Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է դրամի արժեզրկմանը

ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է դրամի արժեզրկմանը
18.12.2014 | 13:11

Արտարժույթի շուկայում էպիկական իրավիճակ է։ Այս պահին (16-ը դեկտեմբերի 2014 թ. երեկոյան ժամը 23։30) դոլարի արժեքն է 550, իսկ եվրոյինը 690։ Պաշտոնական փոխարժեքներն են՝ 490,34 և 614,2։ Մեկ ամիս առաջ (16.10.2014) դոլարի և եվրոյի փոխարժեքները համապատասխանաբար կազմել են 415,5 և 517,9։ Այսպիսով, մեկ ամսվա ընթացքում դրամը դոլարի նկատմամբ պաշտոնապես արժեզրկվել է 18,6%-ով, իսկ եվրոյի նկատմամբ՝ 18%-ով։ Շուկայական կուրսով՝ համապատասխանաբար 32,5 և 33,2%։ Սա աղետ է։ Միշտ ասում էինք դրամի կուրսն իջեցրեք, հանդարտ ձևով, այլապես գահավիժելու է։ Եվ ահա, խնդրեմ։
ԿԲ-ն և կառավարությունը չգիտեն ինչ անեն։ ԿԲ-ն հայտարարություններ է անում, թե իբր դրսից եկած սպեկուլյատիվ երևույթ է։ Իբր ի՞նչ։ Արժութային շուկան հենց սպեկուլյատիվ էլ պիտի լինի։ Եթե կա ազատ փոխարժեք, ապա սպեկուլյացիան նրա տարերքն է։ Իրենք են սպեկուլյատիվ, բա դո՞ւք։ Կամ կառավարության մրցակցային քաղաքականության գծով պատասխանատուն հայտարարում է. թույլ չեմ տա, որ տեղական արտադրողը գին բարձրացնի։ Այսինքն, օղի, գազ կամ բենզին ներմուծողը կարող է գին բարձրացնել՝ կապված դրամի արժեզրկման հետ, բայց գյուղացին կարտոֆիլի գին չի կարող բարձրացնել։ Ինչո՞ւ։ Տնտեսագիտության ո՞ր կանոնի համաձայն։ Այս երկրում, ի վերջո, կան տնտեսագետ-գիտնականներ, հարյուրավոր դոկտորներ, հազարավոր թեկնածուներ, ակադեմիկոսներ կան, մասնագիտացված համալսարան կա։ Ո՞Ւր են։ Պետք է, չէ՞, ելույթ ունենալ և լուծումներ առաջարկել։ Բացառությամբ մի 2-3 հոգու, մնացածը պարզապես լռում են։ Մինչդեռ ամեն ինչ խորտակվում է։
Հիմա տեսնենք, թե ինչ է կատարվում դրամի հետ։ Մեծ հաշվով դրամի արժեզրկումը կապված է 3 գործոնի հետ։ Առաջինը դրա անհասկանալի արժևորումն էր 2004/05-2007/08թթ՝ 595-ից մինչև 305։ Ռ.Քոչարյանը մեմուարներ է գրում առանց դույզն-ինչ պատկերացնելու, որ արժևորումը բերում է սպառման արհեստական ընդլայնման (այժ ժամանակներից սկսած մի անգամ չէ, որ սպառման ծավալները գերազանցել են ՀՆԱ-ն) և ՀՆԱ արագացված աճի՝ ապագայի հաշվին։ Ինչպես արդեն ասել եմ, շուտով կհրապարակեմ գիտական հոդված քոչարյանական երկնիշ աճի վերաբերյալ և բոլորիդ պարզ կդառնա, թե դա ինչ էր։ Իսկ մինչ այդ նշեմ, որ նա ոչ միայն օգտվեց մինչ իր իշխանության գալը նախկինների օրոք իրականացված բարեփոխումներից, այլև արվեցին քայլեր, որոնք կանխարգելեցին ապագա, Քոչարյանից հետո եկած, կառավարության տնտեսական աճի հնարավորությունները։ Հանձինս այն ժամանակվա ԿԲ նախագահ Տ.Սարգսյանի՝ Քոչարյանը լավ գործընկեր էր գտել. տրանսֆերտների հաշվին դրամն արժևորվում էր և մարդկանց կենսամակարդակն արհեստականորեն բարձրանում էր։ Մի անգամ չէ, որ ելույթ ենք ունեցել և նշել, որ տրանսֆերտները պետք է դիտարկել իբրև աշխատանքային ծառայությունների արտահանում, հաշվառել իբրև այդպիսին, իսկ դրամի ազատ փոխարժեքը սահմանել միայն այն բանից հետո, երբ դրանք (կամ դրանց մի մասը) ստերիլիզացվել են։ Բայց ասողին լսող էր պետք։ Տ. Սարգսյանն «իր» տեսությունն ուներ։ Այդ ժամանակ մեր բախտը չբերեց նաև այն առումով, որ ԱՄՀ հայաստանյան ներկայացուցիչները (Մենքյու կամ Մեքյու, Օմես) ցածրորակ, գնվող մասնագետներ էին։ Տեսություն էին մոգոնել, որ իբր թե Հայաստանում դրամը արժևորվում է աշխատանքի արտադրողականության աճի պատճառով։ Սերժ Սարգսյանը, դառնալով նախագահ, ավելի մեծ սխալներ արեց, քան Ռ. Քոչարյանը։ Տ.Սարգսյանին պատժելու փոխարեն նրան վարչապետ կարգեց։ Ս. Սարգսյանին բնորոշ է տնտեսական զարգացման անբավարար մտածելակերպը, և այդ իմաստով նա ազդեցության տակ ընկնող մարդ է։ Իսկ Տ. Սարգսյանը, հիմա արդեն չկարողանալով ապահովել տնտեսական աճ, ինքը սկսեց քննադատել քոչարյանական տնտեսական աճը։ Իրականում նա ստիպված էր ինքն իր դեմ ելնել։
Դրամի կտրուկ արժեզրկման երկրորդ գործոնը նավթի գներն են։ Ավելի ճիշտ կլինի ասել... գլոբալ աշխարհում դրամի մենաշնորհացումը։ Այո, այո, մեծ հաշվով նավթի գնի խնդիր չկա։ Բանն այն է, որ աշխարհի տնտեսությունը գլոբալացել է, իսկ վալյուտան՝ ազգայնացել։ Հիմնականում դոլարն ու մի քիչ էլ եվրոն են սպասարկում շուկան։ Այս պայմաններում, ինչպես ես պնդում եմ Մեգաէկոնոմիկայի իմ հեղինակած տեսության մեջ, գին հասկացությունը հարաբերական է։ Որովհետև գնանշում կատարող արժույթի (տվյալ դեպքում` դոլարի) էմիսիան անվերահսկելի է։ Այն հանձնված է արժույթի տիրոջ՝ ԱՄՆ-ի ողորմածությանը։ Այս տերն էլ ինչ ուզում անում է. կարող է մեկ օրում արժեզրկել ձեր դոլարային խնայողությունները և հակառակը, կարող է իր երկրում ներքին պարտք ձևակերպել և հետո այն արտահանել մեկ այլ երկիր, կարող է իր երկրում փոքրիկ տնտեսական ցնցում առաջացնել, բայց հիմնովին քանդել ձեր տնտեսությունը։ Սա մեգաէկոնոմիկա է։ Ի դեպ, այն մեր հայ հասարակագիտական մտքի կողմից վերջին 2 հազար տարիներին ստեղծված հազվագյուտ ուսմունքներից է։ Եվ դրան պետք է լուրջ վերաբերվել։ Հիմա նավթի գներն իջնում են։ Բնականաբար, տուժում են նավթ արտադրողները և պետք է շահեին նավթ կամ նավթամթերք ներկրողները։ Բայց մեգաէկոնոմիկան թույլ է տալիս տեղերով փոխել տուժողներին ու շահողներին։ Սաուդյան Արաբիան և OPEC անդամ երկրները անընդհատ ավելացնում են նավթի արդյունահանումը։ Սակայն նավթի արդյունահանումն այդ երկրների կողմից ավելացել է համաչափ՝ մի քանիսից մինչև մի երկու տասնյակ տոկոս ըստ օրերի։ Իսկ ահա գինը նվազել է արդեն ավելի քան 2 անգամ (117-ից 55)։ Կարծում եք` Սաուդյան Արաբիան տուժում է (նավթի գինը բյուջետավորել էր 78 դոլար) կամ Քուվեյթը (բյուջետավորել էր 80 դոլար) կամ Վենեսուելան (90 դոլար)։ Ոչ։ Վախենամ, որ էականորեն չի տուժում նաև Ադրբեջանը։ Ո՞վ ասաց, որ մեգաէկոնոմիկայում նավթից ստացված հասույթը ձևավորվում է միայն գնից։ Ի վերջո, գինը դոլարով կամ դոլարով գնանշված արժեթղթերով չի չափվում։ Ի՞նչ գիտեք, որ մեխանիզմներ չկան այդ, այսպես կոչված, արժեթղթերը տպել և ուղարկել նավթարդյունահանող որոշ երկրներին։ Ընդ որում, նավթի գինը մնում է միասնական։ Կամ ինչո՞ւ չի կարելի այդ, այսպես կոչված, կորուստները փոխհատուցել ռազմական մատակարարումներով, ապրանքներով, արտոնություններով և այլն։ Իսկ ահա ում որ պետք չէ, նման «պարգևատրումներ», կարելի է չտալ։ Եվ առաջին հերթին ՌԴ-ին (մինչև կսովորի իրեն ճիշտ պահել ՈՒկրաինայում) և Իրանին։ Իսկ այս երկուսը ՀՀ ամենակարևոր գործընկերներից են։ Հարվածը ռիկոշետով հասնում է Հայաստանին երկու պատճառով։
Առաջին, ՌԴ ռուբլին և տնտեսությունն անկում են ապրում, իսկ Հայաստան ուղարկվող տրանսֆերտները պակասում են։ Առաջ անցնելով ասեմ, որ, այնուամենայնիվ սա չէ դրամի գահավիժման հիմնական պատճառը։ Որքան հասկացա, ըստ ԿԲ տվյալների, հունվար-հոկտեմբերի տրանսֆերտների ծավալը պակասել է մի քանի տոկոսով։ Երկրորդ, Հայաստանը իբրև էներգակիր ներմուծող երկիր պիտի շահեր, քանզի պետք է հսկայական տնտեսումներ ունենար նավթի ու գազի գնումների ժամանակ։ Բայց արի ու տես, որ, նախ, ՌԴ-ից ներմուծվող մեր գազի գինը կապ չունի նավթի գնի հետ (ինչպես, օրինակ, ԵՄ երկրների համար է նախատեսված) և մեր նավթամթերքներ ներմուծող Ռոսնեֆտ-Արմենիան մենաշնորհ ունի։ Իսկ ո՞վ է այս որոշումների պատասխանատուն։ ՀՀ իշխանությունները։ Հիշենք 2013-ի դեկտեմբերի 2-ի գազային համաձայնագիրը (տեսաք, որ քննություն չբռնեց), ինչպես նաև ոչ սակագնային որոշումը Ռոսնեֆտի մենաշնորհի մասով։ Ահա այստեղ է թաղված շան գլխի մի մասը։
Եվ, վերջապես, դրամի կտրուկ արժեզրկման երրորդ պատճառը ԿԲ և մյուս մարմինների պրոֆեսիոնալ գործունեության անբավարար մակարդակն է։ Ինչպես ասվեց, տրանսֆերտներն ու Ռուսաստանի վիճակն ընդհանուր ֆոնն են, որը բերում է դոլարի թանկացմանը: Բայց մենք սպասում էինք կառավարելի, սահուն թանկացում, իսկ դա ԿԲ-ի մոտ ակնհայտ չի ստացվում: Կարծում եմ, այստեղ պրոֆեսիոնալ խնդիրներ կան, կապված Կենտրոնական բանկի գոծունեության հետ: Ոչ ոք չունի մոգական լուծումներ։ Բայց մի քանի քայլ կարող էին վիճակը մեղմել։ Պետք է նկատի ունենալ հետևյալը.
- Ինչպիսի՞ն է վերջին երկու ամսում ամեն օր դրամի զանգվածի և մասսայի դինամիկան, ինչպես նաև դոլարի զանգվածի և մասսայի դինամիկան: Մենք այդպես էլ ԿԲ-ից չլսեցինք, թե ինչքան դոլար կա:
-Այնուհետև, ինչո՞ւ են մարտ-սեպտեմբեր ամիսներին ԿԲ միջազգային պահուստները պակասել ավելի քան 20 տոկոսով։
- Երրորդ հարցը ևս կա, որը նույնպես, եթե մենք իմանանք, կհասկանանք, թե ԿԲ-ն ճիշտ է աշխատել, թե չէ, որը պատասխանում է, թե ինչու սահուն չի լինում: Մասնավորապես, արվել են արդյոք ԿԲ-ի կողմից խոշոր վճարումներ, ասենք, վարկերի գծով:
- Չորրորդ՝ ԿԲ-ն փորձե՞լ է արդյոք կանոնակարգել դոլարի և արտարժույթի կանխիկն ու անկանխիկը բանկերում:
- Հաջորդը՝ փորձել է արդյո՞ք ԿԲ-ն կարգավորել վալյուտայի և դրամի հարաբերակցությունը բանկերում: Խոսքը արտարժույթի բաց և փակ դրությունների նորմատիվի մասին է:
- Վեցերորդ՝ ինչպե՞ս են իրենց պահել մի շարք կարևորագույն, համակարգային ընկերություններ և բանկեր, այդ թվում` ռուսական կամ օտարերկրյա։ Արդյոք չե՞ն փորձել Հայաստանի միջոցով կանխիկ արտահանել:
- Յոթերորդ՝ դոլարի փոխարժեքի այս բարձրացումը կանխիկի պակասի հետևանք է, թե ընդհանրապես դոլարի պակասի հետևանք է:
- ՈՒթերորդ, քանի անգամ ասել ենք, որ մեգաէկոնոմիկայի դարում ճիշտ կլինի, որպեսզի բնակչությունը ԿԲ-ում անմիջականորեն դեպոզիտներ դնելու հնարավորություն ունենա։ Չի արվել։
- Իններորդ, մեգաէկոնոմիկայի դարում ԿԲ-ն պետք է տնտեսավարող սուբյեկտներին վարկավորելու հնարավորություն ունենա։ Չի արվել։ Մոռացեք երկհարկանի բանկային համակարգի մասին դասական պատկերացումները։ Ձեր հիշողությունից ջնջեք դասական դիխոտոմիան։
- Տասներորդ, ինչո՞ւ պետական պարտատոմսերի վաճառքը շեշտակիորեն չեն ավելացրել։ Ավելին, վերջին սակարկությունները պարզապես ձախողել են։ Ինչո՞ւ։ Մեծացնեիք տոկոսը կամ պարտատոմսերը գրավիչ դարձնեիք։ Ի դեպ, ինչո՞ւ դրանք անմիջականորեն բնակչությանը չեն վաճառվում։
- Տասնմեկերորդ, ինչո՞ւ է դոլար-դրամ սակարկությունն իրականացվում միայն մեկ հարթակում (Nasdaq Omx)։ Ահա սրանք են բերում մենաշնորհները։
- Տասներկուերորդ, ինչո՞ւ կտրուկ չի բարձրացվել վերաֆինանսավորման տոկոսադրույքը (ընդհակառակը վերջին ամիսներին այն իջել է), ինչո՞ւ միջոցներ չեն նախատեսվել դրամական ներարկումները սահմանափակելու առումով, ինչո՞ւ են վարկերը, փողի բազայի և զանգվածի ցուցանիշները վերջին շրջանում աճել շատ ավելի արագ տնտեսության աճի տեմպերի համեմատ։
Այս հարցերի պատասխանները մենք չենք ստացել: Միայն սրանց պատասխանը թույլ կտա հասկանալ, թե ինչ կարելի է անել։ Իսկ մինչ այդ, ներեցեք, պետք է շտապ սահմանափակել աշխատավարձի վճարումները, սառեցնել խոշոր արժութային դեպոզիտները, դադարեցնել դոլարային վարկերը բանկերի կողմից, արգելել բանկերին, այսպես կոչված, կամավոր հիմունքներով վերաձևակերպել ավանդային պայմանագրերը և այլն։ Կանե՞ք։
Հ. Գ. Ավելորդ չէ նշել, որ նման մի իրավիճակ էլ ունեցել ենք 1993-ին, երբ Տ.Սարգսյանի գլխավորած դրամի ներմուծման եռյակը կատարել էր փոխարժեքի սխալ հաշվարկներ և չէր նախատեսել դրամի ու դոլարի ազատ սակարկություն։ Իբրև կառավարություն՝ նախաձեռնեցինք ԳԽ քննարկումներ և հայտարարեցինք, որ պատրաստ ենք մեզ վրա վերցնելու նոր ներդրված դրամի փոխանակման արժեքը կայունացնելու պատասխանատվությունը։ Կարծեմ հենց դեկտեմբերի կեսերն էր։ Այդ իրավունքը ստացանք, անմիջապես նախաձեռնեցինք դոլարի բորսային վաճառք միանգամից 3 կետերում և իրավիճակը կայունացրինք արդեն դեկտեմբերի վերջին։ Իսկ հիմա՞։ Մի բան պարզ է։ Կունենանք կենսամակարդակի 30%-ոց անկում և աղքատության ցուցանիշի բարձրացում մինչև 46-50%։

Դիտվել է՝ 2080

Մեկնաբանություններ