ԲՀԿ առաջնորդ Գ. Ծառուկյանի չառաջադրմամբ ՀՀԿ-ում բավականին հետաքրքիր ինտեգրացիոն գործընթացներ են տեղի ունենում:
Իսկ մինչ չառաջադրումը ՀՀԿ-ում ահավոր ակտիվացել էր պրոքոչարյանական-պրոԲՀԿական համարում ունեցող գործիչների թևը. նրանք յուրօրինակ աժիոտաժի մեջ էին: Սակայն հիմա կրկին սահուն պասաժով «ընկնում են իրենց տեղը»:
Տևական ժամանակ առանձնապես մեծ ակտիվություն չդրսևորող, նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը, ով սկսել էր «ծանր» հարցեր տալ կառավարությանը, «պոզիցիաներ» արտահայտել, ՀՀԿ համագումարի օրը կրկին անցել էր «լռության ուխտի», և երբ փորձեցինք հարցնել` ինչ է մտածում Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելու մասին, նա այնքան «թոքախտավոր-թափանցիկ» անցավ մեր կողքով, ասես ինքը չէ, ինքն այդտեղ չէ. սահեց ու անէացավ ուղղակի:
Նույնը չես ասի Հակոբ Հակոբյանի («Պիվի Հակոբ») մասին. նա ևս ՀՀԿ-ում համարվում է «կենտրոնամետ» թևի ներկայացուցիչ. շիփ-շիտակ կանգնել էր ՄՀՀ նախասրահում, ու հարցրինք` ինչպես է վերաբերվում Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելու որոշմանը:
-Հարմար և ճիշտ:
-Լավ պրծաք, չէ՞:
-Ո՞վ:
-Ընդհանրապես:
-Ես չգիտեմ` ով` ոնց, ես գտնում եմ, որ ինքը շատ ճիշտ որոշում է կայացրել, և այդպես էլ պետք է լիներ:
-Չէ, էդպես չի, ասում են` ՀՀԿ-ն ճնշումներ է գործադրել նրա վրա։ Դուք` անձամբ, ճնշե՞լ եք նրան:
-Ո՜չ, ո՛չ. Ծառուկյան Գագիկն իմ ընկերն է եղել է, կա և մնում է, և ես չեմ կարծում, որ ինքը որևէ ճնշումի ենթարկվեր:
-Բա իր որոշումն ինչի՞ արդյունք էր. քանի կար` բոլորս գրազ էինք եկել, հենա-հենա գրազը կրում էինք, հրեն` կրվեցինք:
-Ես ոչ մեկի հետ գրազ չեմ եկել:
-Ինչո՞ւ, փող չունե՞ք, թե՞ վախենում էիք:
-Ոչ, ես երբեք չեմ վախեցել ոչնչից ու ոչ մեկից և չեմ վախենալու, բայց գիտեի, որ ճիշտը սա է։ Ես ինքս, որպես Հայաստանի քաղաքացի, հայ, մտածում եմ, որ պետք է ընտրել մեկին, որն ունի անցած ճանապարհ, որն ունի ծրագրեր, որոնք կիսատ թողնել չի կարելի:
-Փաստորեն, «ճիշտը մեկն է, և վերջ»:
-Փաստորեն:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ