Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

ԵՎՐՈՅԻ ԳՈՏԻՆ ՎԵՐՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

ԵՎՐՈՅԻ ԳՈՏԻՆ ՎԵՐՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
02.12.2011 | 00:00

Բելգիայի Անտվերպենի համալսարանում 2011-ի նոյեմբերի 29-ին տեղի ունեցավ հրապարակային դասախոսություն` «Ժամանակակից ֆինանսական ճգնաժամը և եվրոյի գոտու հիմնահարցերը» թեմայով: Զեկույցով հանդես եկավ նույն համալսարանի այցելու պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԸ` ներկայացնելով ճգնաժամի նոր փուլի առանձնահատկությունները Եվրամիության երկրներում ու անդրադառնալով եվրոյի գոտում տեղ գտած վերջին զարգացումներին: Դասախոսության ավարտին տեղի ունեցած քննարկմանը համառոտ ակնարկներով հանդես եկան պրոֆեսորներ Փոլ Ռոզենսը, Լիլիան վան Հոֆը, Ֆիլիպ վան Բետցը, ինչպես նաև Բելգիայից, Հոլանդիայից, Իտալիայից հրապարակային դասախոսությանը հրավիրված ֆինանսական ոլորտի մասնագետներ և գիտնականներ:
Ընդհանուր առմամբ գիտական լսարանին ներկայացվեցին «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ուսումնասիրության հիմնական արդյունքները: Վերլուծությունը բաղկացած էր հետևյալ հիմնական բաժիններից.
1. Տնտեսության տարբեր ճյուղերի սուբսիդավորման տնտեսական հետևանքները
2. Ներկայիս ֆինանսական համակարգերի առանձնահատկությունները
3. Եվրոպական բանկային համակարգի նոր զարգացումները
4. Սպառողական մեխանիզմների վերակառուցման հեռանկարները
5. Առևտրի և մրցակցության հակասական միտումները Եվրամիությունում
6. Ազատական գաղափարախոսության ճգնաժամը
7. Պատասխանատվության ճգնաժամը համաշխարհային տնտեսությունում
8. Վստահության անկում և ֆինանսական ճգնաժամ
9. Մարդկային գործոնի արժևորումը
10. Զարգացման տնտեսական նոր մոդելների մշակման անհրաժեշտությունը
11. Առաջարկների ներկայացում
Եվրոյի գոտին ապակայունացնող գործոնների առնչությամբ անդրադարձ եղավ Եվրոպական ինտեգրման Մաաստրիխտյան համաձայնագրի դրույթներին, նշվեց, որ դրանցում բացակայում են արտաքին պարտքային ճգնաժամի պարագայում ֆինանսական փոխօգնության սկզբունքներն ու պայմանները: Մի հանգամանք, որը կարևոր է միջպետական համաձայնագրերով հստակեցնել այսօր, միաժամանակ բացառելով մի խումբ երկրների ֆինանսական ռեսուրսների հաշվին այլ երկրների կողմից շարունակաբար թույլ տրվող սխալները:
Առանձնահատուկ կարևորություն է ձեռք բերել, մասնավորապես, ապրանքների և ծառայությունների մրցունակության վրա խիստ բացասական ազդեցություն ունեցող սուբսիդավորման գործընթացը, որն իրականացնում են գրեթե բոլոր զարգացած երկրների կառավարությունները: Սուբսիդավորումն առավել մեծ վնաս է հասցնում գյուղատնտեսությանը. Եվրամիությունում, օրինակ, մեկ կովի հաշվով տրվող սուբսիդիաները շատ ավելին են, քան Ռուսաստանում գյուղացու ստացած եկամուտների ամբողջ ծավալը: Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն` այդ գումարները բավարար են բիզնես դասի ինքնաթիռի տոմսով երկու և կես անգամ երկրագնդի շուրջը պտույտ գործելու համար: Այս խնդիրը ԱՀԿ ուշադրության կենտրոնում է արդեն մեկ և կես տասնամյակ` այդ կառույցի ստեղծման օրից ի վեր, սակայն զարգացած երկրների ճնշման ներքո որևէ շոշափելի տեղաշարժ առայժմ չի արձանագրվել: Բանն այն է, որ զարգացած երկրների կառավարություններն ամեն տարի պետական բյուջեից գումարներ են տրամադրում բարձր ինքնարժեքով արտադրված ոչ մրցունակ ապրանքների (հիմնականում` գյուղատնտեսական մթերքների) գների իջեցման և սպառողին դրանք ավելի մատչելի գներով մատուցելու նպատակով: Այս ամենն արվում է հենց իրենց` սպառողների, ասել է թե` հարկատուների հաշվին: Երբ տնտեսությունը թևակոխում է անկման փուլ և դիմագրավում է խոր ճգնաժամի, ակնհայտորեն պետական գանձարանի գումարները նվազում են, հետևաբար, կրճատվում են նաև պետբյուջեից տրվող սուբսիդիաները: Արդյունքում գյուղատնտեսական ապրանքների և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների գները կտրուկ աճ են արձանագրում, ընկնում է դրանց մրցունակությունը: Ավելին, ստեղծվում է ապրանքների դեֆիցիտ, որը, իր հերթին, բարձրացնում է դրանց գները համաշխարհային շուկայում: Սա է պատճառը, որ անցյալ տարի, ճգնաժամի փուլում, սննդամթերքի գներն աննախադեպ աճ արձանագրեցին: Ագֆլյացիան (գյուղատնտեսական ապրանքների գնաճը) մեծ մասամբ երկնիշ և եռանիշ թվերով աճեց: Հաջորդ տարի, այս ամենով պայմանավորված, փորձագետներից շատերը կանխատեսում են ոչ միայն ֆինանսական, այլև պարենային լուրջ ճգնաժամ:
Եզրակացությունը մեկն է. անցումային տնտեսություն ունեցող երկրները կարող են շրջանցել պարենային ճգնաժամն այն դեպքում, եթե կարողանան համախմբել և նպատակային օգտագործել սեփական ռեսուրսները` բավարարելու սննդամթերքի ներքին պահանջարկը և հնարավորինս վերացնելու սննդամթերքի ներմուծումը, ուստի նաև` կախվածությունն արտաքին աղբյուրներից:
Սրանով, բնականաբար խնդիրները չեն կարող ամբողջական լուծում ստանալ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Եվրամիության և ԱՄՆ-ի ներկայիս ճգնաժամերի հիմնական պատճառներն արտաքին պարտքի և բանկային համակարգի հիմնախնդիրներն են, զարգացող երկրների համար կարևոր է նաև կրճատել գոյություն ունեցող կախվածությունը զարգացած երկրների ֆինանսաբանկային համակարգերից: Գաղտնիք չէ, որ բանկային տոկոսադրույքի անհամեմատ ցածր մակարդակը խիստ գրավիչ պայմաններ է ստեղծում այդ երկրներից էժան վարկեր ստանալու և սեփական երկրներում դրանք երկնիշ թվերով գործարար աշխարհին ու բնակչությանը տրամադրելու համար: Այս ամենը, թերևս, արդարացված է տնտեսության վերելքի փուլում, սակայն ճգնաժամի փուլում կրճատվում են թե՛ ֆինանսական ռեսուրսների ֆիզիկական ծավալները, թե՛ նոր վարկեր տրամադրելու արևմտյան բանկերի պատրաստակամությունը: Սրա հետևանքով կտրուկ նվազում են զարգացող երկրների տնտեսական աճը խթանող անհրաժեշտ ռեսուրսները, ավելանում են սոցիալական խնդիրները: Տվյալ պարագայում հարկ է նկատել, որ մի կողմից Հայաստանը և տնտեսական համադրելի վիճակում գտնվող այլ երկրներ փորձում են նոր գումարներ ներգրավել միջազգային կառույցներից և արտերկրի կառավարություններից, մյուս կողմից` դիմագրավում են այնպիսի լուրջ տնտեսական մարտահրավերի, ինչպիսին կապիտալի արտահոսքն է երկրից: Բնականաբար, անհրաժեշտություն է առաջացել ժամանակավորապես ազատ ներքին ֆինանսական ռեսուրսները մոբիլիզացնելու, ցածր տոկոսադրույքով պետական բոնդերի թողարկման և դրանց վաճառքից գոյացած գումարները նույնպես ցածր տոկոսադրույքով տրամադրելու առավել հեռանկարային տնտեսական ծրագրերի իրագործման համար: Այս առնչությամբ «Այլընտրանք» հետազոտական կենտրոնը մշակել է առաջարկությունների ամբողջական փաթեթ:
Ինչ վերաբերում է բնակչության համախառն պահանջարկին, ապա հարկ է նշել, որ բոլորովին արդարացված չէ ցանկացած գնով համախառն պահանջարկը բավարարելու զարգացած երկրների (երբեմն նաև որոշ զարգացող երկրների) կառավարությունների քաղաքականությունը: Նման քայլերը ներառում են նաև սպառողական վարկերի (նոր պարտքերի) միջոցով ապրանքների ձեռքբերումը, որն ավելացնում է պարտքային բեռը, վարկերի չվերադարձելիության ռիսկը և ավելի խորացնում սոցիալական լարվածությունը: Հետևաբար, ճգնաժամի փուլում կարևոր է ոչ թե ավելացնել ապրանքների սպառումը արհեստական խթանիչներով, այլ դիմել ապրանքների սպառման համեմատաբար խնայողական ռեժիմների: Հնարավորության պարագայում նախընտրություն պետք է տրվի առաջին անհրաժեշտության ապրանքների սպառմանը:
Կարևոր է նկատել նաև, որ ներկայիս իրավիճակը հիմնականում կարելի է բնութագրել որպես ազատական գաղափարախոսության ճգնաժամ, քանի որ վերջին տարիներին հենց զարգացած երկրներում ավելի լայն կիրառություն են ստանում տնտեսության պլանավորման, պետական շարունակական միջամտության, իսկ Եվրամիությունում` նաև կենտրոնացված կառավարման մեթոդները, որոնք, բնականաբար, որևէ աղերս չունեն ազատական գաղափարախոսության սկզբունքների հետ: Ավելին, Եվրամիության երկրներում որոշակիորեն սահմանափակվում է նաև մրցակցությունը, քանի որ յուրաքանչյուր երկրի գործարար կառույց գրեթե կայուն պահանջարկով ապահովված է միության ներսում, և միայն պահանջարկից դուրս արտադրվող ապրանքները կարող են արտահանվել երրորդ երկրներ: Բացի այդ, Եվրամիությանը չանդամակցող ցանկացած երկիր դիմագրավում է առևտրային տարբեր սահմանափակումների տեղական արտադրության ապրանքները ԵՄ շուկայում սպառելու գործընթացում:
Ընդհանուր առմամբ, ակնհայտ է նաև պատասխանատվության ճգնաժամը համաշխարհային տնտեսության ներսում, երբ առանձին կառույցներ և ընկերություններ բնավ պատասխանատվություն չեն կրում հասարակության ընդհանուր բարեկեցության և մարդկային զարգացման համատեքստում: Սա նաև արդյունք է միմյանց նկատմամբ վստահության անկման, երբ քաղաքացիները դադարում են վստահել սեփական կառավարություններին, կառավարությունները` գործարարներին, վերջիններս` բանկերին, և հակառակը, ինչպես նաև առավել ընդգրկուն միտում ստացող անվստահությունը տարբեր երկրների միջև:
Այս ամենը ստիպում է վերարժևորել գործող տնտեսական զարգացման մոդելները և մշակել նորերը, որոնք առավել համահունչ կլինեն համաշխարհային նոր տնտեսական կայացման գործընթացին: Ի վերջո, պետք է հիշել, որ տարեցտարի կատարելագործվում են տնտեսության զարգացման ազգային մոդելները, սակայն տնտեսական գլոբալացման պայմաններում այդպես էլ չի հաջողվել մշակել համաշխարհային տնտեսության համատեղ կառավարման որևէ մեխանիզմ:
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2294

Մեկնաբանություններ

39141">Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

«Ծո­վից ծով» Հա­յաս­տան խոս­տա­ցող  իշ­խա­նա­վորն ու ծա­րավ  հայը
«Ծո­վից ծով» Հա­յաս­տան խոս­տա­ցող իշ­խա­նա­վորն ու ծա­րավ հայը