Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Աշնանը պաշտոնից հեռացող ԵՄ պաշտոնյաները ջանում էին Բաքվում «գազ գտնել»

Աշնանը պաշտոնից հեռացող ԵՄ պաշտոնյաները ջանում էին Բաքվում «գազ գտնել»
04.07.2014 | 00:23

Հունիսը անսպասելիորեն տարօրինակ ամիս դարձավ Հայաստանի շուրջ կատարվող իրադարձությունների տեսակետից: 2014-ի ամառը քաղաքական առումով բնավ «ամառային» չէ: Առաջիկայում պաշտոնից հեռացող Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հունիսի 14-ին Բաքվում անցկացրած բանակցությունները ցույց տվեցին, որ Արևմուտքում Արևելքից բնական գազի փոխադրման խնդիրը վերածվում է տևական ռազմավարական «հիվանդության»: Պորտուգալացու հայտարարությունները Ադրբեջանի մայրաքաղաքում ցույց տվեցին, որ, մի կողմից, անգամ խաբուսիկ խոստումները Բաքվից Արևմուտքին թվում են փրկօղակներ՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի ու Եվրամիության՝ Ռուսաստանի նոր «Հարավային հոսք» գազային նախագծի դեմ հայտարարած պատժամիջոցների նրբերանգները, մյուս կողմից` Արևմուտքի ներսում բացահայտորեն խորանում է տարակարծությունը՝ պե՞տք է տխրահռչակ «Երրորդ էներգետիկ փաթեթը», պե՞տք է խոչընդոտել դեպի Եվրոպա նոր գազամուղի կառուցումը: Պարզվում է՝ պարոն Բարոզուի համոզմունքները ոմանք, Կենտրոնական Եվրոպայում ուկրաինական ճգնաժամի խորացմանը զուգահեռ, ավելի ու ավելի քիչ են հաշվի առնում, և շատերն են սպասում Եվրահանձնաժողովի ներկա նախագահի պաշտոնավարտին:
«Մենք քննարկեցինք «Հարավային գազային միջանցք» նախագծի արագացման և ընդլայնման ճանապարհները և պայմանավորվեցինք, որ դա մեր ընդհանուր գերակայությունը կլինի առաջիկա տարում: Մենք այդ թեման քննարկում ենք նաև տարածաշրջանի այլ երկրների հետ և դիտարկում ենք զարգացման հնարավոր ճանապարհները»,- հայտարարել է Բարոզուն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամլո ասուլիսում: «Հարավային գազային միջանցքը» նույնիսկ ԵՄ-ի նախագիծը չէ, այլ ինչ-որ ամերիկամետ ուժերի՝ ԵՄ-ի ներսում և, բնականաբար, կոչված է փոխարինելու նախկինում լիովին ձախողված Nabucco, TANAP և այլ նախագծերին, որոնց նպատակն էր այլընտրանք ստեղծել ռուսական «Հարավային հոսքին»: Փաստերը վկայում են, որ դրան համաձայն չէին ոչ միայն Գերմանիան ու Ավստրիան, որ սերտ համագործակցում են Ռուսաստանի հետ գազային հարցում, այլև Բուլղարիան ու Սերբիան, որ վերջերս ռուս ներկայացուցիչների հետ ստորագրեցին «Հարավային հոսքի» փաստաթղթերը: Ամերիկյան դեսանտը, ռուսատյաց սենատոր Ջոն Մակքեյնի գլխավորությամբ, վայրէջք կատարեց Սոֆիայում ու Բելգրադում, որից հետո Բուլղարիան ու Սերբիան վերջապես համաձայնեցին ժամանակավորապես դադարեցնել «Հարավային հոսքի» աշխատանքները՝ մինչև փաստաթղթերը ԵՄ-ի «Երրորդ էներգետիկ փաթեթի» հետ համաձայնեցնելը: Հենց այս հանգամանքն է ցույց տալիս, որ ԵՄ-ում միաձայնություն չկա հակառուսական գործողությունների նկատմամբ գազային ոլորտում և ԱՄՆ-ն է ճնշում գործադրում Եվրոպայի վրա ու նրանից կորզում հակառուսական քայլեր ու հայտարարություններ: Բուլղարիայի ու Սերբիայի հետ ամեն ինչ պարզ է, նրանց կառավարությունները կերակրվում են ամերիկյան կառույցներում ու ինստիտուտներում: Կամա-ակամա այդ մարդիկ չեն ծառայում իրենց երկրների շահերին, այլ պարզապես ծառայություններ են մատուցում իրենց ամերիկացի «ուսուցիչներին»: Առավել հուզական դա խոստովանեց Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին՝ գործնականում իր երկիրն անվանելով «եվրոպական Լևինսկի» ու ԱՄՆ-ի «ֆրայեր»: Նա այդ բնորոշումները հասցեագրեց փաստորեն ամբողջ Եվրոպային, որը նույնիսկ դարձավ Լեհաստանի կառավարությունը վարչապետ Դոնալդ Տուսկի հետ պաշտոնաթող անելու պահանջի պատճառ (բացահայտորեն՝ անգլոսաքսերի կողմից): Այս անգամ Վարշավան չլսեց ոչ ԱՄՆ-ին, ոչ Անգլիային, և Տուսկն ու իր կառավարությունը, Սիկորսկին էլ հետները, իրենց տեղում են դեռ:
Թե աբսուրդի այս շրջապտույտում ինչո՞վ է զբաղված Ադրբեջանը, նույնիսկ եթե պատրաստվում է ԵՄ-ի հետ ասոցացման (փաստաթղթերի ամբողջ փաթեթի ստորագրումից Ադրբեջանը շատ հեռու է), պարզ է դառնում Բարոզուի Բաքու այցի մասին տեղեկատվությունից: Իլհամ Ալիևի հետ նա մեկնել է Սանգաչալի տերմինալ, որտեղից կասպիական գազը, ամերիկամետ ու ԵՄ շրջանակների մտահղացմամբ, պետք է սկսի իր ճանապարհը «Հարավային գազային միջանցքով» 2019-ից, որը պետք է Եվրոպային տա լրացուցիչ 10 միլիարդ խորանարդ մետր գազ, իսկ հետագայում՝ ավելի շատ: «Մի խոսքով՝ ԵՄ-ն շարունակում է իր դերը խաղալ «Հարավային գազային միջանցք» նախագծի հաջողության ապահովման գործում: Նախագիծը առանցքային նշանակություն ունի գազի աղբյուրների ու մատակարարների դիվերսիֆիկացիայի մեր ընդհանուր նպատակի համար, այն նաև ԵՄ էներգետիկ անվտանգության ռազմավարության կենտրոնական բաղադրիչն է, որ վերջերս ներկայացրեց Եվրահանձնաժողովը»,- ասել է Բարոզուն Բաքվում: Ադրբեջանի նախագահի հետ առանձնազրույցից ու ԵՄ-Ադրբեջան պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցություններից հետո ստորագրվեց համաձայնագրի արձանագրությունը համագործակցության ու գործընկերության մասին՝ ԵՄ ծրագրերում ընդհանուր սկզբունքներով Ադրբեջանի մասնակցության մասին շրջանակային համաձայնագրով, որն ընդլայնում է ԵՄ-ի հետ համագործակցությունը տարբեր ոլորտներում:
Ճիշտ է, պորտուգալացին թեթևակի հանդիմանել է Իլհամ Ալիևին: Պարզվում է՝ ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև տարաձայնություններ կան դեռ ժողովրդավարության ու մարդու իրավունքների հարցում: «Ես միանգամայն անկեղծ բացատրեցի նախագահ Ալիևին, որ մենք ակնկալում ենք տեսնել բազմակուսակցական ժողովրդավարություն, բաց հասարակություն և բաց տնտեսություն, որ կայունության ու բարգավաճման լավագույն միջոցն է: Բարգավաճող քաղաքացիական հասարակությունը կարևոր նշանակություն ունի ժողովրդավարության բարգավաճման համար»,- նկատել է Եվրահանձնաժողովի ղեկավարը: Չափազանց հպանցիկ ակնարկներ են, եթե հաշվի առնենք, որ բազմաթիվ հասարակական գործիչներ ու իրավապաշտպաններ հենց հունիսին էին տագնապի կոչնակ զարկում հանրապետությունում տիրող իրավիճակի վերաբերյալ, ուժեղացրել էին իշխանությունների քննադատությունը, իսկ քաղաքագետ Լեյլա Յունուսովան նույնիսկ ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ էր անում Ադրբեջանի համար ստեղծել «Մագնիցկու ցուցակի» համարժեքը՝ այլախոհների նկատմամբ բացահայտ քաղաքական հալածանքների պատճառով: Բայց Բարոզուի ու ԵՄ-ի ամերիկամետ շրջանակների համար ակնհայտորեն կարևոր չէ՝ ինչ է կատարվում Ադրբեջանում մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության հարցում, գլխավորը՝ կարողացան Իլհամ Ալիևին ներգրավել հակառուսական նախագծերում:
Ադրբեջանի՝ Արևմուտքի հետ «առևտրի» առարկան, իհարկե, Արցախն էր: Նույն «առևտուրը» Ադրբեջանը վարում էր վերջերս Բաքու ժամանած ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ սկսած արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովից: Անգամ Ադրբեջանի մուսուլմանների ղեկավար շեյխուլիսլամ Ալլահշյուքուր Փաշազադեն հունիսի 24-ին բացահայտ քաղաքական սադրանք նախաձեռնեց՝ հայտարարելով, որ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնությամբ վերադարձվելու են Ադրբեջանի օկուպացված տարածքները, և կոնֆլիկտը կլուծվի խաղաղությամբ»: Պարզվում է՝ ԵՄ-ից էլ Բաքուն, ոչ ավելի, ոչ պակաս, «պահանջել է» Արցախը: Բարոզուն նույնիսկ հարկադրված էր Բաքվի ADA համալսարանում «ԵՄ-Ադրբեջան. նոր հնարավորություններ ու մարտահրավերներ» դասախոսության ժամանակ պատասխանել «վերևից» թելադրված հարցերին՝ կապված ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտի հետ: Եվրահանձնաժողովի ղեկավարը, բնականաբար, ավելին իր ուսերին չվերցրեց ու ասաց, որ ճիշտ չէ մեղադրել ԵՄ-ին հակամարտության չկարգավորման համար: «Այդ կոնֆլիկտը ԵՄ-ն չի ստեղծել, այլ ուրիշ ուժեր,- ավելացրեց նա ու կրկնեց վերջին ամիսների ամերիկա-ադրբեջանական պոստուլատը, որ իբր կոնֆլիկտի ստատուս քվոն չի կարող երկար պահպանվել:- Մենք ուզում ենք, որ կողմերը հասնեն խաղաղության և աջակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանն այդ ուղղությամբ: Մենք պետք է հնարավորն անենք, որ այդ հարցը լուծվի միջազգային սկզբունքների համապատասխան»։ Կարծես թե արտառոց ոչինչ չկա: Սակայն տեղեկությունները, որ հունիսի 25-ից Ադրբեջանը վերսկսել է Եվրոպայի խորհուրդը հակամարտության կարգավորման մեջ ներգրավելու իր փորձերը, իմաստ ունի կապել Բարոզուի Բաքու այցի հետ:
ԵՄ-ի համար խնդրահարույց է գնահատել Ադրբեջանի ներգրավումը «Հարավային գազային միջանցքում», թեկուզ այն պատճառով, որ դեռ ոչինչ պարզ չէ «ամերիկյան» հերթական գազային նախագծի հարցում: 2008-ի օգոստոսից լավ հայտնի է, որ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղով ներկրվող ադրբեջանական գազը չբավարարեց նույնիսկ Վրաստանի պահանջները, երբ ժամանակավորապես անջատվեց ռուսականը: Սահակաշվիլու վարչակարգը սկսեց, հակառակ ԱՄՆ-ի առաջ իր «պարտավորություններին», Իրանի հետ բանակցել՝ բնական գազի այլընտրանքային աղբյուր գտնելու հույսով: «Երրորդ էներգափաթեթը» ԵՄ-ն հաստատել է դեռ 2009-ին՝ նպատակ ունենալով ազատականացնելու էլեկտրաէներգիայի և գազի շուկան, փաթեթն ունի վեց օրենսդրական ակտեր, որոնք սահմանափակումներ են նախատեսում ուղղահայաց ինտեգրված կազմակերպությունների՝ էներգատրանսպորտային ցանցերի տիրապետման ու կառավարման համար: Եվրահանձնաժողովը փորձում է բաժանել գազի վաճառքի ու փոխադրման բիզնեսները՝ գտնելով, որ դա կմեծացնի մրցակցությունը, թույլ կտա շուկա մտնել նոր խաղացողների և կնվազեցնի էլեկտրաէներգիայի գինը: Բայց այդ դիրքորոշման հետ կտրականապես համաձայն չէ Ռուսաստանը, որտեղ «Գազպրոմը» և մատակարար է, և մասամբ միջպետական գազատրանսպորտային համակարգերի սեփականատեր: Մայիսին ԵՄ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը հայտարարեց, որ «Հարավային հոսքի» նկատմամբ «երրորդ էներգափաթեթի» նորմերը կիրառելու ԵՄ փորձերը իրավականորեն հիմնավորված չեն: «Միջպետական համաձայնագրերը ԵՄ վեց երկրների հետ, որոնց տարածքով անցնելու է «Հարավային հոսքը», ստորագրվել են նախքան «երրորդ էներգափաթեթի» ուժի մեջ մտնելը: Միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքի համաձայն՝ օրենքը չի կարող հետադարձ ուժ ունենալ, փաթեթի նորմերը «Հարավային հոսքի» նկատմամբ կիրառելու փորձերն իրավաբանորեն հիմնազուրկ են»,- բացատրեց Վլադիմիր Չիժովը: Եվ դա բացարձակապես արդար է: Բայց ԱՄՆ-ի ճնշմամբ ԵՄ-ում և Եվրահանձնաժողովում այնպիսի պաշտոնյաները, ինչպիսին Բարոզուն է, փաստորեն հանձնում են միացյալ Եվրոպայի դիրքերն ու շահերը: Իրավիճակն ՈՒկրաինայում ցույց տվեց, թե ինչու: Հիշենք, թեկուզ, ԱՄՆ-ի փոխնախագահի որդու՝ Ռոբերտ Հանտեր Բայդենի «հայտնությունը», ԱՄՆ-ի պետքարտուղար Քերիի ընտանիքի բարեկամ Դևոն Արչերի հայտնությունը խոշորագույն, բայց սակավ հայտնի մասնավոր գազարտադրող «Burisma Holdings»-ի տնօրենների խորհրդում, որ գլխավորում է նույնպես ամերիկացի Ալան Ապտերը, հիշենք, որ հենց այդ հոլդինգինն են (ի դեպ, Կիպրոսում գրանցված) Դնեպր-Դոնեցկում, Ազով-Կուբանում ու Կարպատներում գտնվող նավթային ավազանների շահագործման լիցենզիաները: Եվ այն, որ հենց ԱՄՆ-ն է ծրագրում իբր «ողողել» Եվրոպան թերթաքարային գազով, և այն, որ Դնեպր-Դոնեցկի ու Ազով-Կուբանյան նավթագազային ավազաններում են ուկրաինական իշխանությունները սեփական բնակչության դեմ պատերազմ վարում, որը դեմ է թերթաքարային գազի արդյունահանմանը Արևելյան ՈՒկրաինայի խիստ բնակեցված տարածքում:
Բայց ռուսական «Հարավային հոսքը» բնավ էլ «Գազպրոմի» համատեղ բիզնեսը չէ միայն Բուլղարիայի ու Սերբիայի հետ: Ադրբեջանն էլ (նույնիսկ Թուրքիայի հետ միասին) ոչ մի կապ չունի Ռուսաստանի՝ Եվրոպայի համարժեք շրջանակների երկարատև կապերի հետ: «Հարավային հոսքը» մասշտաբային գազամուղ է՝ տարեկան մինչև 63 միլիարդ խորանարդ մետր նախագծային հզորությամբ, որ կառուցում է «South Stream Transport B.V.» ընկերությունը՝ «Գազպրոմի» համատեղ ձեռնարկությունը (50 % մասնաբաժնով), իտալական «ENI»-ն (20%), գերմանական «Wintershall»-ը և ֆրանսիական «EDF»-ին (15-ական %): Գազամուղը թույլ կտա կանխել ԵՄ երկրների գազի գողությունը ՈՒկրաինայում, որի տարածքով է հիմա փոխադրվում Եվրոպա մատակարարվող գազի կեսը: Շատերն արդեն Արևմուտքում հստակ տեսան ու հասկացան, որ հետագա դիմակայությունը «Հարավային հոսքին» իրականում ի զորու է կազմաքանդել ԵՄ-ն: Փոխվում է և եվրակառույցների ներկայացուցիչների հայտարարությունների տոնը: «Մենք չենք արգելափակում «Հարավային հոսքը», բայց ուզում ենք, որ համապատասխանի ԵՄ օրենսդրությանը»,- ասաց Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Սաբինե Բերգերը հունիսի 4-ին, Բրյուսելում, մամլո ասուլիսում: Բացահայտ տեսակետ է հայտնվում, որ Եվրահանձնաժողովի ակտիվացումը «Հարավային հոսքի» հարցում կապված է ՈՒկրաինայի նախաձեռնության հետ (արդեն փետրվարի պետական հեղաշրջումից հետո), որ «Նավթագազի» գազափոխադրման համակարգը ղեկավարեն Եվրոպան ու ԱՄՆ-ը: Բուլղարիան պարզապես «թույլ օղակ» էր այն երկրների շղթայում, որոնք ստորագրել էին համաձայնագիրը ռուսական կողմի հետ: Օրինակ, Հունգարիայի ղեկավար Վիկտոր Օրբանը բոլորին հստակ հասկացրեց, որ իր համար պետական շահերը ամեն ինչից բարձր են, և որևէ առարկություն «Հարավային հոսքին» ինքը չի ընդունում: Եվ, թերևս, հիմա թե՛ Բուլղարիան, թե՛ Սերբիան երկու կողմից ճնշման տակ են՝ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ամերիկամետ շրջանակները պահանջում են «իրենցը», Ռուսաստանի արևմտյան գործընկերներն՝ «իրենցը»: Դեռ մայիսի 28-ին ԵՄ անդամների ոչ պաշտոնական ընթրիքի ավարտին Բարոզուն սպառնում էր Բուլղարիային պատժամիջոցներով ու «հետևանքներով», եթե Սոֆիան չմիանա «Հարավային հոսքի» կասեցմանը:
Այսպիսով, հիմա կարծես թե երերուն հավասարակշռություն է հաստատվել գազային ոլորտում: Ամերիկացիները դեռ շուտ չեն կարող սկսել իրենց թերթաքարային գազի մատակարարումները Եվրոպա: Շատ ավելի ուշ նրանց ֆիկտիվ ֆանտոմ «Burisma Holdings»-ը կարող է սկսել հորատումները Նովոռոսիայում և Արևելյան ՈՒկրաինայում թերթաքարային գազի արդյունաբերական նշանակության պաշարների առկայության ստուգումը: «Հարավային հոսքը» արդեն կասեցվել է, իսկ ՈՒկրաինան ու իր գազափոխադրման ցանցն արդեն անցել են «Գազպրոմի» հետ կանխավճարով աշխատելուն: ՈՒկրաինացիները վերսկսել են գազի գողությունը իրենց խողովակաշարից, այսինքն, Եվրոպան սկսել է թերստանալ ռուսական գազը: Բարոզուն և Եվրահանձնաժողովի ներկա կազմի շատ անդամներ աշնանը կհեռանան: Ռուսաստանում և մի քանի երկրներում որոշակի հույսեր ունեն, որ Եվրահանձնաժողովի կազմի փոփոխությունից հետո Արևմուտքում կսթափվեն ու կնահանջեն ԱՄՆ-ի ծրագրերից: ՌԴ էներգետիկ անվտանգության ազգային հիմնադրամի տնօրեն Կոնստանտին Սիմոնովը հունիսի 10-ին հայտարարեց. «Եթե Եվրահանձնաժողովը գլխավորի Ժան-Կլոդ Յունկերը, ում թեկնածությունը պաշտպանում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, շանսեր կան, որ այս հարցում առավել պրագմատիկ դիրքորոշում կլինի»: Վերջին օրերին սկսել է փոխվել և էներգետիկայի հարցով եվրահանձնակատար Գյունտեր Օտինգերի հռետորաբանությունը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Ավստրիա այցից հետո Կիևը առաջադրեց բանականությունից հեռու «հավակնություններ» նույնիսկ պաշտոնական Վիեննային, իհարկե, Մոսկվայի հետ պայմանավորվածություններին հավատարիմ մնալու ավստրիական կողմի պատրաստակամության դիմաց: Իսկ Մեծ Բրիտանիայի արձագանքը Լյուքսեմբուրգի ներկայացուցիչ, ԵԺԿ-ի թեկնածու Ժան-Կլոդ Յունկերին Եվրահանձնաժողովի նախագահ ընտրվելուն, պերճախոս վկայում է, թե ում պատվերն են կատարում Բարոզուն ու նրա նմանները: Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հունիսի 12-ին հայտարարեց, որ եթե Յունկերը զբաղեցնի այդ պաշտոնը, բրիտանական կառավարությունը ստիպված կլինի նախաձեռնել վաղաժամկետ հանրաքվե ԵՄ-ի կազմից դուրս գալու հարցով: Քաղաքական շանտաժից բացի, այլ կերպ բրիտանացիների այս վարքագիծը չես անվանի: Հունիսի 27-ին Եվրահանձնաժողովը հաստատեց, որ հենց Յունկերն է լինելու Եվրահանձնաժողովի նոր նախագահը, մնում է՝ աշնանը նրա թեկնածությունը հաստատի Եվրախորհրդարանը: Բայց դա հազիվ թե ալիքի վրա պահի Ադրբեջանի հետ «Հարավային գազային միջանցքի» ամերիկամետ նախագիծը (իհարկե, եթե հանկարծ միանգամից չհաղթահարվեն իրանա-ամերիկյան հակասությունները և դեպի Եվրոպա չբացվի իրանական բնական գազի ճանապարհը) և հազիվ թե կանգնեցնի ռուսական «Հարավային հոսքը»՝ մայրցամաքային «Հին Եվրոպայի» շահերը կգերակշռեն ԱՄՆ-ի քաղաքական ու տնտեսական պատվերները հնազանդ կատարողների գրպանային շահերին:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2787

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ