Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Սահմանամերձ Բերդն ունի քաղաքապետի իր նախընտրած թեկնածուն

Սահմանամերձ Բերդն ունի քաղաքապետի իր նախընտրած թեկնածուն
14.09.2012 | 12:50

Ինչպես արդեն տեղեկացրել ենք մեր ընթերցողին, օրեր առաջ այցելել էինք սահմանամերձ Բերդ քաղաք` ծանոթանալու այնտեղ տիրող նախընտրական զարգացումներին և քաղաքացիների տրամադրությանը: Բազմաթիվ բերդցիների հետ ունեցած հանդիպումների ընթացքում նկատելի էր մի ցավալի հանգամանք. մարդիկ խուսափում էին կոնկրետ անուններով ներկայանալուց և գերադասում էին, իրենց հուզող խնդիրները բարձրաձայնելով և գործող քաղաքապետի հանդեպ արհամարհական, անհարգալից վերաբերմունք ունենալով հանդերձ, մնալ չճանաչված: Սակայն եղան նաև բացառություններ. որոշ տեղացիներ ոչ միայն ներկայացրին իրենց անձը, այլև արտահայտեցին անթաքույց համակրանքը քաղաքապետի առաջադրված թեկնածուներից մեկի` Հարություն Մանուչարյանի հանդեպ, և կոնկրետ դժգոհությունները մյուս թեկնածուից` գործող քաղաքապետ Անդրանիկ Շառյանից:
Ասենք, որ Բերդ քաղաքի ավագանու անդամ, «Հայոց արծիվներ» ռազմահայրենասիրական կազմակերպության Բերդի տարածաշրջանի կազմակերպության խորհրդի փոխնախագահ Խաչիկ Մելիքյանը տեղեկացրեց մեզ, որ կազմակերպությունը քննարկել է քաղաքապետի առաջիկա ընտրության հարցը և միաձայն որոշում կայացրել քաղաքապետի առաջադրված թեկնածուներից պաշտպանելու Հարություն Մանուչարյանին: «Մենք այս որոշումը կայացրել ենք` հաշվի առնելով Մանուչարյանի մարդկային, բարոյական և գործնական, կազմակերպչական որակները: Վստահ ենք, որ այսօր նա լավագույնն է բոլոր թեկնածուներից, որոնք առաջադրված են քաղաքապետի պաշտոնում ընտրվելու համար: Հենց նրա նման մարդ է պետք` մեր քաղաքի ու քաղաքացիների կյանքում դրական տեղաշարժեր կատարելու համար»:
Ձեզ ենք ներկայացնում նաև այլ բերդցիների տեսակետը` առանց մեկնաբանությունների:

ԱՐՄԱՆ ՄԱԿՅԱՆ
(ՀՀԿ Բերդի տարածքային կազմակերպության նախկին կազմակերպիչ)

-Ծնվել եմ Բերդում, բարձրագույն կրթություն եմ ստացել Հայաստանի ագրարային համալսարանում, ութ տարի եղել եմ ՀՀԿ Բերդի տարածքային կազմակերպության կազմակերպիչ, աշխատանքս ընթացել է նորմալ կուսակցական դաշտում: Սակայն սոցիալական ծանր վիճակն ինձ ստիպել է մեկնել արտագնա աշխատանքի Ռուսաստան: ՈՒնեմ թոշակառու ծնողներ, երկու փոքր երեխա, կինս չի աշխատում: Այս պայմաններն ինձ տարան Մոսկվա, ես սկսեցի այնտեղ զբաղվել բնակարանների վերանորոգմամբ և վաստակել ընտանիքիս ապրուստը: Հիմա, լսելով, որ Մանուչարյան Հարությունն իր թեկնածությունն է առաջադրել որպես քաղաքապետի թեկնածու, ես վերադարձել եմ հայրենիք և թե՛ գործով, թե՛ հոգով աջակցում եմ, որ նա դառնա քաղաքապետ: Շատ կցանկանայի, որ մեր բոլոր համաքաղաքացիները կանգնեին նրա կողքին, աջակցեին, որ նա դառնա քաղաքապետ: Ես մեծ ակնկալիքներ ունեմ նրանից: Եթե անգամ ես չմնամ Բերդ քաղաքում, համոզված եմ, որ այստեղ մնացողների կյանքում կլինեն դրական մեծ փոփոխություններ: Թե՛ աշխատատեղեր կբացվեն, թե՛ հասարակ մարդկանց նկատմամբ վերաբերմունքը կփոխվի: Իմ ընտանիքը հիմա էլ ապրում է Բերդում, և եթե իմ նախընտրած թեկնածուն ընտրվի քաղաքապետ, հնարավոր է, ինքս էլ այլևս չմեկնեմ, մնամ ու աշխատեմ իմ հարազատ քաղաքում: Մանուչարյանը նախնական խոստումներ չի սիրում շռայլել, բայց ես համոզված եմ, որ բավական մեծ դրական տեղաշարժ է կատարվելու քաղաքի և քաղաքացիների կյանքում` նրա` քաղաքապետ ընտրվելու դեպքում: Լինելով դրսում, տեսնելով այնտեղի կյանքը` երբեք չէի ցանկանա, որ որևէ հայ մարդ թողներ իր տունն ու ընտանիքը և մի կտոր հացի համար մեկներ այլ երկիր: Ես ՀՀԿ-ի թեկնածուի կողքին եմ, ինչպես տարածքի ՀՀԿ-ականների բացարձակ մեծամասնությունը, և սա խոսում է այն մասին, որ չեմ դադարել ՀՀԿ-ի գաղափարները դավանելուց: Թեև քաղաքում մեկ այլ ՀՀԿ-ական թեկնածու ևս կա, դա քաղաքապետ Անդրանիկ Շառյանն է, բայց ես սատարում եմ Հարություն Մանուչարյանին: ՈՒ մյուս կուսակցությունների տարածաշրջանային կառույցների ներկայացուցիչներն էլ այս թեկնածուին են նախընտրում, մեծ հույսեր են կապում նրա հետ: Ես սա զգացել եմ այստեղ գտնվելուս օրերին, քանի որ հասցրել եմ հանդիպել իմ համաքաղաքացիներից շատերին ու տեղեկանալ նրանց տրամադրություններին: Թե՛ ավագ սերունդը, թե՛ երիտասարդությունը համակարծիք են այս հարցում:

ԱՐԿԱԴԻ ՅԱՄՈՒԿՅԱՆ
(ՕԵԿ Բերդի տարածքային կազմակերպության նախագահ)

-Մի քանի օր առաջ մեր կուսակցության խորհուրդը որոշում է ընդունել քաղաքապետի առաջիկա ընտրություններում սատարելու Հարություն Մանուչարյանի թեկնածությունը: Դա Բերդի տարածքային կազմակերպության որոշումն է` համաձայնեցված ինչպես մարզային կառույցի, այնպես էլ ՕԵԿ ղեկավարի հետ: Մենք չորս տարի առաջ կայացած ընտրություններում պաշտպանել ենք գործող քաղաքապետի թեկնածությունը, գործուն մասնակցություն ենք ունեցել նրա ընտրության հարցում, բայց այսօր իրավիճակը ցույց է տալիս, որ նրա աշխատանքները լի են թերություններով: Երևի նա արդեն իրեն սպառել է. բավական ժամանակ է, որ աշխատում է այդ պաշտոնում: Այսօր մեզ փոփոխություն է անհրաժեշտ: Գործող քաղաքապետի հետ շատ նորմալ հարաբերությունների մեջ ենք, բայց կարծում ենք, որ Հարություն Մանուչարյանն ավելի լավ կարող է աշխատել քաղաքապետի պաշտոնում: Ինքը և՛ լուրջ հիմնարկի ղեկավար է արդեն 17-18 տարի, և՛ հաջողակ բիզնեսմեն է: Իսկ այդ փաստերը ցույց են տալիս, որ ի վիճակի է պատասխանատու գործ վերցնելու իր վրա ու հաջողությամբ այդ գործը կատարելու: Մենք առաջին հերթին ակնկալում ենք, որ Հարություն Մանուչարյանը դրական փոփոխություններ բերի մեր քաղաքում: Նա ոչ մեկի հետ պարտք ու պահանջ չունի, հետևաբար, կարող է անկախ ու ինքնուրույն աշխատել: Ճիշտ է, մեր երկիրն այն վիճակում չէ, որ մեկ անձն իր ուժերով շատ բան կարողանա փոխել, բայց որոշ դրական տեղաշարժերի կարելի է հասնել, եթե լինի ցանկություն, ձգտում: Կան շատ հարցեր, որոնց լուծումները կապված չեն մեծ ֆինանսների հետ. օրինակ` խաղահրապարակների ստեղծում, գյուղատնտեսության զարգացում, մարդկանց աշխատատեղերով ապահովում: Ես կարծում եմ, որ նրա նախընտրական ծրագրում նշված կետերից շատերի իրագործումը միանգամայն հնարավոր բան է: Իհարկե, նախընտրական ծրագրի իրագործումը միայն թեկնածուից չի կախված: Կան երկիր, բյուջե, ղեկավարություն, սահման, կրակոց: Այս ամենը պիտի իր ազդեցությունն ունենա որևէ ծրագրի իրագործման վրա: Բայց ասեմ, որ անցել են այն ժամանակները, երբ մեր ժողովրդին կարելի էր խուճապի մատնել սահմանից լսվող կրակոցներով: Դրանք սովորական երևույթ են դարձել, և մենք պատրաստ ենք այդ պայմաններում էլ ապրելու և աշխատելու մեր քաղաքում, ընտրելու քաղաքապետ: ՈՒ վստահեցնում եմ, որ մեր կուսակցության ներկայացուցիչների գերակշիռ մասն արդեն կողմնորոշվել է իր ընտրության մեջ ու սատարում է Հարություն Մանուչարյանին: Վերջապես սա մի փոքր համայնք է, ու կցանկանայի, որ խաղաղ, ազատ ընտրություններ լինեն:

ՀԱՅԿ ԾԱՏՈՒՐՅԱՆ
(ՀՅԴ նախկին անդամ, զինվորական)
-Նախկինում եղել եմ դաշնակցական, բայց քանի որ հիմա զինվորական ծառայության մեջ եմ, չեմ զբաղվում քաղաքականությամբ: Դա զինվորականներին արգելված է: Սրանով հանդերձ, այսօր, որպես քաղաքապետի թեկնածուի` սատարում եմ Հարություն Մանուչարյանին: Նա թեև հանրապետական է, բայց ես նրան իր կուսակցական պատկանելությամբ չէ, որ ընկալում եմ: Նա միակ մարդն է, որ մեր քաղաքի համար կարող է դառնալ արժանի քաղաքապետ: Էս քաղաքը մինչ օրս իսկական քաղաքապետ չի ունեցել: Հույս ունենք, որ Հարությունը կդառնա այս քաղաքի իսկական տերը, ու վաղը կամ վաղը չէ մյուս օրը Բերդի բնակիչը կզգա տիրոջ ներկայությունը քաղաքում: Ամենաչնչին բաներով կարելի է գոհացնել մեր քաղաքացիներին` թեկուզ փողոցների բարեկարգմամբ, թեկուզ երեխաների համար փոքրիկ ժամանցային վայրեր ստեղծելով, թեկուզ համաքաղաքային միջոցառումներ կազմակերպելով, թեկուզ երիտասարդությանն ուշադրության արժանացնելով: Այսօր մեծ սպիտակ ցեղասպանություն է կատարվում. ով հնարավորություն ունի, Բերդից փախչում է: Սա պետք է կանխել, որպեսզի երիտասարդությունն այստեղ իրեն ոչ միայն ապահով զգա արտաքին թշնամուց, այլև ձերբազատվի ներքին ճնշվածությունից: Երիտասարդությանը պետք է հնարավորություն տալ դրսևորվելու թե՛ բիզնեսում, թե՛ մտավոր դաշտում, թե՛ գյուղատնտեսական աշխատանքներում: Հարություն Մանուչարյանը ժամանակին բավական աշխատանք կատարել է` ի նպաստ երիտասարդության: Ես եղել եմ Բերդի պետական քոլեջի ուսխորհրդի նախագահ, բազմիցս դիմել եմ նրան տարբեր հարցերով և երբեք չեմ մերժվել: Նրա ներդրումների շնորհիվ մեր ուսանողությունն այցելել է տարածաշրջանում գտնվող պատմական հուշարձաններ, ծանոթացել մեր նախնիների կտակած գանձերին: Եթե իր ունեցած փոքր հնարավորություններով նա կարողացել է այդ բաներն անել, հավատում եմ, որ դառնալով քաղաքապետ, շատ ավելին կանի ամբողջ քաղաքի երիտասարդության համար: ՈՒ սա միայն իմ համոզմունքը չէ, այլ շատ բերդցիների, իմ շատ ընկերների, սերնդակիցների: Մենք ցանկանում ենք, որ երիտասարդությունը մնա ու ապրի Բերդ քաղաքում, ոչ թե մեկնի մայրաքաղաք կամ Ռուսաստան: Խելացի մարդիկ մեզ այստեղ են պետք, և Հարություն Մանուչարյանը պիտի լինի այն ձեռքը, որը կկանխի այդ խելացիների արտահոսքը Բերդից: Մեր քաղաքացին թող մնա մեր քաղաքում ու ծաղկեցնի այն: ՈՒ սրան հասնելու ճանապարհին մեր հույսը Մանուչարյանն է: Մյուս թեկնածուներն այդ հույսը չեն ներշնչում: Մեր պապերի երազած քաղաքը սա չէ, որ ունենք: Բայց վստահ ենք, որ Մանուչարյանը մի քանի տարում կսարքի այդ պապերի երազած քաղաքը: ՈՒ մեզ այսօր դա է պահում այստեղ: Ռուսաստանում շատ ընկերներ ունենք, որ պատրաստ են իրենց ներդրումն անելու հարազատ քաղաքի զարգացման համար: Պետք է միայն վստահ լինեն, որ ներդրումները կծառայեն իրենց նպատակին: Մենք հպարտ ենք Բերդում ծնված լինելու համար: Ես գոնե չէի ցանկանա մեկ ուրիշ վայրում ծնված լինել: Բայց քաղաքի այսօրվա վիճակը ցավալի է, ու պետք է քաղաքը դուրս բերել այս վիճակից: Ես գիտեմ, որ Մանուչարյանն ի վիճակի է դա անելու: ՈՒ մեր երիտասարդության 90 տոկոսը նրա հետ է այս նախընտրական շրջանում:

ԱՐԹՈՒՐ ԵՐԿԱՆՅԱՆ
(Բերդի քաղաքային ավագանու անդամ)
-Այսօր մեր համաքաղաքացիներին հուզող մի շարք խնդիրների մեջ առանձնահատուկ կարևորություն է ստացել Բերդի միակ մանկական խաղահրապարակի սեփականաշնորհման փաստը: Բերդի քաղաքային ավագանու նիստի ժամանակ օրակարգում մանկական խաղահրապարակի սեփականաշնորհման հարցը մտցված չի եղել: Մինչդեռ որևէ հարց քննարկելու համար այն օրակարգ մտցնելուց երկու-երեք օր առաջ արդեն պիտի լիներ օրակարգի հարցերի մեջ: Երբ ավագանու հերթական նիստն ավարտվեց, քաղաքապետն անսպասելի առաջարկեց մեկ հարց ևս դնել քվեարկության` մանկական խաղահրապարակի սեփականաշնորհման հարցը: Քվեարկության արդյունքում 7 հոգի կողմ քվեարկեց, մեկը` Մհեր Մեժլումյանը` դեմ, ես` ձեռնպահ: Կանոնակարգի կոպիտ խախտումով կայացվեց այդ որոշումը: Եթե նախօրոք չի քննարկվել այդ հարցն օրակարգ մտցնել-չմտցնելու հարցն անգամ, ինչպե՞ս կարելի է այն դնել քվեարկության և որոշում կայացնել: Խաղահրապարակը անօրինական որոշմամբ փաստացի վաճառված է: ՈՒ ես կարծում եմ, որ գնորդներին այս գործարքը պատիվ չի բերում, և նրանք լուրջ մտահոգության պատճառ ունեն: Բայց հիմա էլ կարելի է բնակիչներից չխլել այդ գեղեցիկ պուրակը: Նոր քաղաքապետի գլխավորությամբ` նոր ավագանին պետք է չեղյալ համարի նախկին որոշումները և ընդունի նոր որոշումներ` ի շահ Բերդի բնակիչների: Ես շատ եմ ցանկանում և վստահ եմ, որ Բերդը շուտով նոր քաղաքապետ կունենա` ի դեմս Հարություն Մանուչարյանի: Ես ցավով պիտի արձանագրեմ, որ ներկայիս քաղաքապետը վերջին տարիներին բոլորովին չի աշխատել` սրանում կա նաև մեր մեղքը: Մենք իզուր չորս տարի կորցրել ենք, տարիներ, որոնց ընթացքում պետք էր և կարելի էր շատ բան անել Բերդի համար: ՈՒ չաշխատելու պատճառները չափազանց տխուր են. նա մշտապես գտնվել է հոգեմետ դեղերի ազդեցության տակ. ընդունել և ընդունում է դիազեպամ պրեպարատը: Մարդը, որ մի անգամ արդեն` իր առաջին ընտրությունից հետո, երեք տարի շարունակ ցույց է տվել, որ ունակ է աշխատելու, հիմա դարձել է կատարյալ անգործունյա անձնավորություն: Եվ ես մտածում եմ, որ նրան հատուկ նպատակներով են կապել թմրադեղերին, որ այդպիսով դարձնեն կառավարելի: Դա որոշ մարդկանց շատ ձեռնտու է: Եվ այն մարդիկ, ովքեր այսօր դեմ են Մանուչարյան Հարությունի թեկնածությանը, շատ լավ գիտեն, որ նա երբեք խաղալիք չի դառնալու իրենց ձեռքին: Եվ սա է պատճառներից մեկը, որ Տավուշի մարզպետը չի «ցանկանում» Մանուչարյանին: Սակայն, ի վերջո, քաղաքի ճակատագիրը տնօրինում են նրա բնակիչները, ու նրանք հիմնականում կողմնորոշված են դեպի քաղաքապետի այսօրվա լավագույն թեկնածուն` Հարություն Մանուչարյանը:

Բերդցիների հետ զրուցեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Լուսանկարներ

. .
  • ԱՐՄԱՆ ՄԱԿՅԱՆ
  • ԱՐԿԱԴԻ ՅԱՄՈՒԿՅԱՆ
  • ՀԱՅԿ ԾԱՏՈՒՐՅԱՆ
  • ԱՐԹՈՒՐ ԵՐԿԱՆՅԱՆ
Դիտվել է՝ 6496

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ