21.05.2012|
13:22
«Անցած տարի գերակա ոլորտ ընդունված գյուղատնտեսության բոլոր ճյուղերի, այդ թվում նաև` անասնաբուծության, հետագա զարգացման համար միջոցառումներ ձեռնարկվեցին ինչպես նախարարության ու գյուղի աշխատավորների, այնպես էլ անասնապահական տնտեսությունների կողմից: Շնորհիվ դրա և՛ խոշոր եղջերավոր, և՛ մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակն այս տարի ավելացել է 4,9 տոկոսով»: Այս մասին «Իրատես de facto»-ի հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ ԳՐԻՇԱ ԲԱՂՅԱՆԸ, նշելով, որ անցած տարի Հայաստանում (վիճակագրական տվյալներով) 57,7 հազարով ավելացել է ոչխարի, 27,9 հազարով` խոշոր եղջերավոր կենդանիների թիվը: Միաժամանակ, 3600 տոննայով ավելացել է մսի, 0,6 տոննայով` կաթի արտադրությունը: (Նշենք, որ 2011-ին արտադրվել է 601,5 հազար տոննա կաթ): «Մինչև 2015 թվականը կունենանք անասնապահական մթերքների 15-20 տոկոս ավելացում», -ասաց Գրիշա Բաղյանը, հավելելով, որ միայն ձվի արտադրությունում դեռևս կա տասը տոկոսի անկում: