Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Մեր 23-րդ խրամատը

Մեր  23-րդ խրամատը
23.09.2014 | 00:42

Բուռն հայրենասիրական, ազգային-ազատագրական էր անցած շաբաթը Հայաստանում: Վաղուց այդքան պաթետիկ խոսքեր չէին հնչել առ հայրենիք սիրո մասին պաշտոնական ամբիոնից: Հայաստանի ազատ ու անկախ Հանրապետությունը իր հարկի տակ էր առել Հայաստան-Սփյուռք համաժողովը՝ հինգերորդ անգամ: 150 կազմակերպության 700 ներկայացուցիչ` 60 երկրից: Տարբեր գնահատականներով` 7-10-հազարանոց հայկական սփյուռքի համար, անկեղծ ասած, թիվ չէ: Բայց եկածները ներկայացնում էին կառույցներ ու կազմակերպություններ, համայնքներ, այնպես որ ուժ էին: Եկան, իրար տեսան, Հրանուշ Հակոբյանին տեսան, Հովիկ Աբրահամյանին լսեցին, վերջին օրը Սերժ Սարգսյանին հանդիպեցին օպերայի բեմում, ոմանք նաև՝ անձամբ, ու վերադարձան: Վերադարձան բնակության վա՞յր, թե՞ հայրենիք: Համաժողովի օրակարգը խիստ հագեցած էր, բայց օրակարգի ամենակարևոր հարցը դա է՝ որտեղից ո՛ւր վերադարձան հայերը: Սեպտեմբերի 21-ին էլ Անկախության 23-րդ տարեդարձը տոնեցին ու գնացին: Տոնակա՞ն էր օրը: Հայերիս օրացույցում տոնական օրերի պակաս չկա, բայց չկան տոներ: Գոնե այս մի օրը տոն պիտի լիներ: Լինում է նրանց համար, ովքեր տոն ասելով հասկանում են երգ-պար-աղմուկ-իրարանցում: Ընդունելություն: Ոմանք՝ պարգևներ: Վերջն էլ՝ հրավառություն: Հայաստան-Սփյուռք առաջին համաժողովից հետո՝ 15 տարի անց, նույն խնդիրները բարձրացվում են ու առաջարկվում են նույն լուծումները, միակ տարբերությունը՝ այն ժամանակվա ոգևորությունն ու հավատը չկան: Կա դառն անհրաժեշտություն՝ այսօրվա Հայաստանի տնտեսական վերելքը կարևոր է այնքան, որքան երեկ հաղթանակը պատերազմում: Կա դառն իրականություն՝ տնտեսական վերելքը Հայաստանում ինչպես 15 տարի առաջ, այնպես էլ հիմա՝ նպատակ է, որ փաստ չի դառնում: Հայաստանը նորից սփյուռքը տեսնում է միայն ֆինանսատու: Սփյուռքը Հայաստանում որոնում է քաղաքական ներգործություն ու իրավական պաշտպանվածություն: Խնդիրները նույնն են՝ հայապահպանություն, Ցեղասպանության ճանաչում, Լեռնային Ղարաբաղ: Ոչինչ, որ այս ընթացքում հայկական սփյուռքը երեք, գուցե չորս անգամ թվաքանակով գերազանցել է հայրենիքում բնակվող հայերին: Ոչինչ, որ սփյուռքի հիմնական խնդիրներից մեկը դարձել է «հին» ու «նոր» հայերի փոխհարաբերությունը: Ոչինչ, որ Հայաստանում պաշտոնապես հաղթանակ են գրանցում, երբ որևէ երկրում կարողանում են արտագնա աշխատանքի մեկնածների պայմանները բարելավել, փոխանակ տեղում աշխատատեղեր ստեղծելու: Նույնքան պաշտոնապես հաստատում են, որ արտագաղթի մասին մտածում են: Չի բացառվում, որ այնքան մտածեն՝ ի վերջո արտագաղթի նախարարություն բացեն, ինչպես սփյուռքի նախարարություն ստեղծվեց, որն աշխատում է օրնիբուն, ակտիվ ու հրապարակային: Իսկ ի՞նչ է անում: Բացի ցուցափեղկային գնալ-գալ-ընդունել-ճանապարհելուց, իրենց դիմածներին համապատասխան գերատեսչություն կամ նախարարություն գործուղելուց: Որովհետև այլ գործառնություն չի կարող ունենալ: Կարևորը` կա ընդհանրական կարգախոսը՝ «Մենք միասնությամբ ենք ուժեղ, իսկ ուժը հաղթանակ է»: Մնացածը՝ եկող տարի, երբ լրանում է Ցեղասպանության 100-ամյակը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- «Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, նաև հեռադիտակով դիտվող երկիր չէ, քարի հետևում քար կա, մշուշի հետևում՝ մշուշ: Այս երկրի սահմանները գծվում են արյամբ և ամրանում քրտինքով: Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, անհատական սիրո երկիր չէ: Այս երկիրը համընդհանուր սիրո երկիր է: Այս երկրի մայրաքաղաքը սկսվում է խրամատից: Վստահ եմ, որ 21-րդ դարասկզբին ձևավորվելու է հայի մի տեսակ, որն իր ազգային գաղափարախոսության կրողն է լինելու՝ զերծ թերարժեքության մտավախությունից, համարձակ, լիասիրտ, թիկունքին՝ արժանապատիվ պատմություն, առջևում՝ տարածություն»: Եթե Վազգեն Սարգսյանը չէր սխալվում, հայի այդ տեսակը չի ձևավորվել, որովհետև վերջապես հասկացել ենք, որ Աստված մեկն է, բայց դեռ չենք հասկացել, որ Աստված բոլորինն է:

Դիտվել է՝ 1354

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ