Մինչ երևանյան դպրոցներից մեկում՝ ուսուցիչ-ԱԱԾ մասկի-շոու է, դատարաններից մեկում՝ Փաշինյանի ընտրություններից առաջ էլեկտորատի համար կազմակերպված Քոչարյանի դատավարության համոզիչ տեսարանով շոուն է ընթանում, քննչական կոմիտեի 10-ամյակին Ռակասովսկի ու Ժուկով դարձած ֆենոմեն Քյարամյանի ոգեղենիկ ելույթն է հնչում, Փաշինյանը կրկին զրոյական կետից է խոսում, «Հայաստանում գործ սարքելու ինստիտուտը վերացված է» հավաստիացումներ են տրվում ու մեդալներ են բաժանվում՝ Հայաստանի սահմանների մոտ ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի թռիչքների ակտիվացում է նկատվում:
Վերջին 24 ժամվա ընթացքում՝ «Bayraktar TB2» ԱԹՍ-ները, գրեթե 24/7 հետախուզական թռիչքներ ու պարեկություն են իրականացնում Հայաստանի սահմանների ողջ երկայնքով։
Ակտիվ շարժ է նկատվում հատկապես Սևանին հարակից հատվածում:
Ի դեպ, Ադրբեջանը մտահոգ է իր ջրային ռեսուրսների նվազման բարձր ռիսկով:
Դժվար կամ բարդ չէ պատկերացնել, թե լուծումների սցենարային իմաստով առնվազն որպես տարբերակ ինչ է դիտարկելու Ադրբեջանը, ու ընդհանրապես ինչու՞ Բաքվին հանգիստ չի տալիս մեր ջրային ռեսուրսի ահռելի ավազանը՝ Սևանը:
Այն, որ Սևանի ջրային ռեսուրսների համատեղ օգտագործման մասին ակնարկներ եղել են՝ փաստ է:
Փաստ է նաև այն, որ Ադրբեջանի համար ռազմավարական առաջնահերթ թիրախ ոչ միայն Սյունիքն է, այլն նաև՝ Գեղարքունիքը:
Ադրբեջանը պատերազմի պատրաստվելուն համընթաց՝ «նոր պատերազմ սկսելու համար Արևմուտքը զինում է Հայաստանին», «Հայաստանը ռևանշի է պատրաստվում», «զենքի գնում, եվրոպացի դիտորդներ, արտաքին ռազմական համագործակցություն» վերտառությամբ կատաղի տեղեկատվական գրոհ է տանում Հայաստանի դեմ ու այդկերպ «Հայաստանը պատերազմի է գնում» իմիտացիա ստեղծելով իր համար հարձակումը լեգիտիմացնող հիմք նախապատրաստում:
Քարոզչությանը զուգահեռ Ադրբեջանն ինտենսիվ զորավարժություններ է անցկացնում Հայաստանի հետ սահմանին:
Այս ագրեսիվ հռետորաբանությունը, սահմաններին նկատվող տեղաշարժերը, հետախուզական ԱԹՍ-ների թռիչքները, Ալիևի՝ բանակում կադրային լուրջ փոփոխությունները, պաշտպանության նախարարի զորքին «կանխարգելիչ» գործողության պատրաստ լինելու հրահանգը ցույց է տալիս, որ Ադրբեջանը կա՛մ ՀՀ իշխանություններին պատերազմով վախեցնելու ու նրան շանտաժի ենթարկելու խնդիր է լուծում կա՛մ իրոք պատերազմի մեկնարկի ակնարկ է անում:
Դե իսկ, ցորենից բրնձի անցնելու ու մեր հարմարվողականությունը փոխելու առաջարկով հանդես եկող ՀՀ ԱԽ քարտուղարի՝ «Հարձակման դեպքում ՀՀ-ն ամեն ինչ անելու է, որ պաշտպանվի․ կարողություն ենք ձեռք բերում այդ նպատակով» անոնսն, ըստ էության, հաստատում է, որ իշխանությունները հասարակությանը պատրաստում են մոտալուտ պատերազմի։
Այս ամենը, հետևությունների ու անելիքների հետ միասին՝ կարծում եմ պարզ է:
Պարզ չէ, թե հետկուլիսային ի՞նչ համաձայնություններ կան, որ Թուրքիան այս պահին նույն հռետորաբանությամբ հանդես չի գալիս, իսկ տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը հայտարարում է, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցում վերջին օրերին դրական զարգացում կա Հայաստանից։
Բնականաբար, թուրք նախարարը նման խոսքեր հենց այնպես չէր արտաբերի:
Սա նշանակում է, որ ինչ-որ բան հայկական կողմը վստահեցրել կամ խոստացել է:
Ամեն ինչ գնում է նրան, որ ՀՀ գործող իշխանություններն, այնուամենայնիվ, «Զանգեզուրի միջանցք» տալու են Ադրբեջանին:
Այլ հարց է, թե դա ինչպես ներկայացնեն ժողովրդին, որ հետո «վարչապետն իր ձեռքերը կտրելու առիթ չունենա»:
Համենայն դեպս, «պայմանավորվել ենք՝ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարի», մանավանդ՝ «նախկիններին» մեղադրելու ձև հաստատ կգտնվի:
Չէ որ Քոչարյանը, Սարգսյանը, ռուսները, այլմոլորակայինները, բոլոր-բոլորը մեղավոր են, բացի այս «սուրբ իշխանություններից»:
Այ որ Քոչարյանը քաղաքականությամբ է զբաղվում, միշտ էլ ալիբի կլինի, իսկ եթե չզբաղվի, Բագրատ սրբազանը կհաջողի:
Պարզ չէ նաև այն, թե ըստ Մոսկվայի պայմանավորվածությունների՝ ինչպե՞ս են հասցնելու մինչև հունվարի մեկը մի քանի հարյուր կամ հազար (թիվը դեռ պարզ չէ) մարդու ընդունել ԱԱԾ և պատրաստել նրանց։
Չի բացառվում, որ քանակ ապահովելու համար ԱԱԾ Սահմանապահ զորքեր զինվորներ տեղափոխեն ԶՈՒ սահմանային ստորաբաժանումներից:
Մեկ այլ հարց է այդ ամենի հետ կապված լրացուցիչ ծախսերը և այն, թե այդ պարագայում սահմաններն ովքե՞ր ու ինչպե՞ս են հսկելու:
Հարց է, թե ՀՀ վարչապետն ինչո՞վ է մտածում, երբ հայտարարում է, թե «Անվտանգություն գոյություն չի կարող ունենալ, երբ դա ասելով՝ միայն հասկանում ենք բանակ»:
Մեկը հարցնի, թե բա էլ ի՞նչն է ապահովելու ու երաշխավորելու երկրիդ ու ժողովրդիդ անվտանգությունը, եթե ոչ բանակը:
Մարդն անկեղծ ասում է՝ «Մենք նույնիսկ մեր սեփական օկուպացված տարածքները չենք պատրաստվում ռազմական ճանապարհով վերադարձնել»:
Մնում է անկեղծության համար գովաբանել, ձեռքի հետ էլ հաստատել, որ սկսել է բանակն ապամոնտաժել:
Սա նշանակում է, որ եթե վաղը Ադրբեջանը գրավի Սյունիքը, օկուպացնի Հայաստանի կեսը, հանգիստ տոնայնությամբ նույն բանն է հայտարարելու։
Սա նաև Ադրբեջանի համար նոր տարածքներ գրավելու սիգնալ է ու կանաչ լույս:
Մանավանդ, որ այն անպատասխան ու անհետևանք է լինելու:
Չտեսնված, չլսված բան է.
երկրի ղեկավարը հրապարակային հայտարարում է, որ Հայաստանն ունի օկուպացված տարածքներ, բայց դրանք մտադիր չէ վերադարձնել ռազմական ճանապարհով։
Սա նշանակում է աշխարհին ասել, որ դու հրաժարվում ես այդ տարածքներից, որ թքած ունես քո սուվերեն տարածքի վրա։
Ասում է՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՀՀ շահագրգռությունների կիզակետում է, այն կարող է լինել «բարեբախտություն»:
Որ այն, ժամանակի հետ ձեռք է բերում ավելի համաշխարհային նշանակություն, որ նախագծի իմաստն այն է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը տրամադրի իր տարածքները:
Վերջում էլ, իրենից գոհ հայտարարում է թե՝ «Խաղաղության խաչմերուկի» բրոշյուրն անձամբ փոխանցել է Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի, ՌԴ նախագահներին, Վրաստանի վարչապետին, ծրարով էլ՝ տասնյակ գործընկեր երկրների ղեկավարներին:
Որ միջազգային հանրությունը լիարժեք տեղեկացված է այս նախագծի և պատրաստակամության մասին։
Հիմա ինչպես չասես՝ «ա՛յ խելքի տաճար», ի՞նչ բրոշյուր, ի՞նչ, «բարեբախտություն», ի՞նչ համաշխարհային նշանակություն, երբ դրան աշխարհը (և ոչ միայն, հայրենակիցներդ, անգամ քո թիմակիցները) քմծիծաղով է մոտենում:
Իսկ-որ տարածքներ ես տրամադրելու՝ այ դրանում աշխարհը չի կասկածում:
Դու «խաղաղության խաչմերուկ» ուտոպիան գովերգի, «խաղաղության դարաշրջան» անունով հեքիաթներ պատմի, «խաղաղության պայմանագիր» լակմուսի թուղթ հինգ պակաս ստորագրի, իսկ Ալիևը՝ «Զանգեզուրի միջանցք» ու «Արևմտյան Ադրբեջան» ռեալիստական ծրագրերը կյանքի կոչի:
Արցախի ամբողջական կլանումն ու կորուստը վկա:
Դու շարունակիր աշխարհին ցուցադրել փառատոնների, ֆեստիվառների, հեծանվաշոուի ու կիսաբաց լուսամուտների մոտիվներով ընտրությունների քարոզաշոուներիդ տաղանդը, թե չէ ի՞նչ անվտանգութուն, ի՞նչ բանակ:
Համ էլ արհավիրքների ու կորուստների դեպքում միշտ էլ մեղավորներ կգտնես:
«Նախկինները» միշտ էլ կան:
Իսկ եթե կարծում ես, թե պատերազմն ու պարտությունը ջեբը քցած հարիֆի, խեղճուկրակի կերպարդ, կարեկցանք որոնողի ու խաղաղություն մուրողի կեցվածքդ թույլ է տալու խուսափել Ադրբեջանի ագրեսիայից ու ծավալապաշտական ծրագրերից՝ չարաչար սխալվում ես:
Մինչ դու ասում ես՝ «լավն ասենք, որ լավ լինի», Ադրբեջանն ամենօրյա ռեժիմով հասկացնում է, որ չունի խաղաղության մտադրություն, որ հնար ունենա երկիրդ օկուպացնելու, մեզ էլ բնաջնջելու է, իսկ դու շարունակաբար խոսում ես վերացական խաղաղությունից:
Դա նույնն է, որ ռեժիմով ծեծվող հարսն ասում է՝ ծեծում է, որովհետև սիրում է:
Ախր երկիր ղեկավարելը քո խելքի բանը չէ, ախր միայն ասֆալտ փռելով, հարկեր հավաքելով, աստղաբաշխական պարգևավճարներ բաժանելով, 1 միլիոնանոց ընթրիքի հրավերներով չէ:
Մարդը խաղաղությունից է խոսում, բայց բերում է պատերազմ, մահ ու կորուստ,
իբր Հայաստանը «տանում է Եվրոպա», բայց իրականում Ադրբեջանը բերում է Հայաստան։
Ալիևն իրեն տանում արածացնում է արևմտյան արոտավայրերում, գալիս իր գավառական շուստրիությամբ սեփական ժողովրդին է հիմարացնում:
Դրսում հլու-հնազանդ հարսի պես է իրեն պահում, գալիս է Հայաստան՝ առյուծ է կտրում:
Ինչ խոսք՝ խաղաղություն գոռալով գեղեցիկ կործանվում ենք:
Սա ողբերգություն է, խայտառակություն, խարան ու ամոթ, բայց եթե ուղիղ՝ ապա մեզ հասնում է…
Դե հա, կյանքը շարունակվում է, հավերժ չեն սգում:
Դրա համար էլ պետական մակարդակով սկզբից սգում, հետո արդարացում, ուրացում ու անարգանք, նահատակված զինվորների ծնողներին գետնին տապալում, իսկ վերջում՝ մոռացում, հրճվանք ու խրախճանք, խաղաղության ու ապահովության պատրանք:
Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ