Մարտի 1-ի գործի վերաբացումից հետո միակ մեղավոր ճանաչվեց Ռոբերտ Քոչարյանը, որն այսօր ազատության մեջ է, մյուսների առնչությամբ էլ այնքան խառն ու անորոշ է վիճակը, որ չգիտես` հիմա այդ գործը փա՞կ է, բա՞ց է, թե՞ կասեցված: Շատերն արդեն կարծիք են հայտնում, որ Մարտի 1-ի գործում մեծ էր շտապողականությունը, և սխալ էին հաշվարկված իրավական քայլերը, առավել ևս, ՀՔԾ պետի վաղօրոք արված հայտարարություններն ու որակումները: Սակայն թողնենք իրավապահներին իրենց այս մեծ խառնաշփոթում և անդրադառնանք մեկ այլ պետական հանցագործության:
Վերջին շրջանում նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, իրավապահ համակարգի նախկին աշխատակիցներ խոսում են Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացման մասին և ՀՔԾ-ից ակնկալում այս հարցին էլ անդրադառնալ: Ի թիվս այլ անձանց հարցաքննությունների, նրանք ակնկալում են, որ իրավապահ մարմիների ուշադրության տիրույթում կհայտնվեն նաև այդ առնչությամբ ուշագրավ հայտարարություն արած անձինք: Օրինակ, ինչու՞ չեն պարզում, թե ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանն ինչու էր հայտարարում, թե այդ հանցագործություն համար մեղավոր են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Ինչու՞ անմիջապես դրանից հետո նրան աշխատանքից ազատեցին: Ի դեպ, կրկին արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանը ևս 2000-ականներին անհասկանալի պատճառով ազատվեց աշխատանքից: Այս մարդիկ ընդամենը մի փոքր դետալ են ողջ շղթայի մեջ: Նախկին իրավապահ համակարգի ներկայացուցիչները վստահեցնում են, որ եթե այս իշխանությունն իսկապես գնում է մեծածավալ հանցագործությունները վերաբացելու և տարիներ շարունակ շրջանառվող տարատեսակ կասկածները փարատելու, իրավական ճշմարտությունները վերհանելու ճանապարհով, պետք է շատ լուրջ ու գրագետ մոտենա այդ ամենին:
Ավելին, մեր տեղեկություններով, այսօր շատ նախկին պաշտոնյաներ, որոնք անցած տարիներին լռել են տարբեր հանցագործությունների մասին, ցանկություն ունեն վկայություններ տալու, խոսելու նախկին գործարքներից, իրենց ունեցած տեղեկություններից: Սակայն, ըստ նրանց, այսօր ՀՔԾ-ն Մարտի 1-ի գործով բավականին մեծ փաթեթ է բացել, որից գլուխ հանելու համար շատ ժամանակ է պետք, իսկ եթե դրան գումարվի Հոկտեմբերի 27-ը, կարող է լիովին այլ բան ստացվել:
Ի դեպ, նկատենք, որ որքան էլ նախկին պաշտոնյաները ցանկություն ունենան տեղեկություններ հայտնելու, այս իշխանությունը Հոկտեմբերի 27-ը բացահայտելու ոչ մի հայտարարություն չի արել:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ