Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«ՈՒ եթե ինչ-որ բան չի ստացվել, մեղավորը ես եմ»

«ՈՒ եթե ինչ-որ բան չի ստացվել, մեղավորը ես եմ»
18.09.2009 | 00:00

ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԻ ՏԵՍՔՈՎ
Ճանաչված արձակագիր, դրամատուրգ ու երգիծաբան ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԸ դեռ Երևանում է և պատրաստվում է բավականին աղմկահարույց «Հավերժ կախաղան» գրքի շնորհանդեսին, որը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին։ Սա էր մեր հանդիպման առիթը։
-Վահրամ, ստեղծման ընթացքում գիրքն արդեն իսկ մեծ աղմուկ հանեց։ Պատկերացնում եմ` ինչ է լինելու տպագրվելուց հետո։
-Այս գիրքը, մի տեսակ, տհաճ ճանապարհ անցավ մինչև տպագրվելը։ Գուցե ես կրկնում եմ, չգիտեմ… Սկզբում որոշ հատվածներ ինտերնետում տեղադրելուց հետո։ Հետադարձ հասցե չունեցող բազում ստորածին ու իրենք իրենցից վախեցած ստրեպտոկոկեր սկսեցին հայհոյախառն, զզվանք առաջացնող սպառնալիքներով համեմված նամակների և sms-ների տարափներ արձակել... Բայց գրքում կա լոկ երգիծանք ու մեր անալի (ո՛չ դառը, ո՛չ քաղցր) իրականությունը` սկսած անցյալ դարի 90-ականներից մինչև 2009-ը։ Այսինքն` շարժում, պատերազմ, հետպատերազմյան ժամանակներ, հետո էլի շարժում… այս անգամ դեպի հետ… Գիրքը ծավալուն չէ։ Այն ուշադրության կենտրոնում էր, և հրատարակելու առաջարկություններ շատ եղան։ Բայց ես, մի տեսակ, չեմ դիմանում այսօրվա «հովանավոր»-ների անուն-ազգանուններին, որ պիտի գրես գրքի վրա… Ովքե՞ր են նրանք, որ ազգանուններն էլ լինեն գրքի վրա… «Հավերժ կախաղանը» տպագրվեց «Շարմ» ընկերության շնորհիվ, ոչ մեծ տպաքանակով։
Վաղը գրքի շնորհանդեսն է «Մոսկվա» կինոթատրոնի երկրորդ հարկի ճեմասրահում, ժամը 14.00-ին։ Մուտքը, անշուշտ, ազատ է։
Այնպես որ, այսպես ասած, հոգեբանական ներաշխարհս նույնն է, ինչ յուրաքանչյուր ստեղծագործության լույս ընծայումից առաջ և հետո։
-Մի փոքր հատված տպագրվեց ապրիլի 1-ին` «Կիզակետ» երգիծաթերթում։ Եվ, կարծես թե, չկա ոչինչ «ահասարսուռ»։ Այնուամենայնիվ, թույլատրելիի սահմաններում բացենք փակագծերը։
-Այնտեղ և՛ հումոր կա, և՛ երգիծանք, և՛ հանցավոր քաղաքական անցյալ ու ներկա ունեցող քստմնելի «գործիչների» քողազերծում։ Մեր ներկա հասարակության 80 տոկոսն ընկալում է միայն հումորը, հիանալի մարսում կատակը, սակայն երգիծանքին, առավել ևս սարկազմին, չի «դիմանում»։ «Կիզակետում» տպագրվեց վեպի միայն կատակային հատվածը։ Մեզ մոտ երգիծական հաղորդումներ չկան առհասարակ, թե՛ մեր հեռուստաեթերում, թե՛ մամուլում։ ՈՒ չի էլ կարող լինել. մենք հին ու վախեցած ժողովուրդ ենք, ի՞նչ երգիծանք... Մեր գաղջոտ հեռուստաէկրաններից կարող է ծորալ միայն տափակ անեկդոտների, անկապ հեռուստասերիալների կամ, ավելի խայտառակ, հեռուստաֆիլմերի գարշահեղուկը։
-Հասկանալի է, երգիծանքն այլ խորքեր է շոշափում, այլ ընդհանրությունների հասնում։ Հիշենք Երվանդ Օտյանին և մյուսներին… Բայց ո՞վ է խանգարում, որ երգիծաբաններ ի հայտ գան։
-Երբ իսկական երգիծանք է հեռարձակվում, սկսվում է զանգերի, բողոքների, սպառնալիքների տարափը, հասարակական որոշակի շերտեր (եթե, իհարկե, նրանց կարելի է դասել հասարակության շարքին) ոչ մի կերպ չեն հանդուրժում երգիծանքում շոշափվող սուր անկյունները, քանզի ոչ միայն իրենց հայելապատկերն են տեսնում, այլև դա անվանում են գռեհկություն, առանց ուշադրություն դարձնելու սեփական հակամարդկային ապրելակերպին…
-«Խաթաբալլադայի» և «Մեա կուլպայի» վերհուշն է ստիպում հարցնել. «Հավերժ կախաղանը» բեմականացվելո՞ւ է։
-Ո՛չ։ Բեմականացումը համընդհանուր աշխատանք է` պրոդյուսերի, ռեժիսորի, նկարչի, դերասանների մասնակցությամբ։ Եթե ներկայացման մեջ ինչ-որ բան չի ստացվում, կարելի է մեղադրել շատերին, իսկ գրքի պարագայում, տվյալ դեպքում «Հավերժ կախաղանում», ե՛ս եմ և իմ համակարգիչը... ՈՒ եթե ինչ-որ բան չի ստացվել, մեղավորը ես եմ։
-Իսկ գուցե մեր երիտասարդ բեմադրիչներից մե՞կը փորձի դա անել, ասենք` Հրաչ Քեշիշյանը։
-Բայց ո՞վ եմ ես, որ նրանք էլ դա բեմադրեն… Դու էնպիսի hyper-ահեղ անուն-ազգանուն արտաբերեցիր, որ ես ինձ հանկարծ մժեղ զգացի... Այդօրինակ բեմադրիչների պլեադան արդեն այն բարձրագույն սանդղակի վրա է, որ անգամ Շիլլեր բեմադրելն անպատվաբեր է նրանց համար… Թույլ է, թույլ է Շիլլերը։ Բայրոնը նույնպես։ Նրանց ավելի հոգեհարազատ է (կամ` մարմնահարազատ), երևի, Գյոթեն… Իհարկե, միայն բառահնչողությամբ…
-Վերջին հարցը` շնորհանդեսից առաջ ընթերցողին «լիկբեզ» անելու հրամայականով։ Ո՞րն է «Հավերժ կախաղանի» խորհուրդը։
-Դժվարանում եմ ասել։ Վեպը, ինքնին, պատմակատակերգական էսսե է, այստեղ սյուժեն բացակայում է, կանոնակարգված սկիզբ ու վերջ չկա, սա անդրադարձ է պատերազմին, խորհրդային և նախախորհրդային հիշողություններին։ 2008-ի դեպքերը համադրվում են 1988-ի հետ։ Կան բուռն սիրային հատվածներ։ Շատ պատմական դեպքեր և դեմքեր ներկայանում են այլ տեսանկյունից։ Այսինքն, ոչ այնպես, ինչպես սովորեցրել են մեզ։ Ես շատ եմ ուսումնասիրել ամենաբազմապիսի աղբյուրներ, համադրել եմ դրանք։ Այս համադրության շաղախում բազում անհատներ են մեկնաբանվում, կան թե՛ Օգոստոս կայսրը, թե՛ Լավրենտի Բերիան, թե՛ Ցիցերոնը, թե՛ Արտավազդ արքան և թե՛ արնախում Լեյբա Դավիդովիչ Բրոնշտեյն-Տրոցկին։ Շատերն էլ կան… մերոնցից, մեր ոչ հեռու անցյալից։ Առհասարակ, պատմությունը չափազանց բարդ ու կամակոր բան է։ Ֆելինին գրում էր, որ շատ դյուրին է ֆանտաստիկ ֆիլմ նկարահանելը, իսկ թե ինչն ինչպես է եղել Սոկրատի ժամանակներում, արի գլուխ հանիր։ Իր «Սատիրիկոնում» նա ուրիշ աշխարհ է ներկայացնում, շատ յուրովի, անբացատրելի ու հանճարեղ։ Դե, իհարկե, ո՛չ մեր այսօրվա «օսկարակիր» կինոռեժիսորների մակարդակով, բայց Ֆելինին էլ իր տեղն ունի կինոյի պատմության մեջ…
-Ստալինն ասել է, թե պատմությունը պատմաբաններն են գրում։
-Կարծում եմ` նա ինքն է պատմությունը գրել։ Լավ իմաստով։ Բայց քո մեջբերումն ուշագրավ միտք ծնեց։ Համոզված եմ խորապես` համադրությանս զուգահեռներում Ստալինն ու Բերիան ուղղակի աղավնյակներ էին Իլյիչի կամ, ասենք, Հաուֆման-Սվերդլովի կողքին։ Տրոցկու խղճի վրա առնվազն քսան միլիոն զոհ է ծանրացած, հիմնականում` ռուս մտավորականության սերուցքը։ Եթե մեկն իր տանն արնախում Չե Գևարայի նկարն է փակցնում, ինչո՞ւ ես էլ չփակցնեմ Լավրենտի Պավլովիչի նկարը։ Այսպիսով, «Հավերժ կախաղան», հավերժ հիմնահարցեր, հավերժ անդրադարձեր։
-Վերջում մեր ընթերցողներին հիշեցնենք, որ շնորհանդեսը կկայանա վաղը` սեպտեմբերի 19-ին (շաբաթ), «Մոսկվա» կինոթատրոնի երկրորդ հարկի ճեմասրահում, ժամը 14.00-ին…
-Կսկսվի 14.00-ին ու կշարունակվի ավելի քան երկու ժամ… Ես սիրում եմ ընթերցասեր մարդկանց։ Սիրում եմ ու վաղը սպասում եմ բոլորին…
Զրուցեց Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 3619

Մեկնաբանություններ