Մի քանի օր առաջ Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը Չինաստանին մեղադրել էր Հարավ-չինական ծովում իրադրությունն ապակայունացնելու մեջ, միաժամանակ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ՉԺՀ-ն իր հարաճուն ռազմական բյուջեն բաց աղբյուրներում նվազեցնում է մոտավորապես 20 %-ով, իսկ իրականում այն անցյալ տարի կազմել է մոտ 145 մլրդ դոլար։ Սա շատ ԶԼՄ-ների ու փորձագետների հիմք է տվել ասելու, որ այդ երկու երկրների հարաբերությունները խիստ վատացել են, իսկ մի երկու ամիս առաջ հայտարարված ռազմական համագործակցությունը կսահմանափակվի։ Սակայն, համաձայն սահմանված «մեղմ ուժի» արտքաղաքական նորմերի, Պեկինը ձգտում էր առանց ավելորդ իրարանցման հարթել «թյուրըմբռնումը», և համարում էր, որ դրան ամենից լավ կնպաստեն զորավարժությունները։ Ինչպես հաղորդում է «China 24News» տեղեկատվական հեռուստածրագիրը, չինացի վերլուծաբանները կարծում են, որ համատեղ ծովային զորախաղերը, որոնք նախատեսված են հունիսի վերջին, կամրապնդեն Պեկինի ու Վաշինգտոնի փոխհարաբերությունները։ Զորավարժությունները տեղի կունենան այս տարվա հունիսի 26-ից մինչև օգոստոսի 1-ը՝ Հավայան կղզիների ջրատարածքում։ Չինաստանն առաջին անգամ է մասնակցելու 1971 թ. ԱՄՆ-ի կազմակերպած «Capable, Adaptive, Partners» ծրագրին։ Ծովային զորախաղերին կմասնակցեն 47 ռազմանավ, 6 սուզանավ, ավելի քան 200 ինքնաթիռ և աշխարհի 23 երկրների 25 հազար զինվորական։ Վարժանքները միտված են լինելու ծովում տարերային աղետների հետևանքների վերացման գործողությունների իրականացմանն ու անվտանգության ապահովմանը։ Կփորձարկվեն նաև ծովահենության դեմ պայքարի բարդ մանևրներ և ականազերծման ու փրկարարական աշխատանքների իրականացման գործողություններ։ ԱՄՆ-ի խաղաղօվկիանոսյան նավատորմի հետ համատեղ զորավարժություններին կմասնակցեն Չինաստանի ժողովրդաազատագրական բանակի (ՉԺԱԲ) 4 ռազմանավ, այդ թվում՝ HaiKou էսկադրային ականակիրը, Yueyang հետախուզանավը, Qiandaohu փոխադրանավն ու PeaceArk («Խաղաղության տապան») հոսպիտալանավը։ ՉԺԱԲ-ի ռազմածովային ուժերի ներկայացուցչի հաղորդմամբ, HaiKou ականակիրը և Yueyang հետախուզանավը լավագույն ռազմանավերն են, իսկ «Խաղաղության տապան» նավը Աֆրիկայի և Ասիայի երկրներին մարդասիրական օգնության ցուցաբերման միջազգային ծրագրերին մասնակցելու մեծ փորձ ունի։ Չինական աշխատանքային մի խումբ կմասնակցի ոչ ավանդական սպառնալիքների դեմ ուղղված գործողությունների վարժանքներին։
Հարկ է նկատել, որ վերջին ժամանակներս, հատկապես աշխարհում տիրող իրավիճակի խիստ սրման պայմաններում, փորձագետներն սկսել են առանձնակի ուշադրություն նվիրել չինական զինված ուժերին։ Չինական բանակի շուրջ հյուսվում են բազմաթիվ առասպելներ, ընդ որում, խիստ հակասական՝ խորհրդային հին անեկդոտի հեգնանքից («փորձարկումների ժամանակ Չինաստանում վթարվել է նորագույն կործանիչ, զոհվել են երեք օդաչու և 15 հնոցապան») մինչև այդ երկրի, իբր, նվաճողական տրամադրությունները («Չինաստանը վախեցնում է հարևաններին, բանակը մոտ է «պատմական առաքելության» կատարմանը»)։ Ի միջի այլոց, զինված ուժերի մարտունակության բարձրացման հարցը հիմա ՉԺՀ-ի ղեկավարության համար առաջնահերթների շարքում է։ Պետք է նշել նաև, որ թեև Չինաստանի տեղեկատվական մատչելիությունը վերջին տարիներին էապես աճել է, այդուամենայնիվ, ՉԺԱԲ-ի կազմը, ինչպես աշխարհի շատ բանակներինը, զգալիորեն գաղտնի է պահվում։ Սակայն բերենք որոշ կարևոր տվյալներ։
Անցած տարվա վերջին Չինաստանում սկսված բարեփոխումները կյանքի բոլոր ոլորտների հետ մեկտեղ անդրադարձան ՉԺԱԲ-ին, որն ունեցավ անձնակազմի զգալի կրճատում, առաջին հերթին՝ ցամաքային զորքերի անձնակազմի։ Այդուամենայնիվ, չինական բանակն ամբողջությամբ վերցրած և նրա ցամաքային զորքերը՝ մասնավորապես, հիմա էլ աշխարհում խոշորագույնն են։ Ընդ որում, պետք է ասել, որ զորակոչային ռեսուրսների առատության պայմաններում ՉԺԱԲ-ի հրամանատարությունը հնարավորություն ունի ծառայության համար ընտրելու ֆիզիկական և մտավոր ունակություններով լավագույններին։ Ավելին, Չինաստանում բանակում ծառայելը շատ պատվաբեր է, և պատահական չէ, որ նրա հիմնական միջուկը քաղաքաբնակ կրթված պատանիներն են։ Թեև, մնացած բնակչությունն էլ է նախնական զինվորական պատրաստություն անցնում և կազմում է մի հսկայական պահեստազոր՝ առնվազն 40 մլն, ի դեպս մեծ պատերազմի։
Բայց եթե առաջ ՉԺՀ-ի ժողովրդաազատագրական բանակն աչքի էր ընկնում միայն թվակազմով, ապա չինական գիտության ներկա հաջողությունների ու ռազմարդյունաբերական համալիրի արտադրական վիթխարի կարողությունների շնորհիվ վերջին մեկուկես տասնամյակում այն սպառազինությունների ու տեխնիկայի արմատական որակական նորացում է ունեցել։ Գրեթե ամեն կարգի զինտեխնիկայի արտադրությամբ Չինաստանն այսօր առաջին տեղն է գրավում աշխարհում։ Այնպես որ, ակտիվորեն տարածվող այն առասպելը, թե տեխնիկան Չինաստանում արտադրվում է «փոքր խմբաքանակներով» և որակով խիստ զիջում է արտասահմանյան նմանակներին, շատ հեռու է իրականությունից։
Իրականում, վերջին 15 տարում ՉԺԱԲ-ում վերազինում է տեղի ունենում, որի նմանը դժվար է գտնել արդի պատմության մեջ։ Դրան նպաստում է հզորագույն ռազմարդյունաբերական համալիրի (ՌԱՀ) առկայությունը։ Ռուս հայտնի ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը բերում է հետևյալ տվյալները. «Չինական ՌԱՀ-ի կազմում կան ատոմային ճյուղի 24 ձեռնարկություն, հրթիռատիեզերական ճյուղի վերջնահավաքման 12 ձեռնարկություն, վերջնական հավաքման 9 ավտոգործարան, զրահատեխնիկայի արտադրության 14 գործարան, հրետանային տեխնիկայի հավաքման 20 ձեռնարկություն, զինամթերքի արդյունաբերության ավելի քան 200 ձեռնարկություն, 23 խոշոր նավաշինարան։ Ձեռնարկությունների ընդհանուր թիվը մի քանի հազար է»։ Նշվում է, որ բարեփոխումների տարիների ընթացքում չինական ՌԱՀ-ը որակապես նոր մակարդակի է հասել։ Այսօր Չինաստանում տարեկան արտադրվում են ավելի քան 300 մարտական ինքնաթիռ և ուղղաթիռ, համարյա նույնքան տանկ, մինչև 30 սուզանավ, վերջրյա ռազմանավ, կատեր։ Չինաստանն այսօր գրեթե ամեն տեսակի տեխնիկայի արտադրությամբ գերազանցում է ՆԱՏՕ-ի բոլոր երկրներին միասին վերցրած, իսկ որոշ զինատեսակների գծով, մասնավորապես տանկերի, աշխարհի երկրներին՝ միասին վերցրած։ Այս կապակցությամբ, ՉԺՀ-ում «փոքր խմբաքանակներով» զենք արտադրելու մասին առասպելը նման է շատ անհաջող անեկդոտի։ Հին տեխնիկան փոխարինվում է նորով՝ «մեկին՝ մեկ», և ոչ թե «չորսին՝ մեկ» կամ «տասին՝ մեկ» սկզբունքով, ինչպես Արևմուտքում և Ռուսաստանում է։
Մոռացվում են նաև ցածրորակության ժամանակները։ Դեռ 90-ականների վերջին ՉԺԱԲ-ի տանկերի համակազմը, որը բաղկացած էր T-55 «թեմայի տարբեր վարկածներից», իրոք չէր կարող մրցակցել ո՛չ ռուսական, ո՛չ ամերիկյան այդ տիպի զրահամեքենաների հետ։ Չինական մեքենաներն այնքան ցածրորակ էին, որ քանակը գրեթե ոչ մի դեր չէր խաղում։ Փորձագետները նշում են, որ չինական նորագույն Տուրե-96 և Տուրե-99 տանկերը եթե նույնիսկ աննշան զիջում են ամերիկյան ամենանորագույն «Աբրամսին», գերմանական «Լեոպարդին» կամ ռուսական «T-90C»-ին, ապա անկասկած բնավ վատ չեն դրանց նախորդ նմուշներից։ Նշվում է, որ չինական տեխնիկայի մարտունակության վկայությունը եղան մարտերը Սուդանի և Հարավային Սուդանի միջև, որտեղ Սուդանի Տուրե-96 տանկերը, առանց կորուստներ տալու, ոչնչացրին հարավսուդանական մի քանի T-72։ Հիմա ռուսական և արևմտյան արտադրության տանկերի հետ չինական տանկերի մարտի ելքը կորոշի ոչ թե որակը, այլ մարտավարական իրավիճակը, անձնակազմերի արհեստավարժությունն ու, որ շատ կարևոր է, քանակը։ Իսկ հենց այս հարցում Չինաստանը հավասարը չունի աշխարհում։ Որակի հարցում աննշան զիջումը հիմա հեշտորեն հատուցվում է քանակի առավելությամբ։ Նույն վիճակն է ավիացիայում և տեխնիկայի մյուս բոլոր տեսակների ասպարեզում։
Այնպես որ, բանակի մարտունակության բարձրացման գործում առաջադիմությունն ակնհայտ է, չինական զինված ուժերի կառավարումը դարձել է ավելի համակարգված, նրանք ավելի առաջադեմ են, ավելի արդիական, ավելի պրոֆեսիոնալ։ Եվ, ինչպես նշում են չինական իշխանությունները, հիմա «աճել է բանակի ընդունակությունը այս նոր ժամանակաշրջանում կատարելու մի ամբողջ շարք բարդ առաջադրանքներ»։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից