Հայրենի վիճակագրության տվյալները ոչ մեկին չզարմացրին. ինչպես և ակնկալվում էր, այս տարվա հունվարից մինչ օրս տնտեսության բոլոր ոլորտներում անկում է գրանցվել։ Այլ կերպ ասած՝ բոլորովին պետք չէ տնտեսագետ կամ էլ վիճակագիր լինել, հասկանալու համար, որ Հայաստանում այս տարի տնտեսական աճ ապահովելն անհնար է լինելու։
Covid 19-ը ախտահարել է նաև աշխարհի տնտեսությունը, և այսօր այն ցնցումների մեջ է։ Սա կարող է շատ թանկ նստել աշխարհի բնակչության վրա։ Ըստ էության, կարելի է ասել, որ 2020-ը, մարտահրավեր նետելով առողջապահությանը, տնտեսական պատերազմի ձեռնոց նետեց աշխարհին։ Արտակարգ դրությունը, որ հաստատվեց տարբեր պետություններում, լուրջ խնդիրներ է առաջացրել, և պայքարն արդեն ոչ թե տնտեսության զարգացման և տնտեսական աճ ապահովելու համար է, այլ տնտեսությունը պահելու։ Ի՞նչ ուղղությամբ կընթանա այս ծանր պայքարը, բարդ է կանխատեսել։ Հստակ է մեկ բան՝ երբ փակվում են արտաքին ճանապարհները, ներքին հնարավորություններն ավելի լայնորեն պետք է կիրառվեն։
Գուցե մեր այս դիտարկման հետ շատերը չհամաձայնեն, նկատելով, որ տարբեր պետություններ աստիճանաբար բացել ու բացում են իրենց սահմանները՝ փորձելով խթանել նաև զբոսաշրջությունը։ Ինչ խոսք, բոլորի ցանկությունը մեկն է՝ օր առաջ վերադառնալ բնականոն կյանքին, իսկ սա իր հերթին նշանակում է, որ ուժասպառ եղած տնտեսությանը, ցնցումների երկրորդ ալիքից փրկվելու համար, ամուր «հենակներ են» պետք։ Եվ այդ «հենակներն» անհրաժեշտ է փնտրել ներքին ռեսուրսներում, այլ պետություններից կախվածությունը հնարավորինս մեղմելու համար։
Դեռևս այս տարվա մարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ելույթներում նշում էր, որ աշխարհում ստեղծված տնտեսական իրավիճակը մի կողմից լուրջ խնդիրներ է առաջացնում, մյուս կողմից հնարավորություն է տալիս տնտեսությունում նոր գաղափարներ գեներացնելու։ Այս պահին դեռևս նոր գաղափարներ, որոնք կհետաքրքրեին աշխարհին, Հայաստանը չի ներկայացրել, համենայն դեպս պաշտոնական որևէ տեղեկություն այս մասին չկա։ Հասկանալի է, որ զարգացած տեխնոլոգիական դարում մի քանի ամսում ստեղծել այնպիսի բան, որը խիստ պահանջարկված լինի այլ պետությունների կողմից, անհնար է։ Իհարկե լավ է, որ Հայաստանի գիտական միտքը փորձում է մուտք գործել համաշխարհային շուկա, սակայն այդ միտքն ամենից առաջ պետք է նպատակաուղղվի Հայաստանում առկա ներքին տնտեսական խնդիրների լուծմանը։ Վերջապես, մարդն այսօր է ուզում ապրել ու հացի խնդիր չունենալ, և իշխանություններն առաջին հերթին այս պահանջի հետ պետք է հաշվի նստեն։ Սրանից ելնելով է, որ մենք առանձնակի կարևորում ենք ներքին ռեսուրսների օգտագործումը։ Արդեն վաղուց ժամանակն է, որ տնտեսությունն աշխատեցնելու և ճգնաժամից դուրս բերելու հրամայականի շուրջ համախմբվեն բոլոր կարող ուժերը՝ անկախ քաղաքական հայացքներից, և այդ համախմբման կազմակերպողը պետք է լինի իշխանությունը։ Եթե մարդը մի քանի ամիս հետո ունենա լուրջ խնդիրներ, հատկապես հացի խնդիր, այդ պահին հարցը լուծելը շատ դժվար կլինի և հայտնի չէ, թե ինչով կավարտվի։ Հատկապես եթե նկատի ունենանք, որ այսօր արդեն գործազրկության ծավալները մեծ են և գնալով աճում են։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ