«Արդար պետություն նշանակում է քաղաքացիների հետ կարևոր հարցերը քննարկելու և արդարացի որոշումներ ընդունելու կարողություն։ Արդար պետությունը պետք է բոլորի համար երաշխավորի հնարավորությունների հավասարություն թե՛ քաղաքական ասպարեզում, թե՛ տնտեսության մեջ»։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արտահայտած այս միտքն անվերապահորեն ընդունողներից մեկն ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆՆ էր, որն առանց առարկելու ընդունեց իմ դիտարկումն այն մասին, որ մենք, իբրև կայացած երկիր, կարողանում ենք կազմակերպել արդար և թափանցիկ ընտրություններ, բայց ազատ, անխոչընդոտ առաջադրումների հետ կապված հարցեր են ծագում։
-Շատ կարևոր հարց եք տալիս, որին միանշանակ դժվար թե պատասխանեմ։ Այսօր առաջնայինը, իհարկե, մրցակցության ապահովումն է հասարակության մեջ։ Մենք ցանկանում ենք, որ առողջ մրցակցություն լինի և ունենանք մեզ արժանի մրցակիցներ։ Թե ինչպես կընթանան առաջիկա առաջադրումներն ու քարոզարշավը, հիմա չեմ կարող ասել, բայց կարևորում եմ այն մթնոլորտը, որ հիմա կա, որը շատ բացասական չէ, որը շատ չարությամբ չի լցված։
-Ձեր պատկերացրած մթնոլորտը «եղանակի» կտրուկ փոփոխության հետևանք է, որը տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպումից հետո։ Աստված գիտի` ինչ ձևաչափով։ Մեզ հայտնի է միայն, որ շատերի համար անսպասելի, ԲՀԿ-ի ղեկավարը «զենքերը» վայր դրեց։
-Ոչ ոք չի կարող կուսակցության նախագահին պարտադրել որևէ բան, այդ մասին Ծառուկյանը ևս քանիցս հայտարարել է։ Դա իր խնդիրն է, և նա ինքն է որոշում կայացրել։ Բայց ես, օրինակ, մտածում եմ` որևէ քաղաքական ուժ, որն ունի այդքան ընտրող, պիտի շատ հստակ դիրքորոշում ունենա և այդ մասին տեղեկացնի ժամանակին։
-Ամիսներ շարունակ Հայաստանի ողջ քաղաքական դաշտը սպասման մեջ էր։ ՈՒղղակի և անուղղակի ձևով թիմի առաջին գծի խաղացողները վստահաբար խոսում էին Ծառուկյանի առաջադրման մասին։ Ինքն իր մտքում որոշում կայացնելուց հետո խոստացավ հանրությանը տեղեկացնել իր ծննդյան հաջորդ օրը։ Այնուհետև մի քանի անգամ հետաձգեց, և վերջնական լուրը մեզ հասավ եվրոպական կառույցի «շուրթերից»։
-Ես կոնկրետ այդպիսի մեսիջ չեմ ստացել և չեմ հավատում, որ Ծառուկյանը կայացրել է որոշում ինչ-որ ազդեցությունների ներքո։
-Ձեզ համար տարօրինակ չէ՞ ԲՀԿ-ի բացակայությունը։
-Ոչ մի արտառոց բան չեմ տեսնում։ Եթե հրավիրել-չհրավիրելու հարցը որոշել է մեր ղեկավարությունը, ուրեմն ճիշտ է վարվել։
-Ի՞նչն է ճիշտ. այլընտրանքն անտեսե՞լը, ընդդիմադիր ՀՅԴ-ին սիրաշահե՞լը։
-Ես էս դեպքում չեմ հասկանում այլընտրանքի գաղափարը, որովհետև իրականում այլընտրանք կարող է լինել մի փոքրիկ ուժը, կարող է լինել որևէ ժամանակահատվածում։ Բայց այսքա՜ն երկար... Եվ ամենակարևորը` մեր ընտրություններից առաջ։ Այսինքն` այս կարևոր քաղաքական երևույթից առաջ դիրքորոշում չունենալը հարիր չէ նման ուժին։
-Փաստորեն, այլընտրանքը հասու չէ «Հանրապետականին», որի պատճառով էլ չե՞ն հրավիրել։
-Իհա՛րկե, անհասկանալի է, բայց դա չեմ ուզում կապել հրավերի հետ։
Ճեպազրույցը` Վահե ՄԵԼԻՔՅԱՆԻ