«ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ» վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը և Եվրասիական զարգացման բանկի վարչության փոխնախագահ Դմիտրի Ժուրբան հունվարի 20-ին «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի «Աշոտ Երկաթ» սրահում ստորագրեցին 4 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր` մանր և փոքր բիզնեսի ֆինանսավորման նպատակով: Ստորագրման կարճ ու տպավորիչ արարողությանը, որին ներկա էր «ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ» խորհրդի նախագահ Բարսեղ Բեգլարյանը, հաջորդեց լրագրողներին իրադարձության բովանդակությունն ու նպատակները պարզաբանող ասուլիսը:
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՃԱՆԱՊԱՐՀ
«ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ» վարչության նախագահ ԱՇՈՏ ՕՍԻՊՅԱՆԸ պայմանագրի ստորագրման համար նախ և առաջ շնորհավորեց... «ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ»` փաստը գնահատելով իբրև նոր հնարավորություն և համագործակցության նոր ճանապարհ. «Վարկային պայմանագրի գումարը 4 միլիոն ԱՄՆ դոլար է, որն ուղղվելու է փոքր և մանր բիզնեսի վարկավորմանը, շահառուները վարկերը կստանան 12-14 տոկոսով, 3-5 տարով: Ես համոզված եմ, որ սա առաջին փուլն է, և մենք հետագայում` հաջորդ փուլերում, հնարավորություն կստանանք ֆինանսավորելու միջին և խոշոր բիզնեսը»:
Եվրասիական զարգացման բանկի վարչության փոխնախագահ Դմիտրի Ժուրբան ևս անկեղծ էր. նա հաճելի պարտականություն որակեց պայմանագրի ստորագրումը և պարզաբանեց, որ գործարքը պետք է կնքվեր դեռ 2011 թվականին. «Եվրասիական զարգացման բանկը մեծացնում է իր ներկայությունը Հայաստանում, խորացնում համագործակցությունը, մենք հանդես ենք գալիս իբրև այլ միջազգային բանկերի ծրագրերի կրող, որոնք աջակցում են փոքր ու միջին բիզնեսին: Ես գիտեմ, որ «ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ» վաղուց է աշխատում միջազգային այլ ֆինանսական ինստիտուտների հետ: Եվրասիական զարգացման բանկի և «ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ» համագործակցությունը, համոզված եմ, հետագայում ավելի է խորանալու»:
Լրագրողների հարցերը հիմնականում ուղղված էին «ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ» վարչության նախագահին, և Աշոտ Օսիպյանի հատվածական պատասխաններից ձևավորվում էր 2011-ին բանկի իրականացրած ու 2012-ին ծրագրվող գործունեության ընդհանրական պատկերը:
-Հայտնի՞ են այն ոլորտները, ուր ուղղվելու են պայմանագրի գումարները:
-«ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ» ավանդաբար ֆինանսավորում է արդյունաբերության, ծառայությունների, առևտրի, գյուղատնտեսական մթերքների վերամշակման ոլորտները: Մենք բավականին ակտիվ ենք, համագործակցում ենք Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Համաշխարհային բանկի, այլ բանկերի հետ:
-Ի՞նչ արժույթով և ի՞նչ ընթացակարգերով են վարկեր տրամադրվելու փոքր բիզնեսին:
-Վարկը ստացել ենք դոլարով, շահառուներին վարկերի տրամադրման ընթացակարգը չի փոխվելու: «ԱՐԱՐԱՏԲԱՆԿՈՒՄ» մանր ու փոքր բիզնեսի վարկավորման հստակ ընթացակարգ կա. մենք կիրառում ենք ոլորտի վարկավորման լավագույն տեխնոլոգիան, որ ստացել ենք 2008 թ. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից: Արդեն մի քանի տարի մենք չենք շեղվում եվրոպական տեխնոլոգիայից, որի հաջողությունը վկայում են թվերը:
-Վարկավորման շուկայում առաջատար ընկերություն լինելով` ո՞րն է բանկի առավելությունը, որ ձեզ վստահում են և՛ միջազգային կառույցները, և՛ հաճախորդները: Որո՞նք էին 2011-ի հիմնական ցուցանիշները:
-2011-ը «ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ» համար հաջողված տարի էր, ամենակարևոր ցուցանիշը տնտեսավարող սուբյեկտի համար շահույթն է. բանկի զուտ շահույթը կազմել է 2,2 միլիարդ դրամ: Բանկի կապիտալի շահութաբերությունը 19,6 տոկոս է եղել, իսկ ակտիվների շահութաբերությունը` 3 տոկոս: Դեկտեմբերի վերջին բանկի ակտիվները տարեսկզբի համեմատ աճել են 24,7 միլիարդ դրամով կամ 39 տոկոսով` կազմելով 87,7 միլիարդ դրամ: Վարկային ներդրումների աճը կազմել է 51 տոկոս կամ 13 միլիարդ դրամ, իսկ ֆիզիկական անձանցից ներգրավված ժամկետային ավանդների աճը` 45,7 տոկոս կամ 4,1 միլիարդ դրամ: 2011-ի վերջին նախորդ տարվա համեմատ 37000-ով աճել է պլաստիկ քարտերի թիվը` դառնալով 86250, բանկի հաճախորդների թիվն ավելացել է 53 տոկոսով, ավանդների ծավալի 40 տոկոս աճ ենք ունեցել, 4 նոր մասնաճյուղ է բացվել` տարին ավարտել ենք 37 մասնաճյուղով: Արագ դրամական փոխանցումների սպասարկման ոլորտում 2 անգամ աճ ենք ունեցել նախորդ տարվա համեմատ, իսկ կոմունալ վճարումների ոլորտում` 1,8 անգամ: Մեր վարկավորման ամենակարևոր ուղղվածությունը մանր, փոքր և միջին վարկավորումն է, «ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ» մշտապես ջանում է տարբերակված տեսանկյուն ունենալ այլ ֆինանսական կառույցների ու բանկերի համեմատությամբ:
-Ո՞րն է այդ տարբերակված մոտեցումը:
-Որոշումների կայացման արագությունը, անվճար խորհրդատվությունը հաճախորդին և երկարաժամկետ համագործակցության պատրաստակամությունը: Մեր նպատակն է հաճախորդի հետ սկսել աշխատանքը միկրոմակարդակից և հասնել մինչև միջին ու խոշոր բիզնեսի մակարդակին:
-Ինչքա՞ն է կազմել բանկի վարկային պորտֆելում տարեվերջին փոքր ու միջին բիզնեսը, և ինչքա՞ն եք այս տարի ծրագրում:
-Վարկային փաթեթը 38 միլիարդ 603 միլիոն դրամ է, որի 65 տոկոսը մանր և փոքր բիզնեսի վարկավորմանն է հատկացվում: Վարկավորման այդ չափաբաժինները ծրագրել ենք պահպանել և 2012-ին: 2011-ից բանկի մասնաճյուղերում ունեինք վարկավորման 9 կոմիտե, այս տարի ծրագրում ենք կոմիտեների թիվը հասցնել 14-ի, 5-ով էլ ավելացնելու ենք մասնաճյուղերի թիվը:
-Ի՞նչ ուղղություն են ունենալու այս տարի գյուղատնտեսությանը հատկացվող վարկերը:
-Եթե մասնագիտորեն բացատրեմ` վարկավորման գործընթացում կան կապույտ և կարմիր օվկիանոսներ հասկացությունները, որ նշանակում են ազատ և զբաղված շուկաներ: Գիտեք, որ վարկավորման մեջ շատ մեծ մրցակցություն կա, հիշում եք` ինչ տեմպերով 2011-ին իջան վարկավորման տոկոսները: Այդ առումով մենք շուկայում վարկավորման երկու կապույտ օվկիանոս ենք տեսնում` գյուղատնտեսության վարկավորումը և լիզինգը: 2011-ին մենք սկսեցինք լիզինգի ծրագիրը, այսօր արդեն 7 լիզինգ ունենք տարբեր ոլորտներում` բժշկական սարքավորումների, տպագրական տեխնիկայի և այլ: 2011-ի վերջից սկսեցինք ուսումնասիրել ագրոբիզնեսի վարկավորման հնարավորությունները: Մեր խնդրանքով Կանադայի Ազգային բանկի մեր գործընկերները ուսումնասիրություն կատարեցին ագրոբիզնեսի վարկավորման ոլորտում, որի արդյունքները ստացանք դեկտեմբերին և 2012-ին մեր ռազմավարության մեջ ընդգրկեցինք ագրոբիզնեսի վարկավորման փորձնական ծրագրեր: Փորձնական ծրագրերի իրականացումից հետո արդյունքները` դրականն ու բացասականը, կհամադրենք, կհամեմատենք, և բանկի վարչությունն այս ոլորտում հետագա անելիքների վերաբերյալ որոշում կկայացնի:
ՀԻՄԱ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԼԱՐՎԱԾ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ ԵՆ
Եվրասիական զարգացման բանկի վարչության փոխնախագահ ԴՄԻՏՐԻ ԺՈՒՐԲԱՆ նշեց, որ համագործակցությունը «ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ» հետ սկսվել է 2010 թ., արդյունքներից դատելով` մտադիր են ընդլայնել համագործակցության ծավալները: Թե ե՞րբ, ո՞ր ոլորտներում ու ինչքա՞ն` կախված է բազում գործոններից.
-Մոսկվայում այս օրերին անցկացվում էր Եգոր Գայդարի անվան ամենամյա ֆինանսական համաժողովը, որտեղ սովորաբար վերլուծվում է իրավիճակը ոլորտում ու կանխատեսումներ են արվում: Այս տարի իր ելույթում Գերման Գրեֆը գործնականում ընդունեց, որ նույնիսկ «Խնայբանկի» համար, որ ռուսական ամենամեծ բանկն է, արևմտյան շուկաները փակվել են: Եվրոպական պետությունների տնտեսական վարկանիշների իջեցման պատմությունը դեռ լրիվ ապրված-ընկալված չէ, այդ պատճառով միջազգային շուկաներում իրավիճակը, մեղմ ասած, կայուն չէ: ՈՒստի անպատասխանատու կլիներ համագործակցության ապագայի վերաբերյալ հայտարարություններ անելն ու թվեր հրապարակելը: Այնուհանդերձ, Եվրասիական զարգացման բանկը ճգնաժամի պայմաններում պետք է աշխատի հականպատակաուղղված. երբ սովորական ֆինանսական միջոցները և կապիտալի ավանդական աղբյուրները անհասանելի կամ դժվարհասանելի են և՛ իրականության ռեալ սեկտորի խաղացողների, և՛ բանկային համակարգի համար, զարգացման ինստիտուտները պարտավոր են մեծացնել իրենց ներկայությունը` մենք դա, անկասկած, պիտի անենք: Ես կարծում եմ, որ հիմա բավականին լարված ժամանակներ են ցանկացած երկրի տնտեսության համար, դա նախ և առաջ արտահայտվել է կապիտալի լիկվիդայնության նվազմամբ, շուկաների դժվարհասանելիությամբ, շրջանառու միջոցների ձեռքբերման դժվարություններով, ուստի ցանկացած երկրի տնտեսության վիճակն այսօր ավելի ծանր է: Տնտեսության վիճակը մեծապես կախված է կողմնորոշվածության աստիճանից:
«Իրատես de facto»-ի հարցը օրվա թեմայից մի փոքր շեղվում էր, բայց անմիջապես առնչվում էր կյանքին:
-Քաղաքականությունը և բիզնեսը սերտ կապված են միմյանց: Ձեր կարծիքով` բիզնեսի վրա և՛ հայաստանյան խորհրդարանական ընտրությունները, և՛ նախագահական ընտրությունները Ռուսաստանում որևէ ազդեցություն կունենա՞ն, և եթե այո` ի՞նչ ազդեցություն:
ԱՇՈՏ ՕՍԻՊՅԱՆ- Բնականաբար, բիզնեսը շատ զգայուն է հասարակության կյանքի բոլոր իրադարձությունների, այդ թվում` քաղաքական փոփոխությունների նկատմամբ: Բայց սա մեր առաջին ընտրությունները չեն, բանկային համայնքը զերծ է քաղաքական ներգործությունից, «Բանկային գործունեության մասին» օրենքով է դա սահմանված: Փորձը ցույց է տալիս, որ ընտրությունները մեր գործունեության վրա բացասաբար չեն ներգործում, մենք ունենում ենք ակտիվների աճ, բանկային ներդրումների աճ:
ԴՄԻՏՐԻ ԺՈՒՐԲԱ- Ինձ համար շատ հեշտ է այդ հարցին պատասխանելը, որովհետև Եվրասիական զարգացման բանկի ընդունած վարքագծի նորմերի համաձայն` քաղաքական գործունեության որևէ մեկնաբանություն բանկի աշխատողներին արգելված է: Այնուհանդերձ, ոչ պաշտոնապես կարող եմ ասել, որ լիովին համաձայն եմ պարոն Օսիպյանի հետ, մենք բիզնես ենք անում և, անկասկած, այնպիսի միջազգային ֆինանսական կազմակերպությունը, որպիսին մեր բանկն է, չի կարող քաղաքականությունից դուրս գոյություն ունենալ, բայց և առաջիկա ընտրություններն առաջինը չեն ո՛չ Հայաստանի Հանրապետությունում, ո՛չ Ռուսաստանի Դաշնությունում: Մենք ցնցումներ չենք սպասում, որոնք կարող են ազդել ֆինանսական ոլորտի վրա ընդհանրապես և մեր կազմակերպությունների վրա մասնավորապես:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ