ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Ոտնահարվում են նաև իրազեկված քաղաքացիների իրավունքները»

«Ոտնահարվում են նաև իրազեկված քաղաքացիների իրավունքները»
23.01.2018 | 10:48

«Գնված ապրանքը հետ չի ընդունվում» վերտառությամբ գրառումները գնալով ավելի հազվադեպ են դառնում, սպառողներն էլ վերապահումով են անդրադառնում գնված ապրանքը վերադարձնելու-չվերադարձնելու խնդրին:
Սպառողները որքա՞ն են իրազեկված, պատրա՞ստ են պաշտպանելու իրենց իրավունքները, հարկ եղած դեպքում ահազանգու՞մ են համապատասխան մարմիններին` իրենց շահերը պաշտպանելու համար:


«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ ԲԱԲԿԵՆ ՊԻՊՈՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ ահազանգերի բնույթը, պայմանավորված իրազեկ լինելու խնդրով, բավականին նվազել է, այսինքն` իրազեկության ֆոնն ինքնին բավականին աճել է: Սակայն ոտնահարվում են նաև իրազեկված քաղաքացիների իրավունքները, քանի որ, ինչպես նշում է մեր զրուցակիցը, շատ դեպքերում չեն կարողանում վերականգնել իրենց իրավունքը, առաջանում է հիասթափություն, ինչը, բնականաբար, չի նպաստում գիտելիքները խորացնելուն և ավելի ակտիվ լինելուն:
«Իսկ եթե գլոբալ դիտարկենք, էական աճ ունենք. տարիներ առաջ մարդիկ զանգում- ճշտում էին` ինչի՞ իրավունք ունեն, ինչի` չունեն, այսօր զանգում են և արդեն ձևակերպում, որ այս օրենքով, այս դրույթով այսպես պետք է լինի, բայց այսպես է»:
Ինչպե՞ս է հարթվում խնդիրը, երբ սպառողը դիմում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ին։ Բաբկեն Պիպոյանի տեղեկացմամբ` տարբեր խնդիրների դեպքում տարբեր մեխանիզմներ կան:


Կան խնդիրներ, որ կարողանում են միջնորդությամբ հարթել, կան խնդիրներ, որոնք առնչվում են այս կամ այն գերատեսչությանը, և, ըստ էության, սկսում են վերահսկողություն իրականացնել` արդյո՞ք պատշաճ կերպով է պետական մարմինն իրականացնում սպառողի պաշտպանությունը, թե՞ ոչ։ Ցավոք, լինում են նաև դեպքեր, որոնք չեն կարգավորվում իրավական հարթությամբ: Լինում են նաև դեպքեր, երբ ոտնահարվում են սպառողի շահերը։ «Այս դեպքում սկսում ենք համապատասխան փաթեթներ մշակել, որ կարողանանք շահը վերածել իրավունքի: Բնորոշ օրինակ. ընդամենը մեկ տարի առաջ սպառողն իրավունք ուներ միայն փոխանակելու պատշաճ որակի ապրանքը, վերադարձնելու իրավունք ուներ միայն այն դեպքում, եթե նմանօրինակ ապրանքը բացակայում էր: Բայց մենք գիտակցում էինք, որ եթե սպառողը գնում է, բայց փոշմանում, պետք է կարողանա նաև վերադարձնել: Մենք կարողացանք շահը վերածել իրավունքի, և համապատասխան աշխատանքների շնորհիվ, ի վերջո, համապատասխան օրենքի փոփոխությունը բերեց նրան, որ այսօր սահմանվեց վերադարձի իրավունքը: Այսինքն, մենք պետք է հստակ տարանջատենք` որտեղ է սպառողի շահը, որտեղ իրավունքը»,- ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահը, հավելելով, որ շահերի ոտնահարումը գլոբալ խնդիր է, իսկ գլոբալ խնդիրները, բնականաբար, արագ չեն լուծվում, այսինքն, նույն կերպ կարող է ոտնահարվել իմ շահը, ձերը, քանի դեռ իրավական կարգավորում չի եղել»:


Հետաքրքրվեցի, թե որ ոլորտներից են դժգոհություններն ավելի հաճախ լինում: Զրուցակիցս ասաց, որ տարանջատելը սխալ կլինի. «Ամենատարբեր ոլորտներից` գնաճը, որ հատուկ ինչ-որ մեկի ոլորտը չէ, պարենային, ոչ պարենային ապրանքի որակը, անվտանգության հետ կապված խնդիրները, ծառայությունների ոլորտի խնդիրները, որոնց սպառողը բախվում է: Օրինակ, վերջին շրջանում սպառողներից բողոքներ ենք ստացել, որ վճարում են կատարում «Վեոլիա ջրին», բայց պարզվում է` գումարը գնացել է «Երևան ջուր»:
Կարծես հաճախակի են դարձել սպասված ու չկայացած համերգները: Բաբկեն Պիպոյանն ասաց, որ իրենց կազմակերպության այս տարվա օրակարգում այդ հարցը դրված է, կան ռիսկեր, մի կողմից` կա սպառողի շահ, մյուս կողմից` բիզնես շահ ու սպառողի համար հասանելիության շահ. «Օրինակ, եթե երկրի ներսում համերգ է նախատեսվում, տնտեսավարող սուբյեկտը առնվազն պետք է երաշխիքներ ներկայացնի, որ ինքը կարող է ապահովել համերգի կայացումը, ֆորսմաժորային իրավիճակներում փոխհատուցել սպառողին հասցրած վնասը, մյուս կողմից էլ` հասկանում ենք, որ, օրինակ, պայմանականորեն եթե վերցնենք մարզահամերգային համալիրում 1000 նստատեղ, տոմսի գինը սահմանենք 10000 դրամ, համերգի կազմակերպիչը լրացուցիչ կապիտալ պետք է ցույց տա, ու չի բացառվում, որ շատերն ուղղակի հրաժարվեն համերգներ կազմակերպելու մտքից: Անցյալ տարի խնդիրը բարձրաձայնվեց, բայց, լուծում չգտնելու պատճառով, այն տեղափոխեցինք այս տարի»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2891

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ