Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Սփյուռքում հայտնվում են արվեստի հետ կապ չունեցող ինքնահռչակ մարդիկ»

«Սփյուռքում հայտնվում են արվեստի հետ կապ չունեցող ինքնահռչակ մարդիկ»
20.02.2009 | 00:00

ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅԱՆ ԵՆ ՄԵԿՆՈՒՄ ՄԻԱՅՆ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼՆԵՐԸ
Տասը տարի առաջ «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլը զրկվեց պետական կարգավիճակից` այդուհետ դռնեդուռ հայթայթելով գոյապահպանման միջոցներ։ Այս տխուր «հոբելյանին» խումբն ինքն իրեն նվեր է մատուցել` շրջագայություն նախաձեռնելով Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Նախաձեռնության «կնքահայրը» Հյուսիսային Ամերիկայի Հայ առաքելական եկեղեցու Արևմտյան թեմի առաջնորդարանն է։ Պետության սիրտը ևս փափկել է։ Մշակույթի նախարարությունն արձագանքել է օգնելու պատրաստակամությամբ։ Այցն անսամբլի ղեկավար, պրոֆեսոր ԹՈՎՄԱՍ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ առիթ է տվել խորհելու մշակութային կարևոր մի երևույթի շուրջ։
-Մենք ապրում ենք դժվար ժամանակներում, երբ մշակույթը, ազգային լուրջ, պրոֆեսիոնալ արվեստները հայտնվել են բարդությունների առջև,- ասում է զրուցակիցս։- Խորհրդային տարիներին մշակութային խնդիրները կարգավորվում էին պետության կողմից, հատուկ ծրագրերով։ Դա համակարգված գործընթաց էր և՛ ներսում, և՛ դրսում։ Երկրից միանշանակ դուրս էր տարվում լավ արվեստը։ Հայաստանի մշակույթը դրսում ներկայացնում էին միմիայն պրոֆեսիոնալ արվեստագետները։ Եվ դա կարևոր էր` մշակույթի հարկավոր մերձեցնող զորությունն ապահովելու, ազգային մշակույթի իրական արժեքները սփյուռքահայությանը հասցնելու` ազգապահպան դերի ու առաքելության իմաստով։ Այսօր ամեն ինչ գլխիվայր շրջվել է։ Սփյուռքում պրոֆեսիոնալ արվեստագետների հետ միասին հայտնվում են արվեստի հետ կապ չունեցող ինքնահռչակ մարդիկ` իրենց հորջորջելով տաղանդավոր, վաստակաշատ գործիչներ, աստղ ու աստղիկներ։ Մինչդեռ իրականում այդպիսիք խայտառակում են ազգը, հայրենիքը։ Դա անպատվություն է նաև մեր դարավոր մշակույթի համար։ Ահա այս իմաստով ես բարձր եմ գնահատում խորհրդային մշակութային քաղաքականությունը, երբ լուրջ վերահսկողություն կար սփյուռքում ներկայացվող արվեստի նկատմամբ` լավագույնն ընտրելու հստակ սկզբունքով։
-Խորհրդային ժամանակները, սակայն, փակ էին, այսպես ասած, թեմատիկ առումով։ Արտահանվող մշակույթն այնքան էլ ազգային-հայրենասիրական չէր։
-Այո, հիմնականում «անվտանգ» թեմաներով ստեղծագործություններ էին ներկայացվում։ Թեև մենք դրսում երբեմն նաև ազգային երգեր էինք երգում։ Եվ փառք ու պատիվ ժամանակի մեր ղեկավարներին. նրանք փակում էին աչք ու ականջ։ Այսօր ազատություն է, ամեն ինչ կարող ենք երգել, բայց այդ ամեն ինչի մեջ, ցավոք, մեծ տեղ ունեն ոչ թե ազգի երեկվա հերոսներին, այսօրվա հերոսացածներին, մեր մշակույթի մեծերին փառաբանող երգերը, այլ... ուղղակի աղբը։ Եվ աղբը համերգասրահները վերածում է ռեստորանային միջավայրի։ Հանդիսատեսը դահլիճում նստում է այնպես, ինչպես ռեստորանում կնստեր։ Աթոռներին նստած` մարդիկ ճոճվում-օրորվում են մեր ազգային երաժշտությանը ոչ հարիր արաբական ու արևելյան ռիթմերի և անհասկանալի կլկլոցների ու «գեղգեղանքների» տակ։
-Որ թելադրվում է բեմից։
-Այո, այդպիսի երգը համարժեք հոգեվիճակ կարող է ստեղծել։ Միա՛յն։ Եվ դեռ կշարունակի ստեղծել, քանի դեռ մենք աղբ ենք դուրս տանում։ Քանի դեռ չենք գտել մշակութային այս աղետը կանխելու, դրա դեմն առնելու միջոցը։
-Դուք այդպիսի միջոց գիտե՞ք։
-Խնդրի նկատմամբ պետական համակարգված մոտեցում. սա է միջոցը։ Ես կարող եմ հասկանալ, որ երկիրը բազում դժվարագույն խնդիրներ ունի, որոնց լուծումը պետությունից մեծ ջանքեր է պահանջում, սակայն ժամանակ պետք է գտնել` կանոնակարգելու և վերահսկելու գործընթացը` այդպիսով ապահովելով մեր ժողովրդի սփյուռքահայ հատվածին ճշմարիտ ու բարձր արվեստի մատուցումը, հարստացնել բազմաբովանդակ ու բարձր արվեստի մատուցումը։
-Կարծո՞ւմ եք, որ կգա «դարձ ի շրջանս յուր»-ի ժամանակը։ Վստահություն ունե՞ք, որ պետությունը ձեռք կզարնի նաև այս խնդրին։
-Վստահ եմ, քանի որ տեսնում եմ շարժը։ Օգտագործելով առիթը` իմ երախտիքն եմ հայտնում մշակույթի նախարարությանը։ Չլինելով այս ձեռնարկի նախաձեռնողը` նախարար Հասմիկ Պողոսյանն անմիջապես արձագանքեց, հայտարարելով, որ պատրաստ է աջակցել ինչով կարող է։ Ես բարձր եմ գնահատում այսպիսի կեցվածքը, քանզի մեծ իմաստով դա կեցվածք է պրոֆեսիոնալ արվեստի նկատմամբ։ Ես հույսեր եմ կապում նաև նորաստեղծ սփյուռքի նախարարության հետ։ Հավատում եմ, որ այս կառույցը ստեղծվել է սփյուռք-հայրենիք կամուրջները վերականգնելու, մեր ժողովրդի երկու հատվածների միջև պատնեշը քանդելու առաքելությամբ։
-Այս կառույցը որևէ նպաստ ունի՞ ձեր շրջագայության մեջ։
-Ո՛չ։ Խումբը մեկնում է Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի Հայ առաքելական եկեղեցու առաջնորդարանի հրավերով` նշելու «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլի ստեղծման 80-ամյակը։ Վստահ եմ, որ անսամբլն իր մատուցած արվեստով, իր պահվածքով պիտի բարձրացնի մեր եկեղեցու և տվյալ թեմի հարգն ու պատիվը, և ժողովուրդը մեկ անգամ ևս առիթ պիտի ունենա համոզվելու, որ եկեղեցին, այո, մեր հավատքի ու մշակույթի կողքին է։
-Ինչո՞վ կառանձնացնեիք «Սայաթ-Նովա» անսամբլի այցը ԱՄՆ։
-Արդեն շատ վաղուց պրոֆեսիոնալ կոլեկտիվներ չեն մեկնում սփյուռք։ Մեկնում են անհատ կատարողներ, որոնց մեջ և՛ պրոֆեսիոնալ արվեստագետներ կան, և՛ չակերտավոր արվեստագետներ։ Նման երկարատև ընդմիջումից հետո «Սայաթ-Նովա» աշուղական երգի պետական վաստակավոր կոլեկտիվի այցը սփյուռք երգարվեստի ասպարեզում, անշուշտ, նկատելի երևույթ է։ ՈՒզում եմ կրկին ընդգծել մշակույթի նախարարի բարձր կեցվածքը` հավելելով, որ նրա կողմից պրոֆեսիոնալ արվեստին ձեռք մեկնելն արդեն հաջորդ քայլի նախադրյալն է։ Նա քաջ գիտի այս կոլեկտիվի արժեքը և համապատասխան քայլեր է անում` «Սայաթ-Նովա» անսամբլը դուրս բերելու այս անհարգի-անպատիվ վիճակից։ Տասը տարի է` 80-ամյա վաստակավոր կոլեկտիվը մնացել է փողոցում` մուրացկանի կարգավիճակով։ Եվ այսօր պետությունը սկսել է մտածել արժանավորին արժանին մատուցելու մասին։ Ես վստահ եմ և հավատում եմ, որ մեր անսամբլը, այս տարիների ընթացքում պահպանելով իր փառքն ու համբավը, շուտով վերստին կստանա երբեմնի իր կարգավիճակը, այն է` «Սայաթ-Նովա» աշուղական երգի պետական վաստակավոր անսամբլ։ Տիկին Պողոսյանի հետ անսամբլի կարգավիճակի «թարմացման» շուրջ մենք զրույցներ ունեցել ենք։ Նա աշխատում է այդ ուղղությամբ։
-Դա կարող է լինել լավագույն անակնկալ-նվերը` անսամբլի 80-ամյա հոբելյանին։
-Անշուշտ։
Զրուցեց Սուսաննա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 5227

Մեկնաբանություններ