ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Մի՞թե կառավարությունում և Ազգային ժողովում կորցնում են սթափ դատելու ունակությունը, երբ... Եվրամիությունը խնդիրը սուր է դնում

Մի՞թե կառավարությունում և Ազգային ժողովում կորցնում են սթափ դատելու ունակությունը, երբ... Եվրամիությունը խնդիրը սուր է դնում
05.12.2017 | 09:55

Զարմանալի է, եթե չասենք ապշեցուցիչ, որ ՀՀ կառավարությունը ս. թ. նոյեմբերի 16-ին հավանություն տալով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի նախագծին, հաշվի չի առել այն պարզ և անվիճելի իրողությունը, որ կյանքում կարող են լինել այնպիսի հանգամանքներ, որոնց դրդմամբ մարդու կատարած այս կամ այն արարքը չի կարելի համարել ընտանիքում բռնություն ու նրա նկատմամբ կիրառել այս կամ այն միջոցը կամ, ըստ էության, սահմանափակող, պատժող սանկցիան: Հաշվի չի առել այն պարզ իրողությունը, որ կյանքում, ինչպես այլևայլ հարցերում, այս պարագայում ևս կարող են լինել բացառություններ, և որ նախապես պետք է հաշվի առնել նաև այդ բացառությունները:


Ավելին. կառավարությունը հաշվի չի առել նաև, որ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնութան ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքը չի կարող ավելի խիստ լինել ՀՀ քրեական օրենսգրքից, որը նախատեսում է արարքի հանցավորությունը բացառող հանգամանքներ` անձին նույնիսկ մահ պատճառելու դեպքում, ինչպես նաև պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ:
Ցավոք, վերը նշվածը հաշվի չառավ նաև ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը, որը նոյեմբերի 30-ին, ինչպես արդեն հայտնի է, 7 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ որոշեց դրական եզրակացությամբ ԱԺ լիագումար նիստի օրակարգում ընդգրկել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը:
Նկատի ունենալով վերոնշյալ բացը, անհրաժեշտ է օրենքի նախագծում ներառել «Արարքի՝ ընտանիքում բռնություն լինելը բացառող և ընտանիքում բռնության դեպքում պաշտպանության միջոցները մեղմացնող հանգամանքները» գլուխը և դրա ներքո համապատասխան հոդվածները շարադրել հետևյալ բովանդակությամբ.
«Արարքի՝ ընտանիքում բռնություն լինելը բացառող հանգամանքները
Ընտանիքում բռնություն չեն համարվում հետևյալ գործողությունները.


1. Արարքը, որը կատարվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, այսինքն՝ պաշտպանվողի կամ մեկ այլ անձի կյանքը, առողջությունը և իրավունքները, հասարակության կամ պետության շահերը հանրության համար վտանգավոր ոտնձգությունից կամ դրա իրական սպառնալիքից՝ ոտնձգություն կատարողին վնաս պատճառելու միջոցով պաշտպանելիս, եթե թույլ չի տրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում:
Ընտանիքի անդամի կյանքի համար վտանգավոր բռնության կամ այդպիսի բռնության իրական սպառնալիքով զուգորդված ոտնձգությունից պաշտպանվելիս կարող է պատճառվել ցանկացած վնաս:


Անհրաժեշտ պաշտպանության իրավունքն ընտանիքի անդամին է պատկանում՝ անկախ ոտնձգությունից խուսափելու կամ այլ անձանց կամ պետական մարմինների օգնությանը դիմելու հնարավորությունից, ինչպես նաև անկախ անձի մասնագիտական կամ այլ հատուկ պատրաստվածությունից և պաշտոնեական դիրքից:
2. Սույն օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելը ծայրահեղ անհրաժեշտության վիճակում, այսինքն՝ տվյալ անձի կամ այլ անձանց կյանքին, առողջությանը, իրավունքներին և օրինական շահերին, հասարակության կամ պետության շահերին անմիջականորեն սպառնացող վտանգը վերացնելու համար, եթե այդ վտանգը չէր կարելի վերացնել այլ միջոցներով, և թույլ չի տրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված ծայրահեղ անհրաժեշտության սահմանների անցում:


3. Սույն օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելը ֆիզիկական կամ հոգեկան հարկադրանքի ազդեցությամբ, եթե դրա պատճառով անձը չէր կարող ղեկավարել իր գործողությունները (անգործությունը):
Սույն օրենքով նախատեսված ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության միջոցների կիրառման հարցն այն դեպքերում, երբ տվյալ օրենքով պաշտպանվող շահերին վնաս է պատճառվում հոգեկան, ինչպես նաև ֆիզիկական այնպիսի հարկադրանքի ազդեցությամբ, որն ընտանիքի անդամին չի զրկում իր գործողությունները ղեկավարելու հնարավորությունից, լուծվում է՝ հաշվի առնելով սույն օրենքի` անհրաժեշտ պաշտպանությանը վերաբերվող հոդվածի դրույթները»:


Բացի վերոնշյալից, անհրաժեշտ է օրենքի նախագծում ներառել նաև «Ընտանիքում բռնության դեպքում պաշտպանության միջոցները մեղմացնող հանգամանքները» հոդվածը և այն շարադրել հետևյալ բովանդակությամբ.
«Բոլոր այն դեպքերում, երբ սույն օրենքով նախատեսված է կիրառել անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշում, կիրառվում է նախազգուշացում, եթե`
ընտանիքում բռնությունը կիրառվել է առաջին անգամ հանգամանքների պատահական զուգորդմամբ և չի հանդիսանում միջին ծանրության կամ ծանր հանցանք:
Ընտանիքում բռնությունը կատարվել է կյանքի ծանր հանգամանքների զուգորդման հետևանքով կամ կարեկցանքի շարժառիթով:
Ընտանիքում բռնությունը կատարվել է անհրաժեշտ պաշտպանության, վտանգավոր արարք կատարելու պատրաստ ընտանիքի անդամին բռնելու, ծայրահեղ անհրաժեշտության, հիմնավորված ռիսկի իրավաչափության պայմանների խախտմամբ:
Ընտանիքում բռնությունը կատարվել է ընտանիքում բռնության ենթարկված անձի վարքագծի հակաօրինականության կամ հակաբարոյականության պատճառով, որը պայմանավորել է ընտանիքում տվյալ բռնությունը:
Ընտանիքում բռնությունը կատարվել է սպառնալիքի կամ հարկադրանքի կամ նյութական կամ այլ կախվածության ազդեցության տակ»:


Քանի որ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնութան ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքը, ինչպես փաստաթղթի անվանումից է բխում, առաջնահերթորեն ունի ընտանիքում բռնության կանխարգելման նպատակ, անհրաժեշտ է օրենքի նախագծում ավելացնել նաև «Ընտանիքում բռնության տեսարաններ պատկերող կադրերի հեռարձակման արգելքը» հոդվածը և այն շարադրել հետևյալ բովանդակությամբ.
«Ընտանիքում բռնության կանխարգելման նպատակով արգելել հայաստանյան որևէ հեռուստաալիքով ընտանիքում բռնության տեսարաններ պատկերող կադրերի հեռարձակումը, բացառությամբ իրավապահ մարմինների պատրաստած տեսանյութերի և լրագրողների ռեպորտաժներում այդ պահին տեղի ունեցող իրադարձությունները պատկերող կադրերի»:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2561

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ