Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Ամերիկյան հրթիռները կկարողանան կասեցնել «ռուսական ատոմային բռունցքը»

Ամերիկյան հրթիռները կկարողանան կասեցնել «ռուսական ատոմային բռունցքը»
15.06.2012 | 01:24

Եվրոպական ՀՀՊ համակարգի շուրջ Մոսկվայի ու Վաշինգտոնի դիմակայության ձգձգվող սցենարը, որում ներգրավված են նաև ՆԱՏՕ-ի երկրները, որպես «տիտանների գոտեմարտի» շահագրգիռ վիճակագիրներ, ոչ միայն չի մոտենում հանգուցալուծման, այլև ավելի ու ավելի է անհաջող մելոդրամայի երանգներ ստանում։ Ընդ որում, այն տպավորությունն է առաջանում, որ դա իրականում լավ փորձարկված խաղ է, որտեղ կողմերից յուրաքանչյուրին «պատասխանատու դեր» է հատկացված, և յուրաքանչյուրն իր հարցերն է լուծում։

Արևմուտքի հերթական, հայտնի և ծրագրված քայլից հետո Մոսկվայից հուզական ալիք բարձրացավ` «մեզ սպառնում են», ապա հետևեց դաշինքի խելամիտ հավաստիացումը. «ՆԱՏՕ-ն Ռուսաստանի թշնամին չէ», իսկ հետո եկավ «բարեկամության ու փոխըմբռնման» հերթական շրջանը։ Եվ կարելի էր որոշ հումորով հետևել այդ բավականին «ծույլ» լեզվակռվին, եթե բանը չհասներ այնպիսի փխրուն ու նրբին թեմայի, ինչպիսին ռազմական քաղաքականությունն է, եթե Ռուսաստանը կանգնած չլիներ ներքին խնդիրների շեմին, և եթե Կրեմլում խորհրդակցություն անցկացնելիս չլիներ վճռական Վլադիմիր Պուտինը։
Եվ ահա, հարաբերական անդորրից հետո, Չիկագոյում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ՀՀՊ համակարգը հիմա էլ տեղավորեցին նոր` «խելացի պաշտպանության» դոկտրինի շրջանակում։ Հիշեցնենք. անվտանգության հարցում նոր մոտեցումների շրջանակներում դաշնախմբի անդամները ձգտում են սահմանափակ ֆինանսական հնարավորությունների պայմաններում ընդլայնել համագործակցությունը պաշտպանության բնագավառում, և եվրոպական ՀՀՊ-ն, նրանց կարծիքով, «աստիճանական ընտելացման մոտեցում» է պաշտպանության ընդհանուր համակարգի ստեղծման գոտում։ Հայտարարվեց առաջին փուլի ավարտի մասին, որը գործնականում նշանակում է, որ ՆԱՏՕ-ն միավորել է ՀՕՊ-ի և ՀՀՊ-ի` Եվրոպայի երկրներում եղած համակարգերը, դրանք համալրելով հակահրթիռային «Իջիս» համակարգերով զինված ամերիկյան ռազմանավերով։ Դրանից հետո, արդեն արմատացած սովորությամբ, դաշնախմբի պարագլուխները հավաստիացրին, որ տեղակայվելիք համակարգի թիրախն այն հրթիռներն են, որոնք կարող են արձակվել Իրանից, որ դա բնավ էլ ուղղված չէ Ռուսաստանի դեմ, և հերթական անգամ հայտարարեցին. «Մենք Ռուսաստանին հրավիրել ենք մասնակցելու ՀՀՊ համակարգի ստեղծմանը, և մեր հրավերն ուժի մեջ է» (հիշեցնենք` 2010 թ. Ռուսաստան-ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքների առնչությամբ Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց, որ Ռուսաստանը կմասնակցի եվրոպական ՀՀՊ-ի ստեղծմանը, բայց միայն գործընկերային պայմաններով)։ Մոսկվայում, սովորականի պես, դրան չհավատացին։ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նիկոլայ Մակարովն այսպես բացատրեց. «Մենք ստիպված կլինենք անցնելու ավելի ակտիվ հակազդեցության։ Դա մեր ընտրությունը չէ»։ Դմիտրի Ռոգոզինն էլ, Ռուսաստանի կառավարության փոխվարչապետի նոր կարգավիճակում, ինչպես միշտ, մարտաշունչ հայտարարեց. «Մենք երբեք թույլ չենք տա ստեղծել այն», և իր միկրոկայքում ավելացրեց. «Մենք այդ պարիսպը ցանց կսարքենք»։ Ապա հանդես եկավ ծանր հրետանին` ի դեմս նախագահ Պուտինի։ Ինչպես հայտարարեց պետության ղեկավարը, Ռուսաստանի համար քիչ են բանավոր հավաստիացումները, թե եվրոպական ՀՀՊ համակարգը չի սպառնում նրա սահմաններին. երկիրը կցանկանար անվտանգության ավելի ծանրակշիռ երաշխիքներ ստանալ։ «Մենք շատ ենք տարատեսակ բանավոր հայտարարություններ ու խոստումներ լսել։ Բայց թե՛ ՆԱՏՕ-ն է ընդլայնվում, դեպի Արևելք է շարժվում, թե՛ բազաներն են մեր շուրջը սնկի պես աճում։ Լսեք, սոսկ այն հայտարարությունները, թե «մի վախեցեք, մենք ձեզ խոստանում ենք, որ ոչինչ չի լինի», ժամանակակից աշխարհում շատ քիչ են, դա մանկապարտեզ է»,- ընդգծեց Ռուսաստանի նախագահը։ Եվ, որպես այդ բոլոր սպառնալիքների լրջության ապացույց, փորձարկվեց միջմայրցամաքային նոր բալիստիկ հրթիռ` նոր մարտական հատկանիշներով։ Ինչպես հաղորդում են զինվորականները, այդ հրթիռն ընդունակ է հաջողությամբ հաղթահարելու հակահրթիռային պաշտպանության հեռանկարային համակարգերը, մեծացնելու միջուկային զսպման ռուսական ուժերի հնարավորությունները և «կանխելու ռուսական ռազմավարական հզորությունը չեզոքացնելու ցանկացած փորձ` ամերիկյան ՀՀՊ համակարգի ստեղծումից հետո»։ Այդուամենայնիվ, նկատենք, որ ռուս փորձագետները համոզված են, որ հեռանկարում ամերիկյան հրթիռները կկարողանան վստահորեն կասեցնել «ռուսական ատոմային բռունցքը»։ Դա տեղի կունենա համակարգի ծավալման երրորդ և չորրորդ փուլերի միջակայքում, մոտավորապես 2018-2020 թվականներին։
Այսինքն, ինչպես միշտ է եղել նման իրավիճակում, Ռուսաստանի խոսքը կտրուկ ու բովանդակալից էր։ Սակայն Արևմուտքի պատասխանն այս անգամ փոքր-ինչ տարբերվում էր Օբամայի մեղմ հորդորների տոնից։ Աշխարհում տիրող ընդհանուր իրավիճա՞կն է ավելի կոշտացել, թե՞ Կրեմլի գործողություններն ու նոր դաշնակիցների որոնումներն են սկսել ավելի շատ անհանգստացնել, բայց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը նշեց, որ վերջին ժամանակներս Մոսկվայից բավականին ագրեսիվ հայտարարություններ են հնչում դաշնախմբի սահմանների մոտ հարձակողական սպառազինությունների տեղաբաշխման առնչությամբ։ Այդ կապակցությամբ նա նախապես զգուշացրեց, որ «իրենք լի են վճռականությամբ ցանկացած սպառնալիքից պաշտպանելու ՆԱՏՕ-ի ցանկացած երկիր»։ Իհարկե, անմիջապես էլ բարեհոգաբար խորհուրդ տվեց Ռուսաստանին ծախս չանել «արհեստական թշնամու, գոյություն չունեցող հակառակորդի» դեմ սպառազինությունների տեղաբաշխման վրա, ավելի լավ է փողն օգտագործել «երկրի զարգացման համար»։ Նրա ասելով, Մոսկվայի հնարավոր պատասխան միջոցառումները ոչ մի կերպ «չեն համապատասխանում իսկական գործընկերության զարգացման մասին Լիսաբոնի գագաթնաժողովում ընդունված որոշումների ոգուն»։ Բացի դրանից, նշեց նա, ՆԱՏՕ-ն Կրեմլին արդեն բավականաչափ հավաստիացումներ և երաշխիքներ ներկայացրել է այն մասին, որ ՀՀՊ-ն ուղղված չէ Ռուսաստանի ռազմավարական կարողության դեմ։
Մինչև հիմա, սակայն, կողմերի միջև այդ հարցի շուրջ կառուցողական երկխոսություն չի ստացվել։ Ռուսաստանը բազմիցս պահանջել է եթե ոչ վերանայել ծրագիրը, ապա գոնե երաշխիքներ ներկայացնել, որ համակարգն ուղղված չէ իր դեմ, ընդ որում` իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթղթով վավերացված երաշխիքներ։ Բայց, ինչպես երևում է, Կրեմլի բոլոր պահանջներն ու ՆԱՏՕ-ի խոստումները, առայժմ, մի տեսակ «փիարի» երանգ ունեն։ Ըստ էության, քաղաքական, նաև իրավաբանական երաշխիքներն այնքան էլ շատ բան չեն տալիս, որովհետև ցանկացած պայմանագրից միշտ էլ կարելի է դուրս գալ, և եթե հիմնավոր վստահություն չկա, ապա խոսքին, նույնիսկ գրավոր, հազիվ թե հավատացող լինի։ Բացի դրանից, եթե անգամ համարենք, թե դիվանագիտական նպատակներով օգտակար կլիներ հստակ ձևակերպված երաշխիքներ ունենալ, ապա դրանք Ռուսաստանն ակնկալում է ստանալ ոչ թե ՆԱՏՕ-ից, այլ ԱՄՆ-ից։ Ընդ որում, Ռուսաստանի կարծիքով, ԱՄՆ-ը մտահոգությունը կարող է փարատել` ապահովելով մի շարք պայմաններ։ «Այդ պայմանները պետք է ներառեն ՀՀՊ առանձին բաղադրամասերի տեխնիկական չափանիշները` հակահրթիռների արագությունը, դրանց քանակը, ռադիոտեղորոշման կայանի գործողության շառավիղը, կառավարման համակարգի հնարավորությունները, տեղակայման վայրը, տարբեր տեսակի բալիստիկ հրթիռների կալանման ունակությունը` թռիչքի հետագծի մեկնարկային, միջին և ավարտական հատվածներում»,- պարզաբանում են ՌԴ պաշտպանության նախարարությունում։ Այսինքն, ռուսներն ակնկալում են նախագծի թափանցիկության մակարդակի բարձրացման տեխնիկական պայմանավորվածություններ, մինչդեռ, ըստ էության, ամերիկացիների գործնական քայլերը վերահսկելու հույսեր են փայփայում։ Բացի այդ, Մոսկվան կցանկանար Ռուսաստանի սահմաններից հեռացնել ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության բոլոր ուժերն ու միջոցները` նպատակ ունենալով բացառելու ռուսական օդային տարածություններում որևէ օբյեկտի կալանման անգամ տեխնիկական հնարավորությունը։ Մեկնաբանները նշում են, որ, առանց Ռուսաստանի շահերին վնաս հասցնելու, ՀՀՊ խնդիրը լուծել, ըստ էության, հնարավոր է։ Բայց դրա համար համակարգը պետք է կառուցվի սկզբունքորեն այլ հիմքի վրա։ Ռուսաստանցի մասնագետներն առաջարկել են ստեղծել հրթիռային հարձակման մասին իրազեկման միասնական համակարգ, իսկ հնարավոր ագրեսորի բալիստիկ հրթիռների կալանման համար օգտագործել նախագծի մասնակից երկրների ազգային հսկողության տակ գտնվող կալանիչ հրթիռներ։ Նման կառուցվածքի դեպքում յուրաքանչյուր պետություն պատասխանատու կլինի պատասխանատվության իր գոտում հակահրթիռային պաշտպանության ապահովման համար։ Այդ առաջարկության միակ թերությունն այն է, որ այն լիովին վերացնում է Եվրոպայում, մասամբ նաև Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմական ներկայության անհրաժեշտությունը։ Իսկ դա ամենևին ձեռնտու չէ Վաշինգտոնին, քանի որ դա կնշանակի, որ ամերիկացիները պարտավորվում են սահմանափակել իրենց հնարավորությունները։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ Միացյալ Նահանգները նման փոփոխություններ անել կամ ռուսների պահանջած երաշխիքները տալ չի պատրաստվում։ Ավելին, դժվար է հուսալ, թե այդ հարցում Սպիտակ տան քաղաքականությունն ավելի ճկուն կդառնա, եթե առաջիկա նախագահական ընտրություններում հաղթանակ տանի Բարաք Օբաման։ Թեև նա, ինչպես հաղորդել են լրատվամիջոցները, այս տարվա մարտին միջուկային անվտանգության հարցերին նվիրված գագաթնաժողովում Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ, իբր, խնդրել է Վլադիմիր Պուտինին հաղորդել, որ հետագայում իրենք պայմանավորվածություն ձեռք կբերեն, և դա վնաս չի պատճառի ո՛չ իրենց, ո՛չ Ռուսաստանի անվտանգությանը, բայց ակներև է, որ ցանկացած դասավորության դեպքում նրա համար դժվար կլինի պատասխանել ամերիկացիներին հուզող մի բնական հարցի. «Իսկ ինչո՞ւ իրենք պիտի թույլ տան ռուսներին մուտք գործել ԱՄՆ-ի ռազմավարական ոլորտ»։
Այնպես որ, Կրեմլում քաջ գիտակցում են, որ ամերիկացիները չեն հրաժարվի իրենց ծրագրից, քանի որ այն ընդունվել է ոչ թե ներկա վարչակազմի կողմից, այլ շատ ավելի վաղ, դեռ 2000-ականների սկզբին` Կրտսեր Բուշի կառավարման օրոք։ ՈՒ եթե ինչ-որ տեղ ամերիկացիները որևէ բան վերանայում կամ փոփոխում են (ինչպես եղավ Չեխիայում և Լեհաստանում), ապա միայն տակտիկական և տեխնիկական պատճառներով։ Բացի այդ, Օբաման դժվար թե մի ավելորդ անգամ հանրապետականների «բերանը լեզու դնի»։ Ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ-ի դաշնակիցներն էլ չեն աջակցի Ռուսաստանին, իսկ Չինաստանն ու մյուսներն իրենց շահերն ունեն, որոնք ոչ միշտ են զուգադիպում։ Այսինքն, մեծ հաշվով, ոչ ոք բանի տեղ չի դնում Մոսկվայի բողոքները, առավել ևս, որ ռուսների գործողությունների ընդգրկումն անշեղորեն նվազում է։ Դե, Ռուսաստանն էլ հո երրորդ համաշխարհային պատերազմ չի՞ սկսելու, այն էլ` միջուկային։

Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 5019

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ