ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության կողմից ոստիկանության ՊՊԳՎ Իջևանի պահպանության բաժնում, Տավուշի և Դիլիջանի պահպանության բաժանմունքներում աուդիտների ընթացքում արձանագրված ֆինանսական խախտումների փաստերով ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննությամբ պարզվել է, որ Իջևանի պահպանության բաժնի նախկին հաշվապահը բաժնի նախկին պետին և մի քանի ծառայողների, որոշակի ժամանակահատվածում, ոստիկանության ՊՊԳՎ արտաբյուջետային միջոցներից ընդհանուր 38.493.681 դրամ ավելի գումարներ են վճարվել և յուրացվել։ Մի մասը վերականգնվել է աուդիտի, իսկ մյուս մասը՝ ծառայողական քննության ընթացքում։
Դիլիջանի պահպանության բաժանմունքի հաշվապահի պարտականությունները ժամանակավոր կատարելիս Իջևանի պահպանության բաժնի նախկին հաշվապահը 2017-ի մայիս-օգոստոս ամիսներին իրեն ավելի է վճարել 4.522.448 դրամ, որը վերականգնվել է ամբողջությամբ։ Տավուշի պահպանության բաժանմունքի նախկին հաշվապահը 2016-ի և 2017-ի հունվար-նոյեմբերին իր աշխատավարձի հաշվեհամարին ավելի է վճարել ընդհանուր 380.857 դրամ, որը հետագայում վերականգնվել է ամբողջությամբ։ Ընդհանուր վերականգնված գումարը կազմում է 43.396.986 դրամ։
Նկատի ունենալով, որ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել նշված գումարները յուրացման միջոցով հափշտակելու և պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց արարքներում առերևույթ հանցագործության հատկանիշների առկայության վերաբերյալ, ծառայողական քննության նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու համար։