Ամեն անգամ, երբ սահմանային միջադեպեր են լինում, Ադրբեջանը երկու ձևաչափով է գնդակոծում՝ ռազմական և տեղեկատվական։ Եթե առաջինի դեպքում մեր զինուժը շատ լավ գիտի իր գործը, ապա տեղեկատվական դաշտում մենք բազում խնդիրների ենք հանդիպում։ Երեկ ևս ողջ օրն ադրբեջանցիները համացանցը ողողել էին կեղծ տեղեկատվությամբ, որոնց խայծը որոշ հայ օգտատերեր կուլ էին տվել։ Էլ չենք խոսում այն մասին, որ հայ օգտատերերի էջերը կոտրելով` մոլորեցնող տեղեկություններ էին տարածում։ Բնականաբար մենք այս հարթությունում մեծ խնդիրներ ունենք, այս օղակը շատ թույլ է ու անկազմակերպ, իսկ ժամանակակից աշխարհում տեղեկատվական պատերազմն ամենաազդեցիկն է ու ամենաարագ արդյունք ապահովողը։
Կիսապատերազմական վիճակում գտնվող մեր երկրում պետք է հատուկ ինստիտուտներ լինեն, թեկուզ պետական օղակներում գործող, որոնց գործառույթը պիտի լինի թշնամու տեղեկատվական հարձակումներին դիմակայելը և հակահարվածներ տալը։ Սակայն ինչպես շատ հարցերում, այստեղ էլ օրվա իշխանությունը «նոր» քաղաքականություն մշակեց։ Նախորդ իշխանությունների ժամանակ կար փորձագետներից կազմված կորիզ, որը հաջողողությամբ պայքարում էր հակահայկական տեղեկատվական արշավի դեմ, սակայն այս իշխանությունները հրաժարվեցին նրա ծառայություններից։ Հիմա նրանք անհատապես պայքարում են, բայց թիմային, համակարգված աշխատանք չկա։ Իսկ ադրբեջանական քարոզչական հնարքները գնալով նոր հորիզոններ են նվաճում, որովհետև դրանց դիմակայողների և մասնագետների թիվն ավելի է նվազել։
Մնում է ապավինել այս գործի իրական նվիրյալներին, որոնք անկախ քաղաքական ղեկավարության վերաբերմունքից, շարունակում են իրենց դիրքերն ամուր պահել տեղեկատվական դաշտում։ Սակայն պատերազմող երկրում չունենալ թշնամու հետ տեղեկատվական պայքարի հատուկ «ստորաբաժանում», նշանակում է տանուլ տալ պատերազմն այս հարթությունում։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ