Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Վարչապետին սպասելիս

Վարչապետին սպասելիս
08.04.2014 | 00:53

Արդի քաղաքական կատեգորիաներում անսպասելիության բաղադրիչի գրագետ կիրառումն անչափ մեծ շարժիչ ուժ է: Վարչապետի փոփոխությունը ևս այդ ենթատեքստում էր: Այդպիսով Սերժ Սարգսյանն առաջ ընկավ բոլորից, ստվերայինից վերածվեց հրապարակային մոդերատորի: Հաշվարկը, մեր հավաստի տեղեկություններով, վաղուց էր արվել, այն իր «արտացոլումն» էր գտել հունվարին Սեուլում հանգստացող Սերժ Սարգսյանի մտային կոնցեպցիայում, որին տեղյակ էր նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Ասել, որ վարչապետի փոփոխությունն ամբողջովին պայմանավորված էր արտքաղաքական զարգացումներով, ինչպես ընդունված է կարծել, թե արևմտամետ վարչապետ այլևս պետք չէր Սերժ Սարգսյանին, և Ռուսաստանը, ինչպես գործընկեր մնացած երկրներում, այնպես էլ Հայաստանում «իրենն» էր պահանջում, այնքան էլ չի դիմանում քննադատության, որովհետև փոքրացող աշխարհում, որքան էլ այսօր խոսվում է «սառը պատերազմից», խաղային համագործակցության բաղադրիչները գերտերությունների միջև այդքան չեն փոքրացել:
Նույնքան անհեթեթ է նաև այն պնդումը, թե, ոչիշխանական չորս ուժերի «պաթոսից» վախեցած, իշխանությունները գնացին նրանց պահանջների բավարարմանը:
Արձանագրենք հետևյալը. այդ ամենից մի քիչ-մի քիչ էլ կար վարչապետի փոփոխության փաթեթում: Վճիռը կայացվել է նաև երկրում առկա ոչ ուրախ վիճակի պատճառով, որի մեղքը, ի դեպ, միայն Տիգրան Սարգսյանինը չէր:
Բոլոր դեպքերում, եղածն արդեն եղել է:
Ո՞վ կլինի հաջորդ վարչապետը: Այդ անձով էլ պայմանավորված` կլինե՞ն փոփոխություններ, կլինեն դրանք ոչ կոսմետի՞կ, թե՞ իմիտացիան էլի կգերիշխի: Կդիմակայի՞ այս երկիրը գրեթե նախորդ հարյուրամյակի սկզբի մարտահրավերների չափ մարտահրավերներին, թե՞, ինչպես ընդունված է ասել, «մի քիչ էլ կվատանա, ու էդպես կմնա»` մինչև «յա էշը սատկի, յա իշատերը»:
Անշնորհակալ գործ է` հասկանալ, թե ով է ամենահավանական հավակնորդը, սակայն ասպարեզում եղող անունները, հավանական նշանակման դեպքում, դիտենք որպես փիլիսոփայության կրողներ, որոնք կարող են ազդանշանել հետևյալը:
Սեյրան Օհանյան: Հարգված, ընդունված անձ է, կարծես, բոլորի կողմից: Պատերազմի բովով անցած, պատերազմում վիրավորված հայ մարդ: Իր դեպքում շեշտվում է, որ տնտեսագետ չէ: Չնայած, եթե անկեղծ, ապա մեր տասներկու վարչապետների մեծ մասը եղել է ոչ տնտեսագետ, և այդ «այիբը» փոխարինվել է, այսպես ասած, արհեստավարժ թիմի «ֆենոմենով»: Գումարած, որպես փոխվարչապետ, լուրջ տնտեսագետ-նանո մտածող մեկի գոյության անհրաժեշտությամբ:
Ի՞նչ կազդանշանի այդ նշանակումը: Այն, որ բոլոր դեպքերում, Հայաստանը չի բացառում պատերազմի հնարավորությունը (Ադրբեջանի ագրեսիան) ու «կենտրոնանում» է նաև այդ ուղղությամբ: Հասկանալի է, չէ՞, որ այդ դեպքում պաշտպանության նախարար կդառնա Զորավար-Վլադիմիր Գասպարյանը: ՈՒ եթե դրան էլ գումարում ենք այն հանգամանքը, որ գերագույն գլխավոր հրամանատարն ինքն էլ անցել է պատերազմի բովով, ապա ստանում ենք բավականին տպավորիչ մի թիմ` որևէ կարգի և հավանական ագրեսիայի դեպքում:
Ընդ որում, Սեյրան Օհանյանն ունի ևս մեկ «հմայք»՝ նրան ամբողջովին «ուժային» չես համարի, նա քաղաքացիական ընկալում ևս ունի:
Բաց է մնում քաղաքականի հարցը: Վարչապետը, հասկանալի պատճառով, ամենաինտրիգային պաշտոնն է եղել մեզանում, ու այդ ինտրիգները լայն թափով կշարունակվեն նրա նշանակման դեպքում, որովհետև «կհասկացվի», որ Սեյրան Օհանյանը լրացնում է 2018 թ. նախագահների ֆավորիտների ցանկը, իսկ «սուփրի վրա» ևս մեկ «բերանի» ավելացումը «համայնքը չի ների», քանզի «համայնքը զորավոր է»:

Վիգեն Սարգսյան: Հետաքրքիր տարբերակ է: Կիրթ, երիտասարդ, ոչ մի կարգի «խաղերի» մեջ չներգրավված, պահվածք ունեցող, դիվանագիտական մեծ դպրոց անցած. հիշենք, որ ղարաբաղյան բանակցությունների ողջ համայնապատկերը վերջին տարիներին անցել է հենց իր կենդանի մասնակցությամբ: Երբեք ցցուն ամբիցիաներ չի դրսևորել, արագ է մտածում անչափ, պրագմատիկ է խիստ: Նա մեկ` Վիգեն Սարգսյան կետում համատեղում է Արևմուտքն ու Հյուսիսը, քանզի պիտերյան շրջանավարտ է և անցել է պետերբուրգյան «սալոններով». սա առանձնահատուկ, կարելի է ասել, նույնիսկ խարիզմատիկ մի բան է, որն ունեն միայն պետերբուրգյան բուհերն ավարտող բոլորը, կարծես: Նա նաև հարվարդյան շրջանավարտ է, և կարծես դրանով ամեն բան ասված է: Երկու «կետ» վարչապետի պոստում նրան «տեսանելի» են դարձնում` առավել ընդգծված ձևով. երիտասարդ է, որևէ կերպ սկանդալներում չկա (բանակի խնդիրները` զոհերը, անվերջ «մատի փաթաթան» են դարձվելու Սեյրան Օհանյանի դեպքում) և, որ ամենակարևորն է, դա կլինի նշանակում ընդհատված տեղից, այսինքն, Տիգրան Սարգսյանի ցիվիլ, ոչ օլիգոպոլիկ գործունեության տրամաբանության վրա հենված:
Եվ, որ ամենակարևորն է, նոր դեմք՝ չնայած Բաբկեն Արարքցյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կողքին անցած դպրոցների առկայությանը:
Նրա դեպքում կա նույն «ֆենոմենը», ինչ Սերժ Սարգսյանի դեպքում է եղել նախկինում: Վիգեն Սարգսյանը հրապարակային գործիչ չէ: Եվ, պարույրը բացվելու դեպքում, անհայտ է, թե ինչպես կպահի նա «հարվածը», և ընդհանրապես «հարված» պահո՞ղ է, թե՞ ոչ, կունենա՞ այն նույն առաձգականությունը` հարված-հակահարված «կոնֆիգուրացիայում», որը հաստատ իրեն սպասում է նույն այն հանգույն, որն ասացինք Սեյրան Օհանյանի դեպքում` հայոց «ինտրիգաշատ» անդաստաններում, հայտնի պատճառով, որն ունի իր անմիջական ղեկավար Սերժ Սարգսյանը:
Հովիկ Աբրահամյան: Ինչպես ընդունված է ասել՝ նրա մասին կա՛մ լավ, կա՛մ ոչինչ:
Լավի մասով: Այն միակն ու եզակին է, որովհետև այդ նշանակմամբ «ավետվելու» է` օլիգարխիան Հայաստանում եղել է ու կմնա անմահ: Լավն էլ այն է, որ ինտրիգները մասամբ կպակասեն հայոց մեջ:
Եթե… Արգամիչը հիմա էլ չցանկանա դառնալ «ծովերի թագավոր»` ՀՀ վաղաժամ նախագահ: Չփորձի, որպես վարչապետ, խաղարկել 98-ի իշխանափոխության, իմպիչմենտի հայտնի սցենարը:
Չնայած, եթե անկեղծ, այս տարբերակն էլ չի դիմանում քննության: Քանզի կա ևս մեկ մոդերատոր, որը 2018-ի մասին ունի իր ուրույն պատկերացումները: Ռոբերտ Քոչարյան: Արդյո՞ք նրան ձեռնտու է` երբևէ ստրասբուրգյան ինքնաթիռում հանդիպած, նրա հետ նախագահական ընտրություններից առաջ բոլորիս այդպես էլ անհայտ զրույց վարած Հովիկ Աբրահամյանը:
Մենք կարծում ենք` ոչ: Նույն վերը նշված` 2018-ի ֆավորիտի տեսանկյունից: Այդ դեպքում արդեն ԲՀԿ-ն ամբողջովին կմտնի Հովիկ Աբրահամյանի վերահսկողության տակ, իսկ Քոչարյանն այդ նախագծի վրա հսկա «ամագ» է ներդրել, հիմա էլ այնտեղ «ասողն» ու «նայողը» յուր քաղաքական թիմն է:
Եվ հետո, եթե Արգամիչին ինչ-որ բան տաս, էլ ումի՞ց ուզես. լինի վարչապետական աթոռ, լինի ԲՀԿ, լինի մեկ ուրիշ բան:
Իսկ այս դեպքում արդեն մեծանում են առաջին երկուսի շանսերը:
Չնայած, խորհուրդ մարդկանց, «կամք»` Սերժ Սարգսյանի:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1994

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ