Մի շարք երկրների հատուկ գործողությունների տեսքով չար ճակատագիրը հետապնդում է Մերձավոր Արևելքին: Չէինք հասցրել ուրախանալ, որ Սիրիայի բանակը և հայկական զինյալ ջոկատները վերջապես ազատագրել են Քեսաբը, երբ նորից տագնապում ենք մեր հայրենակիցների ճակատագրի համար՝ այս անգամ Միջագետքի ու հինավուրց Մոսուլ քաղաքի:
Պատճառը, որ Արևմուտքի, Թուրքիայի, Կատարի, Սաուդյան Արաբիայի անդրկուլիսային ուժերը նորից կենտրոնացրել են իրենց ուշադրությունը Իրաքի վրա, նույնն է, երբ նրանք փորձում էին (շուտով արդեն երեք տարի) տապալել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին և գրավել երկրի ողջ տարածքը: Սիրիան ու Իրաքը, այսինքն՝ հինավուրց Ասորեստանն ու Միջագետքը, եղել են և մնում են անհրաժեշտություն՝ իբրև հզոր պլացդարմ հետագա գրոհների համար Իրանի և Կովկասի ուղղությամբ: «Կովկաս» ասելով՝ մենք, իհարկե, նկատի ունենք ոչ թե Անդրկովկասի վեց երկրները, այլ Ռուսաստանը: Անդրկովկասի վեց երկրներին տիրելը երբեք Թուրքիայի և Արևմուտքի համար չի եղել ոչ ինքնանպատակ, ոչ գերնպատակ: Նրանց նպատակը Ռուսաստանն է, բայց՝ Կովկասի միջոցով: Արևմուտքի ու Թուրքիայի դրածոների պարտությունը Սիրիայում գլխավոր փաստարկն է այն իրողության, որ հակաիրանական ու հակառուսական ուժերը վերստին պիտի վերադառնան Իրաք:
Շատերը հիմա անկեղծորեն գովաբանում են ԱՄՆ-ի նախկին վարչակազմին՝ հանրապետականներին: Իբր, նրանք ամեն ինչ «խելքով» էին անում: Հազիվ թե: Հիլարի Քլինթոնը, որ դեմոկրատական կուսակցությունից էր, բայց ԱՄՆ-ի պետքարտուղարն էր, խոստովանում է, որ իբր Ջորջ Բուշ-Կրտսերի կառավարման տարիներին ակտիվորեն քվեարկել է Իրաք ամերիկյան ներխուժման օգտին, իսկ հիմա, իբր, հասկացել է, որ դա «սխալ էր»: Հիլարի Քլինթոնը փաստացի մեզ ասում է հանրապետականների սխալի մասին: Ինչո՞ւ հենց հիմա: Որովհետև ուզում է ասել՝ տեսեք, մենք՝ դեմոկրատներս, երբեք ոչ մի տեղ ուղղակի պատերազմներ չենք վարում: Բայց ԱՄՆ-ին անցանկալի կառավարությունները տապալվում են: Տիկին Քլինթոնը անկեղծորեն հրճվում էր արդեն վիրավոր, ծերուկ գնդապետ Մուամար Քադաֆիի գազանային սպանության կադրերից: Իսկ ԱՄՆ-ը, իրոք, Լիբիա, կարծես թե, չէր ներխուժել: Արաբական վարչակարգերը մեկը մեկի հետևից տապալվում էին: Մինչև… «արաբական գարունը» սխալմամբ օտարերկրյա վարձկաններին չհասցրեց Աշ-Շուրայի հինավուրց հող: Մինչև ամերիկյան ծրագրերը չբախվեցին նաև Մերձավոր Արևելքի ամենահին քրիստոնեական համայնքների՝ Քրիստոսի սրբավայրերը պահպանելու վճռականությանը: Եվ հիմա, խոսելով ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության ու անձամբ Ջորջ Բուշ-Կրտսերի, ու նաև սեփական «սխալի» մասին, Հիլարի Քլինթոնը միաժամանակ «քարեր է նետում» և Իրաքի օրինական իշխանության վրա: Ինչո՞ւ: Չէ՞ որ իշխանության գլուխ են ԱՄՆ-ի հետ համաձայնողականները:
ԱՄՆ-ի դեմոկրատները հիմա ցանկանում են Իրաքում իրենց իսկ դրածոների իշխանության տապալումը, որովհետև նրանք… շիաներ են: Սիրիայի պատերազմի ամենաթեժ պահերին իրաքյան շիաները, վարչապետ Նուրի Մալիկիի գլխավորությամբ ոչ միայն չօգնեցին ամերիկացիներին ու թուրքերին, այլև իրենց հնարավորությունների սահմաններում օգնեցին Սիրիային: Հիշեցնեմ՝ այն ժամանակ Իրաքի զորքերը լիբանանյան «Հըզբոլլահ» կուսակցության ջոկատների հետ համատեղ վերահսկողության տակ վերցրին սիրիա-իրաքյան սահմանը, որից հետո ԱՄՆ-ի ու Թուրքիայի վարձած զինյալները (Սաուդյան Արաբիայի ու Կատարի միջով) արդեն չկարողացան անարգել անցնել սահմանը և հարձակվել սիրիական քաղաքների ու գյուղերի վրա: Ամերիկացիների ներկա ծրագիրը նույնքան պարզունակ է՝ Նուրի Մալիկիին դնել այն վիճակում, որ նա դիմի ԱՄՆ-ի զինված միջամտությանը: Հասկանալի է՝ նաև Մեծ Բրիտանիայի, իբրև Իրաքի ռազմական գործողություններում ԱՄՆ-ի դաշնակցի: Ահա ինչու այդքան անտրամաբանական են «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» (ISIL) սուննիների ահաբեկչական խմբավորման գործողությունները. գրավելով Մոսուլը (Իրաքի նավթի ու գազի գլխավոր արեալներից մեկը) և սուննիներով բնակեցված շրջանները, նրանք չգիտես ինչու շարունակում են նետվել… Բաղդադ, որտեղ բնակչության մեծամասնությունը շիաներ են, ինչպես ամենուր Իրաքի հարավում: Եվ Հիլարի Քլինթոնն էլ ստեղծված վիճակի համար տեղնուտեղը մեղադրում է վարչապետ Նուրի Մալիկիին ու փաստորեն արդեն բարձրաձայնում է ամերիկացիների «պայմանները»՝ եթե Բաղդադը ԱՄՆ-ից օգնությում է ուզում, Նուրի Մալիկին ու նրա շիական կառավարությունը պետք է հրաժարական տան: Ի՞նչ է դա հիշեցնում: Այն, ինչից սկսվեց Սիրիայի դեմ ագրեսիան:
Պատահական չէ, որ արդեն շիական Աս-Սամարա քաղաքի մերձակայքում ISIL-ի զինյալները առաջին անգամ բախվեցին իրաքցիների դաժան դիմադրությանը: Բնականաբար, որովհետև հետո արդեն «շիական գոտի» է՝ բազում սրբավայրերով: Եվ այդ պահին խոսեց հարևան Իրանը: Ընդ որում՝ չսպասելով Վաշինգտոնի անդրկուլիսյան կամ բացահայտ հարցապնդումներին «Իրաքում օգնության մասին»: Թող երեսպաշտություն չանեն նրանք, ովքեր հիմա ջանադիր ծաղկացնում են ամերիկա-իրանական արագընթաց հաշտության և այս կամ այն տարածաշրջանում նույնիսկ համատեղ գործողությունների թեման՝ ընդդեմ ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական ընդդիմադիրների: Չի լինելու: Ամերիկացիները սկսեցին Թեհրանին դիմել միայն այն ժամանակ, երբ այաթոլահ Սեյեդ Ալի Համենեին և նախագահ Հասան Ռուհանին արդեն բարձրաձայնել էին իրենց առաջարկները պարոն Նուրի Մալիկիին՝ դու միայն դիմիր մեզ, մենք սպասում ենք և կօգնենք: Ամենատարբեր երկրների, այդ թվում` Իրանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, տեղեկատվական գործակալությունները օրերս ընդգծում էին, որ հունիսի 14-ից «Իրանը մեծացնում է իր զինված ներկայությունը Իրաքի հետ սահմանին»: Այդպես է, մանավանդ՝ հաստատեց և Իրանի հետևակային զորքերի հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Կիոմար Հեյդարին «Թասնիմ» գործակալությանը տված հարցազրույցում: Հունիսի 14-ին Իրաքի արտաքին գործերի նախարար Խոշիար Զիբարին դիմեց Արևմուտքի երկրներին՝ կոչ անելով օգնել իր երկրին ISIL-ի իսլամական խմբավորման դեմ պայքարում: Ի պատասխան Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ-ը իբր Իրաք ուղարկեցին հատուկ ջոկատայիններ՝ հետախուզության և օդային հարվածների համար նպատակակետերի որոշարկման համար:
Բայց դա միայն մի մասն է ճշմարտության: Նույնիսկ այդ աննշան մասը ևս վկայում է, որ Իրաքում նոր լարվածություն ստեղծելով վարձկանների ձեռքով, ում ֆինանսավորում և ղեկավարում է ԱՄՆ-ի դաշնակից Սաուդյան Արաբիան, արդյունքում ամերիկացիները հասնում են իրենց ուզածին՝ Իրանը այս կամ այն չափով հարկադրված է խառնվել և ներգրավվել իրաքյան նոր զինված կոնֆլիկտի մեջ: Այդ ընթացքում Պարսից ծոց է մտնում հերթական ամերիկյան ավիակիրը իրեն ուղեկցող նավատորմով: Իրան-իրաքյան պատերազմից հետո երկար տասնամյակներ Իրանը հետևողականորեն խուսափում էր որևէ մարտական գործողության մեջ ուղղակի ներգրավվելուց: Տարբեր երկրներում «արաբական գարնան» ներդրման ամերիկյան գործողությունը ծայրահեղ վատ պատճենն էր Իրանի հատուկ գործողության: Սակայն հիմա Իրաքում որակապես այլ իրավիճակ է՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ սուննի ահաբեկիչները (իսկ դա նշանակում է՝ նվազագույնը ԱՄՆ-ը և Թուրքիան, ամեն տեղ սպանում են ոչսուննիներին, պղծում են ոչսուննիական մզկիթները և սրբավայրերը: Այդ սպառնալիքները եղել են, ըստ էության, Իրաքի դեմ անգլոամերիկյան ագրեսիային հաջորդած բոլոր տարիներին: ՈՒստի ասելով, որ հիմա տեղեկատվական գործակալությունները տարածում են ճշմարտության միայն աննշան մասը՝ խոսելով Իրաքի հետ սահմանին Իրանի զորքերի կուտակման մասին, նկատի ունեմ այն փաստը, որ Իրանի զորքերը վաղուց Իրաքի տարածքում են:
Առաջին անգամ իրանցիները մտան Իրաք, երբ Սադամ Հուսեյնի մահապատժից հետո ամերիկացիները և նրանց դաշնակից Իսրայելը իրենց ենթարկեցին իրանյան ահաբեկչական «Մոջահեդին է Հալկ» կազմակերպությունը: Նրանք հիմնավորվել էին Իրաքում և ունեին մահապատժի ենթարկված իրաքցի նախագահի հովանավորությունը, գործնականում Իրաքի հատուկ ծառայությունների հաշվին էին ապրում: 2006-ից Իրանը սկսեց, առանց նախնական հայտարարությունների, հաճախ ներխուժել Իրաք: Հարավային ուղղությամբ, երբ իրաքյան կառավարությունը սկսեցին ձևավորել շիաները, դրա անհրաժեշտությունը վերացավ: Իսկ իրաքյան (շիական) հատուկ ծառայությունների գործողությունները «Մոջահեդին է Հալկի» դեմ հանգեցրին նրան, որ Բաղդադում ու Իրաքի ամբողջ հարավում այդ ահաբեկչական կազմակերպությունն այլևս բազաներ չունի: Այսինքն՝ Իրաքի հարավային սահմաններում «պահակելու» անհրաժեշտություն իրանցիներն այլևս չունեն: Այլ հարց է Իրաքի հյուսիսը, այդ թվում՝ այն տարածքը, որ Իրաքի Քրդստանի տարածաշրջանային (ինքնավար) կառավարության (KRG) վերահսկողության տակ է, որտեղ տեղակայվում են դեռ ամերիկացի զինվորականները, ուր հանգիստ մուտք ունեն Իսրայելի ռազմական հրահանգիչներն ու հետախույզները. KRG-ի տարածքում «Մոջահեդին է Հալկի» կազմավորումներ մինչև հիմա կան՝ նրանց պաշտպանում են հենց ամերիկացիներն ու իսրայելցիները: Եվ հենց այդ պատճառով… Իրաքի հյուսիսում կա Իրանի զորքերի կողմից օկուպացիոն գոտի: Ընդգծեմ՝ ոչ ոք չի առարկում, ավելին՝ ոչ ոք չի պահանջում Իրանի զինվորականների դուրսբերումը, գուցե երբեմն միայն քրդերը: Իրանցիները այնտեղ անցկացնում են լիովին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, երբ պետք է հրետանային ու հրթիռային հարվածներ հասցնել «Մոջահեդին է Հալկի» բազաներին ու տեղակայման կետերին: Տարբեր գնահատականներով՝ իրանցիները հյուսիս-իրաքյան ուղղությամբ խորացել են մեկուկես-հինգ կիլոմետր, իրանաիրաքյան սահմանի լայնությամբ՝ 10-15 կիլոմետր: Դժվար չէ հաշվարկել՝ մոտավորապես ինչ տարածք են իրանցիները օկուպացրել Իրաքում: Հասկանալի է, որ հիմա նրանք Իրաքի հետ սահման են տեղափոխել լրացուցիչ զորամիավորումներ, այնտեղ, ուր Իրանին սահմանակցում են Իրաքի սուննիական շրջանները: Սակայն հազիվ թե դա այնքան էական է, ինչպես և Իրաքի Քրդստանի տարածքի վերահսկվող հատվածները:
Փաստորեն, եթե Իրաքի շիաները պաշտոնապես խնդրեն, իրանցիները շատ ժամանակ չեն կորցնի, որ գրոհով վերցնեն Մոսուլը: Բայց այդ ժամանակ կծագի իրաքյան քրդերի երկակի խնդիրը, քանի որ նրանք դաշնակցում են Թուրքիայի հետ: Եվ տեղին է հիշել, որ ISIL-ի զինյալները Մոսուլը և Սադամ Հուսեյնի հայրենի Տիկրիտը գրավելուց հետո, չգիտես ինչու հունիսի 12-ին շտապեցին հայտարարել, որ իրենց «հաջորդ նպատակակետը» իբր Թուրքիան ու Ադրբեջանն են: Ի՞նչ զառանցանք է: Լավ, Թուրքիան առավելապես սուննիական երկիր է, բայց Ադրբեջանի մուսուլմանների 96 %-ը շիաներ են: Այնուամենայնիվ, սադրանքն ընդունենք ի գիտություն: Պաշտոնապես սոցիալական ցանցերում ISIL խմբավորման անունից տարածվող կոչերում հաստատվում է, որ կազմակերպությունը շուտով Ադրբեջանի ու Թուրքիայի տարածքում կստեղծի «իսլամական պետություններ»: Ցանցերում տեղակայված են Ադրբեջանի ու Թուրքիայի պետական քարտեզներն ու դրոշները՝ սև ֆոնի վրա Մուհամեդ մարգարեի կնիքի պատկերով: Այս սադրանքը մեսիջ է Ադրբեջանի ու Թուրքիայի կառավարություններին, և հղում բացառապես Անկարային՝ դե, մենք «աշխատանքի» մեր մասն արել ենք, հիմա Թուրքիայի հերթն է: Գաղտնիք չէ, որ թուրքերը վերջին 10 տարիներին բառացիորեն երազել ու երազում են գրավել Մոսուլն ու Քիրկուկը՝ արդարացնելով իրենց ձգտումները Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) պարտիզանների առկայությամբ. նրանց բազաները հենց հյուսիսային Իրաքում են՝ Կանդիլ լեռան ստորոտին, և Իրաքի հյուսիսում թուրքալեզու փոքրամասնության՝ թուրքմենների և այլոց, առկայությամբ: Բայց եկեք մտածենք: Թուրքիային առիթ տալով Իրաքում զինված միջամտության, իբր «ահաբեկչության ճնշման» համար, ներկա հատուկ գործողության հեղինակները իրականում բացահայտորեն նպատակ ունեն հասնել ուղիղ զինված բախումների՝ Թուրքիայի և …ոչ Իրաքի, այլ Իրանի միջև: Իրանցիները, վերհիշեցնեմ, վաղուց օկուպացրել են իրաքյան Քրդստանի տարածքի մի մասը: Եվ, սկզբունքորեն, շատ ավելի մոտ են Մոսուլին, քան Թուրքիայի զինված ուժերի ամենաառաջատար զորամիավորումները:
Ադրբեջանում սադրանքի հիշատակումը միայն հաստատումն է այն վարկածի, որ նպատակը «Էլբայի վրա» թուրք-իրանական հանդիպում կազմակերպելն է: Իսկ ավելի խորքային նպատակն այն է, ինչին ձգտել ու ձգտում են Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ու Իսրայելի հատուկ ծառայությունները՝ միջմուսուլմանական թշնամություն ու արնահեղություն շիաների ու սուննիների միջև: Այդ գործընթացի առանձին թեմա ԱՄՆ-ում ու Իսրայելում դիտարկվում է քրդական գործոնը, որ «կպայթեցնի» Թուրքիայի, Սիրիայի, Իրաքի, Իրանի տարածքները, քանի որ այդ երկրներում քրդերը կոմպակտ բնակեցված են սահմանների երկայնքով:
Այո, մենք առաջարկում ենք միայն վարկած: Յուրաքանչյուր վարկածի ու յուրաքանչյուր հատուկ գործողության խորքում, իբրև կանոն, կոնկրետ մարդկանց ճակատագրեր են: Նույնիսկ՝ ժողովուրդների: Ահա և հիմա մենք հարկադրված ենք արձանագրել՝ ԱՄՆ-ի հերթական աշխարհաքաղաքական «պատվերը» նորից հանգեցրեց տեղահանումների: Մոսուլից տարհանվել է կես միլիոն մարդ: Որքա՞ն և ո՞ւր են փախչելու Իրաքի մյուս քաղաքներից ու գյուղերից, որ գրավել են ISIL-ի զինյալները կամ սպառնում են գրավել, կարծում եմ, ոչ ոք չի կարող ասել: Բայց մենք գիտենք, որ ամեն ինչ լքելով՝ ստիպված էին փախչել և Մոսուլի հայերը: Ես չեմ հավատում Հայաստանի ԱԳՆ-ի հաղորդագրությանը, որ, իբր, հայերը հեռացել են իրաքյան Քրդստան և «ամեն ինչ լավ է»: Բեյրութի հայկական «Ազդակը», որի հրապարակումից հայտնի դարձավ, որ Մոսուլի բնակչությունը, այդ թվում 65 հայ ընտանիքներ ու հոգևորականը, լքել են շրջանը, չի հաստատում, որ հայերը հեռացել են Էրբիլ՝ հինավուրց Արբելա: Եվ չի հաստատվում՝ կա՞ն, թե՞ չկան զոհեր հայերից, ինչպես պնդում է Հայաստանի ԱԳՆ-ն: Ես վստահ եմ, որ Լիբանանում ու Սիրիայում հայկական աղբյուրները, այդ թվում ՀՅԴ-ի, այս անգամ էլ առավել տեղակացված են, քան ԱԳՆ-ն: Եթե զոհեր կան ասորիներից, խալդերից, եզդիներից ու Մոսուլի այլ ոչմուսուլմաններից, ինչպե՞ս է հայերի համար «ամեն ինչ լավ»: Աստված տա: Բայց որ Մոսուլի հայկական եկեղեցիներն արդեն պղծված են, Հայաստանի ԱԳՆ-ն, կարծում եմ, չի հերքի:
Միջագետքից Իրաքի հայերը հեռացել են հիմնականում դեռ անգլոամերիկյան ագրեսիայից ու օկուպացիայից հետո: Նրանք դարձել են իրավիճակի ակամա պատանդներ՝ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի մարդատյաց քաղաքականության զոհերը, որ օբյեկտիվորեն հանգեցնում է տարածաշրջանում քրիստոնեության դիրքերի թուլացմանը: Հիմա ամերիկացիները իրենց աջակիցների ձեռքով «ճզմում են» այն հայերին ու մյուս քրիստոնյաներին, որ «չեն խելոքացել» սպանությունների, բռնությունների, կողոպուտի ու աքսորների առաջին ալիքներից հետո: Բայց կրկնեմ՝ խնդիրն այն է, որ ԱՄՆ-ի գլոբալ ռազմավարության ներկա «վերադարձը» Իրաք ընդամենը պահեստային տարբերակն է այն նուն խաղի, որ Վաշինգտոնը վերջին երեք տարիներին փորձում է վարել Սիրիայում: Առաջին՝ տարածքների գրավում, սեփական դրածոների իշխանության հաստատում, որ օգնում են այդ տարածքները պլացդարմ դարձնել Կովկասի (Ռուսաստանի) ու Իրանի դեմ պատերազմի համար: Երկրորդ՝ եթե այդ նպատակին հնարավոր չէ արագ հասնել, հրահրել սուննիների ու շիաների բախում՝ նույն վերջնանպատակով: Երկու տարբերակներն էլ ստեղծում են կառավարելի քաոսի վիթխարի տարածքներ: Կառավարելի՝ ամերիկացիների տեսակետից, իհարկե: Սակայն ԱՄՆ-ը և իր դաշնակիցները պետք է հիշեն իրենց պարտությունն ու քաղաքական ֆիասկոն Աֆղանստանում՝ նախքան վերստին ու վերստին սադրանքներ սկսելը հինավուրց Աշ-Շուրայի ու Միջագետքի տարածքներում: Այդ տարածքներում ոչ միայն քրիստոնեությունն է ծագել, այլև «Հին աստվածներն են ապրում»: Իսկ աստվածները չեն սիրում ոտքի տակ ընկնող մարդուկներին, որ իրենց համարում են երկրի պորտը և հավատում են, թե իրենց հովանավորում են «աստղերը»…
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ