տեղի ունեցավ 2007 թ., և ծրագիրն ավարտվեց սուննիադավան ցեղերին կաշառելով, որպեսզի նրանք հրաժարվեն ամերիկյան օկուպացիային դիմադրելուց։ Այնուհետև АКИ-ն անկման շրջան ապրեց, բայց վերականգնվեց 2011 թ.` Սիրիայում վարչակազմի փոփոխման արևմտյան գործողությունը սկսվելուց հետո, երբ ISIL-ի պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադին, որը դուրս էր մղվել սիրիական «Ջեբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից, Իրաքում գտնվող իր զորախմբերը վերանվանեց «Իրաքի իսլամական պետություն» (ISI)։
Սաուդյան արքայազն Բանդար բին Սուլթանը սերտորեն կապված էր Սիրիայի և Իրաքի տակֆիրիստ ահաբեկիչների սպառազինման հետ այն ժամանակ, երբ զբաղեցնում էր սաուդյան հետախուզության պետի պաշտոնը։ 22 տարի լինելով ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանը, արքայազն Բանդարը ահաբեկիչներին ազատորեն ներշնչում էր ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի քաղաքական նպատակները, և անգամ Վլադիմիր Պուտինին անուղղակիորեն սպառնում էր սաուդյան վերահսկողության տակ գտնվող ծայրահեղականների միջոցով խափանել Սոչիի օլիմպիական խաղերը, եթե Մոսկվան չմերժի սաուդցիների աջակցությունը և Սիրիայում զիջումների չգնա։ «Ես ձեզ կարող եմ Սև ծովի ափի Սոչի քաղաքում գալիք տարի կայանալիք ձմեռային օլիմպիադայի պաշտպանության երաշխիք տալ»,- 2013 թ. հուլիսին Պուտինի հետ ունեցած հանդիպման ժամանակ իբր ասել է արքայազն Բանդերը։
Իսկ Քաթարը տակֆիրիստական ծայրահեղականների համար նախատեսված ապրանքահոսքի գլխավոր մատակարարն էր, որոնք ջանում էին տապալել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարությունը։ Ըստ «Նյու Յորք թայմսի», 2013 թ. Քաթարը իսլամականներին մատակարարել է 85 ինքնաթիռ զենք ու պարեն` Սաուդյան Արաբիայի մատակարարած 37-ի և մյուս «սուբյեկտների» տրամադրած ավելի քիչ քանակությամբ «օգնության» դիմաց, ինչպիսին, ասենք, Հորդանանն է։ Միևնույն ժամանակ, չլինելով տակֆիրիստների այնպիսի մեծ ֆինանսական հովանավոր, ինչպիսին Քաթարն է, Թուրքիան, այնուամենայնիվ, ծառայում է իբրև առաջնակարգ տեխնիկական բազա, որով հոսել և հոսում է Սիրիայում կռվող օտարերկրյա վարձկանների համար նախատեսված զինամթերքի, նյութերի ու «աշխատուժի» մեծ մասը։ 2009 թ. օգոստոսին Թուրքիայի վարչապետ Էրդողանի և նախագահ Գյուլի հետ մամուլի ասուլիսում Քաթարի տիրակալ շեյխ Համադա բեն Խալիֆա ալ-Թանին ցանկություն հայտնեց իր երկրի բնական գազի արտահանման համար Սիրիայով գազամուղ անցկացնել դեպի Թուրքիա, և այդ նպատակի իրականացման հետևից ընկած Քաթարը սկսեց Սիրիայում ծայր առած օտարերկրյա խռովությանը աջակցություն ցուցաբերել այն բանից անմիջապես հետո, երբ 2011 թ. հոկտեմբերին Լիբիայում սպանվեց գնդապետ Մուամար Քադաֆին։ Մինչ այդ Քաթարը առանցքային դեր էր խաղացել լիբիական վարչախմբի տապալման գործում` խռովարարներին մատակարարելով զենք ու վարժեցնելով նրանց։ 2012 թ. հունվարին ամերիկյան CBS News հեռուստաալիքի «60 րոպե» ծրագրով շեյխ Համադ բեն Խալիֆա ալ-Թանին հրապարակավ հայտարարեց, թե ուզում է, որ Սիրիայի կառավարությունը տապալվի. «Սպանությունների դեմն առնելու համար... որոշ զորքեր պետք է մուտք գործեն Սիրիա»։ Այնուհետև` փետրվարին, Քաթարի վարչապետ Համադ բեն Ջասեմ ալ-Թանին հաստատեց. «Մենք պետք է անհրաժեշտ ամեն ինչ անենք օգնելու (սիրիական ընդդիմությանը), այդ թվում` նրանց զենք տալով, որպեսզի պաշտպանեն իրենց»։ Դրա համար էլ, Սաուդյան Արաբիայի խնդրանքով, այդ երկրի փոխարտգործնախարար, արքայազն Աբդուլազիզ բին Աբդուլլա ալ Սաուդան զինվորական հրամանատարություն և վերահսկողական կենտրոն ստեղծեց թուրքական Ադանա քաղաքում, որը «տուն» է Ինջիռլիկի ամերիկյան ավիաբազայի համար հարմար վայր` Վաշինգտոնի «ոչ մահաբեր» օգնության վերահասցեագրման։ Հենց այդ ժամանակ էլ ի հայտ եկան երեք քուվեյթցիներ, որոնք սկսեցին լայն աջակցություն ցուցաբերել ISIL-ի գրոհայիններին` Շաֆի ալ-Աջմին, Հաջաջ ալ-Աջմին և Ալ Անիզին։
ԱՄՆ-ի ու Քաթարի խոստումները, թե «հաղթանակից հետո» ջերմեռանդ սալաֆականները կարող են քաղաքական դերակատարներ ու ժողովրդավարացման գործի մասնակիցներ դառնալ, ցնորական էին։ Քաթարի նախկին էմիրը 2011 թ. սեպտեմբերի 7-ին «Ալ-Ջազիրային» տված հարցազրույցում պնդում էր. «Դուք կտեսնեք, թե ինչպես ծայրահեղականությունը կվերափոխվի քաղաքացիական հասարակության քաղաքացիական կյանքի»։ Բայց, ահաբեկիչներին քաղաքական դերակատարներ դարձնելու փոխարեն, ԱՄՆ-ը իր սաուդցի, քաթարցի, թուրք և արևմուտքցի դաշնակիցների հետ ստեղծեց 50000 մարդուց բաղկացած անվերահսկելի մի հրեշ, որի հսկողության տակ Բելգիայի չափ մի տարածք էր գտնվում։ «Այն, ինչ Սիրիայում 2011 թ. գարնանը սկսվեց որպես մի քանի, այսպես կոչված, դժգոհների հասարակ ապստամբություն, տարածվեց և վերածվեց սանձարձակ ու արյունալի շարժման սալաֆականների մի հանցախմբի գլխավորությամբ, որոնք գտնվում են Սաուդյան Արաբիայում, Քաթարում, Թուրքիայում և նպատակ ունեն տապալելու ոչ միայն սիրիական վարչակազմը, այլև զավթելու Իրաքն ու Լիբանանը»,- տրտնջում էր լիբանանցի քաղգործիչ Աղա Շաուքաթ Ջաֆրին։
Իրոք, ISIL-ը ոչ միայն անմիջական սպառնալիք է ստեղծում Սիրիայի, Լիբանանի, Իրաքի և Թուրքիայի համար։ Տարածաշրջանային դերակատարի նրա արագ վերածվելը սպառնալիքի տակ է դնում սաուդյան շահերը, որոնք ենթադրում են, որ Էր-Ռիադի համար խելամիտ կլիներ ջերմացնել հարաբերությունները Թեհրանի հետ։ Սակայն Էր-Ռիադը շարունակում է իր իրանատյաց քննադատությունը թե՛ գրավոր, թե՛ բանավոր խոսքում։ Եվ ահա դրանից հետո «Tehran Times»-ը հրապարակում է գլխավոր սենսացիան. «ISIL-ը իրականում ԿՀՎ-ի և Մոսադի հոգեզավակն է։ ԱՄՆ-ի սենատոր Ջոն Մակքեյնը լուսանկարվել էր ISIL-ի պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի հետ, որը, աղբյուրների տվյալների համաձայն, իրականում Շիմոն (Սայմոն) Էլիոթն է, սիոնիստական Մոսադ հետախուզության հրեական գործակալ։ Իսկ այդ աղբյուրները կապ ունեն Էդվարդ Սնոուդենի հետ և բացահայտվել են Իրանի հատուկ ծառայությունների կողմից։ Իրական պլանն է եղել ներխուժել այն երկրներ, որոնք սպառնալիք են ներկայացնում աստվածաշնչյան «Մեծ Իսրայել» ստեղծելու իսրայելական նախագծի համար։ Այսպիսով, IS-ի գրոհայինների ծագման և «սնուցման» հարցում, ինչպես կարելի է նկատել, իրանական հետախուզությունն առաջինն է բացում խաղաքարտերը։ Եվ հիմա պատասխանը ԱՄՆ-ինը, Իսրայելինն ու Թուրքիայինն է։
Այսպես թե այնպես, Մերձավոր Արևելքում ֆաշիստական գործունեություն է ծավալել աշխարհի առաջատար տերությունների, այդ թվում` Եվրոպայի, բազմահազարանոց սև ինտերնացիոնալը։ Դատելով Արևմուտքի և Ռուսաստանի, ինչպես նաև Արևմուտքի և Չինաստանի հարաբերությունների մակարդակից, էլ չենք խոսում Արևմուտքի և Իրանի հարաբերությունների անմիատարրության ու անորոշության մասին, մերձավորարևելյան ահաբեկչության սանձման և ոչնչացման հարցում նշված պետությունների միջև համաձայնություն չի կարելի ակնկալել։ Ընդհակառակը, պետք է սպասել IS խմբավորման իսկական տերերի նոր սիրախաղեր այն դեպքում, եթե սրանք հրապարակավ հայտարարեն նույն Կովկասի կամ Իրանի վրա իրենց «արշավների» մասին։ Տարբերակները շատ են, կարող են «պատերազմ հայտարարել» նաև Չինաստանին։ Հաշվի առնելով վաղեմի «արյունակցական կապերը» IS-ի տակֆիրիստների ու Թուրքիայի միջև, պետք չէ կասկածել, որ եթե նրանք իրոք մտադրվեն «գնալ Կովկասի վրա», ապա կգնան լավ տրորված ճանապարհով, այսինքն` Անդրկովկասով։ Տա Աստված, որ նրանց խելքին չփչի իրենց խալիֆայությունը տարածել Հայաստանի վրա. մեկ անգամ չէ, որ հայ ժողովուրդը պայքարել է «խալիֆայությունների» դեմ, մեկ անգամ չէ, որ կռվել է իսլամական ահաբեկչական ինտերնացիոնալի դեմ։ Բայց անգամ եթե նրանք անցնեն Վրաստանով և Ադրբեջանով, ավաղ, Հայաստանին էլ բաժին կհասնի։ Չէ՞ որ դրանք պատերազմի շներ են, նրանց հեշտ է շուռ տալ դեպի, այսպես կոչված, «համընթաց նպատակներ»։ Միայն թե վճարեն։ Իսկ վճարող կա. հիշենք Իսրայելի սերտագույն կապերը Անկարայի ու Բաքվի արդի վերնախավերի հետ, դա շաղկապենք Իրանից արված այն մերկացման հետ, որ «մեծ իսլամիստ» ալ-Բաղդադին սոսկ իսրայելական գործակալ Շիմոն Էլիոթն է, և մոտավորապես կհասկանանք, թե Թուրքիայի ու Ադրբեջանի համար որքան հեշտ կլինի «պայմանավորվել» Մոսադ հետախուզական ծառայության գործակալի սաների ու «զինակիցների» հետ։
ԱՄՆ-ի կոնգրեսական Մ. Ռոջերսը ուղղակի խոստովանել է. սպառնալիք կա, որ IS-ի զինյալները կսկսեն վերադառնալ Արևմուտք, և հատկապես մեծ վտանգ է բխում ԱՄՆ-ի անձնագրեր ունեցող անձանցից, քանի որ նրանք, փաստորեն, ազատ չափչփում են ամբողջ աշխարհը։ Մեծ Բրիտանիայի իշխանությունները պատրաստ են ընդունելու մի օրենք, որով կարգելվի այն անձանց ազատ վերադարձը կղզի, ովքեր որոշակի ժամանակ եղել են Սիրիայում և Իրաքում։ Ըստ երևույթին, իրենց համաքաղաքացի իսլամականների քաղաքացիական իրավունքները սահմանափակող ինչ-որ միջոցներ կսկսեն ձեռնարկել Արևմուտքի մյուս երկրները ևս։ Բայց մենք կարող ենք չկասկածել` եթե Մոսադի և, վերջին հաշվով, Արևմուտքի գործակալ ալ-Բաղդադի-Շիմոն Էլիոթը իր ջոկատներն առաջնորդի հենց դեպի Կովկաս կամ Իրան, ապա ամբողջ Արևմուտքը կծափահարի IS-ի վահաբականներին և կսկսի ճամարտակել «Կովկասի կամ Իրանի ժողովուրդների դեմոկրատիայի» մասին։ Բարեբախտաբար, ԱՄՆ-ի սենատոր Ջ. Մակքեյնը սիրում է լուսանկարվել ալ-Բաղդադի-Շիմոն Էլիոթի հետ։
Բայց տվյալ պարագայում այն բանի պատասխանատվությունը, որ IS ավազակային կազմակերպությունը շարունակում է ծվատել Սիրիայի և Իրաքի ժողովուրդներին, ծանակում է այդ երկրների քրիստոնյաներին ¥այդ թվում` հայերին¤ ու եզդիներին, կընկնի ոչ միայն Արևմուտքի վրա։ Իսկ ռուսաստանցի իսլամականնե՞րը, Չինաստանի «պատվիրակները» IS-ում և այլ ահաբեկչական կազմակերպություններո՞ւմ։ Չէ՞ որ աշխարհը գիտե, որ այդ երկրներում շատ բան, եթե չասենք ամեն ինչ, ամենակարճ ժամկետում կարող է վերցվել հատուկ ծառայությունների հսկողության տակ։ Եվ թե ինչ երթուղիներով են նրանք բոլորը հասնում հենց այդ Քաթար, որտեղ նրանց «հրահանգավորում են», հանդերձավորում ու զինում ամերիկացիները, իսկ հետո Հորդանանով կամ Թուրքիայով ուղարկում բազմաչարչար Սիրիա և Իրաք, ես համոզված եմ, Ռուսաստանի և Չինաստանի հատուկ ծառայությունները եթե չգիտեն էլ, ապա գուշակում են։ ՈՒրեմն, ի վիճակի են նաև հակամիջոցներ ձեռնարկելու։ Առանձին պատճառ չկա, իհարկե, կատակելու, բայց ուզում եմ ասել. մի՞թե շուտով սկսելու ենք անեկդոտներ պատմել «մեր» ու «ձեր» 15-ականների, «մեր» ու «ձեր» «Ալ-Քաիդայի» մասին։ Իրանի հատուկ ծառայությունները խոսում են Սիրիայում և Իրաքում գտնվող ավելի քան 50 հազար մարդասպանների մասին։ Հասկանալի է, որ այդ ամենի անմիջական մեղավորը Թուրքիան, Սաուդյան Արաբիան ու Քաթարն են։ Բայց նրանց շարքերում եղած իրենց մարդասպանների համար Արևմուտքը, Ռուսաստանն ու Չինաստանը պիտի պատասխանատվություն կրեն և աշխարհը փրկեն տեռորի մղձավանջից։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2934

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ