Երկրի վճարային հաշվեկշռի մասին դատողություններ անելիս ոմանք, առաջին հերթին, պատկերացնում են ապրանքների արտահանումն ու ներմուծումը, այլ խոսքով ասած` առևտրային հաշվեկշիռը կամ ընթացիկ հաշիվը: Իրականում այն ներառում է արտաքին վճարումների հետ կապված բազմաթիվ հոդվածներ, որոնք ունեն բազմաբնույթ փոխազդեցություններ:
Միաժամանակ մեր երկրում կարևոր պատճառահետևանքային կապեր գոյություն ունեն նաև պետական պարտքի և վճարային հաշվեկշռի պակասուրդի միջև: Տնտեսագիտության մեջ հայտնի դուրսմղման էֆեկտի վերացումը, ըստ էության, դառնում է ավելի հավանական հատկապես այն ժամանակ, երբ ավելանում է կապիտալի միջազգային շարժունակությունը և աճում է դրա ներհոսքը տվյալ երկիր` համաշխարհային միջին մակարդակից տեղական շուկայական տոկոսադրույքների ավելի բարձր մակարդակի ազդեցության տակ:
Հայաստանում պետբյուջեի պարտքային ֆինանսավորման դեպքում տոկոսադրույքներն առավել բարձրանում են այն դեպքում, երբ խթանող ֆիսկալ քաղաքականությունն ուղեկցվում է սղաճի մակարդակն իջեցնելու նպատակով կիրառվող փողի առաջարկի սահմանափակմամբ: Նման պարտքային ֆինանսավորումն առաջացնում է փողի հանդեպ պահանջարկ, իսկ Կենտրոնական բանկը հարկադրված սահմանափակում է փողի առաջարկը: Տնտեսական քաղաքականության նման միջոցների միաժամանակյա կիրառումը խթանում է տոկոսադրույքների արագ աճը:
Տեղական շուկայում տոկոսադրույքների բարձրացումը կարող է ավելացնել տվյալ երկրի արժեթղթերի հանդեպ արտերկրի պահանջարկը, որն առաջացնում է կապիտալի ներհոսք և արտաքին պարտքի ծավալների ավելացում: Իսկ արտաքին պարտքի սպասարկումը պահանջում է նաև արտադրանքի իրական թողարկման մի մասի փոխանցումը օտարերկրացիների ձեռքը, որը հետագայում կարող է պատճառ դառնալ տեղական արտադրության հետագա կրճատման:
Պատճառահետևանքային կապերը սրանով չեն սահմանափակվում: Հայաստանում տեղական արժեթղթերի հանդեպ աճող օտարերկրյա պահանջարկն ուղեկցվում է այդ արժեթղթերի ձեռքբերման համար անհրաժեշտ ազգային արժույթի հանդեպ համաշխարհային պահանջարկի աճով: Արդյունքում, ազգային արժույթի փոխարժեքը բարձրանում է, որը հանգեցնում է արտահանման կրճատման և ներմուծման ծավալների ավելացման: Զուտ արտահանման կրճատումը տնտեսության վրա թողնում է «զսպող», արգելակող ազդեցություն, արտահանման ուղղվածություն ունեցող և ներմուծման հետ մրցակցող ճյուղերում կրճատվում է զբաղվածությունը և արտադրությունը, աճում է գործազրկությունը: Հետևաբար, պետբյուջեի պակասուրդի ի սկզբանե խթանիչ ազդեցությունը կարող է թուլանալ ոչ միայն «դուրսմղման» էֆեկտի արդյունքում, այլև զուտ արտահանման բացասական էֆեկտի հաշվին, ինչը վատթարացնում է երկրի վճարային հաշվեկշիռը` ընթացիկ գործարքների հաշվեմասով:
Միաժամանակ կապիտալի ներհոսքն ավելացնում է ներքին ռեսուրսները և նպաստում տեղական շուկայում տոկոսադրույքների հարաբերական անկմանը:
Այս ամենի արդյունքում հարաբերականորեն կրճատվում են նաև դուրսմղման էֆեկտի մասշտաբները: Առևտրային անբարենպաստ հաշվեկշռով պայմանավորված ընթացիկ գործարքների հաշվի պակասուրդը, որը ֆինանսավորվում է կապիտալի զուտ ներհոսքի հաշվին, կարող է ընդունել միջազգային փոխառությունների տեսք: Ակնհայտ է, որ արտերկրի կառավարություններից, Արժույթի միջազգային բանկից կամ առևտրային բանկերից վերցված փոխառություններն ավելացնում են արտաքին պարտքի ծավալները: Բացի այդ, հիշյալ պակասուրդը կարող է ֆինանսավորվել օտարերկրյա ներդրողների ակտիվների վաճառքի հաշվին: Իսկ երկարաժամկետ ակտիվների վաճառքից գոյացած հասույթն օգտագործվում է ընթացիկ գործարքների գծով վճարային հաշվեկշռի պակասուրդի ֆինանսավորման համար: Վերջապես, չպետք է մոռանալ նաև ուղղակի ներդրումների մասին, որոնք ենթադրում են արտարժույթի ներհոսք` արտադրանքի թողարկման գծով նոր արտադրությունների կազմակերպման նպատակով: Այս արժույթը կարող է օգտագործվել ընթացիկ հաշվի պակասուրդը ծածկելու համար:
Կարևոր ենք համարում շեշտել, որ վերը հիշատակված միջոցներից ցանկացած մեկի իրականացման դեպքում երկրի արտասահմանյան ակտիվները նվազում են: Հետխորհրդային երկրների փորձը վկայում է, որ վճարային հաշվեկշռի ճգնաժամի և արտաքին պարտքի ճգնաժամի համընկման սպառնալիքն առաջանում է այն դեպքում, երբ կառավարությունն ավելացնում է պարտքը ի հաշիվ արտերկրի փոխառությունների, որոնց ծավալները զգալիորեն գերազանցում են ընթացիկ գործարքների հաշվի պակասուրդի գումարը: Եթե այդ փոխառու միջոցներն օգտագործվում են ոչ թե տվյալ երկրի ազգային տնտեսությունում ներդրումների համար, այլ ձեռք բերելու այլ երկրներում հայտնի քանակությամբ արտասահմանյան ակտիվներ (հողակտորներ և այլ ակտիվներ), ապա արտերկրի փոխառու ռեսուրսներն օգտագործվում են երկրից մասնավոր կապիտալի արտահոսքի ֆինանսավորման համար, որն այս դեպքում, այսպես կոչված, կապիտալի «փախուստի» ձև է ստանում:
Տեսականորեն վարկերի, ներդրումների, բանկային ակտիվների տեսքով կապիտալի արտահոսքի ցանկացած գերազանցումը դրա ներհոսքից կարող է ներկայացվել որպես կապիտալի «փախուստ»` տեղական շուկայում այդ միջոցների ներդրման սահմանափակվածության պատճառով: Հենց այս երևույթի ականատեսն ենք այսօր, երբ Հայաստանից կապիտալն արտահոսում է հարևան Վրաստան, Ռուսաստան, Արաբական Էմիրություններ և այլ երկրներ: Զարգացած շուկայական տնտեսություն ունեցող երկրների համար սա միանգամայն նորմալ երևույթ է, որը կարող է առաջանալ, օրինակ, կառավարության սահմանափակ դրամավարկային քաղաքականության հետևանքով և յուրօրինակ ինդիկատոր դառնալ նման քաղաքականության արդյունավետության համար: Իսկ անցումային տնտեսություն ունեցող Հայաստանի համար այն կարող է վերածվել տնտեսական սպառնալիքի, քանի որ նույն ժամանակահատվածում պետությունը ստիպված է փոխառություններ ներգրավել արտերկրից:
Հաճախ կապիտալի «փախուստն» առաջանում է նաև քաղաքական և սոցիալ-տնտեսական անկայունության հետևանքով: Սեփականատիրական հարաբերությունների չկայացած համակարգի պայմաններում այդ երևույթը կարող է պայմանավորված լինել հօգուտ մասնավորի պետական սեփականության փաստացի վերաբաշխման գործընթացով, ինչպես նաև հիմք հանդիսանալ հարկերից խուսափելու: Այս դեպքում կապիտալի «փախուստը» կարող է ընդունել անօրինական ձևեր և սերտորեն կապված լինել մաքսանենգ գործարքների հետ, մասնավորապես, արժութային և մաքսային արդյունավետ հսկողության բացակայության պայմաններում:
Հայաստանի տնտեսության համար տվյալ երևույթի առանձնահատկությունն այն է, որ վերջին տարիներին նկատվող բնակչության արտագաղթի հետ «արտագաղթում» է նաև ազգային կապիտալի մի մասը: Ընդ որում, կապիտալի արտահոսքի մի զգալի հատվածը որևէ կերպ չի ենթարկվում վիճակագրական հաշվառման ոչ միայն այն պատճառով, որ այն հիմնականում դուրս է գալիս կանխիկ արտարժույթի ձևով, այլև արտահոսող կապիտալը կարող է բանկերում ձևակերպվել որպես իրականում գոյություն չունեցող ներմուծման գործարքի համար տրվող կանխավճար: Շատ դեպքերում այս ամենն արվում է նաև հարկերից խուսափելու նպատակով: Չի կարելի բացառել նաև նման եղանակներով «կեղտոտ փողերի լվացման» դեպքերը:
Հատկանշական է նաև, որ կապիտալի «փախուստն» անուղղակիորեն կարող է արտահայտվել ստվերային տնտեսության տարբեր ճյուղերում կամ ստվերային գործարքներով: Այսպես, օրինակ, վերջին տարիներին Հայաստանի տարածքում գտնվող անշարժ կամ շարժական գույքի առք ու վաճառքն իրականում տեղի է ունենում արտերկրի բանկերից մեկից մյուսի հաշվին կատարվող փոխանցումներով, որոնք նույնպես որևէ ազդեցություն չեն գործում ներքին տնտեսության վրա և որևէ տեղ չեն ստանում վիճակագրական գրանցում:
Չի կարելի բացառել նաև այն դեպքերի հավանականությունը, երբ արտահանողներն իրենց հասանելիք արտարժույթը, ֆիզիկապես Հայաստան բերելու փոխարեն, փոխանցում են արտերկրի բանկերի տարբեր հաշիվներին, սեփական երկրում իրականում ցույց տալով ոչ թե շահույթ, այլ վնաս: Որոշ դեպքերում էլ գործընկեր ընկերություններն ուղղակի անհետանում են կամ «սնանկանում»:
Իրականում երկրի վճարային հաշվեկշռի վրա կապիտալի «փախուստի» ծավալները խիստ դժվար է գնահատել: Այնուամենայնիվ, մեր հետազոտությունները վկայում են, որ դրանց ծավալները կարող են տատանվել տարեկան մեկ-երկու միլիարդ ԱՄՆ դոլարի սահմաններում: Այլ երկրների համեմատ նման համեստ ցուցանիշները պայմանավորված են ոչ միայն երկրի տնտեսության սահմանափակ չափերով, այլև այն փաստով, որ ներմուծման համեմատ արտահանման ծավալները քառապատիկ քիչ են:
Նման մակրոտնտեսական քաղաքականությունն ու դրան ուղեկցող կապիտալի «փախուստն» էլ հենց տարբեր երկրներում պատճառ դարձան վճարային հաշվեկշիռների զանգվածային պակասուրդների և արտաքին պարտքի համաշխարհային ճգնաժամի, որն առավել ցայտուն արտահայտվեց գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի փուլում: Տասնյակ երկրներ ներկայումս փաստացի ի վիճակի չեն վճարելու իրենց արտաքին պարտքի դիմաց: Օրակարգային լուրջ խնդիր է դարձել տոկոսադրույքի, մայր գումարի նվազեցման, վճարման ժամկետների երկարացման գծով արտաքին պարտքի վերակառուցումը: Այս հարցում որոշակի դերակատարություն ունեն Փարիզի ակումբը, ինչպես նաև միջազգային ֆինանսական տարբեր կառույցներ:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր