ԿԱՐՃ_ԿՈՆԿՐԵՏ
Ավտոմեքենայի մեջ ամրագոտիները կապելու մասին անցած շաբաթ վարչապետի պարտադրանք-հորդորը վարորդներն ականջի հետև գցեցին։ Սրանում համոզվելու համար բավական է հետևել երթևեկությանը։ Այլ կերպ ասած, մեր բնակչության այն հատվածը, որը ավտոմեքենա ունի` բարեխղճորեն ընդունեց, որ իրենք առնվազն «լոպպազներ» են, քանի որ վարչապետն այսպես էր անվանել նրանց, ովքեր հրաժարվում են այդ կարգը պահելուց։ Չնայած այն բանին, որ կառավարության նիստից հետո (օգոստոսի 13-ին) մեզ հետ զրույցում գլխավոր ոստիկանապետի տեղակալ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ խոսք տվեց վարչապետի պահանջին հետևել։ Եվ, քանի որ օրինապահության հարցում հասարակության համար օրինակ պետք է ծառայի ճանապարհային ոստիկանությունը, նիստից հետո զրուցեցինք գլխավոր ոստիկանապետի տեղակալի հետ։
-Արդյոք ամրագոտիներ կապո՞ւմ են ոստիկանները, և որքանո՞վ են նրանք օրհնապահ։ Ո՞րն է երաշխիքը, որ այս կարգը կպահպանվի։
-Վարչապետը, պարզապես ցուցում տվեց, որ ամրագոտիների կիրառումը սկսվի ոստիկանության աշխատակիցներից։ Այդ ցուցումը ես ներկայացնելու եմ և անձամբ պետք է օրինակ ծառայեմ։
-Մինչ այս ցուցումը այս և այլ օրենքներ նույնպես պարտադիր են եղել։ Դրանք վերաբերել են ոչ միայն ամրագոտիներին, այլև ընդհանրապես ճանապարհատրանսպորտային խնդիրներին։ Անգամ ՀՀ նախագահի ցուցումներն են եղել դրանք պահպանել։ Սակայն օրենքը պահպանվել է մեկ ամսով։ Ինչո՞ւ մեզ մոտ ցանկացած օրենքի կիրառում մեկ ամիս է տևում։
-Կարծում եմ` այս որոշումը երկարատև է լինելու, և մենք հաղթահարելու ենք այն։
-Ամեն դեպքում, ինչո՞վ է պայմանավորված, որ մեկ ամիս է տևում օրենքի կիրառումը։
-Երևի ոչ հետևողականությամբ։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ
Հ. Գ. -Նկատենք, որ վարորդները նշված օրենքի կիրառման վերաբերյալ իրենց տեսակետն ունեին. «Անվտանգության ամրագոտիների պահանջը երևի թե ինչ-որ մեկի շահերից է բխում։ Կամ, ավելի ճիշտ է ասել, ազդեցիկ մեկը Հայաստան է ներմուծել նոր ամրագոտիներ, և դրանք պետք է իրացվեն»։ Հնչեցին նաև այլ կարծիքներ. «Երևի թե փողերը պակասել են, և տուգանքների միջոցով փող են ուզում աշխատել»։ Ոչ պաշտպանելով, ոչ էլ հերքելով որևէ տեսակետ, ուղղակի զարմանում ես մեր հայրենակիցների մտածողության վրա` սեփական անվտանգությունից վեր են դասում ֆիքստուլությունը։