Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Տարիներն էլ թող անցնեն: Հե՜րն էլ անիծած»

«Տարիներն էլ թող անցնեն: Հե՜րն էլ անիծած»
11.09.2009 | 00:00

«ԵՍ ԵՐԿՈՒ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԵՄ` ՀԵԹԱՆՈՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ»
Ազգի իսկական մեծերին արժևորելով՝ արժևորվում ենք ինքներս: Երբեմն մեծարման մասին պատկերացումներն այնքան էլ չեն մերձենում «մեծ» ու «մեծարում» երևույթների էությանը, երբեմն էլ, իրենց զուսպ ու համեստ դրսևորմամբ, իսկապես ջերմացնում, հագեցնում են թե՛ մեծարողի, թե՛ մեծարվողի հոգին:
Մաեստրո ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻ 70-ամյակին նվիրված հերթական տոնը կազմակերպվել էր Հայաստանի ազգային գրադարանում: Բացառապես սիրելի ու հարազատ մարդկանց, իր արվեստի անկեղծ երկրպագուների միջավայրում, հոբելյանական շնորհավորանքներին և մաղթանքներին ունկնդիր՝ աշխարհահռչակ կոմպոզիտորն ապրեց ուրախության, երախտագիտության, հպարտության, թանկ կորուստների ցավի ու էլի շա՜տ-շատ զգացումներ:
Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը Տիգրան Մանսուրյանին բնութագրեց Դանիել Վարուժանի խոսքերով՝ որպես ազգային հիմքի վրա համամարդկային գաղափարներ արտահայտողի: «Շարունակելով կոմիտասյան սկզբունքներն ու ավանդույթները, դրանք համաձուլելով համաշխարհային, մասնավորապես, եվրոպական երաժշտական ընկալումների հետ, Մանսուրյանը ստեղծել է նորը, ինքնատիպը, մերը՝ ազգայինը, որը պատկանում է համայն երաժշտասեր հասարակությանը»,- գնահատում է Դ. Սարգսյանը: Վերջինս հատկապես կարևորեց Մանսուրյանի երաժշտության փրկարար դերակատարությունն արդի երաժշտական աղավաղումների համապատկերում: Իբրև երախտիքի ու սիրո արտահայտություն՝ ազգային գրադարանի տնօրենը Տիգրան Մանսուրյանին պարգևատրեց իր ղեկավարած հաստատության բարձրագույն պարգևով՝ Հակոբ Մեղապարտի անվան հուշամեդալով:
Հոբելյարի մասին համառոտ կենսագրական ակնարկ ներկայացրեց գրադարանի աշխատակից Անի Աբեղյանը: ՀՀ ժողովրդական արտիստ, Արամ Խաչատրյանի և Մեսրոպ Մաշտոցի անվան շքանշանակիր, Երևանի և Գյումրու պատվավոր քաղաքացի, համայն քրիստոնյա աշխարհի օրհներգի հեղինակ, աշխարհի տարբեր ծագերում բազմաթիվ բարձրագույն պարգևների արժանացած մաեստրոյին իր մարդկային ամենապարզ ու սովորական հատկանիշներով ներկայացրին ընկերներն ու մտերիմները՝ կոմպոզիտոր, դաշնակահար Արթուր Ավանեսովը, ռեժիսոր Հովիկ Հախվերդյանը, դերասան Աշոտ Ադամյանը: Ա. Ավանեսովի չափազանց գրավիչ խոսքում դժվար էր որսալ մասնագիտական և բարեկամական գնահատականների սահմանը: Նա մերթ կատակում էր կոմպոզիտորի մարդկային վարքի ու նկարագրի թեմաներով, մերթ վերածվում խորագետ տեսաբանի՝ դիպուկ բնորոշումներով վերլուծելով Մանսուրյանի ստեղծագործական վաստակը: Ավանեսովը նշեց, որ Մանսուրյանը, պահպանելով հանդերձ իր ազգային ինքնությունը, հաղթահարել է այդ ինքնության կաշկանդող կաղապարները և դուրս եկել համաշխարհային բեմահարթակ՝ դառնալով մեկը ԽՍՀՄ-ում արևմտաեվրոպական ավանգարդ երաժշտության ներկայացուցիչներից, որը գտել է իր անհատականությունը և չի լուծվել ընդհանուր ավանգարդ հոսանքի մեջ, ինչպես այդ հոսանքին հետևող շատ այլ կոմպոզիտորներ:
Հովիկ Հախվերդյանը ցավ հայտնեց, որ այս աշխարհից սկսել են պակասել Տիգրան Մանսուրյանի նման կիրթ, զարգացած մարդիկ, ովքեր իրենց մեջ կրում են հոգևոր բարձր արժեքներ՝ հայրենի շարականներից մինչև Ֆոլկներ: Իսկ Աշոտ Ադամյանը պատմեց, թե ինչպես էին ծնվում «Կտոր մը երկինք» և «Մի կաթիլ մեղր» ֆիլմերի համար գրվող մեղեդիները. Հենրիկ Մալյանն ու Տիգրան Մանսուրյանը խոսում էին կոտրված պատուհանից, ապակու փայլից, առվակից, հայկական թեքված ծառից, ծռված տանիքից… ու այս անպաճույճ համապատկերին հարիր՝ հորինվում էր մանսուրյանական երաժշտության ներդաշնակությունը: «Մենք գործ ունենք մի երաժշտի հետ, որին մեկնաբանելը և գնահատելը, կարծում եմ, չափազանց անշնորհակալ գործ կլինի: Մանսուրյանին ուղղակի պետք է լսել»,- խորհուրդ է տալիս Աշոտ Ադամյանը:
Եվ, այնուամենայնիվ, այս բոլոր բնութագրումներն ու գնահատականները դառնում են մի տեսակ զուսպ ու ժլատ, երբ հնչում են տաղանդավոր մաեստրոյի «Դաշնամուրային սոնատինան», «Մեր մանկության տանգոն», «Հին օրերի երգը», «Կտոր մը երկինք» ֆիլմերի համար գրված մեղեդիները՝ համապատասխան տեսանյութի ուղեկցությամբ:
Թերևս, իր երաժշտության նման կլանող, անկանխատեսելի ու խորախորհուրդ էր հենց իր՝ մաեստրոյի խոսքը, որը տեղ-տեղ ծիծաղ էր, տեղ-տեղ՝ արցունք, տեղ-տեղ՝ բնասերի կոչ, տեղ-տեղ՝ երգ՝ «Հով արեք»:
«Երիտասարդ մարդն առհասարակ հախուռն է, արագությունների մեջ, շարժումները՝ շատ: Երբ երիտասարդ էի, արագ երաժշտությունն էր հեշտ գրվում: Հիմա ճիշտ հակառակն է: Տարիքի հետ գալիս է խոհականությունը, ավելի դյուրին է գրվում դանդաղ երաժշտությունը»,- խոստովանեց օրվա հերոսը:
Մաեստրոն մերթընդմերթ տրվում էր վերհուշի կանչին, և ունկնդիրների առջև հառնում էին Վարդան Աճեմյանի, Ռուբեն Զարյանի, Պարույր Սևակի, Մհեր Մկրտչյանի կենդանի կերպարները:
ՈՒ ևս մի խոստովանություն. «Ես երկու արժեքների միջև եմ՝ հեթանոսության և քրիստոնեության»: Այսպիսին է պատկերել Տիգրան Մանսուրյանին իր ճեպանկարում Վարդան Աճեմյանը. կենտրոնում երիտասարդ կոմպոզիտորի դիմանկարն է՝ մի կողմում Գառնու տաճարը, մյուսում՝ ս. Հռիփսիմեի վանքը:
«Մեր բնությունը, մեր ամեն մի քարը, ամեն մի ծառը Աստծո հայացքի տակ է, Աստված սրանց տեր է,- հավատում է Տիգրան Մանսուրյանը։- Եվ հետո նայում ու տեսնում ես, որ սրանցից ամեն մեկն էլ գիտի Աստծու ներկայությունն իր գլխավերևում: ՈՒրիշ երկրներում էդ ամենը շռայլ է, լեցուն, հարուստ, շատ: Իսկ էստեղ նոսրություն է, ու էդ նոսրությունը մի թանկ նոսրություն է, որովհետև էս բոլորն Աստծո մասունքներ են՝ հատ-հատ: Եվ հետո տեսնում ես, որ Կոմիտասի երգերի մեջ նույն խնայողությունը, նույն ժլատությունը, նույն խստակյացությունը, նույն պարկեշտությունը, նույն Աստված ճանաչելու հավատը կենդանի ապրում են… Մեկ էլ տեսնում ես, որ էս ամբողջ հարստությունը քոնն է, ու դու կարող ես երջանիկ վայելել դրանք: Տարիներն էլ թող անցնեն: Հե՜րն էլ անիծած»:
Խոհերի, զգացմունքների, հայտնությունների այս շղթան, իհարկե, շարունակվում է հոբելյարի և հյուրերի լռության մեջ՝ հոբելյանական և ոչ հոբելյանական ապագա հանդիպումների սպասումով:
Հավելենք նաև, որ ազգային գրադարանն իրականացրել է Տիգրան Մանսուրյանի տպագիր ստեղծագործությունների ցուցադրությունը, որի միջոցով ևս կարելի է որոշակի տեղեկություն ստանալ մաեստրոյի երկարամյա բեղմնավոր գործունեության մասին:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3501

Մեկնաբանություններ