Արդարադատության նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանն ու արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն այսօր հանդիպել են Արդարադատության նախարարության աշխատակազմի ներկայացուցիչներին:
Դավիթ Հարությունյանը բարձր է գնահատել Արտակ Զեյնալյանի պրոֆեսիոնալիզմն ու վստահեցրել, որ սատարելու է նախարարի ծրագրերը: Դավիթ Հարությունյանը նշել է, որ նախարարության թիմը կատարել է ծավալուն աշխատանք, իսկ մեկնարկած ծրագրերից շատերն ընթացքում են: «Վստահ եմ, որ նախարարը հաջողությամբ կշարունակի, նաև վստահ եմ, որ նոր խնդիրներ ու հարցադրումներ են լինելու», - ասել է Դավիթ Հարությունյանն ու նախարարին և աշխատակազմին հաջողություն մաղթել՝ ընդգծելով, որ նախարարության հաջողությունը լինելու է նաև իր հաջողությունը:
Նախարար Արտակ Զեյնալյանը ողջունել է Արդարադատության նախարարության աշխատակազմին և նշել, որ Հայաստանում տեղի են ունեցել փոփոխություններ, որոնցից պետք է քաղել առավելագույնը և թույլ չտալ կորուստներ: «Հայաստանի վարկանիշը մեր աշխատանքով ու ջանասիրությամբ բարձրացնելու լայն հնարավորություն է տրված այս պահին», - ասել է նորանշանակ նախարարն ու բոլորին հաջողություն մաղթել: