Ապահովագրական ընկերությունների թիվը Հայաստանում գնալով նվազում է և, ըստ փորձագետների, անցած տարվա համեմատ այս տարի երկուսով դրանց թիվը կպակասի` շուկայում կգործի վեց ընկերություն ութի դիմաց։
Ծիծաղելի կլիներ կարծել, որ խնդիրը պայմանավորված է պահանջարկի բացակայությամբ կամ էլ ընկերությունների «ինքնաբացարկով»։ Այն ավելի խորքային է և Հայաստանի համար ավանդական հիմքեր ունեցող։ Ի վերջո, ի՞նչ է կատարվում ապահովագրական շուկայում։ Տեղի է ունենում ուժերի վերադասավորում։ Ինչպես և բնորոշ է ցանկացած ոլորտի մեր շուկաներին, այստեղ ևս խոշորները կուլ են տալիս մանրերին։ Խոսենք փաստերով։ 2012-ի սկզբներին «Կասկադ ինշուրանս» ընկերությունը ձեռք բերեց «Ինգո Արմենիա» ընկերության բաժնետոմսերը։ Այսինքն, «Եթե ԱՊՊԱ, ապա Ինգո» ասածը չփրկեց ընկերությանը։ Եվ երևի թե «Գարանտ Լիմենս» ընկերությունն էլ չփրկվի «Ռոսգոսստրախ» ընկերության ձեռքից։
Լրատվամիջոցներում այս օրերին ակտիվորեն քննարկվում է «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության կողմից «Գարանտ ինշուրանս» ընկերության միավորման վերաբերյալ արված առաջարկությունը։ ՈՒ թեև «Գարանտ Լիմենսն» ավելի մասնագիտացված է բժշկական ապահովագրության ոլորտում, այնուհանդերձ, շուկայի մասնագետների գնահատմամբ, գործարքը կկայանա։ Եթե վերլուծենք այս գործարքի ազդեցությունը երկու ընկերությունների վրա, ապա ակնհայտ է, որ «Ռոսգոսստրախ Արմենիան» շատ ավելի շահեկան վիճակում կհայտնվի։ Այն պարզ պատճառով, որ առաջինը ձեռք կբերի առողջապահական ապահովագրության ոլորտում հմտացած ընկերություն, որին մարդիկ վստահում են, և նրա ծառայությունները պահանջարկված են։ «Ռոսգոսստրախ Արմենիայի» համար սա լավ և պատրաստի դաշտ է, քանի որ «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունն ավելի մասնագիտացված է ավտոտրանսպորտային միջոցների ապահովագրության ոլորտում։ Այլ կերպ ասած, միաձուլումը կնպաստի, որ «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունն ընդլայնի իր ծառայությունները դաշտում` «սեփականաշնորհելով» «Գարանտ Լիմենսի» հաճախորդներին։
Իսկ ի՞նչ կտա այս միաձուլումը «Գարանտ ինշուրանսին»։ Եթե մեկ բառով ասենք, ապա ապահովագրություն։ Զավեշտալի է հնչում, բայց պարզվում է, որ ապահովագրական ընկերություններին ևս ապահովագրություն է պետք։ Բանն այն է, որ «Գարանտ ինշուրանսը» շատ փոքր ընկերություն է, և նրա «տանիքն» էլ համեմատելի չէ «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության հետ։ Վերջինս գտնվում է «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության և Ռուսաստանի ազդեցիկ դեմքերի հովանավորության տակ, իսկ «Գարանտ Լիմենսի» բաժնետոմսերի 26 %-ը պատկանում է ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի կնոջը։ Այսինքն, նշված ուժերն անհամեմատելի են, և ստեղծված իրավիճակում կա՛մ «Գարանտ Լիմենսը» պետք է փակվի, կա՛մ էլ «կուլ» գնա «Ռոսգոսստրախ Արմենիայի» առաջարկին, ինչն էլ կհանդիսանա նրա մշտական գործընկերության որոշելիքը` ապահովագրությունը։
Ընդհանրապես ասել, որ խոշորների կողմից փոքր ընկերությունների կլանումն արգելված գործընթաց է, չի կարելի։ Բնականաբար, այս գործընթացի վերաբերյալ պետական պաշտոնյաներն իրենց հայտնի մեկնաբանությունն ունեն` «պահանջարկն է թելադրում շուկայի գործընթացները»։ Համաձայնելով այս տեսակետի հետ, որը նաև տնտեսագիտական գրված օրենք է, չմոռանանք, որ գործում են չգրված օրենքներ, որոնք ազդում են շուկաների գործընթացների վրա, որոնք առաջացնում են նոր վերադասավորումներ։ Եթե հետևենք ապահովագրական շուկայում տեղի ունեցող գործընթացին, ապա կտեսնենք, որ այն ակտիվացավ 2011-ի վերջին և թափ առավ 2012-ին, երբ պարտադիր դարձավ տրանսպորտային միջոցների և սոցիալական փաթեթի շրջանակներում առողջապահության ապահովագրումը։ Բնականաբար, շուկայում ի հայտ եկած նոր ընկերություններն աշխուժացան։ Ստեղծվեցին փոքր և միջին ընկերություններ։ Մեկ տարվա ընթացքում ի հայտ եկան նաև խոշորները, որոնք այսօր արդեն թելադրում են իրենց չգրված օրենքները։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ