ՀԱՐՑԻ ԱՐԺԵՔԸ` 5 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ
Նոյեմբերի 16-ին «Արարատբանկի» վարչության նախագահ ԱՇՈՏ ՕՍԻՊՅԱՆԸ և Հարավարևելյան Եվրոպայի Green for Growth Fund հիմնադրամի խորհրդի անդամ ՄԻԽԱՅԻԼ ՄՈՐՇԵԼԸ ստորագրեցին 5 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր:
Պայմանագիրը ստորագրելուց հետո «Արարատբանկի» վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը մանրամասնեց պայմանագրի պայմանները` նշելով երեք բաղկացուցիչներ. «Առաջինն ուղղված է ֆիզիկական անձանց` տնային տնտեսություններին, էներգախնայողական ծրագրերի ֆինանսավորման նպատակով: Երկրորդն ուղղված է Հայաստանի Հանրապետությունում գործող ձեռնարկություններին` իրենց համար էներգախնայողական սարքավորումների ձեռքբերման նպատակով: Երրորդը` այլընտրանքային էներգետիկայի ստեղծմանը, ֆինանսավորմանը: Green for Growth Fund հիմնադրամի հետ մենք անում ենք առաջին քայլը, սա պիլոտային ծրագիր է, որի ժամանակ ստանալու ենք նաև տեխնիկական օժանդակություն: Ես համոզված եմ, որ այս պայմանագիրը նախ և առաջ կամրապնդի մեր դիրքը ֆինանսական շուկայում` մեզ մեծ հնարավորություններ տալով էներգետիկ ոլորտի նոր շուկայում ներգրավվելու, համոզված եմ, որ համագործակցությունը Green for Growth Fund հիմնադրամի հետ կլինի շարունակական»:
Միխայիլ Մորշելի կարծիքով` այս վարկով և այս տեխնիկական օժանդակությամբ «Արարատբանկը» նոր ուղի կսկսի, որով ավելի կընդլայնի իր հաճախորդների թիվը: «Արարատբանկը» կարող է գործարար ոլորտում այս եզակի հնարավորությունն օգտագործել` գլխավորելու այլընտրանքային էներգիայի ֆինանսավորման ծրագրերը: «Արարատբանկի» և GGF հիմնադրամի համագործակցությամբ մենք հիմք կդնենք էներգախնայողության ծրագրերին: Առաջին` մենք բանկին կտրամադրենք տեխնիկական օժանդակություն, և երկրորդ` հաճախորդներին «Արարատբանկը» կտրամադրի էներգիայի խնայողությանն ուղղված տարբեր արդյունավետ սարքեր, երրորդ` երկրի համար շատ մեծ առավելություն կլինի` ունենալ էներգիայի ծախսը և ածխաթթու գազի արտանետումները կրճատելու հնարավորություն: GGF հիմնադրամը պատիվ ունի համագործակցելու «Արարատբանկի» հետ, որովհետև բանկը համարում է շատ կայուն: Ես հույս ունեմ, որ մեր համագործակցությունը կլինի երկարատև և եկամտաբեր երկու կողմերի համար»,- ասաց նա պայմանագրի ստորագրումից հետո:
Պայմանագրի ստորագրմանը ներկա լրագրողների հարցերին պատասխանելով` Աշոտ Օսիպյանը պարզաբանեց, որ ծրագիրը երկու բաղկացուցիչ ունի: Բանկը սոցիալական պատասխանատվություն ունի բնապահպանության համար, և բանկի հաճախորդները հնարավորություն կունենան էներգախնայողական սարքավորումներ ձեռք բերելով` իջեցնել իրենց արտադրանքի ինքնարժեքը, այսինքն` կա նաև բիզնես նպատակ: Վարկերը տրվելու են 11-14 տոկոսով, հինգ տարի ժամկետով: Տնային տնտեսություններին վերաբերող ծրագրերի խնայողական գումարները, փորձը ցույց է տվել, որ չեն գերազանցում 20000 դոլարը, ծրագրով նախատեսված է մինչև 50000 դոլարի վարկավորում: Պարոն Օսիպյանն ասաց, որ մինչև պայմանագրի ստորագրումը նախնական մարկետինգ է կատարվել, որի արդյունքներով ծրագրի 25 տոկոսը կհատկացվի ֆիզիկական անձանց` տնային տնտեսության ֆինանսավորման, 45-50 տոկոսը` փոքր ու միջին ձեռնարկությունների էներգախնայողական ծրագրերին, մնացած 25-30 տոկոսը` բուն էներգետիկ ոլորտին` միկրոհէկերին, այլընտրանքային էներգետիկայի ֆինանսավորմանը: «Արարատբանկի» վարչության նախագահը կարևորեց նոր տեխնոլոգիաների կիրառումը` նշելով, որ բանկը Հայաստանում տեխնոլոգիական առաջատարներից է, և GGF-ի հետ իրականացվող ծրագրում շատ կարևոր է, որ ոչ միայն ռեսուրսների տրամադրում է ընդգրկված, այլև տեխնիկական օժանդակություն, որը ստանալու է ոչ միայն «Արարատբանկը», այլև ստանալու են բանկի հաճախորդները:
Միխայիլ Մորշելը լրագրողների հարցերին ի պատասխան գոհունակություն հայտնեց, որ «Արարատբանկը» համագործակցում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ, և «շատ բարձրորակ բանկ» որակեց «Արարատբանկը». «Մենք հետևում ենք «Արարատբանկի» զարգացմանը և պիտի արձանագրենք, որ շատ կայուն և արագ զարգացող բանկերից մեկն է, բայց մեր համագործակցությունը «Արարատբանկի» հետ պայմանավորված է ոչ միայն այն հանգամանքով, որ ՎԶԵԲ-ը մեր բաժնետերերից է, այլև մեծ դեր ունի այն հանգամանքը, որ «Արարատբանկը» Հայաստանի առաջատար բանկերից մեկն է»:
«ՄԵՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՄԱՀՈՒՆՉ ԵՆ ՄԵՐ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ»
Պայմանագրի ստորագրմանը ներկա էր «Արարատբանկի» խորհրդի նախագահ ԲԱՐՍԵՂ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ: Նրան հարցրի.
-Չե՞ք կարծում, որ ներքաղաքական իրավիճակը կարող է ազդել բանկերի, այդ թվում` «Արարատբանկի» գործունեության վրա:
-Իհարկե, քաղաքականությունը միշտ էլ ներգործություն ունի տնտեսության ու ֆինանսական համակարգի վրա, բայց Հայաստանի ներքաղաքական իրավիճակը շատ կայուն է, և այդ առումով որևէ բացասական ազդեցություն չի կարող լինել:
-Բոլոր երկրներում նախագահական ընտրությունները սովորաբար ներգործում են շատ զգայուն ֆինանսական համակարգի վրա:
-Ճիշտ եք նկատել, բայց Հայաստանի քաղաքական դաշտն այդ առումով ցնցումներ չի առաջացնի: Ամեն ինչ հանգիստ զարգանում է, որոշ հապաղումներ չեն կարող իրավիճակի բարդացում հարուցել: Նախագահական ընտրությունները երեք ամիս հետո են, և համոզված եմ, որ ամեն ինչ նորմալ է ընթանալու:
-Տպավորությունն այնպիսին է, որ բանկի գործունեությունը շատ մեծ ասպարեզ է ընդգրկում: Այդպե՞ս է:
-Եթե հետադարձ հայացք նետենք բանկի կայացման պատմությանը, ասենք, հինգ տարվա կտրվածքով` ինչպիսի բանկ էր և ինչ տեղ էր գրավում բանկային համակարգում, կարծում եմ` զարգացման տեմպերը տեղը տեղին են: Մենք լուծում ենք մեր ծրագրած խնդիրները, փորձում ենք լուրջ տեղ գրավել Հայաստանի բանկային համակարգում և աշխատում ենք այդ ուղղությամբ: Մեր ծրագրերը համահունչ են մեր խնդիրներին:
«ՄԵՆՔ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԷԻՆՔ, ՈՐ ԲԱՆԿԸ ՍԿՍԵԼՈՒ Է ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ ՈՒՂԻՆԵՐ»
«Ի՞նչ արդյունքներ է ակնկալում «Արարատբանկը» պայմանագրից, և ի՞նչ արդյունքներ է հիմնադրամն ակնկալում «Արարատբանկի» հետ համագործակցությունից»` «Իրատես de facto»-ի հարցին GGF-ի ներկայացուցիչ Միխայիլ Մորշելը պատասխանեց. «Ակնկալում ենք էներգիայի սպառման ոլորտում և ածխաթթու գազի արտանետումների 20 տոկոսի կրճատումներ: «Արարատբանկին» կտրամադրվի նաև հատուկ ծրագիր, որով բանկի մասնագետները կկարողանան ճիշտ հաշվարկներ անել և կողմնորոշվել: Նշեմ նաև, որ էներգիայի ծախսի մոտ 50 տոկոս կրճատման ենք հասել այլ երկրներում»: «Արարատբանկի» վարչության նախագահ Աշոտ Օսիպյանն ակնկալվող արդյունքների շարքում նշեց բիզնես-բաղկացուցիչը. «Մենք հայտարարել էինք, որ «Արարատբանկը» սկսելու է ֆինանսավորման նոր ուղիներ, որոնցից մեկն էլ էներգախնայողական ծրագրերի իրականացումն է: Այս տարի մենք սկսում ենք, առաջին վարկը հաջորդ շաբաթ կտրամադրվի գյուղատնտեսության միկրովարկավորմանը, որն «Արարատբանկը» իրականացնում է գերմանական KFW-ի հետ: Որպես նորույթ` անցյալ տարի սկսեցինք և այս տարի շարունակեցինք լիզինգը, մյուս տարի նոր ծրագրեր ու ֆինանսավորման նոր ուղիներ կներկայացնենք այն ոլորտներում, որոնք Հայաստանում թերզարգացած են: «Արարատբանկի» աշխատակիցները Հայաստանի քաղաքացիներ են, և մեզ համար շատ կարևոր է մեր երկրի բնապահպանությունը, իսկ ծրագիրն ածխաթթու գազի արտանետման կրճատումների լավ հնարավորություն է տալիս»:
Վարկը հնարավորություն կտա բանկին առանցքային դեր ունենալու էներգախնայողության և էներգաարդյունաբերության ֆինանսավորման հայաստանյան շուկայում` իրականացնելով երկարաժամկետ, կայուն էներգախնայողության ծրագրերի ֆինանսավորում մանրածախ, միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների մակարդակով: Վարկը տրամադրվելու է մասնավոր տնային տնտեսություններին և բիզնես հաճախորդներին` էներգախնայողության խնդիրները լուծելու համար: Տնային տնտեսություններին վարկը կտրամադրվի էներգաարդյունավետ դռների և պատուհանների տեղադրման, պատերի ջերմամեկուսացման, լուսավորության և ջեռուցման համակարգերի փոխարինման և այլ նպատակներով: Բիզնես հաճախորդներին բանկը կֆինանսավորի գրավիչ էներգախնայողության համակարգերի և սարքավորումների ձեռքբերման և կատարելագործման, ջեռուցման, օդորակման, հովացման և սառնարանային համակարգերի փոխարինման, էներգախնայողության այլ միջոցառումների համար:
Վարկի հետ մեկտեղ «Արարատբանկին» կտրամադրվի համապարփակ տեխնիկական աջակցություն: GGF հիմնադրամի տեխնիկական աջակցության թիմը «Արարատբանկի» հետ կմշակի էներգախնայողության վարկավորման ռազմավարությունը: Նախատեսվում է, որ այս ծրագրով «Արարատբանկի» տրամադրած վարկերի պորտֆելը հնարավորություն կտա էներգիայի խնայողությունը հասցնելու առնվազն 20 տոկոսի, որ համարժեք է տարեկան 19,580 ՄՎտ էներգիայի խնայողության և 4,392 տոննա ածխաթթու գազի մթնոլորտային արտանետումների նվազման:
ԻԲՐԵՎ ԻՐԱԶԵԿՈՒՄ
Green for Growth Fund հիմնադրամը հիմնադրվել է 2009-ին` Գերմանական զարգացման բանկի և Եվրոպական ներդրումային բանկի կողմից` եվրոպական հանձնաժողովի և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի ֆինանսական աջակցությամբ: GGF հիմնադրամի նպատակն է խրախուսել էներգիայի արդյունավետ օգտագործումը և վերականգնվող էներգիայի կիրառումը հարավարևելյան Եվրոպայում և հարևան երկրներում: GGF հիմնադրամը վերաֆինանսավորում է ֆինանսական հաստատություններին` հնարավոր դարձնելով տնային տնտեսությունների և ձեռնարկությունների էներգախնայողության ծրագրերի ֆինանսավորումը: Հիմնադրամը նաև ուղղակիորեն ֆինանսավորում է մասնագիտացված էներգետիկ ծառայություններ մատուցող ընկերություններին, էներգիա մատակարարող ընկերություններին և վերականգնվող էներգիայի ծրագրերը: Հիմնադրամը մատուցում է նաև տեխնիկական աջակցություն:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ