Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Սերժ Սարգսյանը հասկացավ, որ նոր հեծանիվ հայտնագործել պետք չէ

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Սերժ Սարգսյանը հասկացավ, որ նոր հեծանիվ հայտնագործել պետք չէ
04.04.2014 | 12:51

Ոմանք մտածում են, որ վարչապետի հրաժարականը պայմանավորված է կուտակային կենսաթոշակների տապալված ռեֆորմով, ոմանք այն պայմանավորում են ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացիոն գործընթացներով, ոմանք էլ կարծում են, որ վարչապետը դեռևս փետրվարին էր ներկայացրել հրաժարական:
Յուրաքանչյուրը ճիշտ է յուրովի:
Սակայն, իմ կարծիքով, իշխանության փիլիսոփայությունը մի փոքր այլ է, հարատևելու բնազդը՝ առավել ևս:
Որպեսզի հասկանանք այս հարցի նրբերանգները, հարցին մոտենանք բոլորովին այլ դիտանկյունից:
Սերժ Սարգսյանի իշխանության գալուց հետո (խոսքը 2008 թվականի մասին է) հանգամանքները դասավորվեցին այնպես, որ օլիգարխների քաղաքական ազդեցությունն առավել ծանրակշիռ դարձավ, այնքան ծանրակշիռ, որ իշխանությունն ինքը սկսեց արդեն գիտակցել, որ այն աստիճանաբար սպառնալիք է դառնում իր իսկ գոյությանը:
Համարձակվենք արձանագրել, որ օլիգարխները բացահայտ հայտ ներկայացրեցին միջամտելու քաղաքական գործընթացներին՝ ընդհուպ սպառնալով Սերժ Սարգսյանի լինելիությանը:
Բացենք փակագծերը: Չեմ բացառում, որ մինչև անցած տարի քաղաքական իսթեբլիշմենթում «գորշ կարդինալի» համբավ ունեցող Միքայել Մինասյանը երկրից «աքսորվեց» որոշ օլիգարխների «խնդրանքով»:
Ճաշակելով ՛հաղթանակի համը՝ նրանք աստիճանաբար պահանջեցին ավելին՝ զոհել իշխանության ներսում մշտապես «քավության նոխազի» կարգավիճակ ունեցող վարչապետին: Իսկ վարչապետից հետո նախագահին թոշակի ուղարկելը կլիներ տեխնիկայի հարց:
Իհարկե, այդ ամենը երբեմն օբյեկտիվորեն պատճառաբանվում էր տարբեր քաղաքական շտրիխներով և տնտեսության կատաստրոֆիկ վիճակով:
Ու եթե հավելենք, որ մամուլում ժամանակ առ ժամանակ տիրաժավորվում էին այն լուրերը, թե օլիգարխները Դուբայում մշակում կամ քննարկում են տարբեր սցենարներ, իշխանության բերելու այս կամ այն անձին, պատկերն առավել քան պարզ կլինի:
Սերժ Սարգսյանը սթափվեց միանգամից նաև այն պատճառով, որ ապրիլի 28-ին նախատեսված հանրահավաքը կարող էր երկրում նոր քաղաքական օրակարգի հիմք դառնալ, որի ճարտարապետը չէր կարող ինքը լինել:
Եվ այս անգամ իշխանության պահպանման բնազդը գործեց անվրեպ:
Սերժ Սարգսյանը հասկացավ, որ նոր հեծանիվ հայտնագործել պետք չէ, պետք է դասեր քաղել պատմությունից, մանավանդ, որ այդ պատմությունը սարերի հետևում չէ:
Ժամանակին Ռուսաստանի առաջին նախագահ Ելցինը, հասկանալով, որ քաղաքական իշխանությունը կորցնում է իր ազդեցությունը քաղաքական որոշումների ընդունման գործում, և այն աստիճանաբար իր ձեռքն է վերցնում օլիգարխիան, վիճակը փրկեց «ուժային» Պուտինին ասպարեզ բերելով, ով հետո պետք է սանձեր նրանց: Այլ հարց է, թե հետո ինչպես վարվեց Պուտինը:
Նույնը, ի դեպ, արեց Հայաստանի առաջին նախագահը, ով 1996-ից հետո, երկրում իրադրությունը հանդարտեցնելու մղումից դրդված, Երևան բերեց «ուժեղ» Քոչարյանին:
Սերժ Սարգսյանն այս հարցում օրիգինալ չէ: Նա հասկացավ, որ խաղը կարող է տանուլ տրվել վերջնականապես:
Նոր վարչապետի նշանակումից հետո, ենթադրում եմ, կսկսվի օլիգարխներին սանձելու ժամանակը, ովքեր օբյեկտիվորեն սպառնալիք են դարձել իշխանության գոյության համար: Սա ճիշտ է, թե սխալ, ցույց կտա ժամանակը:
Բոլոր դեպքերում, մի բան ակնհայտ է. հաջորդ վարչապետի առաջ լուրջ խնդիրներ են դրվելու նաև այն առումով, որ իշխանության անսասանությանը վտանգ չսպառնա:
Ո՞վ կլինի այդ անձը, գուցե սխալվում եմ, բայց, վերը նշվածի տրամաբանությամբ, այդ անձը կարող է լինել ներկայիս պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով համարվում է «փոքր թիմի» հավատարիմ անդամ:
Կապրենք՝ կտեսնենք:
Ցավալին այն է, որ այս ամենի մեջ հասարակությունը դերակատարություն չունի:

Դիտվել է՝ 2019

Մեկնաբանություններ