ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Ազատության պայմաններում նրանց ամեն մի օրը կլինի ի բարեկեցություն հայոց աշխարհի»

«Ազատության պայմաններում նրանց ամեն մի օրը կլինի ի բարեկեցություն հայոց աշխարհի»
11.09.2018 | 00:44

«Դրոյի» գործով 1994-ից ցմահ ազատազրկման դատապարտված ԱՐՄԵՆԱԿ ՄՆՋՈՅԱՆԻ «Աղօթարան» գրքում ամփոփված են հեղինակի՝ բանտում գրած աղոթքներն ու մանրանկարները: Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում: Դահլիճը բազմամարդ էր, հավաքվել էին Արմենակ Մնջոյանի ընկերները, հարազատները: Նաև` արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանը, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը, «Սասնա ծռերից»` Ժիրայր Սեֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանը:


«Հավաքվել ենք նշելու աներևակայելի դժվարին պայմաններում մաքառող ազատատենչ մարդու հոգու հաղթանակն ընդդեմ խավարի,- իր խոսքն այսպես սկսեց նարեկագետ ԱՇՈՏ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ: -Արմենակը բանտում մկրտվել է, «մտերմացել» է Նարեկացու հետ, միայն դրանից հետո հանդես է եկել աղոթագրքով: Շատերն են ցանկացել շարունակել նարեկագրությունը, բայց չեն հաջողել՝ ոչ թե տաղանդի, այլ հոգևոր փորձառության պակասից: Արմեն Մնջոյանին հաջողվել է. նրա աղոթքները աստվածաբանական իմաստով անթերի են, դավանաբանական որևէ շեղում չունեն, որովհետև կառուցված են ամուր հիմքի վրա»: Նարեկագետը գրքի առաջաբանում նկատում է, որ եթե գաղափարի համար ցմահ դատված բանտարկյալը նաև հավատացյալ է, ապա նրա կյանքը քիչ է տարբերվում հոգևորական ճգնավորի կյանքից, վստահեցնում է նաև, որ ազատության պայմաններում էլ (եթե մի օր Աստծու ողորմածությամբ և հավատավոր պատասխանատու մարդկանց սթափ մտածողությամբ նրանք թոթափեն կապանքները) նրանց ամեն մի օրը կլինի ի բարեկեցություն հայոց աշխարհի:


-«Աղոթարանը» հայրիկի խոսքն է և աղոթքն առ Աստված,- «Իրատեսի» հետ զրույցում ասաց Արմենակ Մնջոյանի դուստրը՝ ԼԱՈՒՐԱ ՄՆՋՈՅԱՆԸ, որը 4 ամսականից այլևս չի տեսել հորն ու մեծացել, դաստիարակվել է հայրիկի մասին մոր պատմած հուշերով: Այս տարիների ընթացքում զգացել է նրա և՛ բացակայությունը, և՛ ներկայությունը (այնքան մեծ է ներքին կապվածությունը): Լաուրան նման է հորը և՛ բնավորության գծերով, և՛ դիմագծերով, ինչի համար շատ ուրախ է: Ապագա ատամնաբույժ է: Նշեց՝ Մնջոյանները նաև բժիշկներ են, հետո հավելեց. «Եթե մարդը չորս պատերի մեջ է, դա դեռ չի նշանակում, թե վատն է: Մարդիկ տարբեր են, յուրահատուկ անկախ կարգավիճակից ու գտնվելու վայրից»:


Երեկոյի ընթացքում դրվագ առ դրվագ ներկայացվեց նկարիչ, երաժիշտ, ազատամարտիկ, հասարակական գործիչ Արմենակ Մնջոյանի անցած ճանապարհը:
Մնջոյանների հայրական բնակարանը 90-ականերին հիշեցնում էր 19-րդ դարի Կարսը: 1986-ին տեղի էին ունենում արցախյան շարժման հանդիպումներ, զրույցներ, կայացվում էին որոշումները, կազմակերպվում էին նաև երաժշտական երեկոներ: Հնարավոր չէ լինել Մնջոյան ու չնվագել հայկական երաժշտական գործիքներից որևէ մեկը: Մնջոյանը արհեստավարժ երաժիշտ է (տիրապետում է քամանչային, դհոլին, շվիին, դուդուկին, դաշնամուրին, կիթառին), ինքնուս նկարիչ է, շարունակում է ստեղծագործել նաև բանտում, կտավը չչորացած ազատվում է դրանից ու նորը ստեղծում: Նրա այս վարքագիծը բացատրություն ունի. այսպես վարվում են մարդիկ, որոնց վաղվա օրը չի վախեցնում:


1984-86-ին ծառայել է խորհրդային բանակի օդադեսանտային զորքերում: Ռազմական բարձր պատրաստվածություն է անցել հատուկ տակտիկական ուղղվածության ստորաբաժանումներում: Ստացել է աշխարհագրական և էքստրեմալ տարբեր պայմաններում հետախուզադիվերսիոն խմբի ղեկավարի կարգավիճակ:
Սովետական բանակի ամենաառաջադեմ դեսանտային հատուկ ջոկատայինները սովորում են օդապարիկով 4000 մետրից ցած թռչել: Արմենակ Մնջոյանը 10000 մետրից առաջին ցատկ կատարած ու ողջ մնացած միակ մարդն է ողջ աշխարհում:


Արցախյան շարժման սկզբից եղել է «Միացում» պահանջատիրական կազմակերպության նախաձեռնող խմբի անդամ: 1985 թ. անդամագրվել է Արցախյան ընդհատակյա շարժմանը: Գործուն աշխատանք է տարել Ադրբեջանում հայկական ուսանողական և մտավորական շրջաններին համախմբելու ուղղությամբ:
Շատ են նաև օրվա հերոսի՝ արցախյան շարժմանն առնչվող պատմությունները, որոնց մասին չի խոսվում: Դրանցից մեկը կապված է 88-ի ձմռանը տեղի ունեցած անմոռանալի դեպքի հետ, երբ Իգոր Մուրադյանը, Գերագույն խորհրդի նիստում իր ելույթից հետո, ծոցից հանել է Ադրբեջանի դրոշն ու ոտնակոխ արել: Այդ դրոշը ազերի օմոնների ջոկատից խլել է Արմենակ Մնջոյանը: Հետո ծիծաղելով պատմել է, որ իրենց ձեռքի զենքերից միայն երկուսն է գործող եղել:
Երեկոն խտացնում էին հուշերը, պատմությունները, բանտում գրված աղոթքներն ու կոչը, արդարության վերականգնման ու ազատության հույսը:


Շնորհանդեսին ելույթ ունեցան Արմենակ Մնջոյանի ազգական երգչուհի Մերի Մնջոյանը, ասմունքող Աննա Կոստանյանը, իսպանաբնակ հայտնի տենոր Վահրամ Թադևոսյանը, Մանուկ Հարությունյանը (ում Մանջութ են անվանում ի պատիվ նրա ստեղծած եզակի լարային գործիքի՝ մանջութի): Հնչեց գրքից հատված հեղինակի ընթերցմամբ (ձայնագրությունը):
Արմենակի ցանկությամբ՝ ներկայացվեց «Աղոթարանի» վրա իր ընծայագրած խոսքը` ուղղված Հաց բերողին: Բանն այն է, որ երբ Արմենակ Մնջոյանը գրքերն անվանապես ընծայագրելու համար խնդրել է «Սասնա ծռերի» ներկայացուցիչներին տրամադրել իրեն հրավիրյալների ցանկը, վերջիններս այդ ցանկում ներառել են նաև Արթուր Սարգսյանին:
Հավելենք, որ «Աղօթարանը» տպագրվել է «Դրոյի» գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունու հոր` Արա Արծրունու մեկենասությամբ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 8082

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ