ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

«Կունենանք կանխատեսելի Վրաստան»

«Կունենանք կանխատեսելի Վրաստան»
05.10.2012 | 12:36

Վրաստանում իշխանություն փոխվեց: Որքանո՞վ նոր քաղաքական կուրսը կազդի ջավախահայության կենսակերպի վրա, ինչ-որ չափով կլուծվե՞ն մեր հայրենակիցների հիմնախնդիրները և, ընդհանրապես, մեր հարևան երկրում ձևավորված իշխանությունը Հայաստանի համար շահեկա՞ն է, թե՞ ոչ: Այս հարցերի շուրջ զրուցեցինք ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԻ հետ:

-Վրաստանում ընդդիմադիր կոալիցիայի հաղթանակը ի՞նչ է տալու Ջավախքին:
-Դատելով նախընտրական շրջանում ընդդիմության տված խոստումներից, հնարավոր է, որ ընդդիմության հաղթանակը դրական ազդեցություն ունենա: Ընդդիմությունը, բացի սոցիալ-տնտեսական բնույթի խոստումներից, ի վերջո, ընդունեց, որ Ջավախքում կան ազգային, լեզվական, կրթական խնդիրներ, որոնց առնչությամբ խոստումներ հնչեցին: Իհարկե, ոչ այն ծավալով, որ բավարարեր ջավախքցիների պահանջները: Քարոզարշավի ժամանակ նրանք խոստացել են, որ հայ-վրացական համալսարան կհիմնեն, դպրոցներում հայոց լեզվի դասաժամերը կվերականգնեն, հայոց լեզվի կարգավիճակի առումով ևս որոշակի տեղաշարժեր կլինեն:
-Համոզվածություն ունե՞ք, որ այդ խոստումները կյանքի կկոչվեն:
-Դժվարանում եմ ասել` այդ խոստումները կիրականանա՞ն, թե՞ ոչ: Լիահույս եմ այնքան, որ առաջին անգամ քարոզարշավի ժամանակ նման խոստումներ են հնչում: Սա էր էական, սկզբունքային տարբերությունը նախորդ ընտրություններից: Մինչ այս ընդդիմությունը նույնիսկ ազգային փոքրամասնությունների տարածաշրջաններ չէր գալիս, ի՞նչ է, դրանք գործող իշխանության մոնոպոլիանե՞րն էին: Դրա համար էլ միշտ ասվում էր, որ ջավախքցիները կամ Մառնեուլի ադրբեջանցիները քվեարկում են միայն իշխանության օգտին, սակայն այս անգամ այդ կարծրատիպը կոտրվեց: Նախնական տվյալներով` 65։30 հարաբերակցությամբ ընդդիմությունը ձայներ ստացավ Ջավախքում: Իհարկե, ընտրությունների ժամանակ իշխանությունների կողմից այստեղ ճնշումներ են իրականացվել, նախնական տվյալներով` բավականին խախտումներ են եղել, որոնք արձանագրել է ընդդիմադիրների շտաբը: Սակայն, այդուհանդերձ, 100 տոկոս իշխանության քվեարկության փաստը տեղի տվեց, ու ընդդիմությունն էլ որոշակի ներկայություն ունեցավ Ջավախքում:
-Վահագն Չախալյանի առնչությամբ որևէ խոստում չի՞ հնչել:
-Իմ տեղեկություններով, Չախալյանի վերաբերյալ ևս ընդդիմությունը որոշ խոստումներ տվել է, մասնավորապես ազգային փոքրամասնությունների տարածքներում քաղաքական բռնությունը դադարեցնելու համատեքստով: Սա անուղղակիորեն վերաբերում է նաև Չախալյանին:
-Տեսակետ կա, թե Վրաստանի ընտրությունների արդյունքում տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը մեծանում է: Քաղաքական նման վերադասավորումը ինչպիսի՞ ազդեցություն կունենա տարածաշրջանում:
-Իվանիշվիլու դաշինքի հաղթանակը չի նշանակում տարածաշրջանում Ռուսաստանի ներկայության մեծացում: Քարոզարշավի ընթացքում հայտարարվել է, որ Ռուսաստանը տարածաշրջանի ազդեցիկ երկրներից է, և ճիշտ չէ նրա հետ հարաբերությունները վատթարացնել, թշնամական պահվածք ունենալ, որը կվնասի Վրաստանի տնտեսական աճին: Ռուսաստանն իրենց համար խմիչքի, հանքային ջրերի և այլ արտադրատեսակների համար հաջող շուկա է: Ընդդիմության լիդերը հայտարարում էր, որ պետք է Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավել, և դա դրականորեն կանդրադառնա Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդրի կարգավորման վրա: Իվանիշվիլին նաև նկատում էր, թե Հայաստանը գնում է Եվրամիություն, ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհով` միաժամանակ բնականոն հարաբերություններ հաստատելով Ռուսաստանի հետ: Սա է Սաակաշվիլու և Իվանիշվիլու տարբերությունը: Կարծում եմ, այս առումով Վրաստանը կհայտնվի առավել շահեկան դիրքերում, սակայն ճիշտ չի լինի ասել, որ Ռուսաստանի ազդեցությունը Վրաստանում կտրուկ կավելանա:
-Հայաստանի համար Վրաստանի քաղաքական նոր իրավիճակը որքանո՞վ շահեկան կլինի:
-Եթե Վրաստանը կարողանա հարաբերությունները կարգավորել Ռուսաստանի հետ, մեզ համար դա կարող է շահեկան լինել, որովհետև կունենանք ավելի ապահով տրանզիտ ճանապարհ, հնարավոր է երկաթուղային հաղորդակցությունը վերականգնվի: Համենայն դեպս, խոստումներից ելնելով, նոր իշխանությունն ավելի բարյացակամ վերաբերմունք կունենա ջավախահայերի նկատմամբ, ինչի արդյունքում Հայաստանի համար նպաստավոր իրավիճակ կստեղծվի: Հավանաբար, նաև ավելի կանխատեսելի Վրաստան կունենանք:
-Ի՞նչ եք կարծում, Վրաստանի նոր իշխանությունները, ի վերջո, Ձեզ կթույլատրե՞ն մուտք գործել Ջավախք (հիշեցնենք, որ Սաակաշվիլու իշխանությունը Շիրակ Թորոսյանին պերսոնա նոն գրատա է ճանաչել ու թույլ չի տալիս հայրենի Ջավախք այցելել):
-Դժվարանում եմ ասել` ինչպիսի ընթացք կունենա այդ հարցը: Դատելով ստեղծված իրավիճակից և ազգային փոքրամասնությունների հանդեպ ընդդիմության պահվածքից, կարծում եմ` այդ խնդիրն էլ հավանաբար կլուծվի: Վրաստանի արդեն այսօրվա իշխանությունն ընդունում է, որ ազգային փոքրամասնությունները խնդիրներ ունեն, ու եթե գիտակցում է սա, ըմբռնումով կմոտենա դրանք բարձրաձայնողներին` փորձելով ոչ թե կոշտ մեթոդներով պայքարել նրանց դեմ, այլ հարգել նրանց իրավունքները: Իմ տպավորությամբ, իմ մուտքը Վրաստան, Ջավախք հնարավոր կլինի:

Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 5886

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ