ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«Փոխանցե՛ք կորպուսի հրամանատարին, որ ես գրոհում եմ անվերադարձ»

«Փոխանցե՛ք կորպուսի հրամանատարին, որ ես գրոհում եմ անվերադարձ»
31.07.2023 | 12:11

1877-1878 թ.թ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ հիշատակության արժանի շատ դրվագներ են եղել` Բայազետի գրավումից ու հերոսական պաշտպանությունից, մինչև Անիի ավերակներից ոչ հեռու գտնվող Ալաջա լեռան ստորոտին տարած փայլուն հաղթանակը, որտեղ թուրքական զորքերի հրամանատարը հազիվ փրկվեց գերի ընկնելուց, Արդահանի գրավում և այլն։ Բայց մի դրվագ, որը տեղի ունեցավ Կարսի գրավման ժամանակ, այնուամենայնիվ, ավելի խոր և բարձր գնահատականի կարիք ունի։

Կարսի գրոհը վստահված էր հայազգի փառահեղ զինվորական Հովհաննես Լազարևին։

Ընդհանուր առմամբ, պատերազմի Կովկասյան ռազմաճակատում, որտեղ հիմնական զինվորական դերակատարները հայազգի զորահրամանատարներն էին (Արշակ Տեր-Ղուկասով, Հովհաննես Լազարև, Բեհբութ Շելկովնիկով, Հակոբ Ալխազով, Լևոն Մելիքով, Ստեփան Քիշմիշև)` նշանավոր Միխայիլ Լոռիս-Մելիքովի (Լոռու Մելիքյան) գլխավորությամբ, հաջող ռազմական գործողություններ ծավալեցին թուրքական բանակների դեմ։ Միայն Կարսի անառիկ ամրոցի նվաճումն էր, որ տրվեց մեծ դժվարությամբ։ Կարսի մատույցներում մղված երկարատև մարտերը հաջողություն չէին բերում։ Ռուսական ուժերը կրում էին մեծ կորուստներ։ Կորպուսի հրամանատար Լոռիս-Մելիքովը ամրոցի գրավման գործը հանձնարարում է Լազարևին։ Վերջինիս գործադրած սկզբնական ջանքերը նույնպես անցնում են ապարդյուն։ Ստացվում է Լոռիս-Մելիքովի հրամանը` դադարեցնել ամրոցի պաշարումը և նահանջել, ինչին ի պատասխան Լազարեևն ասում է. «Հայտնե՛ք կորպուսի հրամանատարին, որ ես գրոհում եմ անվերադարձ։ Եթե Կարսը չգրավեմ գիշերը, ապա կվերցնեմ այն ցերեկը կամ կշարունակեմ գրոհը մինչև հաջորդ գիշեր»։

Երկու օր անց` նոյեմբերի 6-ին, հայ կամավորականների առաջապահ ջոկատների ուղեկցությամբ ընթացող Լազարևի զորախմբի գրոհն ավարտվում է հաղթությամբ։

Երբեմն, երբ ինքս ինձ համար փորձում եմ հասկանալ` որն է փառահեղ զորահրամանատարը, առաջինը հիշում եմ Հովհաննես Լազարևին և նրա համառ վճռականությունը. «Փոխանցե՛ք կորպուսի հրամանատարին, որ ես գրոհում եմ անվերադարձ...»:

Կարսի անկումից հետո թուրքերն այլևս դիմադրություն չցուցաբերեցին։ Երկու ամիս անց` հունվարին, խնդրեցին զինադադար։ Փետրվարի սկզբին Լոռիս-Մելիքովի կորպուսն առանց դիմադրության մտավ Կարին (Էրզրում)։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 2736

Մեկնաբանություններ