Արմատական ընդդիմության` Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքային ակտիվության վերականգնման հետ մեկտեղ կրկին հրապարակ եկավ և սկսեց շրջանառվել արտահերթ ընտրությունների գաղափարը։ Ընդ որում, ըստ ընդդիմության հայտարարությունների, ակտիվություն են դրսևորում նաև Հայաստանում հավատարմագրված արևմտյան դեսպանները, փորձում համոզել իշխանությանը` անցկացնելու առնվազն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Առաջին հայացքից այս առաջարկը տրամաբանական է` երկու տարի ձգվող ներքաղաքական լարվածությունը թոթափելու տեսանկյունից։ Սակայն, եթե անգամ նախագահը ցանկանա, ապա խորհրդարանի լուծարումն այդքան էլ հեշտ բան չէ, և խնդիրներ կարող են առաջանալ իշխանության ներսում ստեղծված հակասական իրադրության պատճառով։
Իսկ այդ հակասությունն այն է, որ, Տիգրան Սարգսյանին վարչապետի պաշտոնում նշանակելով, գործող նախագահը, փաստորեն, տնտեսական կյանքի կանոնակարգման խնդիր դրեց։ Այլ հարց է, թե ինչ հաջողություններ է կարողացել արձանագրել վարչապետն այդ դաշտում, բայց ակնհայտ է, որ նրա նպատակը մոնոպոլիաների վերացումն է, նորմալ շուկայական, մրցակցային տնտեսության ստեղծումը։ Սա էլ աստիճանաբար դարձավ այն «կարմիր թելը», որը վարչապետին բաժանում է խորհրդարանական մեծամասնությունից` ԲՀԿ-ից և ՀՀԿ պատգամավորական կազմի զգալի մասից։ Որովհետև խորհրդարանում նստած են հենց մոնոպոլիաների տիրապետողները կամ նրանց դրածոները, ու պատահական չէ, որ անգամ ՀՀԿ-ի շարքերն անցնելուց հետո Տիգրան Սարգսյանի համար ամենևին էլ հեշտ չէ խորհրդարանում որևէ որոշում անցկացնելը։ Վերհիշենք թեկուզ վերջին քննարկումները հարկային փաթեթի շուրջ, երբ այդ փաթեթի քննադատությամբ հանդես էին գալիս ոչ միայն խորհրդարանական ընդդիմությունը, ինչը բնական է, այլև նույն իշխանական կոալիցիայի մեջ մտնող պատգամավորները և նույն ինքը` Ազգային ժողովի նախագահը։ Վերջին տարվա ընթացքում Հայաստանում տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի երկրորդ նախագահն է հեռանում պաշտոնից, ինչն էլ ներիշխանական սուր պայքարի ցուցանիշ է։ Այսինքն, մոնոպոլիաների տերերը ոչ մի կերպ չեն ուզում համակերպվել հավասար, մրցակցային տնտեսական դաշտում հայտնվելու հեռանկարին։ Նույն այս համատեքստում պետք է դիտարկել նաև որոշ լրատվամիջոցներով կառավարության ղեկավարի դեմ սանձազերծված քարոզչական պատերազմը, որն ակնհայտորեն նպատակ ունի մթնոլորտ ձևավորելու Տիգրան Սարգսյանի հրաժարականի համար։ Եվ քաղաքական դաշտում շրջանառվող լուրերի համաձայն, այդ ողջ գործընթացի հիմնական համակարգողը Հովիկ Աբրահամյանն է։
Ընդհանրապես Ազգային ժողովի նախագահը մի ամբողջական առանձին էպոս է (որի սյուժեն առանձին վերլուծության թեմա է)։ Խորհրդարանի խոսնակի պաշտոնը նա ստանձնեց ԱԺ-ի «դերակատարությունը բարձրացնելու առաքելությամբ»։ Եվ առաջին որոշումը, որ ծագեց նրա գլխում, խորհրդարանի բակում եկեղեցի կառուցելն էր։ Հետո գաղափարը մեռավ, որովհետև ինչ-որ մեկը, երևի, բացատրեց եկեղեցասեր գործչին, որ փակ, պահպանվող տարածքում չգործող եկեղեցի կառուցելը որևէ իմաստ չունի, մանավանդ տնտեսական ճգնաժամի պայմաններում։ Ինչպես նաև խնդիր կառաջանար եկեղեցին քահանայով ապահովելու, և այդ ժամանակ հարկ կլիներ դիմելու Մայր Աթոռին` որևէ հոգևորականի խորհրդարան գործուղելու առաջարկով։ Չիրագործված եկեղեցու գաղափարը Հովիկ Աբրահամյանը փոխարինեց հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին հուշարձան կանգնեցնելով։ Անշուշտ, Երվանդ Քոչարի «Դավիթը» բարձրարժեք գեղարվեստական ստեղծագործություն է, բայց այդպես էլ պարզ չէ, թե բովանդակային առումով ինչ կապ ունի այն հոկտեմբերի 27-ի հետ։ Ինչևէ, այս նախաձեռնությունն էլ չբարձրացրեց խորհրդարանի խոսնակի հանրային հեղինակությունը, թեպետ արձանի հեղինակը Քոչարն էր։
Ըստ այդմ, Հովիկ Աբրահամյանը որոշեց ԱԺ նախագահի պաշտոնը համատեղել մանկավարժական գործունեության հետ, և հիմա ամեն քառօրյայի մի խումբ դպրոցականներ այցելում են խորհրդարան, շրջում շենքում, հանդիպում հատկապես ԱԺ նախագահի հետ և լսում նրա «խորիմաստ» դատողությունները քաղաքականության, տնտեսության, ընդհանրապես կյանքի ու արվեստի մասին։ Սակայն մանկավարժական գործունեության ոլորտում էլ ԱԺ նախագահի ձեռքբերումները կարծես մեծ չեն, ի վերջո, դպրոցականներին ի՞նչ հետաքրքիր են պետական գործչի «խորիմաստ» մտքերը, երբ ամենօրյա կյանքում բախվում են ասվածին ճիշտ հակառակ երևույթներին։ Եվ ահա «չար լեզուների» պնդմամբ, դպրոցների վրա արդեն պլան է դրված, թե ովքեր որ օրը պետք է լսարան ապահովեն խորհրդարանի խոսնակի համար։ Եվ այստեղ ինչպես չհիշես ծերուկ վրացու մասին անեկդոտը, որը կոնսերվատորիայի ճանապարհը հարցնող երիտասարդին պատասխանում է. «Գործով զբաղվիր, տղա՛ ջան»։
Մի կարևոր գործում, սակայն, ԱԺ նախագահը հաջողել է, և հենց դա էլ դառնալու է խոչընդոտ խորհրդարանի հնարավոր լուծարման համար, եթե հանրապետության նախագահը նման որոշում կայացնի։ Խնդիրն այն է, որ «խորհրդարանի դերի բարձրացման առաքելությունն իրագործելու» ընթացքում Հովիկ Աբրահամյանը կարողացել է այնքան գործնական վերահսկողություն հաստատել ԱԺ մեծամասնության նկատմամբ, որ, շատերի պնդմամբ, այդ մեծամասնությունն ավելի շատ նրանն է, քան Սերժ Սարգսյանինը։ Այսինքն, ԱԺ խոսնակի շուրջ են համախմբված պատգամավորների այն շերտը, հիմնականում ԲՀԿ, մասամբ ՀՀԿ խմբակցություններից, և որոշ անկախ պատգամավորներ, ում համար խորհրդարանի լուծարումը համարժեք է քաղաքական դաշտից դուրս մղվելու վտանգի` բիզնեսի համար համարժեք հետևանքներով հանդերձ։ Ակնհայտ է, որ ներկա խորհրդարանի լուծարմանը հազիվ թե ընդդիմանան «Ժառանգությունը», ՕԵԿ-ը կամ ՀՅԴ-ն, որոնց կշիռն Ազգային ժողովում բավականին համեստ է։ Այս ուժերից յուրաքանչյուրն արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում սկզբունքորեն ունի անհրաժեշտ պոտենցիալ նոր ընտրություններում այսօրվանին գրեթե համարժեք հաջողության հասնելու համար։
Ամեն ինչ այլ է ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի օլիգարխացված հատվածի պարագայում։ Նախ, արտահերթ խորհրդարանական ընտրությունների խնդիրն առարկայական դառնալու դեպքում առաջին բանը, որ կանեն հանրապետականները, գործող կառավարող կոալիցիայի լուծարումն է։ Որովհետև արտահերթ ընտրությունների դեպքում կստեղծվի նոր իրավիճակ և կոալիցիայի ներկայիս կուսակցություններից յուրաքանչյուրն աշխատելու է «своя рубашка ближе к телу» սկզբունքով։ Այսինքն, այդ իրավիճակում հանրապետականները պիտի աշխատեն իրենցով անել վարչական ռեսուրսը, որը ցանկացած իշխանական կուսակցության համար կարևոր բաղադրիչ է ընտրություններում հաջողության հասնելու առումով։ Շատ քիչ է հավանականությունը, որ խորհրդարանի լուծարման դեպքում ՀՀԿ-ն կհամաձայնի գործող կոալիցիան վերածել նախընտրական միավորման կամ դաշինքի և ՕԵԿ-ի ու ԲՀԿ-ի հետ համատեղ մասնակցել ընտրություններին։ Իսկ այդ պարագայում ակնհայտ է, որ առանց վարչական ռեսուրսի աջակցության ոչ այնքան ՕԵԿ-ը, որքան ԲՀԿ-ն չեն կարողանա այսօրվա կշիռն ունենալ ապագա խորհրդարանում։
Բուն ՀՀԿ-ի ներսում կստեղծվի նոր իրադրություն, երբ առաջանա կուսակցական նախընտրական ցուցակի ձևավորման խնդիրը։ Եվ այս պարագայում բոլորովին չի բացառվում, որ այսօր կուսակցական ցուցակով պատգամավորական մանդատի տեր դարձած տարաբնույթ հանրապետական «գործիչներ» այլևս տեղ չունենան այդ ցուցակում։ Այսինքն` վերոնշյալ խնդիրը բոլորովին այլ լուծում կարող է ունենալ, եթե, ասենք, Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը հիմնական դերակատարություն ունենան նոր ցուցակը ձևավորելիս։ Բնական է, որ ՀՀԿ խմբակցության շատ անդամների «խաղից դուրս մնալու» հեռանկարն այսօր ստիպում է իրականում գտնվել ԱԺ նախագահի ազդեցության ուղեծրում, իսկ դա նշանակում է, որ այդ շերտն ամեն ինչ կանի նախագահին խորհրդարանի լուծարման առիթ չտալու համար։ Ըստ այդմ, ԱԺ նախագահի և կառավարության ղեկավարի միջև պայքարը նաև այս հարթության վրա է, և պատահական չէ հրապարակ նետված վարչապետափոխության թեզը, ինչն «ավելի նպատակահարմար» է համարվում, քան ԱԺ-ի լուծարումը։ Միանգամայն պարզ է, սակայն, թե ում համար է դա ավելի նպատակահարմար, որովհետև ավելի հեշտ է ազատվել մեկ մարդուց, քան թույլ տալ, որ նրա գործունեության հետևանքով կառավարող կուսակցության մեջ տեղի ունենա ազդեցության աստիճանի կամ թիմային փոփոխություն։
Անշուշտ, կան նաև կենցաղային հանգամանքներ։ Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչներից բոլորը չէ, որոնք բիզնես ունեն։ Կան այնպիսիները, որ ժամանակի ընթացքում ի վիճակի չեն եղել ծանրակշիռ սեփականության տեր դառնալու, և պատգամավորական մանդատը նրանց համար պարզապես ընտանիք պահելու միջոց է։ Եվ այս շերտն էլ իշխանության վերևում որոշում կայացնելու պարագայում անգամ աշխատելու է ներքևում տորպեդահարել այդ որոշումը` սեփական կենսական շահերից ելնելով ու այդպիսով վերածվելով օլիգարխիայի դաշնակցի։ Կա այսպիսի մի հին անեկդոտ` փետրվարի 23-ին պաշտոն ու փող ունեցող տղամարդիկ նվեր են ստանում թանկ օծանելիք, շվեյցարական ժամացույց կամ գոնե ոսկեզօծ կրակվառիչ, իսկ փող ու պաշտոն չունեցողները` անծակ գուլպաներ կամ ուրագ։ Մեր ժողովրդի ընտրյալներն արդեն վարժվել են լավ նվերներ ստանալուն, և նրանց հետ վարժեցնելը խիստ բարդ ու աշխատատար գործ է։ Այնուհանդերձ, վիճակն անհույս չէ և անհրաժեշտ վճռականություն դրսևորելու դեպքում նախագահը, իհարկե, կարող է ԱԺ-ն լուծարելու որոշում կայացնել, եթե գործում է վարչապետի հետ համաձայնեցված, և նրանք ունեն պահեստում պատրաստած թիմ, այսինքն` նոր մարդկանց ցուցակ, որոնց գլխավորելով էլ կարող են մտնել նոր ընտրարշավի մեջ ու հաղթել։
Վ. ՍԱՀԱԿՅԱՆ