ՀՀ մշակույթի նախարարությունը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը Նկարչի տան առաջին հարկի ցուցասրահում կազմակերպել են «Հայացք. Հայաստանի ժամանակակից արվեստ» բազմախոստում խորագրով ցուցահանդեսը, որը նվիրված է Հայաստանի անկախության 20-ամյակին։ Զուգահեռաբար շքեղ մի կատալոգ է հրատարակվել և հրամցվում է արվեստասեր հանրությանը։ Սա հակաարվեստ է, չկայացած գեղարվեստագետների մտասևեռումների հանրագումար։ Բայց ահա թե ինչ է գրում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համակարգող Դավինա Գերչևան. «ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նպատակն է նպաստել մարդկանց կյանքի բարելավմանը»։ Բավական է շրջել ցուցահանդեսում և համոզվել, թե ինչպես է «հայ ժամանակակից արվեստը» նպաստել անկախության կայացմանն ու կյանքի բարելավմանը։
Թերևս մեկ հատված ծաղկաքաղ անելով` ներկայացնենք ընդհանուր պատկերը, ավելի ստույգ` «ժամանակակից արվեստի» տրամաբանությունն ու տրամադրությունը. «Գրիգոր Խաչատրյանը տառացիորեն ինքն իր արվեստն է։ Նա չի ընդունում պիտակներ` «գրող», «նկարիչ», «արվեստագետ» և այլն։ 1990 թ. նա ֆոտոպերֆորմանս-մանիֆեստով հայտարարեց. «Ես մարդ չեմ, ես Գրիգոր Խաչատրյանն եմ, դուք մարդ չեք, դուք Գրիգոր Խաչատրյանի ժամանակակիցն եք»։ Ավելի դիպուկ հնարավոր էլ չէ ասել։ Եվ ահա խառնափնթոր այս ելևէջներում ՆՓԱԿ-յան տխրահռչակ դպրոցի ծնունդ «վարպետները» ջարդուկտոր են լինում, փորձում համոզել, որ ազատականությունը բարքերի ոտն ի գլուխ շրջադարձն է, ներկիր, ծեփիր ու շեփորիր, ապազգային այս արվեստը դարպասներ է բացում և արժեհամակարգ այլասերում։ Բայց այս ամենը մարդկությանը հայտնի էր հիսուն տարի առաջ և ժամանակի ընթացքում վերացել է որպես ապազգային և ժամանակավրեպ երևույթ։ Իսկ մենք սա ջատագովում ենք, ընդ որում, նաև հարկատուներիս գումարներով։ ՈՒ ինչն է ուշագրավ. մշակույթի նախարարության ջերմ վերաբերմունքը։ Ինչն արտահայտվել է նաև ցուցահանդեսի ֆինանսավորմամբ։
Այսպիսով, անկախ Հայաստանում կա՛մ առհասարակ, ժամանակակից արվեստ չի ստեղծվել, կա՛մ, եթե ստեղծվել է` այս ցուցքն է։ Սա է սույն ցուցահանդեսի գլխավոր ասելիքը։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ