Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է

Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է
27.04.2024 | 19:39

Իշխանությունների կողմից նախաձեռնված սահմանագծման և սահմանազատման կեղծ գործընթացի, միակողմանի զիջումների դեմ Տավուշի մարզում քաղաքացիների կողմից օրեր շարունակ ընթացող բողոքի ակցիան լուսաբանող լրագրող, NewDay.am կայքի խմբագիր, լրագրող Անի Գևորգյանի և նրա հետ իր մասնագիտական աշխատանքը կատարող օպերատոր Ջանիբեկ Խաչատրյանի նկատմամբ ոստիկանության ծառայողները բիրտ ուժ են կիրառել։
Մասնավորապես, Կիրանցից Իջևան ուղևորվելիս, դիմակավորված ուժայինները կանգնեցրել են նրանց տեղափոխող ավտոմեքենան և լրագրողների անձը ստուգելու անվան տակ, բառի բուն իմաստով՝ ասֆալտին են պառկեցրել օպերատոր Ջ․ Խաչատրյանին՝ արհամարհելով Ա․ Գևորգյանի բազմաթիվ զգուշացումները՝ իրենց՝ մամուլի ներկայացուցիչ լինելու մասին։
«Տավուշի բնակիչներից մեկի՝ Միհրան Մախսուդյանի տղայի մեքենայում էինք, որին խնդրել էինք մեզ Իջևան տանել: Ճանապարհային ոստիկանությունը մեքենան կանգնեցրեց, որից հետո Ոստիկանության 6-րդ վարչության տղաները՝ դիմակավորված, Մախսուդյանի տղային ու մեր լրատվամիջոցի օպերատորին՝ թևերը ոլորելով, պառկացրեցին ասֆալտին, փորձեցին տանել, իմ բարձրացրած աղմուկից հետո միայն Ջանիբեկ Խաչատրյանին թողեցին»,- մեզ հետ զրույցում պատմեց Անի Գևորգյանը։
Ներկայացված տեսանյութում տեսանելի է՝ ինչպես են բռնություն գործադրելով՝ գետնին գցում օպերատորին:
Ակնհայտ է, որ իշխանությունները հերթական անգամ ուժային կառույցներն օգտագործելով՝ որպես հանրությանը, պայքարի դուրս եկած քաղաքացիներին ահաբեկելու բութ գործիք, հիմա էլ թիրախավորում են լրագրողներին՝ փորձելով այդպիսով սահմանափակել Տավուշում բողոքի գործողությունների լուսաբանման գործընթացը։ Անկախ այն հանգամանքից, որ այդ փորձերը չեն կարող հաջողության հասնել, տեղի ունեցածը խոսքի ազատության և լրագրողների աշխատանքի ոտնահարման կոպտագույն դրսևորում է, որը չէր կարող կատարվել առանց քաղաքական իշխանության հանձնարարության և/կամ համաձայնության։
Հայաստանի Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է սահմանամերձ բնակավայրերի բողոքի արդարացի գործողությունները լուսաբանող լրագրողների նկատմամբ իշխանությունների կողմից կիրառվող անթույլատրելի, լրագրողի գործունեությունը խոչընդոտող բռնության այս դեպքը: Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է, և այդպիսի արարք կատարած ցանկացած անձ պետք է պատասխանատվության ենթարկվի:
Մարդու իրավունքների պաշտպանից, պատկան բոլոր կառույցներից պահանջում ենք քննության առարկա դարձնել կատարվածը, իսկ Հայաստանում ժողովրդավարության իրավիճակով, մարդու իրավունքների ու խոսքի ազատության հարցերով զբաղվող տեղական ու միջազգային կազմակերպություններին կոչ ենք անում հերթական անգամ աչք չփակել մամուլի, ազատ խոսքի, լրագրողի մասնագիտական աշխատանքի դեմ ուղղված խայտառակ այս գործողության վրա։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

27.04.2024 թ.

Դիտվել է՝ 2352

Մեկնաբանություններ