Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Հանրապետության շուկաներում գները փոփոխվել են

Հանրապետության շուկաներում գները փոփոխվել են
27.05.2012 | 00:45

Հանրապետության շուկաներում օրերս անցկացված դիտարկումների ընթացքում գյուղատնտեսական մթերքների մանրածախ գներում մասնագետները արձանագրել են փոփոխություններ:
Ըստ «գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոնի» տեղեկատվության, մայիսի 25-ի օպերատիվ տվյալներով, անցած տարվա նույն ժանակահատվածի համեմատությամբ 36,1 տոկոսով նվազել են կանաչեղենի (կապը` 100-150 դրամ է), 63,1 տոկոսով` վարունգի (կգ-ն` 300-350 դր.), 3,9 տոկոսով` պոմիդորի (800-1200) և 2,3 տոկոսով սխտորի (կգ-ն` 800-1000 դր.) գները: Զուգահեռաբար, հատկապես մարզային շուկաներում արձանագրվել է ճակնդեղի, գազարի, կարտոֆիլի և գլուխ սոխի 0,8-9,5 տոկոսով գների նվազում: Նշված պարենամթերքները ներկայումս վաճառվում են, համապատասխանաբար, կգ-ն` 150-200 և 200-230 դրամով:
Մրգերի վաճառքի միջին գինը, 2011 թվականի մայիսի համեմատությամբ, նվազել է 37,5 տոկոսով, իսկ անցած ամսվա համեմատությամբ աճել 6,2 տոկոսով: Այսպես` խնձորի մեկ կգ-ի արժեքն այսօր 300-400 դրամ է, խաղողինը` 350-500, տանձինը` 400-600 դրամ, ելակինը` 900-1500, նարնջինը` 700-800 դրամ:
Կաթնամթերքի ապրանքախմբում, անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ, արձանագրված 7,2-8,3 տոկոս գների նվազումը, կենտրոնի մասնագետների խոսքերով, պայմանավորված է հիմնականում «Լոռի» և «Չանախ» պանրատեսակների գների անկմամբ:
Փոխարենը, նախորդ տարվա համեմատությամբ, 14,4 տոկոսով աճել է մսամթերքի գինը: Այսպես` տավարի և գառան մսի մեկ կիլոգրամը ներկայումս տատանվում է, համապատասխանաբար` 2300-2600 և 3200-3500, իսկ խոզի մսինը` 3000-3500 դրամի սահմաններում (վերջինս 5 տոկոսով աճել է նաև ապրիլի համեմատությամբ): Հավի մսի գինը, նախորդ տարվա և անցած ամսվա համեմատությամբ, նվազել է 3 տոկոսով (կգ-ն` 1200-1400 դրամ է), իսկ ձվինը մնացել է անփոփոխ (50-60 դրամ):
Դիտարկումները ցույց են տվել, որ շուկաներում առավելագույն պահանջարկ ունեն տեղական արտադրության գյուղմթերքները: Նույն աղբյուրի տեղեկատվության համաձայն, հանրապետությունում ցածր գներով աչքի են ընկնում Երևանի թիվ 4 (Մալաթիա), Սպիտակի եւ Գյումրիի շուկաները:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 6846

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ