Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Չորրորդ Հռոմի մատույցներում

Չորրորդ Հռոմի մատույցներում
01.07.2014 | 00:43

Այս խորագրով նախորդ երկու հրապարակումները վերաբերում էին Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններին, որոնցից մեր երկրում կախված է ամեն ինչ, քանի դեռ ունենք ժամանակի սափորի միայն արտաքինն ընկալելով, պարունակության մեջ չխորանալու ճարպկություն: Երրորդ հրապարակումով ուզում եմ տուն վերադառնալ և անդրադառնալ Հայաստանի Հանրապետությանն ու Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահի վարած քաղաքականությանը` նպատակակետը նույնը ունենալով` Չորրորդ Հռոմի մեր բովանդակությունը պիտի գրենք մենք, բավական է կարդալ ուրիշների գրերը: Ի սկզբանե ծրագրել էի յոթ հրապարակում նույն խորագրով ու վերնագրով և միայն յոթերորդ կանգառում էի որոշել վերադառնալ հայրենիք, մինչ այդ «շրջագայելով» ոչ միայն Ռուսաստանում, այլև Եվրամիության հին ու նոր երկրներում, ԱՄՆ-ում, հայկական սփյուռքում, Իրանում, Ադրբեջանում, Թուրքիայում, երրորդ կայանատեղին Հայաստանը դարձնելը պայմանավորված չէ մեր երկրում քաղաքական իրավիճակի փոփոխությամբ: Կա հրաշալի առիթ` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 30-ին դարձավ 60 տարեկան: Սա ուղիղ կես տարիքն է տղամարդու, եթե հիշենք աստվածաշնչյան այն ժամանակաշրջանը, երբ մարդկության կյանքը կրճատվեց ոչ ավելի, քան 120 տարի, իսկ եթե նրանց մոռանանք, պիտի հիշենք, որ կյանքի կեսն արդեն անցյալում է և հայտնի չէ` լավագո՞ւյն կեսը, թե՞… Ծննդյան օրերի առիթով ավանդույթ են նվերներն ու շնորհավորանքները, բայց ավանդույթը պահպանելու լավագույն ձևն ավանդույթը խախտելն ու նոր ավանդույթ սահմանելն է, ուստի լրագրության ասպարեզում դինոզավրի իմ կարգավիճակից օգտվելով, ինձ իրավունք եմ վերապահում գրել ոչ միայն Սերժ Սարգսյանի յոթ դրական կողմերի մասին, այլև յոթ բացասական: Դրականի ու բացասականի բաժանումը պայմանական է, եթե խոսքը վերաբերում է կոնկրետ մարդուն, ղեկավարի դեպքում այդ կողմերը երկրի համար հավասարապես հետընթաց ու առաջընթաց ապահովելու վտանգավորություն ու հնարավորություն ունեն: Սերժ Սարգսյանը, որ նույնպես դինոզավրի կարգավիճակ ունի քաղաքական դաշտում, դեպքերի ու իրադարձությունների իր մասնակցությամբ ու ղեկավարմամբ, բոլոր հնարավորությունները տալիս է գրել ոչ միայն 7, այլև 77 կողմերի մասին, բայց դա թողնենք նրա 70-ամյակին:
Որո՞նք են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անցանկալի կողմերը ¥շեշտում եմ` ՀՀ նախագահի, այլ ոչ մարդու, որովհետև ոչ ոք իրավունք չունի այլ մարդու դրականն ու բացասականը հաշվեկշռել: Ոչ միայն այն պատճառով, թե` մի՛ դատիր, որ չդատվես, այլև այն պատճառով, որ մարդն իրավունք ունի անձնական տարածքի, որտեղ ինքն է ու ինքը, և անելիք չունեն ուրիշները¤:
1. Սերժ Սարգսյանը չի ընդունում թիմային աշխատանքը, նա գերադասում է մենակ կայացնել որոշումները և մենակ էլ իրականացնել: Հիշեք վճռական մենակի նրա կերպարը խորհրդարանական ու նախագահական ընտրապայքարի ժամանակ: Այդ կեցվածքն արադարացված է, եթե դու իսկապես ոչ միայն մենակ ես, այլև վճռական: Նա ունի աշխատակիցներ, բայց ոչ թիմ, ունի ենթականեր, բայց ոչ խորհրդականներ, որովհետև խորհուրդ, կարծիք, տեսակետ հասկացությունները նրա համար ուրիշների ինքնարտահայտման հարթության մեջ են մնում: Նա կլսի ու իր եզրակացությունների մեջ կմնա անառիկ բերդ: Բացի այդ, թիմային կառավարման բացակայությունը վնասում է կադրային քաղաքականությանը, որտեղ դժվար է անգամ խոշորացույցով օրինաչափություն ու հետևողականություն, արժեհամակարգ ու չափանիշ գտնել:

2. Սերժ Սարգսյանը հետևողական չէ իր քաղաքական հայտարարությունների մեջ: Նա ասում է այն, ինչ պետք է ասվի, ու ասվածը մնում է օդում: Համենայն դեպս, տևական ժամանակ, ինչը նախագահի նրա վարկանիշը խոցելի է դարձնում` ստեղծելով խոցելի մարդու տպավորություն: Նախագահական առաջին ժամկետում պաշտոնակալության նրա ելույթը միմյանց նկատմամբ հանդուրժողականության, քույրերի ու եղբայրների միասնության, ընդհանրական համերաշխության և այլնի, և այլնի մասին այդպես էլ մնաց օպերայի դահլիճում, ու երդմնակալությանը հաջորդած վարար անձրևը կարծես մաքրեց ասվածի հետքերը: Օրինակները բազում են` ատկատների, հեռախոսային իրավունքի անընդունելիության, կոռուպցիայի վերացման անհրաժեշտության մասին նրա ելույթներին ի՞նչ է հետևել: Վերջին օրինակը` դիվանագետների հետ հանդիպմանը կարևորելով նրանց աշխատանքը, ընդգծելով այդ աշխատանքի մասնագիտական նրբություններն ու նշանակությունը Հայաստանի համար, ընդամենը մեկ ամսից Վրաստանում Հայաստանի դեսպան է նշանակվում Յուրի Վարդանյանը, որ այդ աշխատանքի մասին այնքան պատկերացումներ ու հմտություններ ունի, որքան մեզնից յուրաքանչյուրը հիմա կարող է ազատ չինարեն դասավանդել, թեկուզ տարրական դասարաններում:
3. Սերժ Սարգսյանը խնդիրներ ունի իր անցյալի հետ և խոսքը վերաբերում է ոչ միայն Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության ողբերգական իրադարձություններին` հոկտեմբերի 27-ին, մարտի 1-ին, երբ նա բարձր պաշտոններում էր ու ի պաշտոնե պարտավոր էր քայլեր ձեռնարկել կամ փորձել հետագա իրադարձություններն այլ ընթացքով տանել, այլև ընկերության ու քաղաքականության տարբերության չհաղթահարված բարդույթին: Պետականության գիտակցությունը, պետական շահի պաշտպանության անհրաժեշտությունը ոչ միշտ են առաջին տեղում, երբ խոսքը վերաբերում է մարդկանց, ովքեր նրա շրջապատում երկակի կարգավիճակ ունեն` ընկերոջ ու պաշտոնյայի: Թե նախկին, թե ներկա, իսկ դա հասարակական ընկալման մեջ վերածվում է նախագահի թուլության ապացույցի:
4. Սերժ Սարգսյանը չունի ժամանակի զգացողություն ու մտածողության անկախություն, նրան ժամանակը թվում է հավերժություն, իսկ իր ենթակաները, որ գերադասում են ասել հաճելին ու ականջ շոյողը ¥ինչպես ընդունված է բոլոր արքունիքներում¤` ճշմարտության մունետիկներ: Մտածողության անկախությունը ենթադրում է տեսակետների համադրում եզրակացությունից առաջ, իսկ նա գերադասում է մեկ կողմի ճշմարտությունը, որը, բացի կասկածելի լինելուց, իր պաշտոնում վտանգավոր է երկրի համար:
5. Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունը ¥շախմատային դիվանագիտություն, ֆուտբոլային դիվանագիտություն¤ պաշտոնավարման երկրորդ ժամկետում էլ արդյունքներ չի տվել, մինչդեռ տարիներն անցնում են ու երկրի համար դառնում կորած շանսեր: Եվրամիության ու Եվրասիական միության միջև ընտրությունն այդպես էլ չհիմնավորվեց ու չբացատրվեց, եղան ակնարկներ ազգային անվտանգության նկատառումների, Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ, որոնց փակագծերը բացեց ոչ թե հայկական կողմը, այլ ռուսական` օրը մեկ իր հերթական բանագնացին Հայաստան գործուղելով ու նրանց շուրթերով ոչ այնքան քաղաքականություն ներկայացնելով, որքան սպառնալիքներ ու շանտաժ, որոնց համարժեք պատասխան որևէ մակարդակով չի հնչել ու չի հնչում:
6. Սերժ Սարգսյանը այդպես էլ չգտավ ընդդիմության նկատմամբ իր դիրքորոշման բանալին: Առավելագույնը իրական ընդդիմության դիմազրկումն ու ոչիշխանական ուժ դառնալն էր, որը, սակայն, որքան լավ է այսօր, նույնքան վտանգավոր վաղը: ՈՒժեղ ընդդիմության անհրաժեշտության, ուժեղ ընդդիմության առկայությամբ ուժեղ իշխանության մասին հայտարարությունները բառակուտակումներ են մնում, մինչդեռ ընդդիմությունը ոչ միայն քաղաքական համակարգի կայացման անհրաժեշտ գործոն է, այլև ներքին ու արտաքին քաղաքականությունն ավելի ճկուն դարձնելու միջոց: Ընդդիմության բացակայությունը ընդդիմադիր է դարձնում ժողովրդին, պատահական չէ քաղաքացիական շարժումների ակտիվությունը, որոնք չլինելով քաղաքական, նաև անկանխատեսելի ու անկառավարելի են իրենց գաղափարական հենքով ու գործողությունների մեջ:
7. Սերժ Սարգսյանը հաստատուն չէ իր հավատի մեջ, նա չի վստահում ոչ միայն ուրիշներին, այլև ինքն իրեն, ոչ շրջապատին, ոչ էլ, գուցե, Աստծուն, հետևանքը դառնում է նրա քայլերի անկանխատեսելիությունը, երբ ՀՀԿ նախագահի որոշումները հայտնություն են նաև ՀՀԿ-ականների համար: Իսկ հասարակությանը մնում է գուշակությունների դաշտը, բացի այդ, նախագահի գործունեությունը լուսաբանվում է հիմնականում ի վնաս իրեն` մնալով կաղապարված ու կենդանի խոսքի կարոտ:
Սերժ Սարգսյանի դրական կողմերը նույնքան արտահայտված են ու երկրի կյանքում վճռորոշ:
1. Սերժ Սարգսյանին հաջողվեց երկրում մթնոլորտ փոխել. համեմատեք երկրորդ նախագահի պաշտոնավարման տարիների հետ և կհամոզվեք, որ շնչելը թեթև է դարձել: Ճիշտ է` ինքն է բողոքում գաղջ մթնոլորտից, բայց այդ գաղջության պատճառները արդեն թվարկված են:
2. Սերժ Սարգսյանը կարողանում է բարդ իրավիճակները լիցքաթափել առանց անդառնալի հետևանքների: 2008-ին նա ժառանգություն ստացավ վիրավոր ու երկատված հասարակություն, որտեղ առճակատումը կենսակերպ էր, այսօր այդ երկիրը դառը հիշողություն է, այնուհանդերձ խնդիրների շրջանցումը լուծում չէ:
3. Սերժ Սարգսյանի քաղաքական փորձառությունն ու համբերատարությունը հնարավորություն են տալիս ժամանակ առ ժամանակ դադարներ վերցնել` չկորցնելով քաղաքական դաշտի կառավարումը և իրեն անհրաժեշտ պատկերն ի վերջո ստանալու հնարավորությունը:
4. Սերժ Սարգսյանը ուժեղ ղեկավար է, որ չի տառապում իր ուժի ցուցադրության սինդրոմով: Նրան պետք չեն իր անձի փառաբանումն ու սեփական անսահմանափակ իշխանության ապացույցներ ստանալը: Իշխանությունը նրա համար կառավարման ձև է, կյանքի կազմակերպման միջոց, որտեղ որքան հնարավոր են հաջողություններ, նույնքան սխալներ: ՈՒ նա չի վախենում սխալվելուց:
5. Սերժ Սարգսյանը հիանալի հասկանում է` ովքեր են իրեն շրջապատում ու ինչի են ի վիճակի, ինչի ոչ, նա որոշումներն ընդունում է ոչ միայն ու ոչ այնքան այսօրվա, որքան վաղվա ու հետագայի շրջանակներում: Նա կարողանում է հաշվարկել և հաշվարկել այնքան հմտորեն, որ իր քայլերը երբեմն թվում են անտրամաբանական ու հակասական:
6. Սերժ Սարգսյանը թեպետ կարողանում է հանգամանքներն օգտագործել, ինքնահաստատման խնդիր չունի ու չի փորձում իր խնդիրները լուծել ուրիշների հաշվին: Ի տարբերություն իշխանական բուրգի գագաթի մյուս ներկայացուցիչների, նրա արժեհամակարգում չկա «Ակն ընդ ակն, ատամն ընդ ատաման» սկզբունքը: Նա ոչինչ չի մոռանում, բայց ներում է, նրա հանդուրժողականությունը թուլության հետևանք չէ, այլ ինքնավստահության և խնդրի լուծման կարողության: Նա Սերժ Սարգսյանն էր, երբ նախարար էր, երբ վարչապետ էր, և լինելու է Սերժ Սարգսյանը պաշտոնավարման երկրորդ ժամկետից հետո էլ. անկախ կմնա՞ քաղաքական դաշտում, թե՞ կհեռանա: Անհատականության ուժն ու թուլությունը նրա դեպքում պաշտոնը չի պայմանավորում, ոչ էլ իշխանության մակարդակը, իսկ դա ուժեղ ղեկավար լինելու պարտադիր պայման է ու նախադրյալ:
7. Սերժ Սարգսյանը չի դավաճանում և չի ընդունում դավաճանությունը: Եվ դա դառնում է ստատուս քվո Լեռնային Ղարաբաղի հարցում, որ վաղուց արդեն Հայաստանի Հանրապետության ներքին ու արտաքին քաղաքականության հիմնաքարն է:
Չորրորդ Հռոմի մեր բովանդակությունը պիտի գրենք մենք, բավական է կարդալ ուրիշների գրերը` սա է կարևորը մեր պետության ու պատմության համար: «Յո՞ երթաս» հարցը մարդկության գլխավոր երեք հարցերից երրորդն է, որ պայմանավորված է նախորդ երկուսի պատասխաններով` ո՞վ ես դու, որտեղի՞ց ես գալիս, բայց ոչ միայն պայմանավորված է, այլև պայմանավորում է, որովհետև մեր գոյությունը ընթացք է, որը մեզ համար գուցե տրոհված է անցյալի, ներկայի ու ապագայի, բայց իրականում մեկ ամբողջություն է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ դարձավ 60 տարեկան: Այս հրապարակումը նրան շնորհավորելու նպատակ ուներ, ոչ հերթական ու հերթապահ մաղթանքների ու նույնաբովանդակ ուղերձաձոների մակարդակում, որոնք կրկնվում ու մոռացվում են: 60 տարեկանում մարդն իրավունք ունի կարծրատիպերից դուրս գնահատվելու: Եթե դրականի ու բացասականի համադրման մեջ ներհակություններ լինեն, հավատացեք, որ ոչ թե արտացոլումն է հակասական, այլ բնօրինակը: ՈՒ եթե ինչ-որ փակագծեր մնացին, անկեղծությունս փակագծեր չունի:

Դիտվել է՝ 1393

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ