ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Կոստանդին Թ Մոնոմախ

Կոստանդին Թ Մոնոմախ
23.06.2023 | 17:16

Կոստանդին Թ Մոնոմախը Բյուզանդիայի կայսր է եղել 1042-1055 թվականներին։ Նա ոչնչացրեց Անիի և Կարսի Բագրատունիների թագավորությունները։

Կոստանդին Մոնոմախը ծնվել է 1000 թվականին։ Նա որդին էր Թեոդոսիոս Մոնոմախի։ Թեոդոսիոսը, համաձայն Արիստակես Լաստիվերցու, մայրաքաղաքի գլխավոր դատավորն էր։ Թեոդոսիոսը մասնակցել է Վասիլ Բ կայսրի դեմ կազմակերպված դավադրությանը, մահապատժի է ենթարկվել։ Այդ պատճառով Կոստանդինին հեռու էին պահում կայսերական պալատից։

Մոնոմախը տոհմանունն էր, որ նշանակում է՝ մենամարտող։ Մոնոմախների տոհմը ծագում է հայկական Մակեդոնական դինաստիայից, նրա կրտսեր ճյուղն է։

Մինչ գահ բարձրանալը Կոստանդինը զինվորական ծառայության մեջ է եղել մայրաքաղաք Կոստանդնուպոլսում և գավառներում։

Նա ամուսնացավ Ռոմանոս Գ Արգիրոս կայսրի զարմուհու հետ (երկրորդ ամուսնությունն էր) և պալատական դարձավ։ Ապա նա դարձավ Ռոմանոսի կնոջ՝ Զոյայի ֆավորիտը։ Շուտով գահ բարձրացավ Զոյայի ամուսին Միքայել Դ և Կոստանդինին աքսորեց Լեսբոս կղզի։ Կոստանդինն աքսորում անցկացրեց, քանի դեռ գահին էին Միքայել Դ և Միքայել Ե կայսրերը։ Վերջինիս տապալումից հետո Կոստանդինն ազատ արձակվեց աքսորից, վերադարձավ մայրաքաղաք և ամուսնանալով Զոյայի հետ՝ 1042 թվականի հունիսի 11-ին կայսերական գահ բարձրացավ։ Զոյան այդ ամուսնության ժամանակ արդեն 60 տարեկան էր, կայսրը նրանից փոքր էր մոտ 20 տարով։ Գահ բարձրանալով՝ Կոստանդինն իր կայսերական թագի վրա պատկերեց իր, Զոյայի և նրա քույր Թեոդորայի պատկերները։ Հետագայում այդ թագը նա ուղարկեց Հունգարիայի թագավոր Անդրաշ Ա-ին, որից հետո թագը հայտնվեց Կիևում, որով թագադրվել է Կոստանդինի թոռը՝ Կիևյան Ռուսիայի մեծ իշխան Վլադիմիր Մոնոմախը։

Թե՛ Կոստանդինի, թե՛ Զոյայի համար սա երրորդ ամուսնություն էր, ինչն արգելված էր Բյուզանդիայի օրենքներով։ Կոստանդինի առաջին կինը վաղ է մահացել և նրա մասին ոչինչ հայտնի չէ։ Երկրորդ կինը Ռոմանոս Արգիրոսի քրոջ դուստրն էր՝ հայազգի Վասիլի Սկլերոսի դուստրը։ Նա Կոստանդինին դուստր պարգևեց։

Ալեքսեյ պատրիարքը հրաժարվեց պսակի կարգ կատարել, և պսակը վավերացնելու համար կայսրը պալատ հրավիրեց Սուրբ Սոֆիայի տաճարի քահանաներից մեկին։ Զոյա կայսրուհին հայտարարեց, որ այս ամուսնությունը հարկադրական քայլ է, և դա անում է հանուն պետության։

Ժամանակակից պատմիչները Կոստանդինին նկարագրում են որպես նանրամիտ ու փոքրոգի մարդու։ Նա հակված էր զանազան հաճույքների, թեթևաբարո վարք ուներ, կասկածամիտ էր ու դաժան։ Ագահ էր և ժլատ։ Կարող էր մարդկանց մահապատժի ենթարկել առանց հիմնավորման, միայն կասկածի հիման վրա։ Միաժամանակ՝ նա մեծամիտ չէր, հասարակ մարդ էր, կատակասեր էր։ Անհոգ կյանք էր վարում՝ անգամ չմտածելով սեփական անվտանգության մասին, թույլ չէր տալիս, որ պալատի ներսում իր օթևանն ու ննջարանը հսկեն զինվորները։ Սիրում էր մոլախաղեր։

Նա գրեթե չէր զբաղվում պետական գործերով և ողջ ժամանակն անց էր կացնում զվարճանքների մեջ։

Բյուզանդիայի Կոստանդին Թ Մոնոմախ կայսեր մասին թե՛ հայ, թե՛ բյուզանդական ժամանակագիրները գրում են, որ նա անզուսպ էր սեռական հարցերում։ Լաստիվերցին այսպես է նկարագրում նրան․ «․․․սա զգանծսն զոր ժողովէր, ի բոզից ծախսն վճարէր, և ոչինչ ցաւէր նմա աշխարհի աւերումն, քանզի այնքան պոռնիկ և բոզասեր էր, մինչզի Կոստանդնուպօլսոյ կանամբքն չյագեցաւ, այլ ի հեռաւոր աշխարհաց տայր ածել կանայս, և զօրն ամենայն նոքօք վարանէր»։

Ի դեպ, Հայ առաքելական եկեղեցու հովվապետի դավաճանության արդյունքում Հայաստանը գրաված այս հայազգի կայսրին Գրիգոր Մագիստրոս Պահլավունին կոչում է Սուրբ և քրիստոսապսակյալ ինքնակալ արքա։

Կոստանդին Թ կայսրը մինչև 1050 թվականը իշխեց Զոյայի հետ, իսկ նրա մահից հետո՝ Զոյայի քույր Թեոդորայի հետ համատեղ։

Կայսրի վրա մեծ ազդեցություն ուներ իր սիրուհին՝ հայազգի Մարիա Սկլերոսը, որը կայսրի երկրորդ կնոջ՝ Ելենայի եղբոր դուստրն էր։ Կայսրը Մարիային պալատում առանձին օթյակ էր հատկացրել, և Մարիան հանդիսավոր երթերի ու ընդունելությունների ժամանակ կայսրից, Զոյայից ու Թեոդորայից հետո իր պատվավոր տեղն ուներ։ Դա առաջացնում էր պալատականների դժգոհությունը, որոնք վախենում էին, որ կայսրը կամուսնանա Մարիայի հետ և դարձյալ կմեծանա Սկլերոսների տոհմի ազդեցությունը, որոնք ծագում էին Մամիկոնյաններից։ Մարիայի եղբայրը՝ Ռոմանոս Սկլերոսը, բարձր դիրք ու ազդեցություն ուներ արևելքում և մայրաքաղաքում։ Սկլերոսների տոհմային թշնամին էր Իտալիայում բյուզանդական բանակի հրամանատար Գևորգ Մանիակը, որին Մարիան ցանկացավ հետ մղել, որպեսզի կարողանա հասնել իր նպատակին։ Փոքր Հայքում Սկլերոսների և Մանիակների տոհմային կալվածքները կողք-կողքի էին։ Եվ նրանք հաճախ էին վիճում կալվածքների համար։ Գևորգ Մանիակն, օգտվելով իր փառքից և ազդեցությունից, կարողացավ ճնշել Սկլերոսներին։ Հետագայում օգտվելով Գևորգի բացակայությունից և Մարիայի դիրքից՝ Ռոմանոս Սկլերոսը մտավ Գևորգի կալվածքները և նվաստացրեց նրա կնոջն ու ընտանիքը։

1042 թվականին կայսրը Իտալիայի բանակի հրամանատարի պաշտոնից հեռացրեց զորավար Գևորգ Մանիակին։ Զորքն ընդվզվեց և ապստամբեց՝ Մանիակին կայսր հռչակելով։ Ապստամբները զորքով արշավեցին Բալկաններ։ Վճռական ճակատամարտում Մանիակը մոտ էր հաղթանակին, բայց պատահական դիպվածի արդյունքում ծանր վիրավորվեց ու մահացավ, որից հետո ապստամբների զորքը ցրվեց։

Մարիա Սկլերոսի կայսրուհի դառնալու երազանքը չիրականացավ։ Նա մահացավ 1045 թվականին։ Նրանից հետո կայսրը հրապուրվեց ազգությամբ ալան, մի պատանդ իշխանուհով։

1043 թվականին Կոստանդնուպոլսի վրա մեծ նավատորմով արշավեց Կիևյան Ռուսիայի իշխան Յարոսլավ Իմաստունը։ Կայսրը ծովամարտում ջախջախեց ռուսական նավատորմը՝ հունական կրակի օգնությամբ։ Ռուսների հետ հաշտություն կնքվեց, և բյուզանդացիները մեծ ռազմատուգանք վերցրին։ Այն ամրապնդվեց կայսրի դուստր Անաստասիայի ամուսնությամբ Յարոսլավի որդու՝ ապագա մեծ իշխան Վսեվոլոդի հետ։ Դա ռուսների վերջին հարձակումն էր Բյուզանդիայի վրա։

1045 թվականին Կոստանդին կայսրը խարդախությամբ, Պետրոս Գետադարձ կաթողիկոսի դավաճանության արդյունքում կայսրությանը կցեց Հայաստանը՝ Բագրատունիների թագավորությունը։ Սա Բյուզանդական կայսրության կարապի երգն էր, քանզի Հայաստանի կցումով Բյուզանդիան բացեց արևելքից ներխուժած սելջուկյան հորդաների ճանապարհը։ Հետևանքները երկար սպասեցնել չտվեցին։ Սելջուկյան բանակը չհանդիպելով հայկական բանակի դիմադրությանը՝ ներխուժեց կայսրության տարածք։ Առաջին բախումը եղավ 1047 թվականին։ Մյուս տարի սելջուկները հասան Արծն քաղաքի մատույցները և հաղթեցին բյուզանդական բանակին։

1047 թվականին հուժկու ապստամբություն բարձրացրեց կայսրի զարմիկը՝ Լևոն Թոռնիկը։ Կայսրը նրան նշանակել էր Տայքի Իբերիա բանակաթեմի հրամանատար։ Թոռնիկը, որը պատրիկի կոչում ուներ, չենթարկվեց՝ դա համարելով պատվավոր աքսոր, և ցանկացավ հաստատվել մայրաքաղաքում։ Այնժամ Թոռնիկը կայսրի հրամանով ձերբակալվեց և տնային կալանքի ենթարկվեց։ Մայրաքաղաքից փախչելով Թրակիա՝ Թոռնիկն ապստամբեց։ Նա Թրակիայից առաջ շարժվեց մայրաքաղաքի վրա, որպեսզի գրավի գահը։ Բայց մայրաքաղաքի պարիսպների տակ հայտնվելով՝ Թոռնիկը հապաղեց, չգրոհեց քաղաքը, այլ պաշարեց, սպասելով, որ կայսրն անձնատուր կլինի։ Այդ դադարն օգտագործեց կայսրը և օգնական զորք կանչեց արևելյան թեմերից։ Բայց վճռական ճակատամարտում Լևոն Թոռնիկը գերի ընկավ և կուրացվեց։ Սակայն Թոռնիկի ապստամբությունը թուլացրեց կայսրության դիրքերը Բալկաններում, որից օգտվեցին պեչենեգներն ու ներխուժելով Բալկաններ՝ ավարառեցին շրջանը։

Կայսերական գանձարանը լցնելու համար Կոստանդին կայսրը հարկային օրենքներում փոփոխություն կատարեց։ Նախկինում կայսրության ծայրամասերի հարկերը մտնում էին ռազմական թեմերի գանձարան, ապա այնտեղից որոշ մասը հասնում էր մայրաքաղաք։ Այդ գումարից սնվում էին թեմերում գործող զորաբանակները։ Կոստանդինը փոխեց օրենքը։ Այժմ հարկերն ուղղակի հոսում էին կայսերական գանձարան, ապա այնտեղից որոշ հատկացումներ էր արվում թեմերին։ Դա թուլացրեց բանակաթեմերին, որն էլ պատճառ դարձավ հետագայում բյուզանդական բանակի կրած պարտությունների։

Կոստանդինը անհաջողության մատնվեց ոչ միայն արևելքում։ Նրա կառավարման օրոք Բյուզանդիան կորցրեց Սիցիլիան և Հարավային Իտալիան, որը նվաճեցին նորմանները։

1055 թվականին տեղի ունեցավ արևմտյան և արևելյան եկեղեցիների վերջնական բաժանումը։ Հակասությունները եկեղեցիների միջև շատ սուր էին։ Պոլսի պատրիարք Միքայելը մայրաքաղաքում փակել տվեց լատինական եկեղեցիները, իսկ Հռոմի պապ Լևոն Թ-ն նզովեց նրան։ ՈՒղղափառ և կաթոլիկ եկեղեցիները վերջնականապես բաժանվեցին։

Կայսրը սիրում էր գիտությունը և հովանավորում էր գիտնականներին։ Մագնավայի համալսարանում նրա կարգադրությամբ նոր բաժիններ բացվեցին, և համալսարանը բացեց իր դռները բոլոր ցանկացողների առաջ, առանց սահմանափակումների։

Կոստանդին Թ Մոնոմախ կայսրը մահացավ 1055 թվականի հունվարի 11-ին, թոքաբորբից։ Գահի միակ ժառանգորդ մնաց Թեոդորա կայսրուհին։

Վահե ԼՈՌԵՆՑ

Դիտվել է՝ 4309

Մեկնաբանություններ