ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«ԻՍԿ ԱՐԱՆՔՈՎ ՀՈՍՈՒՄ Է ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ԳԵՏԸ»

«ԻՍԿ ԱՐԱՆՔՈՎ ՀՈՍՈՒՄ Է ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ԳԵՏԸ»
18.05.2010 | 00:00

Ի՞նչ առաքելություն ունի ժամանակակից բանաստեղծը` փորձեցինք պարզել բանաստեղծուհի, «Ցոլքեր» կենտրոնի ղեկավար ՀՌԻՓՍԻՄԷԻ հետ զրույցում:
-Աշխարհը ծնվեց բառից: Իսկ ինչի՞ց է ծնվում բառը:
-Բառը ծնվում է ներաշխարհից, և յուրաքանչյուր բառ չէ, որ կարողանում է թրծվել ներսի հնոցում, հղկվել: Գրողներիս համար այն մեծ արժեք ունի, քանզի իր հետ պատասխանատվություն է բերում։ Ես չեմ կարող բառն արտաբերել առանց իմ ներսում սրբագրումներ անելու։
-Բանաստեղծների մուսան հիմնականում իգական սեռի է, իսկ ո՞ր սեռին է պատկանում բանաստեղծուհու մուսան:
-Բանաստեղծուհին սովորական կին է` իր տառապանքներով, ցավով, ուրախությամբ: Պարզապես նա ավելի զգայուն է: Նա ջութակի պես ապրում է իր պատյանում` խաղաղ, հանգիստ, բայց թե մատով դիպար, չի կարող գոնե մի նոտա չարտաբերել: Մենք մեր պատյանում չենք սիրում մնալ, դուրս ենք գալիս, անվերջ որոնումների մեջ ենք: Մեր օրերում արվեստագետ կանայք իրենց ներաշխարհում քիչ են կարողանում տեղավորել առօրեական ռիթմերը, այդ պատճառով վերերկրային տարածքներում են որոնում իրենց զգայական աշխարհը: Գնում են իրենց կարոտի հետևից` մոռանալով, որ այսօր այդ ճանապարհը զիգզագ է, փոխվել են արժեքները, նահանջել է ասպետականությունը, տղամարդը կորցրել է այն ինքնավստահությունը, որ պետք է ունենար, փոքր-ինչ ճկվել է նրա ողնաշարը, և այդ ամենը, իհարկե, բանաստեղծուհու ներաշխարհի ազդակներն են դառնում:
-Ո՞րն է լավագույն մրցանակը պոետի համար:
-Ես երբևէ մրցանակ չեմ ստացել և չեմ էլ մտածում այդ ուղղությամբ: Ամեն մարդ իր գործը պիտի անի, և այդ դեպքում, հավատացեք, ժամանակն իր մրցանակը չի ուշացնի: Մեր օրերում այնքան շատ են շնորհվում մրցանակներ, որ դրանք իրենց արժեքը կորցրել են: Մի ժամանակ գրողը ժողովրդի հոգևոր հացն էր, իսկ այսօր մեր տեղը զբաղեցրել են, այսպես կոչված, «աստղերը», որոնցից շատերի անունը նույնիսկ չգիտենք: Արժեքների համակարգը խաթարված է, և մենք այսօր ապրում ենք անցյալի արժեքների հաշվին:
-Ի՞նչն է պատճառը, որ այսօր համատարած անտարբերությունն է դարձել գրողի «քննադատը»։
-Կուտակումների այս աշխարհում գրողը դարձել է միայն սպառող: Այս աշխարհն անհասկանալի է նրա համար, քանզի նա դեռ հավատում է հին հեքիաթի իր հերոսին: Նա սովոր չէ «կլիմայի» այս խիստ փոփոխությանը: Մեր օրերում պետությունը մի ափին է գտնվում, արվեստագետը` մյուս: Իսկ արանքով հոսում է անտարբերության գետը: Գուցե պատճառներից մեկը մշակութային քաղաքականությունն է, որը մենք չկարողացանք ճիշտ, լուրջ հունի մեջ դնել: Այսօր մեր պոեզիայից իսպառ վերացել է հայրենասիրության թեման, բայց չէ՞ որ բոլոր ժամանակներում մարդիկ բառի, երգի հետևից են գնացել: Հայ երեխան պետք է դաստիարակվի այն հոգեբանությամբ, որ ինքը հայ է, իր հայրենիքի զավակն է:
-Ձեր ստեղծագործություններից մեկում գրում եք. «Ես կտամ եկվորին ձեռքն իմ, ում ծովը հեքիաթ է խոստանում»։ Շա՞տ են գրական դաշտի եկվորները, և որքանո՞վ է խոստումնալից նրանց հեքիաթը:
-Եկվորները չեն կարող չգալ: Ամեն ժամանակ բերում է իր եկվորին: Սա նման է գարնան հրաշքին: Մի ծաղիկ վաղ է արթնանում, մյուսը` ուշ, երրորդը կարող է ընդհանրապես չարթնանալ: Այս արթնացումի մեջ նա է շահում, ով փարթամ հասունության մեջ էլ կարողանում է դալար մնալ: «Ցոլքեր» կենտրոնի երիտասարդ ստեղծագործողներից շատերի հեքիաթն իսկապես խոստումնալից է: Ամեն անգամ, լսելով նրանց ստեղծագործությունները, մարմնովս սարսուռ է անցնում: Ավաղ, այսօր գերակշռողը մաստակ ծամող աղջիկների և տղաների տեսակն է, բայց մեդալի հակառակ կողմում էլ խոր ներաշխարհով, յուրատիպ ու կիրթ երիտասարդներն են։ «Ցոլքերը» լավագույն վարձատրությունն է, որ Աստված ինձ տվեց. քայլել նոր, հուսադրող սերնդի հետ:
-Ի՞նչ հարց կուղղեիք Տիրոջը:
-Գաղտնիքի մեջ է խորհուրդը, բայց աշխարհում շատ քիչ գաղտնիքներ են մնացել, ամեն ինչ դարձել է բացահայտ: Ամեն ինչ խառնվել է իրար: Ասես երկրի ընդերքը բարկացել է սեռափոխությունից, մարդկային անտարբերությունից: Դրա արձագանքն են բազմաթիվ աղետներն ու արհավիրքները: Պետք է հասկանալ, որ անսպառ չէ Տիրոջ համբերությունը, և ապրել համերաշխության ու փոխըմբռնման մեջ:
Զրուցեց Սաթենիկ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 2001

Մեկնաբանություններ