Անխոնջ գիտնականները աշխարհի վերջի նոր ժամկետ են գտել` 2014-ի փետրվարի 22-ը: «Մեղավորը» այլևս մայաները չեն, այլ վիկինգները: Վիկինգների առասպելն ասում է` ամեհի Ֆենրիր գայլը այդ օրը կսպանի Օդին աստծուն, նրա հետ կմեռնեն բոլոր աստվածները, իսկ գայլը կուլ կտա արևը, և երկիրը կհայտնվի խավարի մեջ: Փետրվարի 22-ը կոչվում է Ռագնարեկ: Առասպելը փրկություն է խոստանում միայն երկուսին` նրանցից էլ կսկսվի նոր քաղաքակրթությունը: Եթե իրենց ճիշտ պահեն: Մինչև նոր Ռագնարեկ: Եթե մի քիչ նախանձենք վիկինգներին ու փորփրենք այլ ժողովուրդների կամ մեր առասպելաբանությունը, անտարակույս կգտնենք մեր սեփական Ռագնարեկը, կամ` նվազագույնը, համարժեք իրադարձություն ու ժամկետ: Ինչպես նման են բոլոր ժողովուրդները, այնպես էլ` իրենց աստվածներն ու պատմությունը: Որոշ տարբերություններով, որ կոչվում է ազգային առանձնահատկություն ու այդ հիմքով նաև քաղաքական սահմաններ է գծում: Պարբերաբար ու տեղ-տեղ: Այնպես որ բոլորիս էլ ապրելու ժամանակ մնում է մինչև Ռագնարեկ, եթե հաջողվի` նաև Ռագնարեկից հետո: Ռագնարեկը միայն առասպելաբանական հասկացություն չէ, ոչ էլ միայն վիկինգներինն է, ոչ էլ նույնիսկ ընդամենը ժամկետային է: Ռագնարեկը խիստ քաղաքական կատեգորիա է: Բոլորն էլ մեկնակետից հասնում են Ռագնարեկ` ունենալով կամ տանուլ տալով իրենց աստեղային ժամը: Մեծ ու փոքր քաղաքական գործիչները քաղաքական ասպարեզում իրենց գործունեության հետագծով անխուսափելի հասնում են իրենց Ռագնարեկին: Քչերին հաջողվում է Ռագնարեկից հետո վերադառնալ ելման կետ ու նույնիսկ Զենիթին նորից հասնել: Երբեմն իրենց արժանիքների հաշվին, երբեմն` համընթաց քամու, երբեմն` ի հեճուկս: Հայ քաղաքական ասպարեզում գործում է անխախտ օրենք` նրան, ում չես վստահում, ում համարում ես վտանգավոր, ում թերությունները ավելին են, քան արժանիքները հասարակական ընկալման մեջ, պահիր աչքիդ առաջ ու միշտ բարձր պաշտոնի, որպեսզի նա չդառնա «աբիժնիկ» (բառը հայերեն թարգմանել հնարավոր է, հասկացությունը` ոչ), հիմքեր չունենա բացահայտ ասելու այն ամենը, ինչ քո մերձավորները (կամ իրենց այդպիսին համարողները) ասում են պատերի տակ, որտեղ չկան տեսախցիկներ, և լրագրողներին, երբ անջատված են ձայնագրիչներն ու տեսագրիչները, ասում են սրտանց ու առաջնորդվում լատինական ասույթով` Dixi et salvavi animam meam` ասացի և փրկեցի հոգին իմ: Բայց նրանք ոչինչ չեն փրկում: Նրանք ընդամենը նվնվում են, որովհետև ավելին չեն կարող: Ավելին նրանց դեպքում սոփեստությանն ապավինելով` ամեն ինչ «բացատրել», «հիմնավորել», «արդարացնելն» է: ՈՒ նրանք բոլորը գնալու են դժոխք, նույնիսկ եթե Հայաստանը իսկապես անդամակցի Մաքսային միությանը և հավիտյանս հավիտենից Եվրամիության հետ ոչ մի կապ չունենա` հակառակ նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի մարգարեության: Նրանք ասում են այն, ինչ չկա, և չեն ասում այն, ինչ կա:
Ընդամենը մեկ օրինակ. երբ ամռանը Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացնում էր ՎՊ-ի տարեկան հաշվետվությունը, նրա ելույթն ու հրապարակած հայտնի թվերը նրան միանգամից հավասարեցրին Ռոբին Հուդի հետ: «Լափված», «թալանված» բյուջեն իրականում ոչ մեկին էլ չզարմացրեց, զարմացրեց, որ այդ մասին խոսվում է խորհրդարանի ամբիոնից և խոսողն էլ ընդդիմադիր պատգամավոր չէ, այլ Վերահսկիչ պալատի նախագահը, ում նշանակել է երկրի նախագահը: Իսկ դա, ինչ էլ օրենսդրորեն նշանակի, իրականում նշանակում է ոչ մի քայլ աջ ու ահյակ` առանց նախագահի համաձայնության: Ոմանք նույնիսկ սկսեցին ջերմեռանդորեն կադրային ու կառուցվածքային, համարյա համակարգային բարեփոխումների հետքեր որոնել ու կանխատեսել: Ոմանք համարեցին հերթական դավադրությունը վարչապետի դեմ, երբ երկրից բացակայում էր նախագահը: Ոմանք էլ այնքան ոգևորվեցին Վերահսկիչ պալատի նախագահի բացահայտումներով, որ արդեն մտովի նստեցին վարչապետի աթոռին ու օրենսդիր իշխանության իրական «սնամեջությունից» հոգնած` գործադիրի իրական «մեջընդմեջության» մասին երազեցին:
Սահմանված կարգով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ՎՊ-ի բացահայտումներն ուղարկեց դատախազություն: Եվ` ի՞նչ: Ոչինչ: Որովհետև մինչ դատախազությունում սպասում էին քաղաքական հրահանգի, թե ինչ անեն, իսկ դա այն չգրված օրենքն է, որով հակառակ բոլոր գրված օրենքների` գործում է համակարգը, հանրապետության նախագահը վերադարձավ արտասահմանից ու խորհրդակցություն գումարեց: Շատ հայտնի խորհրդակցություն: Շատ հայտնի ելույթով, որից միանգամից ու բոլորին պարզ ու հստակ դարձավ, որ բյուջեի 70 տոկոսը ոչ մի դեպքում ու ոչ մի փաստով չի կարող «լափված» ու «թալանված» լինել, որ Վերահսկիչ պալատի նախագահը իրավունք չունի քաղաքական գնահատականներ տալու, նա ընդամենը իրավունք ունի ուսումնասիրելու և ներկայացնելու: Հնչեցին ու մոռացվեցին Վերահսկիչ պալատի գործունեության օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության մասին դրույթները: Իսկապես էլ` ի՞նչ կապ ունի օրենսդրությունը, երբ ամեն ինչ հստակ որոշված է` ում կարելի է, ում չի կարելի, ինչ կարելի է, ինչ չի կարելի, երբ կարելի է, երբ չի կարելի: Դատախազությունը լռեց, ինչպես լռում է Ոսկե ձկնիկը, երբ ոչինչ նրանից չեն ուզում: Ազգային ժողովն էլ լռեց` դարձյալ իբրև Ոսկե ձկնիկ, որին դեռ չեն ուռկանել: Ստացվեց, որ բյուջեն լումա առ լումա ծառայում է իր նպատակներին, Իշխան Զաքարյանը` իր: Ազգային ժողովը` իր: Նախագահը` իր: Եվ միայն լրագրողներն էին, որ ամեն ինչ հասկացան, բայց շարունակեցին հիմար հարցեր տալ` ինչո՞ւ, ինչպե՞ս, ինչքա՞ն: Ինչո՞ւ հայտնի խորհրդակցության ժամանակ գնդակահարության պատի տակ կանգնած գնդապետ Աուրելիանո Բուենդիային նմանված Իշխան Զաքարյանը, այնուամենայնիվ, «ողջ» մնաց նախագահական «մահապատժից» հետո: Գործարքներ չընդունող տրամաբանությունը թելադրում է երկու հարց. կամ սխալ էր Իշխան Զաքարյանը, իսկ սխալի համար պետք է օրենքի սահմաններում պատժվեր, կամ Իշխան Զաքարյանը ճիշտ էր և դարձյալ օրենքի սահմաններում պիտի պատժվեն նրանք, ում Վերահսկիչ պալատի հաշվետվության մեջ մեղսագրվում էր բյուջեի 70 տոկոսի յուրացում: Ինչպե՞ս Իշխան Զաքարյանը նորից ներկայացվեց ԱԺ իբրև ՎՊ-ի նախագահի թեկնածու և հաստատվեց: Ինչքա՞ն պիտի տրամաբանությունը ստորադասվի քաղաքական «նպատակահարմարությանը», որի կանոնները կանոն չունեն: Արդյո՞ք այլևս որևէ մեկը վստահություն ունենալու է ՎՊ-ի հերթական վեցամյա գործունեության նկատմամբ, երբ 100 տոկոսով ապացուցված է, որ Իշխան Զաքարյանը ուսումնասիրելու և բացահայտելու է այն «դեպքերը», որոնք նրան կհանձնարարվեն, և այս կառույցը, որ իբր նրա գլխավորությամբ կայացել է, ընդամենը կցորդն է նախագահական նստավայրի, ինչպես Ազգային ժողովը, Սահմանադրական դատարանը, արդարադատության համակարգը ու քաղաքական դաշտը, որ իշխանական ու կեղծ ընդդիմադիր դեմքերով ջերմեռանդ պաշտպանում է սեփական բարեկեցությունը` շնորհիվ նախագահականից ստացված ցուցումների կատարման: Վարկաբեկված Վերահսկիչ պալատը, տարեցտարի իր քաղաքական դերը «բարձրացնող» Ազգային ժողովը, երկրի իրական վիճակը ապրիորի միայն կառավարող վարչապետը իր նախարարներով, իշխանության բոլոր թևերն ու թևիկները գործունեության մեկ նշանաբան ունեն` ինչ կասի նախագահը: Լավ, դա էլ տարբերակ կարող էր լինել, եթե նախագահն իսկապես ասեր, եթե նախագահը հստակ ամեն մեկին իր դերը տար: Ոչ, Սերժ Սարգսյանը առաջնորդվում է խիստ ինքնատիպ տակտիկայով` նրա մերձավորները դառնում են նրանք, ովքեր իր քաղաքական գործունեության ընթացքում գրավոր ու բանավոր նվազագույնը մի տասն անգամ պահանջել են իր հրաժարականը տարբեր պաշտոններից, դավաճանել են բացահայտ ու ոչ բացահայտ, ովքեր անթաքույց ձգտում են ավելին ու ավելին ունենալու (իսկ նրանք արդեն ունեն շատ ավելին, քան իրենց աշխատանքով կարող էին վաստակել ոչ միայն իրենք, այլև իրենց սերունդները), ովքեր իրենց գործունեությամբ բազում ապացույցներ են տվել, որ իրենց մեկ օր, մեկ ժամ, մեկ գործ վստահել հնարավոր չէ: Ինչո՞ւ: Հին հռոմեական իմաստությունը սովորեցնում է` թշնամուդ պահիր աչքիդ առաջ, այդպես անվտանգ է: Եվ` վերջ: Ընդամենը այդքանը: Մնացածը պիտի բացատրեն, հիմնավորեն, ապացուցեն ՀՀԿ-ի շարքային ու բարձրաստիճան անդամները, նրանք, ում վստահված է իշխող կուսակցության գաղափարախոսությունը: Գաղափարախոսություն, որ գոյություն չունի, բայց ներկայացվում է: Հավուր պատշաճի համոզիչ, ընտրությունների ժամանակ` ծրագրի տեսքով, իսկ գործնականում սկսվում ու ավարտվում է բառերի անհոդաբաշխ շարանով: Երբեմն` ազդեցիկ, երբեմն` խառնիճաղանջ, երբեմն` հայհոյանքի տեսքով:
Եվս մի հանճարեղ հատկանիշ Սերժ Սարգսյանի ընտրած քաղաքականության` բարձրաստիճան բոլոր պաշտոնյաներին նա վերաբերվում է ինչպես քաղաքացի Պանիկովսկին կշռաքարերին` թանկարժեք փոշու ոչ մի հատիկ չպետք է կորչի: Այդ սկզբունքով որևէ պաշտոնյա անհետ չի կորչում` նրանք բոլորը գտնվում են կամ փոխատեղության շրջապտույտի մեջ, կամ նոր կառույցներ են ստեղծվում նրանց անուրանալի փորձին ու արժանիքներին ծառայելու համար: Աղվան Հովսեփյանի օրինակը` ապացույց: Այդպես բոլորին հաջողվում է ապրել մինչև Ռագնարեկ և Ռագնարեկից հետո, եթե այդպես է նախագահի կամքը, իսկ նախագահը պարտադրված է նրանց պահել` նախ խիստ տեղեկացվածության պատճառով, ապա` օգտագործելու համար այն նպատակներով, որոնց չեն ծառայի կախվածություն չունեցող մարդիկ: Ճիշտ է, դեռ պետք է պարզել` ով է ում օգտագործում, բայց ճոպանը, ինչպես հայտնի է, երկու ծայր ունի, ուրեմն` երկու հանգույց, և` ավելի: Եվ վերջապես` «ինչքա՞ն»-ի հարցը: Շատերին թվում է, որ երրորդ ընտրության հնարավորություն չունեցող Սերժ Սարգսյանը պարտավոր է իր իրավահաջորդն ունենալ: Նորմալ պետության, բազմակուսակցական համակարգի, իշխանություն-ընդդիմություն նորմալ հարաբերությունների պարագայում` այո: Իսկ մեր դեպքում այս ընթացքով լավագույն իրավահաջորդը հայտնի եռյակն է` Ռոբերտ Քոչարյան-Հովիկ Աբրահամյան-Գագիկ Ծառուկյան: Առավել հավանական շանսերը, ակնհայտորեն, Հովիկ Աբրահամյանն ունի: Դավադրությունների տեսությունն այս պարագայում չի աշխատում, աշխատում է զուտ քաղաքական նպատակահարմարությունը, որին հավատում է Սերժ Սարգսյանը, թեպետ երիտասարդ, խոստումնալից փեսային վստահում է ավելի, բայց նա շատ է երիտասարդ ու Հայաստանն էլ դեռ դինաստիական միապետություն չէ:
ԱնահիտԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Իսկ ուզում էի գրել պետական բյուջեի նախագծի մասին: Արդեն երկրորդ անգամ: Անկեղծորեն էի ուզում, բայց ի՞նչ իմաստ ունի գրել բյուջեի նախագծի մասին, երբ նախկին վարչապետը պահանջում է ներկա վարչապետի ու նրա կառավարության հրաժարականը` թվերով ու փաստերով ապացուցելով նախագծի և իրականության անհամատեղելիությունը, ընդդիմությունը հուսահատական, անհույս ու հուսալքված է որակում նախագիծը, կոռումպացված համակարգի նախավերջին ճիչ, իսկ անհրաժեշտ պահին կգա խորհրդարանական մեծամասնությունն ու անհրաժեշտ կոճակները կսեղմի, և կանցնի ևս մեկ Ռագնարեկ նրանց համար, ովքեր հոգու խորքում համաձայն չեն իրենք իրենց հետ, բայց ապրել են ուզում, և` հնարավորինս լավ: Եվ հաստատ նրանք չեն այն երկուսը, որ սկսելու են նոր քաղաքակրթությունը: Ո՛չ 2014-ի փետրվարի 22-ին, ո՛չ էլ երբևէ: