Աշխարհի ու պատմության թափանիվը կրկին պտտվում է: Մի սերնդի համար փոքր-ինչ շատ էր այն ամենը, ինչ այս քսանամյակում ապրեց, այնուհանդերձ, ինչպես ամեն բան, պատմությունները նույնպես երկնքում են կերտվում, ուստի մեր միակ ելքը մեր պատկերին ու նմանությանը վերադառնալու բանալին գտնելու մեր կարողությանն է վերաբերում, ինչն ամենադժվարինը, եթե չասենք` մեզ գրեթե չհաջողվածն է, հաշվի առնելով դարերի փորձը, նաև այն հանգամանքը, որ «եմք փոքր ածու» հսկաների այս մեծ պայքարում, չունենք ծով, չունենք մեծ ռեսուրսներ, չունենք պետականորեն մտածող քաղաքական ուժեր։
Բայց ունենք Աստված, որի հետ համագործակցելով բոլոր հարցերը լուծելի են:
Անցնենք առաջ` շեշտելով ամենակարևորը. հսկաները, կարծես, որոշել են ռազմական բաղկացուցչին տեղ չտալ: Դա են վկայում Օբամայի հայտարարությունները, ինչպես նաև Պուտինի մասամբ հետ քաշվելու, առայժմ Ղրիմով բավարարվելու որոշումը, չնայած էքսցենտրիկ Ռոգոզինի նույնքան էքսցենտրիկ հայտարարությանը, որ հարկ եղած դեպքում Ռուսաստանը մոխրի կվերածի իր դեմ դուրս եկողին: ԱՄՆ-ին:
Շարունակվող պայքարը կլինի անչափ կոշտ, այնուհանդերձ, դիվանագիտական, տնտեսական պատժամիջոցների վրա հիմնված, ինչն անչափ նախընտրելի է ռազմական ուժի կիրառումից:
Կարևոր է նաև գարնանահավասարի այս օրը (արևմտյան օրդենային մտածողությունը երբեք հենց այնպես չի ընտրում օրերը). այսօր ՈՒկրաինան կստորագրի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը: Հաշիվը կդառնա 1։1: Բաց կմնա Արևելյան ՈՒկրաինայի հարցը, ուր կողմերից յուրաքանչյուրը կփորձի վերմակն իր ոտքերին քաշել:
Մեր ցավը մեր խնդիրներն են:
ա) Ինչպե՞ս է վարվելու Հայաստանը Ղրիմի հանրաքվեի ճանաչման հարցում:
բ) Ի՞նչ է լինելու Ղարաբաղի հետ Սարգսյան-Ալիև մի քանի օրից Հաագայում սպասվող հանդիպման ժամանակ: Երբ Ղարաբաղում «կա» Զորի Բալայան, որին նախորդ օրն արդեն իսկ ձայնակցում էին որոշ վաստակ ունեցող գեներալներ` Ղարաբաղը Ղրիմի օրինակով «ռուսիֆիկացնելու» մասով:
Դե գոնե այս պահի համար արձանագրենք. Հայաստանն առայժմ կարողանում է մանևրել: Որքա՞ն երկար այդպես «կտոկա», ինչ հանգուցալուծմամբ, դժվար է ասել: Սակայն ջանքը կա, ինչն էլ ամենակարևորն է, մնացածը, ինչպես ասացինք, երկնքում է լուծվում:
Հայաստանյան իշխանություններն այսօր ևս դասական վերաբաշխման մեխանիզմով են առաջ շարժվում. Սերժ Սարգսյանն իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունենում Պուտինի հետ, ասում, որ ինքնորոշման հենքի վրա տեղի ունեցավ Ղրիմի «դեպքը», ասում, որ Ռուսաստանը ԵԱՀԿ «կազմի» մեջ է, ու լավ է, որ երեք համանախագահներով խաղաղ ճանապարհով ցանկանում եք Ղարաբաղի խնդրի կարգավորմանը հասնել. ասել է` Ղարաբաղը չի կարող մտնել Ռուսաստանի կազմի մեջ, որովհետև երեք համանախագահները հաստատ դա չեն ցանկանա:
Իր հերթին Ղարաբաղը Ղրիմի ինքնորոշման մասին բարձրաձայն հայտարարություն է տարածում, ողջույնի նշաններ հղում, որ Ադրբեջանը, Սարգսյան-Ալիև հանդիպումից առաջ, խելքը գլուխը հավաքի:
Էդվարդ Նալբանդյանն անչափ հավասարակշռված, ոչինչ չասող հայտարարություն է անում, հասկացնելով մեր զուսպ մոտեցումը գործընթացներին:
Դե, վարչապետն էլ Աշոտյանի հետ մեկնում է Բրյուսել` հավասարակշռելու քաղաքական իրավիճակը` արևմտյան ուղղությամբ:
Հուսանք, որ հետայսու ևս Աստծո ողորմածությունն ու գրագետ խաղը մեզ չեն լքի:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ