ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 11-ին այցելել է Սիլիկոնյան հովտում գտնվող Այ-Բի-Էմ(IBM)ընկերության կենտրոնակայան: Այ-Բի-Էմ ընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի երկկողմ համագործակցության հնարավորությունները, ներուժն ու հեռանկարները:
Ընկերության ներկայացուցիչները կայցելեն Հայաստան և կծանոթանան ՏՏ ոլորտում գործող ընկերություններին, ֆունդամենտալ գիտությամբ զբաղվող հաստատությունների գործունեությանը:
Աշխատանքային խումբը մինչև 2013թ. առաջին եռամսյակի ավարտը կներկայացնի ուսումնասիրության արդյունքները, ինչի հիման վրա էլ ՀՀ կառավարության և Այ-Բի-Էմ ընկերության միջև կկնքվի համաձայնագիր՝ հետագա համատեղ ծրագրի իրականացման մասին:
Այ-Բի-Էմ ընկերությունն աշխարհում առաջատարն է գյուտերի արտոնագրման սանդղակում ոչ միայն ՏՏ ոլորտում, այլև ֆունդամենտալ գիտության տարբեր բնագավառներում: