Երեկ օրվա երկրորդ կեսին ավազակային հարձակում է եղել HSBC բանկի` Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա: Դանակով, նռնակով, հրացանով զինված անձը ներխուժել է բանկ, վիրավորել երկու աշխատակցի (մեկը տեղում մահացել է, մյուսի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել), հափշտակել է գումար ու դիմել փախուստի: Սակայն հանցագործին չի հաջողվել փախչել, դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը վնասազերծել է նրան ու տեղափոխել ոստիկանություն:
Պարզվել է, որ հանցագործություն կատարած անձը ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանն է:
Առաջիկայում հետաքննությունը կպարզի, թե ինչն է ստիպել բարձրաստիճան ոստիկանին դիմելու նման քայլի: Հետաքրքիր է` տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետը տեղյակ չէ՞ր, թե ինչ է սպառնում տեսանկարահանող սարքերով հայտնաբերված հանցագործին, այն էլ այն դեպքում, երբ կան սպանվածներ:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ