ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

«Պարզ եմ, չէ՞, ասում` կարելի է և՛ քննադատել, և՛ համագործակցել»

«Պարզ եմ, չէ՞, ասում` կարելի է և՛ քննադատել, և՛ համագործակցել»
30.11.2012 | 00:10

...Դառնալով լրագրողներին ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆԸ հանգիստ և կշռադատված դատողություններ արեց. «Ձեր շնորհիվ ես բավականին պաշտոններ եմ ստացել, ասենք` Վանաձորի քաղաքապետ, երիտասարդության և սպորտի նախարար և այլն։ Ես բոլոր մարդկանց, որոնք իմ մասին տարբեր լուրեր, տարբեր կեղծիքներ են հրապարակել, ներում եմ և հիմա պատրաստ եմ համագործակցելու նաև նրանց հետ, ովքեր ինձ անձնական վիրավորանքներ են հասցրել, իմ մասին ամեն ինչ գրել են, բացի ճշմարտությունից»։
Թե ինչո՞ւ կարևորեց անձնական խնդրի «հաշվետվությունը», դժվար է կռահել, մանավանդ որ դա այնքան էլ տեղին չէ. Դալլաքյանը բոլոր ժամանակներում (նկատի ունեմ օրենսդրական աշխատանքով զբաղվելու տարիները) եղել ու մնում է լրագրողների սպասված կիրթ զրուցակիցը։ Ինչևէ։ Նման նախաբանից հետո Դալլաքյանն այնուհետև անցում կատարեց հետաքրքրություն արթնացնող մի հարցի. «Իսկ հիմա փակագծեր եմ բացելու` լինելու եմ հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը, ինչպես նաև` ՀՀ նախագահի ներկայացուցիչը ԱԺ-ում»։
Անցել են շաբաթներ, ու հիմա իմ աչքի առաջ է այն տեսարանը, երբ Վիկտոր Դալլաքյանը նոր կարգավիճակով մտավ ԱԺ։ Պաշտոնական ներկայացումը րոպեի խնդիր էր, որը, չգիտես ինչու, ուղեկցվեց հատուկենտ պատգամավորների սառը և անհավես ծափողջույններով։
Գործընկերներիս «թասիբը քաշելով», պարտավորված եմ զգում հորդորելու պարոն Դալլաքյանին, որ նա շարունակի իր որդեգրած հանդուրժողականության կուրսը` հենց ԱԺ-ի պատերի ներքո, որտեղ և կայանում են ճիշտ ու սխալ «ծնունդները», հետո նոր` ի հայտ եկող պապաները մտացածին լուրերի տարածման համար գտնում են համապատասխան աղբյուրները։ Կարծում եմ, Դալլաքյանին դա հեշտությամբ կհաջողվի, քանի որ նա այսուհետ իրականացնելու է բազմապրոֆիլ գործունեություն, օրինակ, արտահերթ ելույթի իրավունք ԱԺ-ում, կառավարության և պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունների եզրակացությունների համակարգումը, ներկայացնելու է ՀՀ նախագահի տեսակետը ԱԺ-ում և, մի փոքր պակաս կարևոր, հետևելու է մամուլի հրապարակումներին։ Ընդ որում, «տեղաշարժվելու» ճանապարհին նա ոչ մի խոչընդոտ չի կարող ունենալ, որովհետև հատկապես համագործակցելու է ԱԺ-ի բոլոր խմբակցությունների հետ, առանց որևէ մեկին թարս կամ շիտակ աչքով նայելու։ Ի դեպ, նա միակն է, որ 17 տարվա պառլամենտական չընդհատվող «ստաժից» հետո իրավունք է ձեռք բերել տարաբնույթ առիթներով քննադատելու ոչ միայն իշխող քաղաքական ուժերին, այլև հանրապետության երեք նախագահներին։ Իմ միակ հարցն էլ հենց այս դաշտից էր, և, կարծում եմ, շատերին կհետաքրքրի։

-Պարոն Դալլաքյան, արդյո՞ք ՀՀ նախագահները միշտ ըմբռնումով են ընդունել իրենց հասցեին արված Ձեր քննադատությունները։ Ինչո՞վ են ավարտվել դրանք` խնդիրների լուծմա՞մբ, թե՞...
-Նախ ասեմ, որ մենք քարանձավում չենք ապրում, այո՛, ես համագործակցել եմ Հայաստանի առաջին, երկրորդ և երրորդ նախագահների հետ և իմ ելույթներում քննադատել եմ Հայաստանի առաջին, երկրորդ և երրորդ նախագահներին, որովհետև ես սիրում եմ իմ երկիրը և իմ աշխատանքը։ Պարզ եմ, չէ՞, ասում` կարելի է և՛ քննադատել, և՛ համագործակցել։ Թող ինքնագովեստ չհնչի, եթե հիշեցնեմ, որ անկախ Հայաստանի միակ պատգամավորն եմ, որի հեղինակած և ԱԺ-ի ընդունած օրենսդրական 83 նախաձեռնությունները վավերացրել են Հայաստանի երեք նախագահները։ Այսինքն, սա համագործակցության դասական օրինակ է։
-Համագործակցությունն ինչպիսի՞ արդյունքներ է արձանագրել։
-Թաքցնելու ոչինչ չկա, և դա պետք է բոլորս գիտակցենք` իմ քննադատությունները մշտապես տեղ են հասել և վերածվել օրենսդրական նախաձեռնությունների։ Բերեմ օրինակներ թվերով։ Հանրապետության առաջին նախագահին քննադատել եմ, և նրա իշխանության օրոք ընդունվել է 12 օրենք։ Ռոբերտ Քոչարյանի դեպքում` 50։ Գործող նախագահին քննադատել եմ դեռևս այն ժամանակ, երբ նա վարչապետ էր։ 2007-ի դեկտեմբերի 6-ին, կառավարության հարցուպատասխանի ժամանակ, ես առաջարկեցի քննարկել աղետի գոտու խնդիրները։ Քսանչորս օր անց ՀՀ վարչապետն արձագանքեց, և մենք եղանք Վանաձորում։ Մեր առաջին համագործակցության արդյունքում կառավարությունը հատկացրեց 80 մլրդ դրամ, իսկ 2000-ին ընդունվեց օրենք աղետի գոտու վերականգնման մասին։ Երկրորդ` առաջարկել եմ ստեղծել հանձնաժողով հայկական տպագրության 500-ամյակը նշելու համար։ Ընդունվել է, և հենց իմ առաջարկությամբ է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երևանը հռչակեց Գրքի համաշխարհային մայրաքաղաք։ Հաջորդը` առաջարկել եմ նախագահին ստեղծել Հանրային խորհուրդ` օրենսդրական նախաձեռնության իրավունքով։ Դա ևս ընդունվեց։ Որպես Սևանա լճի մասին օրենքի հեղինակ, իմ քննադատության-համագործակցության արդյունքում է, որ Սերժ Սարգսյանը համաձայնեց ստեղծել համապատասխան հանձնաժողով։ Քանի որ սիրում եմ օրենսդրական գործունեությունը, այս ընթացքում և նախորդ ԱԺ-ում արդեն մշակվել են 20-ից ավելի օրենսդրական նախաձեռնություններ, այդ թվում` տեղեկատվական ազատության, մարդու իրավունքների հետ կապված հիմնախնդիրների մասին և այլն, և կան համապատասխան մեխանիզմներ, որ ես դրանք ներկայացնեմ ԱԺ-ին։ Մի խոսքով, քննադատելը և համագործակցելը միանգամայն տեղավորվում են ԱԺ-ի պատգամավորի գործառույթներում։


Վահե ՄԵԼԻՔՅԱՆ

Հ. Գ.- Ո՞Ւմ է ավելի շատ քննադատել Վիկտոր Դալլաքյանը` Լևոն Տեր-Պետրոսյանի՞ն, Ռոբերտ Քոչարյանի՞ն, թե՞ Սերժ Սարգսյանին։ Կա՞ նման վիճակագրություն։ Եվ կամ` որքա՞ն են ճիշտ քննադատությունների տեսակարար կշիռն ու ընդունված օրենսդրական նախաձեռնությունների համադրումը, հետևապես, ինչու ոչ, նաև` եզրակացության հանգելը։ Մի բան, այնուամենայնիվ, պարզ է` ՀՀ առաջին նախագահի օրոք ընդունվել է 12, երկրորդի օրոք` 50, երրորդի դեպքում` 21 օրենսդրական նախաձեռնություն։ Երրորդ ցուցանիշը, իհարկե, կարող է աճել, բայց նա գործող նախագահին այլևս չի կարող քննադատել նույնպիսի ջանադրությամբ` ինչ առաջ։

Դիտվել է՝ 2845

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ