ՏԽՈՒՐ ՈՒ ՁԱՆՁՐԱԼԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՇՈՒՆ
Չնայած ամառային սեզոնին, ընդդիմություն-իշխանություն փոխհարաբերություններում հնարավոր զարգացումները, այնուհանդերձ, կարևոր են, այսպես ասած, աշնանային քաղաքական օրակարգի ձևավորման առումով։ Ակնհայտ է նաև, որ օբյեկտիվորեն մի շարք խնդիրներ դուրս են մնալու ընդդիմության զինանոցից, քանզի ժամանակավորապես կորցնելու են ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքական և հասարակական հրատապությունը Հայաստանի կյանքում։ Ամառային արձակուրդներից առաջ արմատական ընդդիմության կողմից իշխանության դեմ ուղղված քաղաքական քարոզչության մեջ առանցքային նշանակություն ունեցող գրեթե բոլոր թեմաներն աշնանն արդեն կունենան երկրորդական նշանակություն։
Ընդդիմության կողմից առանձնակի շեշտադրվող թեմաներից մեկը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն է, մասնավորապես` մադրիդյան սկզբունքների բացահայտումն ու դրան հետևած զարգացումները։ Սակայն ընդդիմության կանխատեսումը, որ Հայաստանի իշխանությունները հարկադրված կլինեն գնալու հայկական կողմերի համար պարտվողական բնույթի փաստաթղթի ստորագրման, գարնանն ու ամռանն իրականություն չդարձան։ Միաժամանակ ակնհայտ է, որ կարգավորման գործընթացն ինքնին մտնում է լճացման փուլ, քանզի միջնորդներին չհաջողվեց Ադրբեջանին ու Հայաստանին հանգեցնել փոխզիջումային որևէ լուծման շուրջ համաձայնության։ Այն հանգամանքը, որ համանախագահներն ընդմիջում են վերցնում մադրիդյան սկզբունքները կատարելագործելու համար, ինչպես նաև Մեթյու Բրայզայի վերջին հայտարարությունը, թե Հայաստանի իշխանությունները չեն պատրաստվում միակողմանի զիջումների դիմել, ըստ էության, փակում են աշնանը ղարաբաղյան թեման կրկին հրատապ դարձնելու և շրջանառության մեջ դնելու ընդդիմության հնարավորությունները։
Իշխանության առավել խոցելի «գարշապարը» վերջին շրջանում հայ-թուրքական հարաբերություններն էին։ Այս իմաստով էլ քննադատության պակաս չկար ինչպես Հայ ազգային կոնգրեսի, այնպես էլ դաշնակցության կողմից։ Եվ չնայած այն հանգամանքին, որ հայտնի «ճանապարհային քարտեզի» ստորագրումն իշխանությանը դրեց բավական խոցելի իրավիճակում, այնուհանդերձ, հետագա ամիսներին գործընթացը զարգացում չունեցավ։ Անկախ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից կամ ցանկությունից` Թուրքիան բազմաթիվ պատճառների ու ազդեցությունների արդյունքում ակնհայտորեն չի գնալու սահմանի բացման։ Այս իմաստով չի բացառվում, որ Հայաստանի իշխանությունների նախաձեռնած «ֆուտբոլային դիվանագիտությունը» տապալվի, բայց դրանում ընդդիմությունն իշխանություններին մեղադրելու լուրջ հիմքեր չի ունենա, քանի որ գործընթացը լճացել է Թուրքիայի դիրքորոշման պատճառով։ Այսպիսով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեման ևս խոստումնալից չէ աշնանային քաղաքական օրակարգում ընդդիմության կողմից օգտագործվելու առումով։ Այս համատեքստում չի բացառվում, որ օրակարգից դուրս կգա նաև արտգործնախարարի հրաժարականի վերաբերյալ դաշնակցության պահանջը։
Մարտի 1-ից հետո անցած ժամանակահատվածում իշխանության դեմ իրականացվող քաղաքական քարոզչության մեջ ընդդիմությունն առանձնակիորեն էր շեշտադրում ձերբակալված ընդդիմության ներկայացուցիչներին (քաղբանտարկյալներին) ազատ արձակելու խնդիրը։ Սա, իսկապես, հրատապ հարց է և բավականին խոցելի է դարձնում իշխանությանն արտաքին դաշտում, հատկապես եվրոպական կառույցների հետ փոխհարաբերություններում։ Սակայն մեկ տարվա ընթացքում ընդդիմության այս հիմնական պահանջներից մեկը, եթե ոչ ամբողջությամբ, համենայն դեպս, մեծ մասամբ բավարարվեց։
Եթե անգամ մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված կալանքի տակ են մնում ևս մի քանի մարդ, ապա բոլորովին չի բացառվում, որ առաջիկայում նրանք էլ կհայտնվեն ազատության մեջ կամ նախագահի ներում շնորհելու, կամ էլ խափանման միջոցի փոփոխման ճանապարհով։ Այդ նորմը, համենայն դեպս, կիրառվեց հատուկ գնդի նախկին հրամանատար Համլետ Հովհաննիսյանի նկատմամբ, խոսակցություններ են շրջանառվում, որ խափանման միջոցի փոփոխման ճանապարհով ազատության մեջ կհայտնվեն նաև մի քանի այլ ընդդիմադիրներ։ Այսպիսով, այս խնդիրն էլ կարծես դուրս է գալիս ընդդիմության օրակարգից, և աշնանային զարգացումները խթանելու համար ընդդիմությունն առաջին հայացքից չունի անհրաժեշտ հրատապ գաղափարախոսական ռեսուրսներ։
Եվ դա էլ հենց տարօրինակ է, մասնավորապես, տնտեսական անբարվոք վիճակում գտնվող Հայաստանի պայմաններում, երբ համաշխարհային տնտեսական ճգնաժամն էլ իր հերթին է լուրջ խնդիրներ ստեղծում իշխանությունների համար։ Սկզբունքորեն անցած տարվա ընթացքում իշխանությանն իրականում շատ քիչ բան է հաջողվել տնտեսության ոլորտում։ Պետությունը, փաստորեն, գործում է արտակարգ տնտեսական վիճակի ռեժիմում, երբ գոտին ձգելու ճանապարհով կարողանում է միայն ապահովել ամենաանհրաժեշտ բյուջետային մուտքերը։ Իշխանության համար, անշուշտ, շունչ քաշելու հնարավորություն էին Համաշխարհային բանկի և Ռուսաստանի տրամադրած բավականին լուրջ վարկային ռեսուրսները, բայց դրանք սկզբունքորեն դժվար է ձեռքբերում համարել։ Դա պարտք է, որը տոկոսներով հանդերձ նստելու է ապագա սերունդների ուսերին, մանավանդ որ Հայաստանում, որպես կանոն, առկա է վարկային միջոցների արդյունավետ օգտագործման պրոբլեմ։
Իշխանությունն առանձնակի ձեռքբերումների չի հասել նաև իր հռչակած ինստիտուցիոնալ բարեփոխումներում, որոնք վերամբարձորեն անվանվում են երկրորդ սերնդի բարեփոխումներ։ Համենայն դեպս, անցած ժամանակահատվածում, աննշան տեղաշարժերից բացի, որևէ լուրջ բեկում տեղի չի ունեցել կառավարման համակարգի գործունեության բարելավման առումով։ Կոռուպցիան խոշոր ծավալներով շարունակում է գոյություն ունենալ պետական կառավարման գրեթե բոլոր օղակներում, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ պարզ խնդիր լուծելու համար Հայաստանում քաղաքացին շարունակում է բախվել կոռուպցիոն բյուրոկրատական ահռելի մեխանիզմի հետ` իր իրավունքների անընդհատ ու շարունակական ոտնահարումով։ Առանձնակի լուրջ տեղաշարժ չկա ստվերային տնտեսության կրճատման մասով։ Համենայն դեպս, մինչ օրս հարկային եկամուտները թաքցրած որևէ տնտեսավարող լուրջ պատասխանատվության չի ենթարկվել։ Տնտեսական դաշտի առևտրային հատվածը ստվերից դուրս բերելու հարաբերականորեն հաջող ակցիա կարելի է համարել ՀԴՄ կտրոնների շահումների հետ կապված ակցիան, որը, ըստ պաշտոնական տվյալների, մի քանի անգամ մեծացրել է առևտրային սեկտորից գանձվող հարկերի չափը, սակայն, այնուամենայնիվ, ավազահատիկ է ծովի մեջ։ Իշխանությունների խոստումներն այս ամռան ընթացքում բազմահազար, թեկուզ ժամանակավոր աշխատատեղեր ստեղծելու մասին, հատկապես շինարարության ոլորտում, իրականություն դարձան շատ մասնակիորեն, այն էլ, փաստորեն, միայն աղետի գոտու որոշակի մասով։ Բավրա-Մեղրի տարածաշրջանային նշանակության ավտոճանապարհի կառուցումը, որի վերաբերյալ խոսում էին իշխանական տարբեր «կալիբրի» չինովնիկներ, վարկային միջոցների բացակայության պատճառով առայժմ իրականություն չի դառնում։ Նույնը կարելի է ասել Իրան-Հայաստան երկաթգծի կարևոր, բայց, փաստորեն, միայն անորոշ հեռանկարում իրականանալիք ծրագրի մասին։
Մինչդեռ համաշխարհային տնտեսական ճգնաժամն անում է իր գործը, և Հայաստանում, ինչպես ամենուրեք, աշխատատեղեր են կրճատվում, զգալիորեն պակասել են արտերկրից Հայաստան փոխանցվող տրանսֆերտները։ Ճիշտ է, իշխանությունների բախտը բերեց, որ տնտեսական ճգնաժամի պատճառով Ռուսաստանից և ԱՊՀ այլ երկրներից Հայաստան չվերադարձան բազմահազար գործազուրկները, վերադարձածների մոտավոր տոկոսը շատ ավելի ցածր է սպասվածից։ Բայց, այնուհանդերձ, խնդիրները երկրում ոչ միայն չեն նվազել, այլև սկզբունքորեն ավելացել են։ Ցանկացած ընդդիմություն միայն կօգտվեր նման իրավիճակից, կփորձեր իշխանության գործողություններին իբրև այլընտրանք ներկայացնել իր սեփական տնտեսական ծրագիրը, որտեղ հասարակ բնակչությանը հասկանալի լեզվով շարադրված կլինեն տարբեր ուղղություններով բոլոր այն քայլերը, որոնք հնարավոր է անել տնտեսական իրավիճակը բարելավելու նպատակով։ Սակայն անցած երկարատև ժամանակահատվածում ընդդիմությունն այդպիսի ծրագիր չներկայացրեց` չնայած նրա շարքերում իրենց մասին մեծ կարծիք ունեցող «լուրջ տնտեսագետների» առկայությանը։ Սա նշանակում է, որ իշխանության դեմ իրական հիմքերի վրա իրական պայքար սկսելու ոսկե հնարավորությունը, որ ընդդիմությանը մատուցել է համաշխարհային ճգնաժամը, այս աշնանն էլ հազիվ թե օգտագործվի։ Չնայած անգամ այն հանգամանքին, որ տարբեր տնտեսական փորձագետներ աշնանը երկնիշ տնտեսական անկում են կանխատեսում, ինչն էլ սկզբունքորեն պետք է ավելի ամրապնդեր ընդդիմության դիրքերը։ Սակայն այս պարագայում հաստատ կարելի է ասել, որ ընդդիմությունն այդ հնարավորությունն օգտագործել չի կարողանա այն պարզ պատճառով, որ սեփական տնտեսական ծրագիր չունի։ Այսինքն` տնտեսական ճգնաժամից դուրս գալու իրական ելքերի մասին պատկերացում ընդդիմության մեջ չկա։ Իսկ դա այսօր բնակչության համար ամենակարևորն էր։ Հետևաբար, սպասվում է տխուր ու ձանձրալի քաղաքական աշուն։
Վ. ՍԱՀԱԿՅԱՆ