ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանի և Ալեն Սիմոնյանի հեղինակած նախագիծը` 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հարազատներին փոխհատուցում տրամադրելու մասին, խորհրդարանի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովն իր հաջորդ նիստում կքննարկի: Այս մասին այսօր հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը:
Ներկաներին նա տեղեկացրեց նաև, որ ՀՀԿ-ն ևս կողմ է քվեարկելու նախագծին, բայց միայն այն դեպքում, եթե իրենց առաջարկությունները ներառվեն նախագծի մեջ:
Նման նախագիծ եղել էր նաև նախորդ գումարման խորհրդարանում, իսկ այն ներկայացնողն ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էր: Բայց քանի որ հետո պարզվել էր, որ նախագիծը համաձայնեցված չէր ո´չ ՀԱԿ ղեկավարության հետ, ո´չ էլ խմբակցության անդամների, այն ժամանակ նախագիծը հավանություն չստացավ:
Նշենք, որ ՀՀԿ-ի առաջարկությունը նախագծի մասով վերաբերում էր այն հանգամանքին, որ փոխհատուցման տրամադրումը տարածվի ոչ միայն մարտի 1-ի զոհերի ընտանիքների վրա, այլև առհասարակ, բռնությամբ կատարված բոլոր տեսակի հանցագործությունների պատճառով զոհվածների, 1999-ի հոկտեմբերի 27-ի զոհերի, սահմաններում զոհվածների և այլոց իրավահաջորդների վրա:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ