Օդեոն սրճարանի մի անկյունում սովորաբար միայնակ նստած էր լինում մի երիտասարդ' շագանակագույն փոքրիկ մորուսով, ակնոցի հաստ ապակիների հետևում մուգ, զգաստ աչքերով. ինձ ասել էին, որ անգլիացի շնորհալի գրող է։ Երբ մի քանի օր հետո ծանոթացա Ջոյսի հետ, նա կտրականապես ժխտեց իր անգլիացի լինելը։ Ինքն իռլանդացի է, թեև գրում է անգլերեն, միևնույն է, մտածում է ո՛չ անգլերեն և չի էլ ուզում մտածել անգլերեն։
«Կուզեի ունենալ մի լեզու, որ բարձր լիներ բոլոր լեզուներից, լեզու, որին ծառայեին բոլոր մյուսները։ Անգլերենով չեմ կարողանում լիարժեք արտահայտվել' առանց որևէ ավանդույթ պահպանելու»,-ասաց։
Որքան շատ էի նրան ճանաչում, այնքան ապշում էի լեզուների նրա իմացությամբ: Նրա գլխում ասես խտացված էին բոլոր լեզուների բոլոր բառերը, և նա հրաշալի խաղում էր բոլորով: Մի անգամ, երբ ինձ հարցրեց, թե ինչպես գերմաներենի կվերածեմ «Արվեստագետի դիմանկար»-ից մի դժվարին նախադասություն, փորձեցինք միասին դա անել իտալերեն և ֆրանսերեն։
Մեկ բառի համար նա յուրաքանչյուր լեզվում գտնում էր չորս կամ հինգ բառ' ներառյալ բարբառային բառերը, և գիտեր դրանց իմաստների բոլոր նրբերանգները։
Ինչ-որ ներքին դառնություն հազվադեպ էր հեռանում նրանից. կարծում եմ' հենց այդ խռովքն էր այն ուժը, որը նրա մեջ վերածվում էր հարաճուն էներգիայի, որը բխել էր նախ բանաստեղծության տեսքով։ Նա կարծես սիրում էր իր խստությունը։ Միշտ ինքն իր մեջ ամփոփված մռայլ ուժի տպավորություն էր թողնում։ Եվ հետագայում բոլորովին չզարմացա, որ հենց նա գրեց ամենամենակ, բոլորից հեռու, ասուպի պես մեր ժամանակի մեջ հայտնված ստեղծագործությունը։
(Ստեֆան Ցվայգ. «Երեկվա աշխարհը»)
Ամալյա Ալեքսանյանի (Amalya Aleksanyan) ֆեյսբուքյան էջից