ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Մարտի 1-ի գիշերը ես շատ հանգիստ քնել եմ»

«Մարտի 1-ի գիշերը ես շատ հանգիստ քնել եմ»
29.01.2019 | 04:16

Այո, հնարավոր էր: Սակայն, մինչ «այո»-ի հիմնավորումը հարկ է կատարել մեր անկախության տարիների քաղաքական փոքր վերլուծություն: Այդ տարիներին դաժան պայքար է ընթացել քաղաքական ուժերի մեջև: Հայաստանում իշխանության հասնելու միակ ձևը եղել են ընտրությունները: Երկիրը գտնվելով պատերազմական վիճակում, որևէ քաղաքական ուժ իր վրա չէր կարող պատասխանատվություն վերցնել ժողովրդին զինված պայքարի տանելու: Իշխանության հասնելու ժողովրդի միակ հույսը մնում էին ընտրությունները:

Սահմանադրության համաձայն չորս (ազգային ժողովի) և հինգ (նախագահական) տարին մեկ երկրում անցկացվում էին ընտրություններ: Եթե անկեղծ լինենք, այդ երկու ընտրություններից միայն նախագահի ընտրություններն էին ժողովրդին հանում փողոց: Ժողովի ընտրությունները երբեք չէին վիճարկում, որովհետև բոլորն էլ գիտեին, որ ժողովուրդն իր ձայնը ծախել է իշխող քաղաքական ուժին: Այդ կապակցությամբ միայն լրատվական միջոցներն էին աղմկում:
Ասացինք` իշխանություն փոխելու միակ միջոցը մնում էին նախագահական ընտրությունները:


Ժողովուրդը, որն ընդամենը մի քանի տարի առաջ հոգով և սրտով «Լևոն-Լևոն» էր կանչում, հիասթափվել էր ու ատելությամբ էր լցվել ոչ միայն նրա, այլև այն քաղաքական ուժի նկատմամբ, որը կոչվում էր ՀՀՇ: Լեն ու բոլ երկրի ավերումը, սկսված ահավոր թալանը, քաղաքական սպանությունները, մի խոսքով երկրում տիրող անելանելի վիճակը, ժողովրդի մեջ այնքան ատելություն էր առաջացրել, որ նա անհամբերությամբ էր սպասում իշխանափոխության:
Հանուն ճշմարտության ասենք, որ երկրում Լևոնից և նրա քաղաքական հենարան ՀՀՇ-ից բացի չկար որևէ ուժ, որի հետևից կարող էր գնալ ժողովուրդը:
Միակ անհատը, որը կարող էր տանել ժողովրդին իր հետևից, Վազգեն Մանուկյանն էր: Ճիշտ է, նա ՀՀՇ-ի վագոնից ժամանակին թռած անհատ էր, բայց և այնպես ժողովուրդը նրան այնքան էլ չէր վստահում, բայց քանի որ քաղաքական բեմում նրանից բացի չկար ուրիշ մեկը, ժողովուրդը պատրաստ էր գնալու նրա հետևից: Այդ ժամանակ Վազգեն Մանուկյանը դեռևս չվարկաբեկված իր համախոհներից ստեղծել էր կուսակցություն: Վազգեն Մանուկյանին ակտիվորեն օգնում էր Պարույր Հայրիկյանը: Պետք է ասել, որ 1996-ին նախագահի պաշտոնի համար սկսված ընտրական կամպանիան Վազգեն Մանուկյանը շատ հաջող էր կազմակերպել, և, իշխանական այն մեղադրանքները, թե Հայաստանի մինիստրների խորհրդի նախագահ եղած ժամանակ Վազգեն Մանուկյանը թույլ էր տվել «սխալներ», այդ պահին այնքան էլ դեր չէին խաղում:


Տեղին է նկատել` ժողովուրդը գնում էր Վազգեն Մանուկյանի հետևից ոչ թե նրա նկատմամբ ունեցած սիրուց, այլ համաժողովրդական այն ատելությունից դրրդված, որ կար դեպի Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր թիմը: Չնայած տեղի ունեցած ընտրակեղծիքներին, Վազգեն Մանուկյանը հաղթեց: Բերեմ մեկ օրինակ:
Մեր գյուղում այդ ժամանակ գործում էր մեկ ընտրատեղամաս: Ես հեռացվել էի դատախազությունից: Վազգեն Մանուկյանի վստահված անձն էի: Առավոտից մինչև գիշերվա ժամը երկուսը չեմ հեռացել ընտրատեղամասից, անգամ հրաժարվել եմ ինձ առաջարկված սուրճից: Մեկ դրսում թաղայինն էր ինձ կանչում, մեկ ոստիկանապետը, բայց ես լավ գիտեի այդ բոլոր կանչերի իմաստը, որը և հաստատվեց ընտրություններից հետո: Երբ գյուղապետին ասել են, թե պիտի լցոնես, նա պարզ ասել էր` Սոկրատին դուրս հանեք, մեկից հազար հատ լցնեմ: Լևոնը գյուղում պարտվեց, հավաքեց ընդամենը 26,5 %, իսկ Վազգեն Մանուկյանը հաղթեց 51 % ձայնով:


Արդեն ուշ գիշեր էր, բայց մենք կարողացանք հասնել Երևան և թատերական հրապարակում Վազգենի հաղթանակի վերաբերյալ տվյալներ հավաքող Հայրիկյանին տալ ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից կնքված տեղեկանքը Վազգեն Մանուկյանի ստացած ձայների վերաբերյալ: Լևոնը խայտառակ պարտություն էր կրել: Բայց հաջորդ օրը, երբ դեռ, ինչպես Շեքսպիրը կասեր իր հանրահայտ «Համլետ»-ում` մահվան կերակուրները պաղ մատուցվեցին, վերջնականապես չէին ամփոփվել ընտրությունների արդյունքները, Լևոն Տեր-Պետրոսյանն իր թիմի հետ շամպայնի բաժակ կբարձրացնի և կասի` մենք հաղթել ենք եվրոպական չափանիշներով, 51 %-ից փոքր-ինչ ավելի:
Պատկերացրեք, որքան ռեալ էր Լևոնի պարտությունը, որ նրա թիմը ավելին չէր կարողացել նկարել: Եթե խաբում եմ, թող նայեն այդ օրվա տեսանյութը: Դիտողը ևս մեկ անգամ կհամոզվի, թե ինչպիսի ցինիկ ժպիտ կար շամպայնի բաժակ բարձրացրած կառավարողի, թագը գողացած անամոթի դեմքին:


Եվ ընտրություններից ընդամենը մի քանի օր հետո տեղի կունենա ԱԺ-ի նիստ, որը կքննարկի ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները որոշ դեպուտատների քրեական պատասխանատվության ենթարկելու կապակցությամբ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար: ԱԺ-ի ամբիոնի մոտ կանգնած բոլոր ժամանակներում «ազնիվ» մարդու անուն վաստակած գլխավոր դատախազը ոչ լսում և ոչ էլ տեսնում էր, թե ինչպես են մի խումբ պետական այրեր, ավելի ճիշտ սրիկաներ, ծեծում և հայհոյում ընդդիմադիր պատգամավորներին:


Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահ ինքնահռչակումից հետո ժողովուրդը դուրս եկավ փողոց: Ամբողջ Բաղրամյանը, հարակից տարածքները լիքն էին մարդկանցով: Ժողովուրդը շարժվում էր դեպի նախագահի նստավայր, որը շրջապատված էր մահակներով և վահաններով զինված ոստիկաններով: Վազգենի հրամանին էր սպասում ժողովուրդը, որի ատելության աղեղը գերպրկված էր: Վազգեն Մանուկյանը ժողովրդին ասաց, թե մտնում եմ ԱԺ-ի շենք, որտեղ գտնվում էր ՀՀ ընտրական հանձնաժողովը, ուշանալու դեպքում եկեք իմ հետևից:
Ժողովուրդը, չսպասելով Վազգենի վերադարձին, հրում էր վահաններով և մականներով զինված ոստիկաններին և փորձում էր մոտենալ նախագահականին: Դեմիրճյան փողոցում գտնվող ոստիկանները, զգալով ժողովրդի ճնշումը, սկսեցին օդ կրակել, բայց ժողովուրդը համառորեն ճնշում էր զինված ոստիկաներին: Թե ինչ էր կատարվում ներսում, ժողովուրդը տեղյակ չէր: Ժողովուրդը «կոտրեց» ԱԺ-ի մետաղյա ցանկապատը ( հետո ասում էին, թե դա դիտավորյալ թուլացրել էին սղոցելու միջոցով) և ներխուժեց ԱԺ-ի բակ: Սկսվեց բախումը ժողովրդի և կարմիր բերետավորների միջև, բայց բախումը դեռևս չէր շիկացել, կառավարելի էր:


Վազգեն Մանուկյանը, զգալով սպասվելիք ողջ ողբերգությունը և նրա անկանխատեսելի հետևանքները, դիմեց ժողովրդին, ասելով` գնում ենք տուն, վաղը կհավաքվենք թատերական հրապարակում:
Բաղրամյան փողոցում ջրցան մեքենաներն արդեն «լողացնում» էին ժողովրդին: Եվ այդպես ավարտվեց, ավելի ճիշտ մարվեց ժողովրդական ցասումը: Վազգեն Մանուկյանը հանուն իր հաղթանակի չգնաց արյուն թափելուն:
Ասածս հաստատելու համար հիշեմ Մանվել Գրիգորյանի հայրենի Արշալույս գյուղում տեղի ունեցած հայտնի քեֆի գաղտնի տեսաձայնագրությունից Վանոյի խոսքերը` եթե պետք լիներ, մի 500 հոգու կկոխեինք տանկերի տակ: Փաստորեն, տանկերի տակ ժողովուրդը չհայտնվեց Վազգեն Մանուկյանի շրջահայացության շնորհիվ: Ընտրություններից մի քանի օր հետո եղել եմ Վազգենենց տանը։ Իմ հարցին` ինչու չգնացիք մինչև վերջ, ժողովուրդը ձեր խոսքին էր սպասում, նա պատասխանեց, թե հանուն իշխանության պետք չէ ժողովրդի արյունը թափել: Ասեմ նաև, որ 1990 թ. մայիսի 27-ի Երևանի կայարանի դեպքերին էն գլխից Վազգենը տեղյակ չի եղել: Հանուն ճշմարտության ասեմ նաև, որ «Ղարաբաղ» կոմիտեում էլ (մինչ հաղթանակը) հակավազգենականները գերակշռում էին:


Հիմա հետ դառնամ 2008 թվականի մարտի մեկին: Մինչ ասելիքս փաստեմ, որ չեմ ցավում Քոչարյանի համար: Եթե Քոչարյանը իշխանության գալով տար Լևոն Տեր-Պետրոսյանի` որպես նախագահի, անցած ուղու քաղաքական, տնտեսական և իրավական գնահատականը, այսօր նա չէր հայտնվի մեղադրյալի աթոռին: Նրա խոսքերը, թե առաջին նախագահին չեն դատում և նախադեպ պետք չէ ստեղծել, հիմարություն է: Այսօր ստացվում է, որ առաջին և երրորդ նախագահներին չեն դատում, այլ դատում են միայն երկրորդին: Այստեղ տեղին է հարցնել. մարտի 1-ի գործը քննող քննչական խմբի ղեկավարը հանուն ինչի՞ (եթե իհարկե կեղծել է) կեղծեց քննության արդյունքները, հանուն ինչի՞ փոխեց (եթե իհարկե փոխել է) զինվորների կողմից ավտոմատներից արձակված 1000 փամփուշտները, հանուն ինչի՞: Այնքան շատ են այդ հարցերը, որոնց պատասխանները կտա միայն արդար քննությունը (իսկ մեր երկրում սկսած 1990 թվականի մայիսի 27-ից առայսօր որևէ գործ, որն ունեցել է պետական, ժողովրդական հնչեղություն, արդար քննվե՞լ է):


Լեհ գրող Սենկևիչի հայտնի խոսքերը փոքր-ինչ ձևափոխելով, կարելի է ասել` արդեն 30 տարի է, ինչ նման գործերի նախաքննությունը մեր երկրում ուղղորդվում է սրիկաների կողմից:


Կարծես փոքր-ինչ շեղվեցի բուն ասելիքիցս: Եվ այսպես. հնարավո՞ր էր կանխել մարտի 1-ը, թե՞ ոչ: Այո, հնարավոր էր, եթե Լևոն Տեր-Պետրոսյանը հանուն իշխանության... Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը հանուն իշխանության պայքարող քաղաքական գործիչ է և մտածում էր` որքան շատ արյուն, այնքան լավ: Հիշեմ Մյասնիկյան արձանի մոտ հավաքի մասնակիցներից մեկին` Լևոնի ընտրական շտաբի պետ, այժմ դեսպան Ալիկ Արզումանյանին: Երբ վերջինիս ասում են, թե Վարդան Խաչատրյանը (եթե չեմ սխալվում լևոնական ԱԺ-ի պատգամավոր) ասում է, թե ինքը պայմանավորվել է ոստիկանների հետ, որ այսօր ցրվենք, և վաղը կայարանամերձ հրապարակում մեզ հանրահավաքի տեղ կհատկացնեն, հնչում է Ալիկ Արզումանյանի կիսահայերեն-կիսառուսերեն հնչող պատասխանը, թե Վարդանն ինչ .... է (հարգելի ընթերցող, ես այդքան լկտի չեմ, որ թղթին հանձնեմ նրա ռուսերեն ասած բառը): Գաղտնիք չէ, որ Մյասնիկյանի արձանի մոտ հավաքվածները գործում էին Լևոնի ցուցումով: Շատ բան չէ, եթե Լևոնը գար Մյասնիկյանի արձանի մոտ (եթե իր հակաժողովրդական մարդու կյանքը շատ էր թանկ և վախենում էր, կարող էր հեռախոսով ասել այդ Ալիկին, Նիկոլին` ասեք ժողովրդին թող ցրվեն) և հանգստացներ ժողովրդին: Բայց ո՞նց...


Այսօր արդեն բացահայտ խոսում են Գորբաչովի, Ելցինի դավաճանական էության մասին: Կգա ժամանակը և մեր ժողովուրդն էլ գուցե կարթնանա քնից և կհասկանա, թե ով է Լևոն Տեր-Պետրոսյանը: Այս երկրում երբեք խաղաղություն չի լինի, քանի դեռ ապրում է Լևոն Տեր-Պետրոսյանը: Որքան Ռոբերտ Քոչարյանն է մեղավոր մարտի 1-ի համար, այնքան էլ մեղավոր է Լևոն Տեր-Պետրոսյանը: Լևոնին լրիվ բնութագրելու համար հիշենք նրա խոսքերը` մարտի 1-ի գիշերը ես շատ հանգիստ քնել եմ: Ինչպիսի դիվային էություն: Ահա թե որն է Վազգեն Մանուկյանի և Լևոնի միջև եղած տարբերությունը:

Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 9041

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ