Մեկ շաբաթ Հայաստանն ապրեց առանց վարչապետի, ավելին, այդ օրերին երկրից բացակայեցին թե՛ ՀՀ նախագահը, թե՛ ԱԺ նախագահը: Կյանքը շարունակվեց իր հունով: Արտակարգ իրավիճակ էր միայն քաղաքական գործիչների ու լրագրողների համար: Ի պաշտոնե: Նրանք երբեմն անկեղծորեն, երբեմն վարձավճարված առաջադրեցին, իրենց կարծիքով, հնարավոր թեկնածուներին, քննարկեցին ոչ միայն վարչապետի, այլև կառավարության հետագա գործունեության տարբերակները: Ամեն ինչ ինչպես միշտ: Կրկնվում է արդեն որերորդ անգամ: Կրկնվում են նաև հին սխալները:
Ոմանք կարծում էին, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականից մեկ-երկու օր անց նախագահ Սերժ Սարգսյանը կնշանակի նոր վարչապետ, բայց նախագահը վերցրեց տրամաբանական դադար. ի վերջո, սահմանադրական տասը օրը լիուլի ժամանակ է, որ շահագրգիռ կողմերն ինքնարտահայտվեն ի տես հասարակության: Այս կարճ դադարը նաև ինքնաբացահայտումների ու բացահայտումների ժամանակ էր, այնուհանդերձ, նոր ոչինչ չպարզվեց: Ակնհայտ է, որ Հայաստանի քաղաքական էլիտան աննախադեպ աղքատացել է կադրերի առումով: Շրջանառվեցին տասնյակ անուններ, չկար նոր մտածողության կամ նոր սերնդի որևէ ներկայացուցիչ, որովհետև չկա ոչ այդ նոր մտածողությունը, ոչ նոր սերունդը քաղաքականության մեջ: Նույնիսկ նրանք, որ համարվում են երիտասարդ, վաղուց արդեն քառասունն անց են: Քաղաքական էլիտայի համալրման հարցը վարչապետաորոնումներում ընդհանրապես չարծարծվեց, բայց եղել ու մնում է կարևորագույն հարց Հայաստանում: Մտածողության կաղապարվածության հաղթահարման ու նոր լուծումների անհրաժեշտությունը վաղուց տեսական հարթությունից գործնական դաշտ է տեղափոխվել: Նոր մարդիկ են պետք: Նոր գաղափարներ: Նոր ելքեր:
Քննարկվող խնդիրներից ամենաարդիականը վարչապետի թեկնածությունից հետո դարձավ կոալիցիա կձևավորվի՞, թե՞ ոչ: Հարցն ի հայտ բերեց ոչիշխանական ուժերի տեսակետների տարբերությունը: ՀՅԴ-ն հիշեցրեց իր յոթ առաջարկները, որոնց ընդունման դեպքում պատրաստ է կոալիցիա մտնել ու նախարարական պորտֆելներ ստանալ: ԲՀԿ-ն ևս յոթ առաջարկներ կազմեց, բայց չհրապարակեց, որոնց ընդունումը նույն հետևանքն է ենթադրում: «Ժառանգությունը» մնաց միայնակ քառյակի ղեկավարների հանդիպման կոչերի մեջ, շարունակելով ընդհանրական փոփոխությունների հարց բարձրացնել: ՀԱԿ-ն ավելի խորացրեց իր մոլորությունն ու վարչապետի հրաժարականը սեփականաշնորհեց քառյակին` համարելով, որ միայն քառյակի գործողությունների հետևանքով Տիգրան Սարգսյանը հեռացավ:
Երկրորդ կարևոր խնդիրը քննարկումներում դարձավ ապագա կառավարության գործունեությունը` քաղաքակա՞ն, թե՞ սոցիալական փաթեթ է կենսագործելու առանցքով: Հարցն իսկապես Հայաստանի համար գերկարևոր է, բայց ի սկզբանե ունի պատասխան` նոր վարչապետը նշանակվելու է ոչ ընտրություններից հետո, երբ հնարավոր են քաղաքական կուրսի փոփոխություններ քաղաքական ուժերի նոր դասավորության հետևանքով: ՀՀ 13-րդ վարչապետը և նոր կառավարությունը սկսելու են գործել նույն քաղաքական իրավիճակում, Հայաստանում ոչինչ չի փոխվել: Իշխանական կամ ոչիշխանական քաղաքական ուժերը շարունակում են Հայաստանի ապագան տեսնել Մաքսային միության շրջանակներում, իսկ դա նշանակում է, որ արտաքին ու ներքին քաղաքականություն չի փոխվելու: Համակարգային փոփոխություններ լինել չեն կարող, նման խնդիր ոչ ոք չի դնում: Գործող քաղաքականության շրջանակներում կենսական որևէ հարց չի կարող այլ լուծում ստանալ, քան կար մինչև հիմա: Այո, կոռուպցիան, մենաշնորհները, բիզնեսի ու քաղաքականության միատեղումը, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո տնտեսության աճի ցածր տեմպերը, արտասահմանյան ներդրումների նվազումը, սոցիալական վիճակի վատթարացումը, արտագաղթը կան և մնալու են կառավարության օրակարգում, բայց ոչ լուծումների մակարդակով:
Առավել ևս նոր պայմաններում, երբ հայտնի չէ, թե ուկրաինական իրադարձությունների պատճառով ՌԴ-ի նկատմամբ արևմտյան պատժամիջոցներն ինչ հետևանք են ունենալու Ռուսաստանի քաղաքական ու տնտեսական կյանքում, հետևաբար` մեր: Հայաստանի տնտեսական աճը ոչ միայն յոթ տոկոսի չի հասնի, այլև կարող է անկումի վերածվել: Մեր փակ, նատուրալ տնտեսությունը անհաղորդ է որևէ տնտեսական նախաձեռնության: Գործող օրենսդրությունը և գործող իրականությունը մնալու են ներհակ ու արտագաղթի շարունակման հիմք: Ոչ մի օլիգարխ ոչինչ չի կորցնելու, փոխարենը փակվելու են մանր ու միջին բիզնեսի վերջին ձեռնարկություններն էլ: Որևէ կառավարություն Հայաստանում ոչ միայն չի ընդդիմանալու այս համակարգին, այլև նման խնդիր չի էլ արձանագրելու: Համակարգային փոփոխություններ չեն հետևելու Տիգրան Սարգսյանի հրաժարականին, և այս փաստն այլևս ավելորդ է դարձնում իրավիճակի փոփոխության ոչ միայն քննարկումները, այլև հասարակական ակնկալիքները: Եթե, իհարկե, կան: Հայաստանի միջազգային մեկուսացումը ավելի է խորանալու Ռուսաստանի մերձավոր դաշնակիցը լինելու պատճառով, իսկ Ռուսաստանն իր հերթին խորացնելու է արտագաղթը Հայաստանից: Ապացույցը` ՌԴ միգրացիոն քաղաքականությունը, որին այնպես հաճույքով հարմարվում է Հայաստանը: Երբ արտագնա աշխատանքի մեկնող հայերը սահմանի վրա պարզեն, որ չեն կարող մուտք գործել Ռուսաստան, նրանց առաջարկվելու է ՌԴ քաղաքացի դառնալ: Ընտրության տարբերակ չունենալով, նրանք` «աշխատանք Ռուսաստանո՞ւմ, թե՞ Հայրենիք, որտեղ ապրելու հնարավորություն չունեն» հարցին պրագմատիկ լուծում են տալու: Որքան էլ ապագա վարչապետը արտագաղթը կանխելու ու ներգաղթի մասին գեղեցիկ խոսքեր ասի, արտագաղթի կանխումն ունի մեկ հասցե` աշխատատեղ: Փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում աշխատատեղերը ոչ թե բացվում, այլ փակվում են: Նաև` վարվող հարկային քաղաքականության պատճառով: Պետական եկամուտների նախարարության գործունեության և Հայաստանի Հանրապետությունից արտագաղթի կապն ուղղակի է: Նոր վարչապետը անհրաժեշտաբար պիտի անդրադառնա հարկային քաղաքականության և երկրում ստեղծված իրավիճակի համապատասխանեցմանը:
Երրորդ հարցը, որ ակտիվորեն քննարկվում էր, ի հետևանս նոր վարչապետի նշանակման, «Սկսվելո՞ւ է իրավահաջորդ օպերացիան, թե՞ 13-րդը լինելու է անցումային, տեխնիկական վարչապետ մինչև ընտրությունների նախօրե»: Հարցը, սակայն, բազմակողմ կոմբինացիաների ու տարբերակների ընտրություն չբերեց: Շաբաթվա սկզբին առաջադրվեց (կամ ինքնառաջադրվեց) ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի տարբերակը, որի վրա էլ կառուցվեցին բոլոր մտահանգումները: Կեսը հերքեց, կեսը հաստատեց: Այլ թեկնածուները մնացին ստվերում: Ի վերջո, ասա` ո՞վ է վարչապետդ, ասեմ` ով ես դու: Այսօր կամ վաղը: Վարչապետի ընդունելիության պայմանը կարևոր, բայց հարաբերական է: Մեր դեպքում: Առավել ևս, որ փաստացի երկյակների բաժանված քառյակը կանխատեսելի եղավ իր որոնումներում ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, որ երբեք էլ շատ հեռացած չեն եղել իշխանական բուրգից, կարող են վերադառնալ: Երկուսն էլ կունենան իմիջի խնդիր, հատկապես ԲՀԿ-ն, որ անդադրում քննադատում էր կառավարությանը: Ի տարբերություն ՀԱԿ-ի, որ նախ ուզում է քանդել, հետո կառուցել, ԲՀԿ-ն փոխառած Լևոն Տեր-Պետրոսյանի պրագմատիզմը պատրաստ է եղածի վրա սկսել շինարարությունը: Իմիջի հարցը ևս հարաբերական է, նպատակային ու ինտենսիվ քարոզչությամբ երկու շաբաթում ամեն ինչ հնարավոր է ցանկալի տեսքի բերել: Իսկ ընտրությունները նախ հեռու են դեռ, հետո էլ արդյունքներն իմիջով չեն որոշվում: Ամեն ինչ վերադառնում է ելակետին. ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն նախընտրում են պալատը, ՀԱԿ-ին ու «Ժառանգությանը» թողնելով փողոցը: Միակ փոփոխությունը փողոցում այլևս ոչ 2008-ն է, ոչ 2013-ը: Թերևս ամենամեծ կորուստը ՀՀԿ-ինն է լինելու, եթե ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն վերադառնան, նախարարական պորտֆելները կորցնելու է ՀՀԿ-ն: Պատասխանատվություն կիսել-միսելը պայմանական է, երբ քաղաքական մեծամասնությունը ՀՀԿ-ն է, ցանկացած ձախողում կապվելու է ՀՀԿ-ի հետ, ցանկացած հաջողություն վերագրվելու է կոալիցիային: Արդյոք այս երկյակի իշխանադարձը մեծացնելո՞ւ է ՀԱԿ-ի ու «Ժառանգության» քաղաքական կշիռն իբրև փաստական ընդդիմության: Գոնե խորհրդարանում: Մեծադղորդ ելույթների մակարդակով` այո: Իրականում` ոչ: ՈՒնեն` ինչ ունեն, չեն ունենա` ինչ չունեն: Նրանք երկուսն էլ լուրջ խնդիրներ ունեն ժամանակի հետ` ժամանակն անցնում է, իրենք շարունակում են ապրել իրենց ժամանակի մեջ: Նոր Հայաստանը մեկ տարի առաջ չծնվեց և այլևս այդ շրջագծում չի էլ ծնվի: Երդվես, թե չերդվես: Որտեղ էլ աղոթես: Կամ ում հետ: Ոչ էլ սիներգիայի օրենքը կօգնի, երբ իրատեսությանը փոխարինում է ինքնամեծարումը, երբ ասելիք չունես ու միայն վախենում ես, որ դաշնակիցներդ կհեռանան ու կմնաս դու քո ավազակապետության հետ դեմ հանդիման:
Քառյակի միասնական օրակարգ չի ձևավորվում, որովհետև քառյակը, որպես միասնական ձևաչափ, դադարեց գոյություն ունենալ վարչապետի հրաժարականից ժամեր անց, երբ քաղաքական ուժերից յուրաքանչյուրը սկսեց մտածել իր հետագա քայլերի մասին: Իր, բայց ոչ համատեղ, որովհետև իրականում ոչիշխանական քաղաքական ուժերը չափազանց տարբեր են իրենց ծրագրերի ու այդ ծրագրերի իրականացման մեխանիզմների մեջ: Տարբեր են իրենց հավակնությունների մեջ: Նրանց կարող էր միավորել և միավորել էր միայն մեկ ընդհանրություն` այդ պահին նրանց շահը համընկել էր արտաքին քաղաքական պատվերի հետ: Նոր պատվեր չկա: Հինը կատարված է: Ստեղծված իրավիճակում ժամանակ է պետք հասկանալու նոր դասավորությունը: Երբ ձևավորվի: Իսկ ընդհանրապես պե՞տք են ՀՀԿ-ին ու անձամբ Սերժ Սարգսյանին ՀՅԴ-ն իր յոթ հայտնի կամ ԲՀԿ-ն իր յոթ անհայտ կետերով: ՀՅԴ-ի փաթեթը առավելապես քաղաքական փոփոխություններ է ենթադրում և գրեթե հակացուցված է այն Հայաստանին, որ իր ապագան տեսնում է Մաքսային միության մեջ: Անցյալ տարի, երբ առաջարկություններն արվեցին, Հայաստանը եվրաինտեգրման գործընթացի մեջ էր, ՀՅԴ-ի փաթեթը իրականացնելը թե՛ հնարավոր էր, թե՛ իմաստավորված` նվազագույնը չորս կետերով, բայց հիմա, եթե նույնիսկ այդ պայմանները կատարվեն, Հայաստանի քաղաքական համակարգում (անգամ խորհրդարանական կառավարման անցնելու դեպքում) հազիվ թե պահանջարկված լինեն: ԲՀԿ-ի փաթեթն ակներևաբար լինելու է սոցիալական` դատելով վերջին համագումարում Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ականների խորհրդարանական ելույթներից: Սոցիալական փոփոխությունների անհրաժեշտությունը կընդունվի, կատարումը խիստ կասկածելի է: Հազիվ թե Տիգրան Սարգսյանին արժի մեղադրել, թե չէր ուզում կենսամակարդակ բարձրացնել: Յուրաքանչյուրը կարող է գործառնել իր հնարավորությունների շրջանակում: Նոր վարչապետի համար նոր պայմաններ չեն ստեղծվելու: Նա ևս աշխատելու է նույն իրավիճակում` հավելած Արևմուտքի խիստ նվազած հետաքրքրությունն ու համապատասխանաբար` ֆինանսական աջակցությունը: Իսկ Ռուսաստանն ինքը ունի տնտեսական լուրջ խնդիրներ, մենք ՈՒկրաինա չենք, որ մեզ 23 տարի շարունակ տարեկան 10 միլիարդ դոլար նվիրեն ու նույնիսկ գույք չուզեն պարտքի դիմաց: Հայաստանի համար անկասելի գալիս է ինքնառերեսման պահը` սեփական ռեսուրսների գնահատման ու սեփական հնարավորությունների հանգույն ապրելու:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Եվ, այնուամենայնիվ, ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանը, որ այդքան թուլացած է համարում իշխանությանը, որ նույնքան հնարավոր է համարում իշխանափոխությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններով, քառյակի առաջ խնդիր է դնում չգնալ իշխանության հետ համագործակցության, բայց մանդատները վայր դնելով նոր իրավիճակ ստեղծել չի առաջարկում: Ի՞նքն էլ է վախենում սիներգիայի օրենքից քաղաքականության մեջ: